ՈՉ՝ դավաճաններին, ԱՅՈ՝ Ազնվականությանը. Ապաքինման ճանապարհին

Այս համակարգից ազատվելու և երկրի ապագաղութացման ուղին կախված է նրանից, թե որքան արագ կգիտակցենք մեզանից յուրաքանչյուրի հասարակ գործողությունների նշանակությունը:

Առաջիկա տարին, առանց չափազանցության, մեր պատմության կարևորագույններից է: Համագործակցող (կոլաբորացիոնիստ) ռեժիմը պատրաստում է «ընտրություններ» անվան տակ հերթական շոուն, որը մի կողմից կոչված է լեգիտիմացնելու արդեն իսկ կատարված հանցագործությունները, մյուս կողմից՝ ստանալ  Հայաստանի թուրքական աշխարհին ինտեգրման գործընթացի արագացման մանդատ: Այդ բեմադրության մեջ ներգրավված են զգալի թվով դերասաններ, իսկ ժողովրդին վերապահված է «մասսովկայի» դերը, որն էլ կհռչակվի անայլընտրանք ողբերգական սցենարի պատասխանատու: Սցենարի հեղինակների (այսինքն՝ թուրքական կողմի և նրա համահեղինակների) մտադրությամբ գլխավոր դերը (ամենայն հավանականությամբ` վերջին անգամ) կմարմնավորի գործող գաղութապետ Փաշինյանը իր երիտենիչերիների հետ, իսկ այսպես կոչված «ընդդիմությունը» իրենց ողորմելի անիմաստ կյանքերի պահպանման և որոշ նյութական բարիքների պատրանքի դիմաց կխաղա գաղութացման քաղաքականության հետ անհաշտ խիզախատես հայրենասերների դերը:

Կլինեն նաև այլ դերասաններ: Նրանց մի մասը առանց վարանելու կկատարի ներքին/արտաքին/խառը պատվերը, իսկ մյուսները՝ ուղղորդվելով հավակնություններով և, միգուցե, նույնիսկ ազնիվ խոյանքներով, կորոշեն, որ ի վիճակի են արժանավայել մարտ տալ և հաղթանակ տանել: Սակայն իրականությունն այնպիսին է, որ այս խաղի ընթացիկ նախադրյալների պահպանման դեպքում ֆորմալ հաղթողները վաղուց սահմանված են: Դա հիմնականում թուրքական կողմն է և այս խաղի լեգիտիմացման համար իրենց բաժինը կամեցող այլ արտաքին կենտրոններ ՝ դրա օբյեկտի (հայերի և Հայաստանի) համար բոլոր բացասական հետևանքներով: Իսկ ֆեոդալ-կլանային համակարգը կշարունակի «իշխանություններ» և «ընդդիմություն» խաղալ` հետևողականորեն իրականացնելով Հայաստանը մեծ աշխարհաքաղաքական մոթել-բորդելի (հասարակաց տան), իսկ իսկ ինքնությունից, պատմությունից և արժանապատվությունից զրկված  հայ ժողովուրդը՝ դրա սպասարկող անձնակազմի վերածելու նախագիծը: Կոլաբորացիոնիստը դա տարբեր ձևերով է կոչում՝ մեկ «Իրական Հայաստան», մեկ` «Չորրորդ Հանրապետություն»:

Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Սկսենք ամենակարևորից՝ կարգի բերել մեր գլուխներն ու սրտերը: Հակառակորդը/թշնամին միշտ ձգտում է պարտադրել իր բարոյահոգեբանական օրակարգը՝ որպեսզի կոտրի մեր ապրելու և դիմադրելու կամքը: Պետք է հիշել, որ մեծ քաղաքականության մեջ իդեալական սցենարներ չեն լինում: Միշտ կարելի է գտնել թույլ օղակ և օգտվել դրանից: Գլուխներում կարգ հաստատելու ճանապարհը անցնում է գիտակցության միջով` առ այն, որ ժամանակակից Երրորդ Հանրապետության բոլոր այսպես կոչված «քաղաքական» ուժերը կազմում են մեկ միասնական և անբաժանելի հակահայկական ֆեոդալ-կլանային համակարգի մաս, որը ոչ մի ընդհանրություն չունի հայ ժողովրդի և հայկական պետականության իրական շահերի հետ: Իր ձևավորման պահից սկսած այն զբաղվել է միայն մեկ բանով՝ քաղաքական գործունեություն կեղծելով և ներքին դիմադրողականության թուլացմամբ՝ գիտակցաբար թույլ չտալով որևէ բովանդակային գործունեության դրսևորում:

