2026 թ. արագ «հունի մեջ» մտավ: Մինչ մի հեռավոր երկրից (Վենեսուելայից) բոլորի աչքի առաջ առևանգում են իր նախագահին, իսկ մեկ այլ, մեզ համար դեռևս բաց երկու երկրներից մեկում, աննախադեպ ցույցերում զոհվում են հազարավոր մարդիկ և այն շարունակում է թիրախավորվել հուժկու հակառակորդների կողից, Հայաստանում շարունակում է թագավորել նորին մեծություն Ֆարսը: Մինչդեռ ցածրակարգ լրագրող Փաշինյանը փորձում է աստվածաբանի անուն հանել և արմատախիլ անել Հայ Եկեղեցին, նրա կինը չինարենի տնազ է անում, նրանց հավատարիմ օլիգարխները փնտրում են ադրբեջանական ներմուծումների համար նոր բնագավառներ, իսկ խորհրդարանական և (մեծ մասամբ) արտախորհրդարանական ընդդիմությունը ձևացնում են կատարվողի վերաբերյալ խորին մտահոգություն, ողջամիտ, ազգակենտրոն մարդիկ, բնականաբար, ձգտում են հայերին և Հայաստանին նոր ճանապարհ առաջարկել:
Սակայն փոփոխությունների հնարավոր ուղղությունները քննարկելուց առաջ անհրաժեշտ է արձանագրել. Հայաստանը ո՛չ «խորհրդարանային», ո՛չ էլ «հանրապետություն» է, այլ ֆեոդալ-կլանային գոյացություն:
Դառը փորձի վրա հիմնվելով, մենք համոզված ենք, որ Երրորդ Հանրապետության ամբողջովին փտած «քաղաքական» համակարգն ուղղակի անհնար է հիմնովին փոփոխելը` եթե օգտագործվի այդ նույն փտած «քաղաքական» համակարգի գործիքակազմը: 2018 թ. տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով չհզորացավ մեր բանակը, չուժեղացավ պերությունը, չպակասեցին պետական բյուջեի յուրացումները, չկրճատվեց արտագաղթը, չանհետացան ամենակարող օլիգարխները, չստեղծվեցին փոքր բիզնեսի համար բարենպաստ պայմաններ, չընդհատվեց էկոլոգիական չափորոշիչներին չհամապատասխանող զանգվածային շինարարությունը, չբարելավվեցին կրթական և բժշկական համակարգերը:
Հայկական աշխարհի համար կործանարար կապիտուլյացիային և խորհրդարանի բացարձակ անտարբերության պայմաններում Արցախի փաստացի կորստին հետևած 2021 թ. ընտրությունները ավելի քան հստակ պատկերացում են տալիս, թե ինչ պիտի ակնկալել 2026 թ. «ընտրություններին»:
«Խորհրդարանում» հայտնվեցին այդ իսկ ողբերգական ելքի համար պատասխանատու երեք ուժերը: Պակասում էր միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ումից և սկսվեց Երրորդ Հանրապետության կազմալուծումը և Արցախի ազատագրման պտուղների մսխումը:
Սերժ Սարգսյանի կարած սահմանադրական «կոստյումը» վարչական ռեսուրսին տիրապետող կուսակցություններին օժտում է կառավարություն կազմելու դյուրին հնարավորությամբ` նույնիսկ նվազագույն առավելության դեպքում: Դե իսկ թուրք գաղութապետի տիրապետության ներքո են ոչ միայն իրեն գրեթե անսահմանափակ իշխանություն երաշխավորող սահմանադրությունն ու խոցելի պետծառայողները, այլև իրավական համակարգի ողջ պատժիչ ապարատը, որի օգնությամբ նա կարող է և՛ ձերբակալել անցանկալի ընդդիմադիրներին, և՛ թույլ չտալ նման կուսակցությունների գրանցումը: Դրան հավելենք վերջին տարիների սաստկացած պրոպագանդան, խորհրդարան մտնելու բարձր շեմերը, խոշոր ընտրագրավները, մրցակից կուսակցությունների ֆինանսների խիստ վերահսկողությունը, և գիտակցենք, որ ամեն ինչ տանում է նրան, որ 2026 թ. արդյունքները պակաս ողբալի չեն լինելու, քան 2021-ինը:
Զարմանալի չէ, որ բովանդակային քաղաքական խոսակցության և փոքր կուսակցությունների համար հնարավորությունների բացակայության պայմաններում (այդ թվում` իշխանամետ) կուսակցությունների և շարժումների 99.9%-ը հսկվում է արտաքին ուժերի և խոշոր բիզնեսի կողմից (որը նույնպես ներգրավված է գործակալական ցանցերում): Հիրավի «նոր» ուժերին պարզապես չի թույլատրվում ներկաների և «նախկինների» հետ մրցել` ֆինանսների և վարչական ու պատժիչ համակարգի հասանելիության հարցում: Արդյունքում տեսնում ենք անհեռանկար «մրցակիցների» հոծ բազմություն, ում սակավաթիվ ձայները վերաբաշխվելու են հաղթողի` թուրք գաղութապետ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Լավագույն դեպքում նման թզուկները Հայաստանին որևէ օգուտ չեն բերում, լոկ ոչինչ չանելով կատարելով ստացած արտարժույթի դիմաց խոստացած աշխատանքը, իսկ վատագույնում` վնասում են, առաջ տանելով թշնամու օրակարգն ու վաճառելով իրենց հավատարմությունն ու ձայները: Նման վնասարարության ականատեսն ենք դարձել Երևանի ավագանու 2023 թ. ընտրություններին, որտեղ «ընդդիմադիր» ձևացող «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններն աջակցեցին Փաշինյանի նախկին առաջին փոխվարչապետ Ավինյանին:
Իսկ ի՞նչ անել նրանց, ովքեր չեն կամենում դառնալ այդ զավեշտախաղի մեղսակիցը: Նախ` գիտակցել, որ ընտրությունները որպես իշխանություն փոխելու ինստիտուտ Հայաստանում իրենց գոյությունը դադարել են 1996 թ.-ից:
Հրաժարվելով այդպիսի «ընտրություններին» մասնակցելուց, մենք բոյկոտում ենք Հայաստանի և հայկական շահերի հետ որևէ առնչություն չունեցող մի համակարգ:
Լիովին հասկանալի է «սեփական քվեաթերթիկը» օգտագործելու ցանկությունը` որպեսզի այն մեր փոխարեն չլրացնեն ուրիշները: Շատերը, ազնիվ խոյանքներից դրդվելով, կարող են նույնիսկ մտածել որպես դիտորդ գրանցվելու և անձամբ ստուգելու ամեն ընտրողին հասանելիք իր քվեաթերթիկների բաշխումը: Սակայն կարևոր է հասկանալ երկու բան: Առաջինը` 2021 թ. արձանագրված խախտումները չվրդովեցին միջազգային դիտորդներին: Երկրորդը` նույնիսկ ամենաավտորիտար պետություններում հիմնական խախտումները մեր օրերում տեղի են ունենում մինչ ընտրություններ.
a) ընտրություններում մասնակցությունը սահմանափակելու,
b) ԶԼՄ-ներում ընդդիմադիրներին վարկաբեկելու,
c) ինքնագովազդի նպատակներով պետբյուջեն օգտագործելու (որոշ մանկապարտեզներ արդեն երկրորդ անգամ են բացվում, իսկ Նոր տարվա գիշերը Երևանի երկնքում դրոնները պատկերում էին Փաշինյանի հայտնի դարձած շարժումները),
d) պետական ալիքներում բոլորին հավասար ժամանակ չտրամադրելու,
e) կուսակցական ֆինանսներին վերաբերվող օրենքները շրջանցելու (հիշենք, թե ինչպես 2023 թ. բազում շարքային քաղաքացիների անունից առանց իրենց իմանալու «ՔՊ»-ին փոխանցումներ արվեցին) տեսքով:
Այսպիսով, արձանագրելով լոկ տեխնիկական խախտումները, դուք ոչ միայն օգուտ չեք բերի, այլև կընդունեք և կլեգիտիմացնեք «ընտրություններ» կոչվող խաղի կանոնները:
Բացի այդ, ակնհայտ է, որ արդյունավետ ընտրություններն անհնարին են այնտեղ, որտեղ չկան իսկական կուսակցություններ: Ամբողջ ընթացքում մենք ամեն մի քանի տարին մեկ դառնում ենք ոչ թե ծրագրերի և նպատակների, այլ երեսփոխան պոլիտիկանների պայքարի ականատեսը: Այդ համակարգին պատկանող մարդիկ` անկախ «ընտրությունների» արդյունքից և «նախկին» կամ ներկա լինելուց, այսպես թե այնպես իրար հետ լեզու են գտնում, և մենք չենք տեսնում որևէ արմատական փոփոխություններ: Հայաստանը հետևողականորեն մերժում էր «Միացումի»` Արցախի հետ վերամիավորման հայեցակարգը, ու, գաղութ մնալով, միայն իրար է հաջորդեցնում և համատեղում տարբեր մետրոպոլիաներ և տերեր: Փաշինյանը, սեփական խոստումներին հակառակ, չցանկացավ փոխել Սերժ Սարգսյանի սահմանադրությունը: Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիներից խլեց արտերկրից ընտրություններին մասնակցելու իրավունքը, ինչից գոհ է Փաշինյանը: Երկրի կառավարումը մնում է կոռումպացված, անարդյունավետ և անհաշվետու: Փոխվում է միայն դեմքերի տեղադրությունը, և անգամ այն` վերադառնալու խոստումով:
Նման ֆեոդալ-կլանային գոյացությունում կարող է կառուցվել խորհրդարանի շենք, բայց ոչ` պառլամենտարիզմի մշակույթ: Չկան ո՛չ կուսակցություններ, ո՛չ էլ ծրագրեր, կան միայն Լևոնը, Ռոբը, Սերժն ու Նիկոլը:
Ապա ինչի՞ համար են Հայաստանին ընտրությունները` բացի պետականության և ժողովրդավարության նմանակումից: Զսպումների և հակակշիռների, հաշվետվության և հեղինակության կարևորության բացակայության պայմաններում «ընտրությունները» իշխանությունների և հասարակության միջև փոխադարձ կապի միակ միջոցն են: Սոցիալոգիական հարցումներում թուրք գաղութապետն ու իր տերերը քաջ տեսնում են, որ բնակչության մոտ երկու երրորդը չի վստահում որևէ քաղաքական ուժի: Իսկ սոցցանցերը լցված են այդ լռակյաց մեռելային լռությունը խլացնելու կոչված կեղծ հաշիվներով, բոտերով ու թրոլերով: Իհարկե, ցածրակարգ լրագրողը նախընտրում է Ֆեյսբուքի և Ինստագրամի փուչիկը, որտեղ իր երաժշտական տեսանյութերով հմայվում են ռուսաստանցի օգտատերերը: Եվ հենց նման «իրականություն» են փորձելու ստանալ նրա երիտենիչերիները գալիք «ընտրություններին»:
Եվ այստեղ խիստ կարևոր է հասկանալ ևս մի բան: Դժբախտաբար, վերոնշյալ պատճառներով Հայաստանի Հանրապետություն անունով թուրքական գաղութի զտված քաղաքական դաշտում թուրք գաղութապետ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» որոշ չափով տիրապետում է մինչ 20%-ի աջակցությանը, և այս պահին, այդ նույն հարցումների համաձայն, այդ զտված դաշտում չկա այդ ցուցանիշին մրցակցություն առաջարկող որևէ ուժ: Իրենց իսկ կողմից ծրագրված ընտրություններում` գրպանի «քաղաքացիական հասարակության» դիտորդական ծառայություններով հանդերձ, երիտենիչերիների հաղթանակը անկասկածելի է: Իսկ առողջ դատողությունն ու խիղճը մեզ թույլ չեն տա կոչ անել քվեարկել նրանց «հակառակորդների» օգտին: Վերընտրել Փաշինյանի քաղաքական ծնողներին` նշանակում է խոստովանել, որ 35 տարին մեզ ամենևին ոչինչ չի սովորեցրել:
Այսպիսով, ի՞նչ է անհրաժեշտ գաղութապետին` սեփական մետա-իրականության վարդագույն ակնոցները չհանելու և թուրք տերերին իր հավատարիմ ծառայությունը շարունակելու համար: Երկու բան. լեգիտիմության պատրանք և ծառայել շարունակելու ֆիզիկական հնարավորություն:
Թուրքական գաղութացման լեգիտիմության պատրանքը ապահովվելու է հենց մասնակցության մակարդակով, քանզի այն թույլ կտա հայկական պետականության վերացումը վերագրել Հայաստանի քաղաքացիներին, ոչ թե լոկ կառավարության շենքում նստած կոլոբորացիոնիստներին:
Մենք քանիցս ենք դրան ականատես դարձել. թուրք գաղութապետն ու նրա երիտենիչերիները շարունակաբար արդարացնում են իրենց դավաճանությունն ու ձախողումները ժողովրդի «ծուռ» լինելով: 2021 թ. նրանց նախընտրական ծրագիրը ներառում էր Շուշիի և Հադրութի ազատագրումը, սակայն 2023 թ. հենց արցախահայությունը ճանաչվեց մեղավոր, որ իրեն տեղահանել են Արցախի մնացորդներից` թուրք գաղութապետարանի բացարձակ թողտվության պայմաններում: 2021 թ.-ին իշխանությունը անվերապահ կապիտուլյացիայի «մանդատ» չեր ստացել, սակայն այսօր այն ընդունվում է հենց որպես «ժողովրդի կամքի» իրագործում: Ճիշտ այնպես, ինչպես 2018 թվականի մայիսի 8-ին ոչ ոք «թավշյա» հեղափոխական Փաշինյանին` Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող «խորհրդարանի» կողմից վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, մանդատ չէր տվել առաջին իսկ օրը սլանալ Ստեփանակերտ և «սադրել» ադրբեջանա-թուրքական տերերին՝ նրանց կողմից կանխատեսվող քայլերի։ Արժե՞ր արդյոք գնալ և «դեմ» քվեարկել, որ «ընդդիմադիր» ձևացող պատգամավորներն այսօր շարունակեն լեգիտիմացնել Հայաստանի և հայկական խորհրդանիշների ծախծխումը: Հարցը հռետորական է:
Այսպիսով, ընտրություններում մեր մասնակցությունը հանգեցնում է միայն նրան, որ դառնում ենք ընթացիկ իշխանության և նրա «ընդդիմության» դավաճանության և ձախողումների հանցակիցը: Նրանից, որ «խորհրդարանում» բազմում են և՛ առաջիններս, և՛ վերջիններս, չի դադարել Հայաստանի սողացող օկուպացիան, հայերը չեն դադարել կորցնել իրենց տներն ու արոտավայրերը, Արցախի հայերը չեն պահպանել իրենց տունը և արժանավայել աջակցություն չեն գտել մայր Հայաստանում:
Հայկական պետությունը զավթվել է իշխանության և «ընդդիմության» սինդիկատի կողմից: Անհնա՛ր է նրանց հաղթել` իրենց իսկ կանոններով խաղալով:
Երրորդ Հանրապետության այս կենդանաբանական այգին մեզ չի ներկայացնում որպես ժողովրդի: Հակառակն ապացուցելու միակ միջոցը «ընտրությունների» օրը` 2026 թ. հունիսի 7-ին դրա կայանալիք հանդիսավոր վերաբացումն այցելելուց հրաժարվելն է:
Եթե ընտրություններին մասնակցի Հայաստանի քաղաքացիների միայն 10%-ը, մեզ անհնար կլինի անտեսել:
Միայն այդպես կպայթի իրենց փուչիկը, միայն այդպես բոլորը վերջապես կբացահայտեն, որ գաղութապետը, փաստորեն, մերկ է: Միայն այդժամ ոչ ոք չի կարողանա նրա հետ հայկական պետության լիկվիդացման երկարաժամկետ ծրագրեր կառուցել:
