Պարտվածի ստորագրություն. ինչու Բաքուն չի սահմանափակվի Արցախով

Մինչ այսպես կոչված «ընդդիմությունը» երազում է ադրբեջանցի դիվերսանտին մեր գերիների հետ փոխանակելու մասին, Ադրբեջանը սպասելիորեն նախապատրաստում է նոր տրիբունալներ:

Ամբողջ փաթեթը

Զարմանալի չէ, որ ադրբեջանցիները կանգ չառան Արցախի վրա և ակտիվորեն բարձրացնում են հայկական ժառանգության, դրա պատկանելության և Հայկական հարցի ու հայկական ազգային նախագծի բուն գոյության հետ կապված թեմաներ։ Ինչպես բազմիցս ընդգծել ենք, Արցախի հանձնումը նշանակում էր ամբողջ հայկական փաթեթի հանձնում՝ իր ողջ բովանդակությամբ ու գործիքակազմով հանդերձ։ Արցախի պատկանելության հարցը, ինչպես և Սյունիքի ու ողջ աշխարհագրական Հայաստանի նկատմամբ վերահսկողության այսօրվա հարցը, չէր ենթարկվում չափելի մասերի ռացիոնալ բաժանման։ Նման բաժանումն անհնար է երկու փոխբացառող ազգային նախագծերի բախման մեջ։

Ուստի Ալիևի ռազմատենչ հայտարարություններով այս անգամ էլ չենք պրծնի։ Նույնիսկ բացարձակապես վերահսկելի ու կոլաբորացիոնիստական «ղեկավարությունը», որը հետզհետե ուրանում է ամեն հայկականը, չի բթացնում Բաքվի ու Անկարայի զգոնությունը՝ մեր տարածաշրջանում եկվոր երկու կենտրոնների, որոնք կառուցված են մեր ժառանգության շահագործման ու հայերի զանգվածային սպանության նախածին մեղքի վրա։ Ուստի նրանց չի բավականացնում, որ Արարատը՝ մարդկության վերածննդի խորհրդանիշը, աստիճանաբար հեռացվում է պետական խորհրդանշաններից ու ատրիբուտներից, բավարար չէ և Անկախության հռչակագրից՝ հայկական պետության ծննդյան վկայականից խոստացած հրաժարումը, ո՛չ էլ Հայ Եկեղեցու վարկաբեկման ու նրա հատուկ կարգավիճակը վերացնելու արշավը, կա՛մ Ադրբեջանի և Թուրքիայի՝ նրանց ցեղասպանական հանցագործությունների համար հետապնդումից հրաժարումը, ո՛չ էլ հայոց պատմության մեջ նրանց դերի մեկնաբանման փոփոխությունը։

Եվ սա էլ դեռ վերջը չէ, հատկապես հեզաբար կատարվող հրահանգների ֆոնին։ Հաղթողին կենսականորեն անհրաժեշտ է պարտվածի կողմից լեգիտիմացումը, հատկապես երբ նրա ողջ գոյությունը հիմնված է պարտվածի դեմ սուտ վկայությունների վրա։ Որպես «խաղաղ» մտադրությունների ապացույց Ադրբեջանը Հայաստանից կպահանջի նաև որպես «ցեղասպանություն» ճանաչել խոջալուական բեմադրությունը` ողորմելի ֆիզիկական գոյության ևս մի երկու տարվա դիմաց։ Չի մոռացվի նաև 1918 թ. «ցեղասպանությունը»՝ նրանց «առաջին» և, ի դեպ, միակ հանրապետության հիմքում ընկած միֆը. Ադրբեջանը վերջերս նշեց իր անկախության «վերականգնման» տարելիցը։ Հայկական պատվիրակությունը հնազանդորեն կհարգի «սև հունվարի»՝ խորհրդային պատժիչ գործողության զոհերի հիշատակը՝ մոռանալով, որ նրանց թվում կան նաև հայկական զանգվածային ջարդերի կազմակերպիչներ։ Իսկ Շեհիդների պուրակում պարբերական ապաշխարությունների անկեղծությանն Ալիևը կհավատա միայն այն ժամանակ, երբ Եռաբլուրի՝ Արցախի ազատագրման ու պաշտպանության համար զոհվածների պանթեոնի տեղում, լցնեն Խաչատուր Սուքիասյանի (Գռզոյի) հերթական հյուրանոցային համալիրի հիմքը։ Ապա կհետևեն բնակավայրերի անվանափոխությունները, կրթական ծրագրերի փակումը, դեռևս պահպանված հուշարձանների ու հուշահամալիրների ոչնչացումը, արդեն իսկ թափ հավաքած գրաքննությունը… Այսպիսի տեմպերով կարելի է հասնել նաև երկրի բոլոր դպրոցներում «հողի ճանաչման» պրակտիկայի ներդրմանը։

Երկու իրականություն, երկու օրացույց

Ի դեպ, մենք առանձնապես բողոքելու բան չունենք։ Ժառանգությունը տնօրինում է նա, ով հասկանում է դրա գինը։ Բայց ժառանգությունը հազվագյուտ ու եզակի ակտիվ է, ուստի միանգամայն սպասելի է, որ Ադրբեջանն առանձնակի պատկառանքով է վերաբերվում իր դիրքավորման այս բաղադրիչին։ Սակայն ի՞նչ ասենք մեր մասին՝ մի էթնոսի, որն իր ժառանգության մի մասը իբր թե փոխանակել է մարդկային կյանքերի հետ, թեև դրանք հենց մեզ մոտ են պակասում, այլ ոչ թե Ադրբեջանում։ Եթե մենք անտեսում ենք հնագույն քաղաքակրթական արարչության կորուստը, մեր առաջին դպրոցների ու վանքերի պղծումը, ապա ինչո՞ւ գոնե չենք հարգում դրանց մինչև վերջին  շունչը պաշտպան կանգնածների կյանքերը։

Ուստի ահա թե ինչի հետ գործ ունենք։ Հաղթող երկիրն արդեն 6 տարի ամեն անկյունից աղաղակում է Գանձակի (Գյանջայի) վրա ընդամենը չորս «նենգ» հայկական օդային հարվածների մասին, որոնք հասցվել էին ի պատասխան Արցախի բնակավայրերի ռմբակոծությունների, և պարբերական հիշատակի միջոցառումներ է անցկացնում։ Հայկական ԶԼՄ-ներում, էլ ուր մնաց պաշտոնական տիրույթում, չկա Արցախի և Հայաստանի տարածքում խաղաղ բնակավայրերի ու օբյեկտների վրա հարձակումների մասին որևէ հիշատակում։ Սեպտեմբերի 27-ը՝ 2020 թ. իր իսկ (!) սանձազերծած պատերազմի տարելիցը, Ադրբեջանում ամենամյա Հիշատակի օր է՝ լռության րոպեով ու պետական դրոշի իջեցմամբ։ Հայաստանում այս տարի Հանրային հեռուստատեսությունն հենց այդ օրը իր պարտքը համարեց հրապարակել Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։

Միաժամանակ սույն տարվա սեպտեմբերի 19-ին՝ 2023 թ. Արցախի վրա լայնածավալ հարձակման ընդամենը 3-րդ տարելիցին, երբ մեկ օրվա ընթացքում կորցրինք հարյուրավոր զինվորների ու հինգ երեխայի, կառավարությունը սահմանամերձ Կապանում փառատոն կազմակերպեց՝ գալիք «Անկախության օրվան» պատրվակով։ Այնտեղ ելույթ ունենալուն համաձայնած հայտնի երաժշտական խմբերը փորձեցին արդարանալ նրանով, որ ա) սգո օր չկա, բ) հայոց պատմության մեջ «չափազանց շատ ողբերգական օրեր կան», և անհնար է դրանց հարմարեցնել համերգների ամսաթվերը։ Ի՞նչ ասես, ադրբեջանական օրացուցային տարում նույնքան օր կա, բայց ինչ-որ կերպ ստացվում է աշխույժ երաժշտական կյանքը համատեղել ինքնապահպանման բնազդի և նույնիսկ տարրական կարեկցանքի հետ, և դա՝ արհեստական ու բավական անմիատարր ազգի շրջանակում։

Դրանից բացի` արդեն ավելի քան 30 տարի Ադրբեջանում սգո օրեր են Խոջալուի դեպքերի ու «սև հունվարի» ամսաթվերը։ Մինչդեռ Երրորդ Հանրապետությունում դրոշները ի նշան սգի իջեցնելու առիթները կարելի է հաշվել երկու ձեռքի մատներով։ Եվ վերջապես, նոյեմբերի 8-ին Ադրբեջանը նշում է 2020 թ. Շուշիի գրավումն ու «հայրենական պատերազմում հաղթանակի օրը», իսկ Երևանում… այս տարի դինոզավրերի վազք է անցկացվելու։ Անհետացած տեսակների հետ համերաշխման ճիշտ ժամանակն է, ինչ խոսք:

1988-ի դառնահամը

Իսկ ոմանք չեն պատրաստվում կրկնել դինոզավրերի ճակատագիրը, ուստի ֆորս-մաժորի ռիսկեր չեն հանդուրժում: 1970–80-ականներին Ալիևի հայրը՝ շատ ավելի ազդեցիկ ու փորձառու գործիչ, հաջողությամբ իրականացնում էր Արցախի և Խորհրդային Հայաստանի սահմանամերձ գյուղերի ապահայացումը, այստեղից էլ՝ «անկլավների» հարցը։ Սակայն արդեն 1988 թ. նա ընդհարվեց իր իսկ կողմից ճնշված բնակչության ու ողջ հայկական աշխարհի չկանխատեսված զարթոնքին։ Իլհամ Ալիևը հիշում է, թե որքան արագ իր նորաստեղծ երկիրը, որը քանակապես գերազանցում էր Հայաստանին և վայելում էր խորհրդային ղեկավարության աջակցությունը, ընկղմվեց քաոսի մեջ ու կրեց ջախջախիչ ու համակողմանի ռազմական պարտություն։

Չնայած տարածքային ձեռքբերումներին ու իր սեփական երևանյան գաղութային վարչակազմի զիջումների երկար ցանկին՝ Ալիևի համար հաղթանակը ձևակերպված չէ, քանի դեռ ողջ ու ազատ նրանք, ումից ճողոպրում էին իր «վետերանները»։ Սա վերաբերում է ոչ միայն «Միացումի»՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման 1988 թ. շարժման մասնակիցներին և Առաջին Ղարաբաղյան պատերազմի (1991–1994 թթ.) մասնակիցներին, այլև հայ էթնոսի ու հայկական աշխարհի այն առողջ հատվածին, որն անկախ ամեն ինչից կրկնեց հայրերի սխրանքը 2016, 2020, 2022 և 2023 թթ., և՛ նրանց հիշողներին, և՛ նրանց, ովքեր ճաշակեցին ոչ միայն պարտությունների դառնությունը, այլև հաղթանակների ու դրանց պտղի՝ հայկական Արցախի, զմայլանքը։

Մինչ այսպես կոչված «ընդդիմությունը» երազում է ադրբեջանցի դիվերսանտին մեր գերիների հետ փոխանակելու մասին, Ադրբեջանը սպասելիորեն նախապատրաստում է նոր տրիբունալներ՝ Երրորդ Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերնախավի մնացած ներկայացուցիչների դեմ։ Թե ինչպես են անցնում այդ դատաստանները Ալիևի ժառանգական բռնապետությունում, մենք մանրամասն գիտենք և՛ իրավագետների ու իրավապաշտպանների փորձագիտական գնահատականներից, և՛ Ռուբեն Վարդանյանի ուղերձներից ու նախազգուշացումներից։ Բաքվի դատարանի և Նյուրնբերգյան տրիբունալի միջև ալիևյան համեմատություններն դրա ուղղակի հաստատումն են։ Նրանք, ովքեր չմտահոգվեցին բաքվյան գերիների ճակատագրով, ընդամենը իրենք իրենց համար հարթեցին այդ նույն ճանապարհը։

Իրենց երբեմնի զինակից կամ հանցակիցներին, և պարզապես նաև իրենց մեղքով բաքվյան բանտում հայտնված հայերին փրկելու համար ամեն հնարավորն ու անհնարինը անելու փոխարեն Երրորդ Հանրապետության «նախկին» ղեկավարները, իրենցից ծլած Փաշինյանի նման, իրենց համաքաղաքացիների ողբերգություններն ու ապրումները դիտարկում են ընդամենը որպես ռեյտինգ բարձրացնելու առիթ: Մի կողմ թողնենք հարցի բարոյականն կողմը. առաքինությունների դրսևորումներ մենք նրանցից վաղուց չենք սպասում։ Առայժմ շրջանցենք նաև այն փաստը, որ Արցախի կորուստն իրենց անգործության, անսկզբունքայնության, դիլետանտիզմի ու բացահայտ դավաճանության արդյունքն է։ Երևանյան ժամիշխանները Ալիևին երեք տասնամյակ շարունակ արտաքին քաղաքական միավորներ են նվիրել` զուգահեռ թուլացնելով հայկական աշխարհը և ամեն քայլով Արցախը զրկելով հայկական ապագայից: Արցախի ոչնչացմանը աշխարհի պասիվ արձագանքը այդ կուտակած միավորների արդյունք էր:  Փաշինյանի իշխանության գալը և պատերազմում պարտությունից ու կապիտուլյացիայից հետո այն պահպանելը նույնպես նրանց կառավարման և հետագայում կեղծ «ընտրություններին» նրանց մասնակցության ուղղակի արդյունքն է։

Վերը թվարկվածը ֆեոդալ-կլանային համակարգի հիմնադիրների ու ղեկավարների` հայոց պատմության դատի քննվելիք մեղադրանքների թերևս փոքր քաղվածք է: Սակայն նրանք քաջ գիտեն, որ Փաշինյանի օրոք դա իրենց չի սպառնում, ուստի ուղղվելու փորձեր չեն էլ անում. ընդհակառակը, ամեն կերպ ծառայում են թուրք կոլաբորացիոնիստին։ Ելքը, միևնույն է, մեկն է՝ բաքվյան դատավճիռ, ընդ որում՝ այդ թվում նաև թուրք գաղութապետի համար։ Չենք հավատա, թե նրանք դա չէին գիտակցում, երբ քննարկում կամ իրականացնում էին Արցախի հանձնման այս կամ այն տարբերակները։

Վերջնախաղ

Եվ վերջապես, Ադրբեջանն ու թուրքական աշխարհն իրենց գլխավոր հակառակորդն են համարում հայկական աշխարհը, որը 1992 թ. հասավ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների՝ ԱՄՆ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ Ենթաբաժնի միջոցով։ Հենց դրա համար էլ այդ բաժնի վերացումը, թեկուզ այն հիմա էլ փաստացի գրեթե չի խոչընդոտում Ադրբեջանին ամերիկյան աջակցությանը, ադրբեջանական պետության կարևորագույն խնդիրներից է. այդ պետությունը իր ավագ թուրք եղբոր հետ միասին զուգահեռ աշխատում է հայկական աշխարհի կլանման ուղղությամբ՝ Հայաստանի դեմ ագրեսիայի հաջորդ փուլում նման անակնկալներից խուսափելու համար։ Եվ հենց դրա համար էլ 907-րդ բաժնի պահպանման պայքարն այսօր պետք է լինի հայկական աշխարհի առողջ հատվածի առաջին առաջնահերթությունը, քանզի պատմությունը չի ներում, երբ իր առատորեն ընձեռած հնարավորությունները անմտորեն վատնում են, մինչդեռ թշնամին դրա վերջը տալու համար չի խնայում ո՛չ ժամանակ, ո՛չ միջոցներ, ո՛չ ջանքեր։

Կարելի է երկար շարունակել այն դժվար շրջելի որոշումների ու ամոթալի գործողությունների ցանկը, որոնք կիրականացվեն հայկական աշխարհի անունից և նրա նկատմամբ, եթե թույլ տանք, որ կոլաբորացիոնիստները շարունակեն խոսել մեր անունից։ Բայց կարևորը միտումն է.

Ադրբեջանն արդեն բարձրացել է ռազմավարական պլանավորման այն մակարդակ, որում ոչնչացնում է ոչ միայն իր գերիշխանությանն ուղղված անմիջական սպառնալիքները, այլև դրանց հավանականությունը։

Ուստի ոչ մի հայի համար, նույնիսկ հայ կոչվելու բարոյական իրավունքը կորցրածի, այլ ելք չի մնում: Եթե հանգիստ, խաղաղասեր, հանուն ուրիշի բարօրության հնազանդորեն աշխատող հայը թուրքական աշխարհում համարվեր անվտանգ, մենք Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության չէինք ենթարկվի։

Այս անգամ աններելի է չիրագործել այն ներուժը, որը չի կարող անտեսել անգամ հաղթանակից ու իշխանությունից արբած թշնամին։ Հայկական ճակատագիրը հայկական ձեռքերը վերցնելուն է ընդունակ միայն ազգային ազնվականությունը՝ կազմակերպված պասիոնար փոքրամասնությունը, որը պատրաստ է ստանձնել հայկական ժառանգության համար պատասխանատվությունը։ Ժամանակն է սկսել ինքնուրույն տնօրինել սեփական ներուժը, որպեսզի վաղը դրա մնացորդներին էլ չնայենք ադրբեջանական քարոզչության էկրանների ու ադրբեջանական թանգարանների ցուցափեղկերի միջով։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու: