«Իրական հայաստաներենի» բառապաշարի ամենագործածվող բառերից է «մանդատը»։ Դա միայն թուրք կոլաբորացիոնիստին (համագործակցողին) հայտնի արժույթ է, որը նա իբր ստանում է «ժողովրդից»՝ լոկ իրեն հայտնի փոխարժեքով և, ինչպես իրեն է թվում, միայն իրեն հայտնի գործերի համար։ Կարևոր չէ, որ ոչ մի սոցիոլոգիական հարցում նրան չի տալիս հանրային աջակցության անգամ մեկ երրորդը, և որ 2021 թ. նա «հաղթեց» անայլընտրանք «ընտրություններում»՝ Արցախը պահելու, այլ ոչ թե վերջնականապես հանձնելու մոլոր խոստումով։ Կարևոր չէ և այն, որ ո՛չ Արցախի, ո՛չ էլ սահմանամերձ դարձած Սյունիքի, Տավուշի, Արարատի մարզի ու Գեղարքունիքի գյուղերի համար նա «կադաստրի թուղթ» չգտավ։ Գլխավորը դրանք հանձնելու երևակայական «մանդատն» է։
Սակայն երբ որևէ մեկը սկսում է պետականությունը, ինքնությունն ու այդ իսկ «մանդատը» տնօրինել որպես դրամայնացվող ակտիվ՝ դրանք հանելով հրապարակային աճուրդի, նա անխուսափելիորեն կորցնում է գնագոյացման վերաբերյալ իր վերահսկողությունը։ Այսպես՝ թուրք կոլաբորացիոնիստը հանկարծ հայտնաբերում է, որ հայի հազարամյակներով թափված արյամբ, քրտինքով ու արցունքով նվաճված և իր կողմից սակարկման հանած «մանդատի» վերաբաշխումից հետո նրան կարող են չմնալ անգամ կյանքի և ազատության մեջ ապահով մահվան տարրական երաշխիքներ՝ էլ ինչ խոսք գաղութային վարչակազմը հավերժ կառավարելու մասին:
Մավրն իսկապես արել է իր գործը և իր մտադրությունները ոչ մեկից չի թաքցրել. ամրակել է Արցախից և հզոր (դեռևս կառուցվելիք) Սփյուռքից հրաժարումը, ուրացել է Հայ Եկեղեցին, ազգային խորհրդանիշներն ու Հայոց ցեղասպանության հիշատակը, Հայաստանը դարձրել է բոլոր ցանկացողների համար ոտքի ճամփա, հաստատել է հայկական քաղաքական սուբյեկտայնությունից հրաժարումը։ Այդքանից հետո անգամ բեմադրված ընտրություններում ձայների կեսը չհավաքող ժամիշխանն անհետաքրքիր է դառնում ուժի արտաքին կենտրոններին։ Քաղաքականությունը հնարավորի արվեստն է, և իմունային անբավարարությունից տառապող Երրորդ Հանրապետության նկատմամբ այլևս անհնարին բան չկա։ Մնում է ընդամենը մեկ սահմանագիծ՝ գլոբալ Հայկական աշխարհի վերջնական զինաթափումը, իսկ նման տրամաչափի խնդիրը ցածրակարգ օպորտունիստ Փաշինյանի ուժերից վեր է։
Ավելին, այդ պահից ի վեր գաղութապետի նախկին ու ներկա հովանավորներին դժվար է վստահել մեկին, ով որոշել է, թե «անկախությունը շատերից կախվածություն է»։ Ֆեոդալ-կլանային համակարգում ի սկզբանե չի կարող լինել միայն մեկ կենտրոն, ընդ որում՝ որպեսզի թույլ չտալ այդ արատավոր համակարգի` պետության վերածումը, անհրաժեշտ է նույնիսկ խուսափել նման կենտրոնի առաջացումից։ Ակնհայտ է, որ նմանօրինակ միակ հնարավոր կենտրոնը Հայկական աշխարհն է՝ Երրորդ Հանրապետության փլատակների վրա ծավալվող բոլորի դեմ բոլորի այս պատերազմում միակ ընդհանուր թշնամին։ Ուստի այն չեզոքացնելու համատեղ փորձերում Երևանի հակահայկական վարչակազմի արտաքին հովանավորներն ավելի ու ավելի հաճախ են մտածում Հայաստանից մնացած հողակտորի արդեն հետհայկական ապագայի մասին։ Նրանցից յուրաքանչյուրն արդեն որոշել է, թե ում վրա է կատարելու իր խաղադրույքը։ Փաշինյանն այդ ցանկում չէ, ինչպես և անփոխարինելիներ չկան նրա ավելի հեռանկարային ու ընդունակ երիտենիչերիների մեջ (որոնց թվում են Ռուբեն Ռուբինյանը, Ալեն Սիմոնյանը, Արման Եղոյանը և գնալով ավելի բազմազան դարձող ուժի արտաքին կենտրոնների մյուս կամակատարները)։
Ինչպես տեսնում ենք, երաշխիքներ այլևս չի տրամադրում ոչ միայն հակահայկական վարչակարգի գործողություններին մեղսակցությունը, այլև թուրք գաղութապետին անվերապահ հավատարմությունը։ Իր հովանավորներին հաճոյանալ շտապելով Փաշինյանն աչքն անգամ չթարթեց՝ իր հավատարիմ ծառային՝ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին պաշտոնանկ անելուց առաջ։ Գրիգորյանին չփրկեց ո՛չ նոր Լենին-Փաշինյան պապիկի մասին իր արդեն իսկ գրած ստորաքարշ գիրքը, ո՛չ էլ այդ տպագրական խոտանի հետագա շնորհանդեսին գերագույն կոլաբորացիոնիստի ու նրա երիտենիչերիների ձեռքսեղմումը։ Հավատարիմ մնալով իր առաջնորդի ուսմունքին՝ Արմեն Գրիգորյանը տվեց ամեն ինչ, այդ թվում՝ իր պատիվը, հանուն ոչնչի։
Սակայն թող այս առնետային քաշկռտուքով չոգևորվեն նաև սույն ոհմակի պսևդո-«մրցակիցները»՝ «հին» ու «նոր» «ընդդիմությունը»։ Այս մավրերն էլ արդեն արել են իրենց գործը՝ նախքան պատմության աղբանոց շպրտվելը. նրանք լեգիտիմացրին թուրք կոլաբորացիոնիստի հերթական այսպես կոչված «ընտրությունները», ինչ-ինչ քաղաքական մրցակցության վերջնական ոչնչացումը ու Երրորդ Հանրապետության քաղաքական սուբյեկտայնության վերացումը։ Կոլաբորացիոնիստների Կալուգայի մասնաճյուղը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» (թեև եթե նրանք դեմք ունենային, չէին նստի գաղութային «խորհրդարանում»), նույնպես հայկական համայնքները Հայաստանից շարունակաբար հեռացնելու ջանք գործադրեց՝ հայկական աշխարհի առանձին հատվածներ (ռուսաստանաբնակ հայերի մի մասը, Արցախից որոշ փախստականների) դարձնելով իր ստոր խաղերի թե՛ մեղսակից, թե՛ զոհ։
Եվ եթե Կալուգայի, Մոսկվայի կամ Վաշինգտոնի ինքնահռչակ ներկայացուցիչները ակնկալում են, թե իրենց սպասում է այլ ճակատագիր, քան կամովին Անկարայի ու Թել Ավիվի ներկայացուցիչ դարձած իրենց ապագա խցակիցներինը, ապա նրանք խորապես սխալվում են։ Հովանավորները երբեք ավելորդ վայրկյան անգամ չեն երկմտում՝ նախքան իրենց խնամարկյալներից, մանավանդ սեփական ժողովրդի դավաճաններից, ազատվելը։ Ուստի հատկապես զվարճալի է հետևել, թե ինչպես են «կառուցողական խորհրդարանական ընդդիմություն» խաղալ փորձում նրանք, ովքեր այս կրկեսում բոլորովին վերջերս են հայտնվել։ Այն դեպքում, երբ կոլաբորացիոնիստական «Քաղաքացիական պայմանագիրը» հույսը դնում է իր նորելուկ իսրայելցի հովանավոր-«երաշխավորների» վրա, կալուգայական «Ուժեղ Հայաստանը»՝ իսրայելա-ադրբեջանական վարչակազմի հետ «պայմանավորվելով» պարզապես ինքն իրեն զրկում է այդ սննդային շղթայից ողջ դուրս պրծնելու շանսից:
Օրինաչափ է, որ այսօր «կառուցողական ընդդիմությունը» քաղում է սեփական կոլաբորացիոնիզմի պտուղները։ Ֆեոդալ-կլանային համակարգում ի բնե չեն կարող լինել հուսալի պայմանավորվածություններ ու պարտավորություններ։ Այս համակարգի ճարտարապետները, վաղեմի մասնակիցներն ու կողմնակիցները պարզապես չէին կարող դա չիմանալ՝ համաձայնելով մասնակցել ակնհայտորեն տանուլ տրված «ընտրություններին»։ Իրենց հեղինակության մնացորդները փոխանակելով նախորդ տարիներին թալանածը պահպանելու թվացյալ հույսի հետ՝ նրանք ոչ միայն լեգիտիմացրին թուրք գաղութապետին, այլև երաշխավորեցին նրա անսահման իշխանությունը՝ դեռ սաղմնային վիճակում խեղդելով առողջ ընդդիմադիր ուժերին։ Այսօրվա «ընդդիմության» ծնած հրեշը՝ ի դեմս Փաշինյանի վարչակարգի, ձերբակալությունների, կալանավորումների ու բռնագրավումների մեխանիզմը գործի դնելով նորընծա կալանավորների կողմից աջակցված «ընտրություններից» անմիջապես հետո, օրինակ է ծառայում մնացած պոտենցիալ կոլաբորացիոնիստներին և ճակատագրի հեգնանքով կանխագուշակում իր սեփական ապագան։
Այդպիսին է հավերժ ստրկություն ընտրողների բաժինը. նրանց երաշխավորված չէ անգամ մեկ խորհրդարանական կամ վարչապետական ժամկետ, չէ՞ որ նրանց ճակատագիրը վճռվում է իրենց հովանավորների միջև ընթացող բանակցություններում ու ընտրություններում։ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են արդեն 2028 թ., և շնորհիվ այն բանի, որ Միացյալ Նահանգներն, ի տարբերություն Երրորդ Հանրապետության, ունեցել են իսկական հիմնադիր հայրեր, կայացած ազգային ազնվականություն ու քաղաքական ինստիտուտներ, անհեթեթ ու վտանգավոր հակաիրանական արշավը դատապարտված է ձախողման։ Երևանյան կոլաբորացիոնիստները ոչ միայն չեն հասցնի ստանալ իրենց երկդիմի խաղի միջնորդավճարը, այլև շատ թանկ կվճարեն Արցախում ու Սյունիքում Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններ հակաիրանական կոալիցիա հրավիրելու, XXI դարի ամենաարժեքավոր ռեսուրսները՝ տվյալները, հեռահաղորդակցության հասանելիությունը, տրանսպորտային երթուղիները, էներգառեսուրսները իսրայելամետ ուժերի կառավարմանը կամովին հանձնելու և Իրանի հետ հարաբերությունների ներկայիս շտապողական սառեցման համար։
Ֆեոդալ-կլանային համակարգը միտումնավոր հեռացավ միակ բնական դաշնակցից՝ Հայկական աշխարհից, գիտակցաբար հրաժարվեց Արցախից, փաստացի արտաքին օգտագործման տրամադրեց Սյունիքը, ուրացավ ազգային խորհրդանիշներն ու արժեքները՝ դրանով իսկ աշխարհագրական Հայաստանին զրկելով որևէ ֆիզիկական ու հոգևոր պաշտպանական պատնեշից։ Այսուհետ նրա կեղտոտ ձեռքերն այստեղ պետք չեն։ Չի կարող իմունիտետ ունենալ մեկը, ով ոչնչացրել է սեփական քաղաքացիների իմունային համակարգը։ Չեն կարող լինել այլևս գոյություն չունեցող բանի կառավարման «մանդատ» ու «երաշխիքներ»։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, թե այլևս կորցնելու բան չունի և այդ պատճառով պատրաստվում է այս խաղատանը խաղալ մինչև խայտառակ սնանկացում ու հայկական տարածքի և հայկական արժանապատվության վերջին թիզը, ապա արդեն մոտ ապագայում նրանց տհաճ անակնկալ է սպասվում։