Երրորդ Հանրապետության բոլոր այսպես կոչված «ղեկավարները» հրաժարվեցին Միացումի (Արցախի և Հայաստանի միավորման) հայեցակարգից, որով, առանց որևէ չափազանցության, մեկնարկել էր մեր անկախ քաղաքական ազգային ինքնության կերտումը: Նույն «առաջնորդները» հետագայում հրաժարվեցին ոչ միայն մեր ժողովրդի լավագույն որդիների արյամբ նվաճված Արցախի անկախությունը ճանաչելուց, այլև նույնիսկ դրա ապաշնորհ կորստի/հանձնման և հետագա հայաթափման համար պատասխանատվություն վերցնելուց: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով կանգնած էր «Ղարաբաղ» կոմիտեի առաջին շարքերում, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ով վստահ պնդում էր, որ արցախյան հարցը լուծված է, ո՛չ Սերժ Սարգսյանը, ով պաթոսով հայտարարում էր, որ քանի մենք ողջ ենք, Արցախը և Շուշին մերը կլինեն, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը, ով գոչում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ: Դրանցից և ոչ մեկը:

Դեռևս մի կողմ ենք թողնում այն փաստը, որ բոլոր այդ «ղեկավարները» արեցին ամեն հնարավորը, որպեսզի ուժեղ և կազմակերպված Սփյուռքի փոխարեն մենք ստանանք ցրված համայնքներ, որտեղ եղանակ են թելադրում կասկածելի նպատակներ հետապնդող կասկածելի անհատներ: Այսօր նրանք ողջ ու առողջ են, պատմում են իրենց արդյունավետ կառավարման մասին և պատրաստվում նոր «ընտրությունների»` կարծես ոչինչ չի էլ պատահել: Մի՞ թե սա չէ մեր իմունային անբավարարության ամենակարկառուն նշանը, որը դարձավ այս ֆեոդալ-կլանային համակարգի տեսքով մեր մարմնին 30-ամյա մակաբուծող վիրուսի հետևանք:

Դա գիտակցող Հայաստանի հասարակ քաղաքացիները, կարծիքի առաջնորդները, զանգվածային մշակույթի և մտավորականությանբիզնես համայնքների ներկայացուցիչները պետք է կատարեն մի շարք պարզ գործողություններ: Առաջինը՝ իրենց մտքերում և գործունեության մեջ չլեգիտիմացնել այս արատավոր հակահայկական համակարգը՝ համաձայնվելով դրա ներկայացուցիչների հետ համագործակցել/աշխատել, սեղմել նրանց ձեռքը, և մասնակցել ցանկացած մակարդակի «ընտրություններին», որտեղ այս կամ այն կերպ կանգնած է թշնամու գրած սցենարով  խաղացող դերասանների միջև ընտրության հարցը: Այս համակարգից ազատվելու և երկրի ապագաղութացման ուղին կախված է նրանից, թե որքան արագ կգիտակցենք մեզանից յուրաքանչյուրի հասարակ գործողությունների նշանակությունը: 60%-ի մասնակցությամբ ինչ-որ պաշտոնի «ընտրվելը» մի բան է, իսկ 10% մասնակցությամբ՝ բոլորովին այլ: Առաջին դեպքում պատասխանատվության ամբողջ ծանրությունը բաշխվում է նրանց միջև, ովքեր փաստերին և առողջ բանականությանը հակառակ որոշեցին, որ հարկավոր է հերթական անգամ վերարտադրել մեզ հիշողությունից, Արցախից, պատմությունից և ինքնությունից, հաղթանակից, պատվից և հպարտությունից զրկած համակարգից որևէ մեկին: Երկրորդ պարագայում, երբ ավելի քան 70-80%-ը պատռում է քվեաթերթիկները և թքում է քվեատուփերի մեջ, բացվում են լայն հնարավորություններ:

Օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞ւմ համար և ինչպե՞ս: Դեպի հայկական սուբյեկտայնություն իրատեսական և միակ ճանապարհը անցնում է ազգային ազնվականության ստեղծման միջով, որը կներառի գլոբալ մակարդակում հայկական ազգային օրակարգի ձևավորման և առաջմղման համար գիտակցված պատասխանատվություն վերցնելու պատրաստ Սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչների (գաղութացված Երրորդ Հանրապետությունը իր իմիտացիոն ֆեոդալ-կլանային համակարգով ունակ չէ ո՛չ նման օրակարգ մշակելու, ո՛չ էլ այն առաջ տանելու): Մոտ ապագայում հայկական աշխարհի պասիոնարները պետք է ստեղծեն այդ ինստիտուցիոնալ ձևաչափը, որը, միասնական արժեքային-գաղափարական հիմք ունենալով, կսկսի լուծել հայկական աշխարհի առջև ծառացած խնդիրները:

Այսօր, երբ հաստատուն տեմպերով ընթանում է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գործընթացը, բազում լուրջ գլոբալ խաղացողներ չափազանց շահագրգռված են կազմակերպված հայկական անդրազգային ցանցի ի հայտ գալով: Ավելին՝ դա սուր անհրաժեշտություն է: Եվ այն բխում է չափազանց ազդեցության տիրապետող ավանդական անդրազգային խմբերի նկատմամբ ուժերի հավասարակշռության ձևավորման պրագմատիկ նկատառումներից: Արտաքին դասավորությունը իր պայթյունավտանգությամբ և անորոշությամբ հանդերձ մի կողմից Հայաստանին և հայկական աշխարհին ներկայացնում է մահացու մարտահրավերներ և սպառնալիքներ՝ հարցականի տակ դնելով նրա` որպես անկախ լիարժեք սուբյեկտի հետագա գոյության նպատակահարմարությունը, մյուս կողմից՝ բացում է բովանդակային գործունեության և ուժի հիմնական կենտրոնների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու լայն տարածություն: Հենց այս գործունեության արդյունքներով մենք կկարողանանք պատասխանել կարևորագույն հարցին՝ անհրաժե՞շտ է արդյոք աշխարհին անկախ և ազդեցիկ հայկական սուբյեկտ, որը ունակ է դառնալ գլոբալ փոխհարաբերությունների նոր համակարգի արգասավոր և ֆունկցիոնալ մասը:

Ճանապարհը խրթին է, բայց չենք կասկածում, որ հենց ազգային ազնվականությունը կդառնա հայկական շահերի դեմքը, ձայնը և պաշտպանը, իսկ հակահայկական ֆեոդալ-կլանային համակարգը, որը ուղղված է թշնամական արտաքին խաղացողներին անվերապահ ծառայելուն, կշպրտվի պատմության աղբանոց, դրա հիմնադիրները/կողմնակիցները/լեգիտիմացնողները/սպասավորներն էլ կկրեն խիստ պատիժ, որպեսզի առաջնորդների/ղեկավարների ապագա սերունդները հստակ գիտակցեն հակաազգային և դավաճանական գործունեության հետևանքները, անկախ նրանից, թե ինչ ձևով է այն դրսևորվում: Այսօրվանից մեր մտքերում և սրտերում պետք է ամրանա այն կարգախոսը, որով մենք պետք է ուղղորդվենք՝ «Ո՛չ՝ դավաճաններին, Այո՝ Ազնվականությանը»:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն