Նոր թուղթ, հին թանաք

Ողբերգականը նոր տեքստը չէ, այլ նրա հրապարակման ու քննարկման բուն հնարավորությունը. հենց հայկական պետականության ծննդյան իմաստի ու 1990-ականների սկզբին Հայաստանի դիմադրողականությունը ապահոված հայկական աշխարհի հավաքական սխրանքի ուրացումը: Այդ սխրանքի շնորհիվ էր, որ նորաստեղծ Հայաստանը արժանացավ համայն հայության պետությունը դառնալու իրավունքին ու արտոնությանը։

Երբ դուք կրկին կարողանաք ինքներդ ձեզ համար սահմանադրություն ստեղծել, պարոնա՛յք, ապա իմացե՛ք, որ գործն արվում է ոչ թե թուղթ մրոտելով, այլ ուժերի փաստացի հարաբերակցությունը փոխելով։

Ֆերդինանդ Լասսալ, Սահմանադրության էության մասին, 1862 թ.

Թուրք գաղութապետի վարչակազմը հինգ տարվա բուռն գործունեություն իմիտացիայից հետո հրապարակեց «Հայաստանի Հանրապետության» նոր թուրքական սահմանադրության նախագիծը։ Այնտեղ սկզբունքորեն նոր ոչինչ չկա. կոլաբորացիոնիստները, ինչպես և խոստացել էին, Նախաբանից հանում են Անկախության հռչակագիրը, աշխարհագրական Հայաստանի «պետականության» և «ինքնիշխանության» կրող են նշանակում մի տարածքային հանրույթ, որից հանում են ոչ միայն հայ էթնոսը և գլոբալ հայկական աշխարհը, այլև Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների: Նոր տեքստում նաև բացակայում է պետական զինանշանի նկարագրությունը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, ջնջված է անկախ Հայաստանի` մեր ազատասեր նախնիների պատգամի մարմնավորում լինելու հիշատակումը և այլն:

Նոր տեքստի բոլոր իրավաբանական տերմինների ու էվֆեմիզմների հետևում չկա ոչինչ, որը չի տեղավորվի թուրքահպատակ վարչակազմի՝ մեր կողմից ավելի վաղ հրապարակված ստուգաթերթի հինգ «Ա»-ի մեջ. ապաինքնիշխանացում, ապասրբայնացում, ապագաղափարայնացում, ապահայկականացում, ապասփյուռքայնացում։ Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է որևէ ինքնուրույնության հավակնություններից ու իրավունքներից, սակրալ խորհրդանիշներից, սեփական քաղաքակրթական ժառանգությունը և արժեքները պաշտպանելու պարտավորություններից և, վերջապես, իր միակ բնական դաշնակցից՝ հայկական աշխարհից։ Այս ամենն արդեն վաղուց էր հայտարարել նաև ինքը՝ թուրք գաղութապետ Փաշինյանը, ով Երրորդ Հանրապետության Անկախության հռչակագիրը համարում է «հակապետական» փաստաթուղթ։ Նա ծայրաստիճան անկեղծ էր նաև 2026 թ. «ընտրություններից» առաջ, որոնք փաստացի դարձան Հայաստանի գաղութացման մանդատ տրամադրելու վերաբերյալ հանրաքվե։

Նոր «Սահմանադրությունը» ընդամենը ձևականություն է, որը կոչված է հայկական տարածքի մնացորդների թուրքական գաղութացումը պաշտոնական դարձնելու։ Արդեն այնքան էլ կարևոր չէ՝ կգտնվի՞ արդյոք «ընդդիմության» շարքերում հանրաքվե անցկացնելու օգտին 6 ձայն։ Նախ, նոր տեքստի բազմաթիվ դրույթներ արդեն իրագործվում են և օրենսդրորեն ընդունված են։ Երկրորդ, հանրաքվեն ընդամենը հայկական պետականության մնացորդների լիկվիդացիայի պատասխանատվությունը հայ ժողովրդի վրա բարդելու միջոց է։ Վերահսկողության տակ ունենալով Սահմանադրական դատարանը` Փաշինյանն ունի թուրքական սահմանադրությունն ընդունելու այլ ուղիներ։ Երրորդ, «ընտրություններին» մասնակցելով և պատգամավորական մանդատներ վերցնելով՝ «ընդդիմությունը» ինքն իրեն անկյուն քշեց՝ փաստացի լեգիտիմ ճանաչելով խաղի առկա կանոնները։

