Հայաստանի Սահմանադրությունն ու նրա թշնամիները

Պատահական չէ, որ Սահմանադրությունն ունի նույնիսկ հանրաքվեի միջոցով փոփոխության չենթարկվող Ներածություն և հոդվածներ։ Կան հավերժական արժեքներ, որոնք չեն փոփոխվում նույնիսկ գլոբալ ամենասրընթաց փոփոխությունների ժամանակ, և դրանք իսկապես վերանայելու և նոր Սահմանադրությունը մաքուր էջից գրելու հնարավորությունը կներկայանա միայն առաջին բովանդակային Հայկական Հանրապետությանը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոքրինչ երիտասարդ է Երրորդ հանրապետությունից` այն ուժի մեջ է մտել ուղիղ 29 տարի առաջ: Այս ողջ ընթացքում Հայաստանի մայր օրենքը կրում է այն բոլոր ոտնձգությունները, որոնց թե՛ ներսից, թե՛ դրսից ենթարկվում է հայոց պետականությունը։ Այդ բոլոր հետապնդումների նպատակը մեկն է՝ զավթել հայկական պետությունը, զրկել հայերին սեփական տարածքում իրենց կյանքը կառավարելու հնարավորությունից։ Զարմանալի չէ, որ Սահմանադրությունն այս ֆոնին ընկալվում է որպես անարժան կառավարիչների գործիք, այլ ոչ թե որպես ամբողջ հայ էթնոսի ճակատագիրը կրող` բազմիցս ոտնահարված, ապակողմնորոշված, մշտապես սխալ ժամանակին սխալ տեղում գտնվող:

Թերևս հենց նման ընկալման են ձգտում նրանք, ովքեր օտարացնում են հայ էթնոսը հայկական պետությունից։ Դարեր շարունակ գտնվելով օտարածին վերահսկողության տակ և մինչ օրս չազատագրվելով դրանից՝ գաղութային էթնոսը ընկալում է այն ամենը, ինչ կապված է պետության հետ՝ օրենքները, հարկերը, զինվորական ծառայությունը, որպես տուրք օտար կառավարիչներին և կրած զրկանքների մասին հիշեցում, այլ ոչ թե անձեռնմխելի իրավունքները ուղեկցող սրբազան պարտականություններ: Նման իրադրությունը օրինաչափ է. Օսմանյան կայսրությունում «Ազգային սահմանադրություն Հայոցը» չկանխեց Հայոց ցեղասպանությունը, իսկ խորհրդային օրենքները Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի շրջանի և այլ տեղանքների հայերին չպաշտպանեցին ֆիզիկական ոչնչացումից և աքսորից:

Գործող հայկական իշխանությունը հմտորեն մանիպուլացնում է նման վերաբերմունքը և հայտարարում, որ գործող Սահմանադրությունը չի համապատասխանում «իրական Հայաստանի» քաղաքացիների տրամադրություններին և մտադրություններին։ Խնդիրն այն է, որ 1995 թ. ընդունած Սահմանադրության նախաբանը ուղղակիորեն հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին և հայ ժողովրդի անկախության համար պատմական պայքարի հետ Երրորդ Հանրապետության կապին, ձևակերպում նորաստեղծ հայկական պետականության հավաքական արժեքները: Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են այն հանել Սահմանադրությունից՝ որպես «բարի մտադրությունների» ապացույց, որին պիտի հաջորդի աստվածաշնչյան Արարատ լեռը Հայաստանի պետական խորհրդանիշներից հեռացնելը, պատմության դպրոցական կուրսի վերանայումը և այլն:

Քաջ գիտակցելով, որ այդ ժեստերը ֆիզիկական անվտանգության ոչ մի երաշխիք չեն տա և դրա հետ մեկտեղ կվտանգեն որպես այդպիսին հայ ազգի գոյությունը, Փաշինյանը պատրաստակամություն է հայտնում նման զիջումների գնալու, թեև ի սկզբանե պայմանավորվածություն կար այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շրջանակներում նախատեսել նորմատիվ իրավական բազայի և երկկողմ հարաբերությունների հնարավոր հակասությունները։ Հայաստանի իշխանությունն այժմ կենտրոնացած է վերջինիս վրա, քանի որ չի կարող վստահ լինել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդպիսի փոփոխություններին կողմ կքվեարկեն։ 1995 թ. Սահմանադրությունը, որն ի սկզբանե պարունակում էր այդ դրույթները և, թերևս, ընդունվեց ոչ ամենաբարենպաստ քաղաքական պայմաններում (ինչն էլ Փաշինյանին թույլ է տալիս խոսել դրա «ոչ լեգիտիմ» լինելու մասին և ստել, թե հայերը սեփական սահմանադրության օգտին երբեք չեն քվեարկել), այնուամենայնիվ, բավականին լայն աջակցություն վայելեց՝ անհամեմատ ավելի լայն, քան ներկայիս իշխանությունները 2021 թ. կամ 2023 թ. Երևանի ավագանու ընտրություններում։

Անշուշտ, ներկայիս Սահմանադրության հանրային ցածր արժեքի մասին Փաշինյանի հայտարարություններին կշիռ է ավելացնում նաև այն փաստը, որ և՛ 1995-ին, և՛ 2003-ին (երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջին, տապալված սահմանադրական հանրաքվեի ժամանակ) հանրաքվեն զուգորդվել է ընտրությունների հետ, ընդ որում, հատկապես երկրորդ դեպքում՝ ակնհայտ կեղծվել է։ Սա ընտրություններին պլեբիսցիտար բնույթ հաղորդեց (ընտրությունները վերածվեցին յուրովի հանրաքվեի` իշխանության օգտին կամ դեմ քվեարկության տեսքով, անջատվելով բովանդակային խնդիրներից) և քաղաքականացրեց հանրաքվեն՝ Սահմանադրության պես պետական նշանակության հարցը վերածելով կարճաժամկետ հեռանկարի ամենօրյա խնդրի և արժեզրկելով այն։ Ավելին, հանրահայտ փաստ է, որ Սահմանադրության ընդունման հանրաքվեն առաջին լիարժեք խորհրդարանական ընտրությունների հետ համատեղելը հանգեցրել է նրան, որ պատգամավորներն ավելի շահագրգռված են եղել սեփական նախընտրական քարոզարշավներով, քան սահմանադրական կարգին վերաբերող հարցերի խորհրդարանական լսումներով։

Սերժ Սարգսյանի 2015-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները նրա իսկ թեթև ձեռքով ընկալվեցին որպես սեփական կառավարումն անժամկետ երկարաձգելու փորձ, քանի որ այդ պահին արդեն մեկնարկել էր նրա երկրորդ և վերջին նախագահական ժամկետը։ Ցավոք, իրականությունը հաստատեց այդ մտահոգությունները, երբ Սարգսյանը, սեփական խոստումներին հակառակ, վարչապետ ընտրվեց 2018թ. ապրիլին, ինչն էլ դարձավ բողոքի ակցիաների և նրա հրաժարականի գլխավոր շարժառիթը:

Բացի այդ, Սերժ Սարգսյանի Սահմանադրությունն ու դրա օգնությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծած իշխանության ճարտարապետությունը ամբողջությամբ վերահսկելի Սահմանադրական դատարանի հիմք են դրել, ինչի հետևանքով փաստացի ոչ թե Փաշինյանն է Սահմանադրության ենթակայության ներքո գտնվում, այլ հակառակը։

Անկախ Սահմանադրական դատարանը Սահմանադրության սկզբունքների ճշգրիտ մեկնաբանման և իրագործման գրավականն է (հանրության կողմից պահանջի առկայության դեպքում): Հենց Սահմանադրական դատարանն է գնահատում ընդունվող օրենքների և առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը գործող Սահմանադրությանը, անհրաժեշտության դեպքում սահմանում պետական իշխանության համակարգում ընդունվող կադրային որոշումների իրավաչափությունը։ Գնահատելու նման գործընթացի հատկանշական օրինակ է Լատվիայի Սահմանադրությունը, որը, ընդհակառակը, ընդունվել է մինչև Անկախության մասին հռչակագիրը և, համապատասխանաբար, այդ փաստաթղթին հղում չի պարունակում։ Այնուամենայնիվ, Լատվիայի Սահմանադրական դատարանը վճռեց, որ Հռչակագիրը սահմանադրական կարգավիճակ ունի, և Սահմանադրական դատարանի գործունեության մասին ազգային օրենքին համապատասխան, դատարանը պետք է վիճահարույց օրինագծերը քննարկի ոչ միայն Սահմանադրությանը, այլև Անկախության հռչակագրին համապատասխանության տեսանկյունից: Անշուշտ, օրինաստեղծ և իրավակիրառ հայաստանյան պրակտիկան փոխկապակցված չէ լատվիականի հետ, սակայն դժվար է պատկերացնել այնպիսի օբյեկտիվ հանգամանքներ ու տարբերություններ, որոնց պատճառով Հայաստանի անկախ Սահմանադրական դատարանը նույն հարցադրմամբ այլ վճիռ կկայացներ:

Հանուն արդարության հարկ է նշել, որ կառավարման ձևի և ընտրական օրենսդրության հետագա փոփոխությունից բացի, որն էլ հանգեցրեց նրան, որ Հայաստանը այժմ փաստացի գտնվում է միակուսակցական համակարգի ներքո, Սարգսյանի նախագիծը ներառում էր նաև այնպիսի կարևոր առաջարկներ, ինչպիսիք են միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության և տարածքային փոփոխությունների հարցերի բացառապես հանրաքվեի միջոցով որոշելու անհրաժեշտությունը: Չի բացառվում, որ անդամակցության մասին հոդվածը կարող էր մտցվել այդ ժամանակ Հայաստանի կողմից արդեն անդամակցած միջազգային կազմակերպությունների (Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) շահերից ելնելով, սակայն կարևոր է, որ միանձնյա առաջնորդները (լինի դա վարչապետը թե նախագահը) զրկվեցին նման կարևոր հարցերը գրչի մի շարժումով լուծելու հնարավորությունից։ Ինչպես ցույց է տալիս իրականությունը, այդ հոդվածը չի խանգարում Նիկոլ Փաշինյանին ցրիվ տալ հայկական հողերը, սակայն դրանք ինչպես միջազգային իրավական բնույթի հարցեր են, այնպես էլ հայկական Սահմանադրության մեջ թղթի վրա գեղեցիկ շարադրված սկզբունքների պաշտպանության և իրականացման պատշաճ մեխանիզմների բացակայության, մինչդեռ հայ էթնոսի ներկայացուցիչները՝ այդ սկզբունքների շահառուները, տրամադրված չեն դրա իրագործումը վերահսկելու։

Կառավարման սկզբում Փաշինյանը Սերժ Սարգսյանի հագով կարված սահմանադրական «կոստյումի» ժողովրդավարականության վերաբերյալ կասկածներ էր հնչեցնում և կիսանախագահական կառավարման ձևին վերադառնալու ու նույնիսկ աշխարհասփյուռ հայությանը ներգրավելու համար խորհրդարանի երկրորդ պալատ մտցնելու անհրաժեշտության մասին երկչոտ հայտարարություններ էր անում՝ մեծապես երկրորդելով այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանին: Սակայն սուպերվարչապետն արդեն ընտելացել է և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական իշխանություններին միաժամանակ վերահսկելուն։ Նա արդեն այլ կերպ է սկսել խոսել և երկրորդ անգամ սահմանական փոփոխությունների հարցերով հանձնաժողով է հրավիրում (առաջին փորձն ընդհատվել է 44-օրյա պատերազմի պատճառով)։ Նոր Սահմանադրության նախագծի պատրաստման Փաշինյանի կողմից սահմանած վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերն է, և նրան ամենևին չի շփոթեցնում այն փաստը, որ մինչ այդ Հայաստանում առնվազն մեկ անգամ ևս Ազգային Ժողովի և, համապատասխանաբար, վարչապետի ընտրություններ կկայանան:

Ըստ վարչապետի՝ նոր (հենց նոր, ոչ թե փոփոխված) սահմանադրության բովանդակությունը, այսինքն՝ կառավարման ձևը, իշխանական հակակշիռներն ու զսպումները, հայկական աշխարհի հետ կապը, Հայ Առաքելական եկեղեցու դերը, մասնավոր սեփականության օտարերկրյա քաղաքացիների տիրապետումը և այլն, այնքան էլ կարևոր չեն, միայն թե «հայ ժողովուրդը», որին վարչապետը անվանում է Հայաստանի «սահմանադիր սուբյեկտ», «հայ ազգ» հասկացությունից խույս տալ ձգտելով, հերթական անգամ հանրաքվեում մասնակցի: Նույնիսկ եթե Փաշինյանին սովորության համաձայն հաջողվի դժգոհ ընտրազանգվածին վանել և մոլորության մեջ գցել քվեարկողների ցանկալի մեծամասնությանը, նոր Սահմանադրության հանրաքվեն վերածելով չարյաց փոքրագույնի հերթական ընտրության, հիմա իսկ ակնհայտ է, որ դա ավելի կբևեռացնի հասարակությանը և «լեգիտիմ փաստաթղթի» ու դրա հետ ինչ-որ «օրգանիկ կապ» ձեռք բերելու մասին խոսք չի էլ կարող լինել։

Փաշինյանը վերջ չի տալիս հայոց պետականության կործանման համար պատասխանատվության իր բաժինը ողջ հայ «ժողովրդի» վրա բարդելու փորձերին, թեև իր և իր նախաձեռնությունների օգտին փաստացի քվեարկում է հայկական աշխարհի միայն մի փոքր հատվածը:

Ռոբերտ Քոչարյանը, ցանկանալով փոխել Սահմանադրությունը, այն համեմատում էր մեքենայի հետ, որից, իհարկե, «կարելի է օգտվել, բայց միայն մինչև Սևան կհասնես», Սերժ Սարգսյանը խոսում էր աշխարհի «սրընթաց փոխվելու» և, ուստի, Սահմանադրության` որևէ պահի փոխելու անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանն այժմ պնդում է, որ «պետության և ժողովրդի միջև օրգանիկ կապ չկա»։ Սակայն որքան էլ անկատար և իր ժամանակին միշտ անպատշաճ լինի Հայաստանի Սահմանադրությունը, այն մնում է Հայաստանի գոնե ձևական անկախության միակ բովանդակային հենարանը։ Անշուշտ, փոփոխություններն անխուսափելի են, և աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին եղել է 1995-ին և նույնիսկ 2019-ին և 2023-ին, բայց Սահմանադրության մշտական խմբագրումները, ընդհուպ մինչև հիմա, միշտ կապված են եղել նեղ քաղաքական շահերի հետ, որոնք խարխլել են հայոց պետականության սահմանադրական հիմքերը։ Սակայն, եթե ապօրինությունների ու մայր օրենքով ձեռնածությունների արատավոր շրջանը շարունակվում է վերևից, ոչինչ չի կարող խանգարել այն կտրել «կողքից»՝ հայկական աշխարհի ջանքերով, որը հայոց պետականության թշնամիներն ու բոլոր ղեկավարները 1991 թ.-ից սկսած հետևողականորեն, այդ թվում՝ օրենսդրորեն, օտարացրել են նրա կորիզից՝ Հայաստանի Հանրապետությունից։

Պատահական չէ, որ Սահմանադրությունն ունի նույնիսկ հանրաքվեի միջոցով փոփոխության չենթարկվող Ներածություն և հոդվածներ։ Սահմանադրությունը նախընտրական ծրագիր չէ, այն չպետք է գործադիր իշխանության յուրաքանչյուր ղեկավարը փոխի, ավելին՝ ոչ մեկը բարոյական իրավունք չունի իրեն դուչե [1] երևակայելով նոր Սահմանադրություն մտցնել։ Կան հավերժական արժեքներ, որոնք չեն փոփոխվում նույնիսկ գլոբալ ամենասրընթաց փոփոխությունների ժամանակ, և դրանք իսկապես վերանայելու և նոր Սահմանադրությունը մաքուր էջից գրելու հնարավորությունը կներկայանա միայն միայն առաջին բովանդակային Հայկական Հանրապետությանը։ Սակայն հայկական աշխարհը դրան կարժանանա միայն այն ժամանակ, երբ հասկանա, որ Երրորդ հանրապետությունը ձախողվեց ոչ թե վատ Սահմանադրության կամ անկախության սխալ հռչակագրի պատճառով, այլ հենց դրանք ուրանալու հետևանքով։ Եթե, իհարկե, արդեն չափազանց ուշ չլինի:


[1] Բենիտո Մուսոլինիի տիտղոսը որպես Իտալիայի կառավարության ղեկավար և ազգային ֆաշիստական կուսակցության առաջնորդ 1922-1945 թթ.

Թողնել մեկնաբանություն