Այժմ փոքրամասնության կուսակցությունները կա՛մ լրացուցիչ կվարկաբեկվեն, եթե իրենց շարքերում դասալիքներ գտնվեն՝ ֆինանսական նկատառումներով կամ շանտաժի տրվելով, կա՛մ իրենց կդրսևորեն որպես «ոչ կառուցողական»՝ որոշումը ժողովրդին չվստահելով և գործն արտահերթ ընտրությունների հասցնելով, հատկապես այն պայմաններում, երբ իբր իրենց ատելի գաղութապետը հանրաքվեի հավանության դիմաց խոստանում է այլևս վարչապետի թեկնածու չառաջադրվել։ Ելքը ամեն դեպքում մեկն է. երիտենիչերիները կավարտեն այսուհետ ավելորդ դարձած ձևական հակառակորդների զտումը։ Պատգամավորական արտոնությունները կանցնեն ավելի երախտապարտ «ընդդիմությանը»՝ ի դեմս կեղծ լիբերալ և «արևմտամետ» ուժերի, որոնց՝ թուրքական վարչակազմի հետ ունեցած հակասությունները բացառապես գեղագիտական են։

Վերջապես, Սահմանադրության և նրա իրական արժեքի, նշանակության, գործառույթների մասին որևէ խոսակցություն անտեղի է ֆեոդալ-կլանային համակարգի իրողություններում։ Երրորդ Հանրապետության շրջանի Սահմանադրության տեքստի յուրաքանչյուր փոփոխություն ընդամենը ամրագրում էր ուժերի նոր դասավորությունը և ընթացիկ վերնախավին ձեռնտու ստատուս-քվոն։ Տեր-Պետրոսյանի օրոք երկակի քաղաքացիության արգելքից մինչև Քոչարյանի նախագահական լիազորությունների ուժեղացում ու Սերժ Սարգսյանի օրոք «խորհրդարանային կառավարման անցում»՝ սահմանադրությունը մնում էր ընդամենը աթոռը պահպանելու գործիք, ոչ թե իշխանության և ժողովրդի միջև իսկական հանրային պայմանագրի հիմք։ Հենց այս օրինաչափությունից էլ օգտվում է թուրք գաղութապետ Փաշինյանը՝ մոռանալով նշել, որ իր նախագիծը նույն ավանդույթի շարունակությունն է։ Այս չորսից յուրաքանչյուրը դեմ էր հակառակորդների մտցրած փոփոխություններին, բայց հետագայում հաճույքով քաղում էր դրանց պտուղները և միայն դրանից հետո արդեն մտցնում սեփականը։ Օրինակ՝ թուրք գաղութապետի գործերը վատ կլինեին, եթե նրա՝ մինի-սուլթան Ալիևի թելադրանքով գրված սահմանադրությունը հայտնվեր խորհրդարանական մեծամասնություն ունեցող Քոչարյանի տրամադրության տակ. ուստի օրինաչափ է և հակառակը։

Ֆեոդալ-կլանային համակարգում սահմանադրությունն իր բնույթով չի կարող ծառայել որպես իրավունքի աղբյուր։ Ուստի կարելի է որքան ասես վերափոխել այն, ինչ, միևնույն է, չի աշխատում. եթե սահմանադրությունն աշխատեր, այն չէր փոփոխի Երրորդ Հանրապետության ղեկին հայտնված ամեն առաջինը։ Թուրք գաղութապետին այն արդեն պետք չէ նույնիսկ որպես գործիք. նրան անհրաժեշտ է միայն ապացուցել մետրոպոլիային, որ դեռևս կարող է օգտակար լինել նրան։ Նա քաջ գիտի, որ «ընդդիմությունից» հետո նա ևս կդառնա ավելորդ, և նրա փոխարեն Պորտան կշտապի նշանակել մի ավելի երիտասարդ ու ճարպիկ երիտենիչերու։

Փաշինյանը նաև առանց սահմանադրության է աղավաղում հայոց պատմությունը. նա ապամոնտաժում է դպրոցներում հայ հերոսների լուսանկարներով վահանակները, կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը և Հայ եկեղեցու սրբությունը, հեռացնում է Արարատը պետական խորհրդանշաններից, Հայաստանի բնակիչներին հանգեցնում է իրենց ստամոքսների պարունակությանը։ Առանց նոր սահմանադրության նա արդեն իսկ սահմանափակել է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը, ինչը թույլ կտա նրան «հանրաքվեին» ստանալ աջակցության անհրաժեշտ մակարդակը։ Էթնիկ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը նույնպես արդեն բարդացվել է, մինչդեռ սահմանադրության առաջարկվող տեքստում մնում է «պարզեցված կարգի» մասին հոդվածը։ Պահպանվում է նույնիսկ թուրք կոլաբորացիոնիստների կողմից հալածվող Հայ Եկեղեցու «հատուկ կարգավիճակի» մասին ձևակերպումը՝ ապագայի համար որպես ռումբ ներդրվող պետության աշխարհիկ բնույթի մասին «հակասության» հետ մեկտեղ։

Հիրավի, նոր տեքստով գաղութապետին մի քիչ ավելի հեշտ կլինի փակել կուսակցություններ և զանգվածային լրատվության միջոցներ, քաղաքական մասնակցությունից ու ազատությունից զրկել անցանկալի հայերին՝ լինեն նրանք համայնքներից, թե աշխարհագրական Հայաստանից, աշխատանքից ազատել անհնազանդ դատավորներին և փոխել պետական խորհրդանշանները։

Սակայն ընթացակարգային մանրամասների վրա կենտրոնանալով՝ մենք կարծես մոռանում ենք, որ գործ ունենք մի էակի և մի վարչակազմի հետ, որոնք անպատիժ հանձնեցին Արցախը և այնուհետ երկու անգամ վերընտրվեցին։

Հիմարություն է կարծել, թե հիմա նրանք կսայթաքեն վեց աննկուն «ընդդիմադիրների» կամ հանրային դժգոհության հանկարծակի ալիքի վրա։ Նրանց թեթև ձեռքով Արցախում արդեն ոչնչացվել են մեր ժառանգության հարյուրավոր հուշարձաններ, իսկ մենք ժամանակ ենք վատնում, քննարկելով, թե կոնկրետ ինչպե՞ս նրանք զինանշանից կհանեն Արարատը, կհեռացնեն առանձին վերցրած Կաթողիկոսին, հայերին սեփական Հայրենիքում կվերածեն երկրորդ կարգի բնակիչների։ Արժե՞ արդյոք հիշեցնել, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նախորդել է օսմանյան իշխանությունների կողմից «Հայոց ազգային սահմանադրության» ընդունումը։ Ի վերջո, սահմանադրության նախկին և գործող խմբագրություններում առկա՝ «պետությունը հզորացնելու» խոստումը ոչ մի կերպ չխանգարեց վարչակազմերից յուրաքանչյուրին հետևողականորեն թուլացնելու պետությունը մինչև այսօրվա վիճակը, որում այդ ձևակերպումն արդեն կարելի է անպատիժ հանել։

Ողբերգականը նոր տեքստը չէ, այլ նրա հրապարակման ու քննարկման բուն հնարավորությունը. հենց հայկական պետականության ծննդյան իմաստի ու 1990-ականների սկզբին Հայաստանի դիմադրողականությունը ապահոված հայկական աշխարհի հավաքական սխրանքի ուրացումը: Այդ սխրանքի շնորհիվ էր, որ նորաստեղծ Հայաստանը արժանացավ բոլոր հայերի պետությունը դառնալու իրավունքին ու արտոնությանը։ Այսօրվա «Իրական Հայաստանը» ոչ միայն պետություն չէ և ոչ միայն բոլոր հայերի համար չէ. այն ընդհանրապես հայերի համար չէ, այլ բոլոր նրանց համար, ովքեր պատահական պատմական պահին հայտնվեցին նրա տարածքի մնացորդների վրա։ Այս ամենը հայկական էթնոսի իմունային անբավարարության՝ օտար և մահացու տարրերը տարբերակել անկարող լինելու, վկայություն է:

Ուստի թուրքական գաղութացումը կշարունակվի ամեն գնով, և կենսաթոշակների բարձրացմամբ, բժշկական ապահովագրությամբ, հարկային փոխհատուցումներով կամ ևս մեկ «ընտրություններով» նոր կաշառքները ամենափոքրն ու էժանն են այն ամենից, ինչ պատրաստ է գործի դնել թուրքական աշխարհը և նրա կառավարիչները՝ Հայկական Հարցի վերջնական փակման և հայկական գործոնի լիկվիդացիայի համար։ Օկուպացված տարածքում և Երրորդ Հանրապետության վարակված հողի վրա առողջ այլընտրանք ու դիմադրություն ձևավորելն ըստ սահմանման անհնար է։

Գերմանացի իրավաբան, սահմանադրական մտքի դասական Ֆերդինանդ Լասսալը, ում հղում արեցինք բնաբանում, իր ելույթից 160 տարի անց կասեր, որ այսօրվա Հայաստանի սահմանադրությունը Փաշինյանն է, Ալիևը, Խաչատուր Սուքիասյանը (Գրզո), կոռուպցիան, կեղծ «ընդդիմությունը», առցանց խաղատները, բարոյական և ֆիզիկական քայքայումը։ Սա այն է, ինչ ճարտասան ձևակերպումների տեսքով կրկին ու կրկին կգրվի թղթի ամեն մի նոր թերթիկի վրա, նույնիսկ եթե հինն անհետ այրվի հրդեհում և ջնջվի մեր հիշողությունից։

Միայն իսկական ազգային ազնվականություննէ ընդունակ վերագործարկել հայկական աշխարհի կենսագործունեությունը, ներդնել հայկական գոյության նոր՝ հայակենտրոն սկզբունքներ և դրանք առհավետ պաշտպանել ներքին նեղ շահերից ու արտաքին ցնցումներից։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու: