Կոլաբորացիոնիստները հայտարարեցին Հայաստանում հերթական «ընտրությունների» ամսաթիվը՝ 2026 թվականի հունիսի 7։ Բնականաբար, ոչ մի իրական ընտրությունների (և նույնիսկ դրանց հեռավոր նմանակի) մասին խոսք չկա։ Ներկայիս Երրորդ Հանրապետությունում ընտրությունները՝ որպես ժողովրդական կամարտահայտման դրսևորում, դադարեցին իրենց գոյությունը 1996 թվականին, երբ երկրի առաջին նախագահ, Նիկոլ Փաշինյանի հոգևոր և քաղաքական ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը չընդունեց իր պարտությունը, պահպանելով իշխանությունը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժային բլոկի աջակցությամբ։ Հետագա «ընտրությունները» կարճամետրաժ հեռուստադրամաներ էին («օճառային օպերաներ»), որոնց օգնությամբ հնարավոր է «քաղաքակիրթ աշխարհին» ցույց տալ բարձր «ժողովրդավարական չափանիշների» նկատմամբ հավատարմությունը և որպես բոնուս՝ յուրացնել համապատասխան բյուջեն։
Առաջիկա ընտրությունները շատերին վճռորոշ են թվում։ Խորհրդարանում ներկայացված ուժերից որևէ մեկի հաղթանակի դեպքում բազմաթիվ չկողմնորոշված և դեռևս երկնային մանանային հույս դնող քաղաքացիները կսկսեն զանգվածաբար լքել երկիրը։ Այս՝ 1990-ականներից չընդհատվող գործընթացը արդեն իսկ թափ է առել, բայց հունիսի 7-ը Ռուբիկոն կդառնա Հայաստանի բնակչության առնվազն մեկ երրորդի համար։ Եվ հարցն այն չէ, թե արդյոք թուրքահպատակ ռեժիմը կռիսկի ամբողջությամբ կեղծել ընտրությունները և (կամ) թույլ չտալ որոշակի քաղաքական ուժերի ու նրանց ներկայացուցիչների մասնակցությունը։
Առավել կարևոր է՝ արդյո՞ք հայ ժողովրդի իմունային անբավարարությունը հասել է այն անդառնալի կետին, որից հետո հայերը համաձայն են էֆթանազիայի, միայն թե չշարունակեն հազարամյա դիմադրության պատմությունը։
Թեպետ էֆթանազիան մեղմ հասկացություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» և «խաղաղության խաչմերուկում» Հայաստանի նույնիսկ կամավոր վախճանը չի անցնի առանց տանջանքների։
Սակայն ընտրությունները, մանավանդ ոչ ժողովրդավարական ռեժիմում, երբեք չեն պատասխանում այդպիսի բարդ հարցերի։ Դրանց խոսուն պատասխանն է յուրաքանչյուր մի րոպեն, երբ մենք հանդուրժում ենք թուրք համագործակցողներին, այն, թե ինչպես են նրանք սպանում հայերին իրենց թողտվությամբ, ոչ կոմպետենտ լինելով և անգործությամբ, մեր` տարածքների ցողուն օկուպացմանը, մեր ինքնության հենասյուների ոչնչացմանը, մեր բանակի ապամոնտաժմանը և մեր սեփական ուժերի նկատմամբ հավատի արմատաքանդմանը պասիվորեն հետևելու ամեն մի րոպեն։
Ինչպես շատ հետխորհրդային երկրներում, Հայաստանում ընտրությունները դարձել են պլեբիսցիտար, այլ կերպ ասած՝ նրանք հանրաքվեի բնույթ են կրում։ Սա բավական տրամաբանական էր Երրորդ Հանրապետության արևածագին, և այնժամ առաջին ազատ ընտրություններում հայ ժողովուրդը՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ իր քվեներով և ռեսուրսներով ընտրեց անկախությունը և Արցախի համար բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պայքարը։ Այդ կարճ ժամանակահատվածում հայկական աշխարհը գիտակցում էր առաջինի և երկրորդի անբաժանելիությունը։ Հայերը հայտնվեցին այն քչերի ցանկում, որ ընտրեցին նոր, գոնեառաջինհայացքից ոչ կոմունիստական իշխանություններ, վստահորեն մերժելով առանց լիարժեք ազգային ինքնության, առանց հայ Եկեղեցու, առանց հայկական Արցախի իրավունքի անցյալը։
Այն, ինչ տեղի ունեցավ հետո՝ մենք լավ ենք հիշում և հերթով ականատես դարձանք Հայաստանի յուրաքանչյուր ղեկավարի հետ։ Երրորդ Հանրապետության «հայր» Լևոն Տեր-Պետրոսյանը հարբեց հայ ազատամարտիկների բերած փառքից և որոշեց չբաժանվել նրանից։ Հավերժ փառք ու իշխանություն նա սկսեց փնտրել ոչ թե հայկական աշխարհում, այլ մերձավոր շրջանակի անսանձության և հաղթանակը հարևաններին հանձնելու մեջ։ Հայ ժողովուրդը նրան տվեց արժանի պատասխան՝ երկրորդ պաշտոնավարման համար չվերընտրելով։ Սակայն Տեր-Պետրոսյանն արդեն որոշել էր մշտապես զրկել հայերին սեփական ճակատագիրը վճռելու իրավունքից՝ կեղծելով ընտրությունները, ճնշելով ցույցերը և ակտիվացնելով Հայաստանի Անկախության Հռչակագրի հիմնական նպատակի՝ «Միացումի» (Արցախի հետ վերամիավորման) վիժեցումը։
Ընդամենը 2 տարի անց Տեր-Պետրոսյանին հավատարիմ մերձավոր շրջանակը, որն օգնել էր նրան այս կեղտոտ գործում, որոշեց տիրանալ հոգնատանջ Երրորդ Հանրապետությանը` արդեն առանց նրա միջնորդության։ Այդ ժամանակվանից ընտրությունները դարձան մի վազքամրցում (էստաֆետա), որի յուրաքանչյուր շրջանակին պետությունը հասնում էր ավելի թույլ ու հյուծված։ Հայերն այսուհետ ընտրում էին ոչ թե ծրագրեր, գաղափարախոսություններ կամ ազգային շահերի իրագործման եղանակներ, այլ համաձայնություն էին հայտնում ընթացիկ ղեկավարի և նրա կլանի կողմից նվաստացման հերթական շրջանակի։ Բուն ղեկավարները պատասխանատվություն էին կրում ոչ թե իրենց ընտրողների, այլև արտաքին ուժի կենտրոնների առջև։
Երրորդ Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում ո՛չ ընտրությունների միջոցով, ո՛չ էլ դրանցից դուրս իշխանությունը գեթ մեկ անգամ չանցավ բովանդակային ընդդիմության։
Նիկոլ Փաշինյանը սա հիանալիորեն հասկանում էր՝ 2018 թվականին հայ ժողովրդին նենգասպառնալով «կա՛մ ինձ ընտրեք, կա՛մ պետություն չի լինի» ոճի արտահայտություններով։ Արցախը «նախկինների» կալվածք դարձնելով, թեկուզ նրանք բոլորովին նման պատվի արժանի չէին, նա մոլորություն կերտեց, թե կոռուպցիայից ազատ և տնտեսապես բարգավաճ Հայաստանը հակասում է հայկական Արցախը պաշտպանող Հայաստանին։ Համապատասխանաբար, «թավշյա հեղափոխության» ընթացքում և հետագա ընտրություններում իր հաղթանակը գլխավոր թուրքը մեկնաբանեց որպես Արցախից հրաժարվելու իրեն տրված մանդատ։
Արժե՞ նշել արդյոք, որ առաջինն ու երկրորդը անբաժանելի են։ Արցախը Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ տնտեսական անվտանգության հիմնական բաղադրիչն է, որի շնորհիվ Հանրապետության զգալի մասը մինչև 2020 թ. գտնվում էր խորը թիկունքում։ Միևնույն ժամանակ, Արցախը պահպանելու և երկրի պաշտպանունակությունը պահպանելու համար իսկապես անհրաժեշտ էին տնտեսական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար։ Այսպիսով, 2018 թ. ընտրություններում հայերը քվեարկեցին ընտրության կեղծ երևակայության օգտին (հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարը ի վերջո տեղի չունեցավ, իսկ ներկայիս կառավարության կոռումպացվածությունը պատմական ռեկորդներ է խփում)։
2021 թ. ընտրություններում հայերը ապացուցեցին, որ կրկին չգիտակցեցին նման «ընտրության» երևակայական և մոլորեցնող բնույթը։ Թե՛ հարաբերական մեծամասնությամբ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, թե՛ խորհրդարան բերելով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ներկայացնող և Փաշինյանին լեգիտիմացնող ուժեր, թե՛ ընտրությունների օրը տանը մնալով, թե՛ մեքսիկական և թեքսասյան բանտերով Միացյալ Նահանգներ ներգաղթելով, մենք բոլորս ցույց տվեցինք Փաշինյանին և Երրորդ Հանրապետության ամբողջ գագաթնակարգին, որ հայկական քաղաքակրթության հնագույն պատվարներից մեկի հանձնումը կարող է անպատիժ անցնել։
Իր հաղթանակը նա մեկնաբանեց որպես հերթական մանդատ՝ արդեն Արցախը ադրբեջանական ճանաչելու և մայրցամաքային Հայաստանում հայկական ինքնությունը ոչնչացնելու։ Բնականաբար, նա չէր կարող այդքան վստահ լինել, որ դա էլ կհաջողի, և հետևաբար նրա` այդ ընտրությունների համար ծրագիրը ներառում էր Շուշիի և Հադրութի ազատագրումը։ Նրա ըմբռնումը վերջ ի վերջո ճիշտ դուրս եկավ, քանի որ ամբողջովին հակառակ կերպով կատարած ծրագիրը՝ Արցախի վերջնական հանձնումը և նրա բնակչության արտաքսումը արդեն հայկական իշխանության կողմից հետագա նվաստացումներով, ինչպես նաև Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ տարածքների գրավմանը զանցաթողությունը թուրք գաղութապետի համար անհետևանք անցան։
Ի վերջո Փաշինյանը որոշեց տրամաբանական ավարտին հասցնել Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած գործը, որպեսզի այլևս երբեք ստիպված չլինի ապավինել հայ ժողովրդի ցանկություններին ու կամակայացմանը։ Նա բավական պարզ ելք գտավ՝ վերջնական թուրքական գաղութացում։ Դրա համար նրան հարկավոր է հաղթահարել Երրորդ Հանրապետության մրցավազքի վերջին սահմանը, այն է՝ ստանալ հայկական աշխարհի մանդատը Հայաստանը թուրքական աշխարհին փոխանցելու, հայկական պետականությունը լիկվիդացնելու համար։ Սա նշանակում է, որ 2031 թվականին հայերին ընտրություններում և հանրաքվեներում նույնիսկ ձևական հարցնելու բան չի մնա:
Բնական է, որ այդպիսի անփառունակ վախճանի առաջնօրեին այդ հավաքական օձը սկսեց ուտել ինքն իրեն. այս օրերին մենք ականատես ենք դառնում Երրորդ Հանրապետության «հայր» Տեր-Պետրոսյանի և դրա գերեզմանափոր ու այդ «հոր» հոգևոր որդու՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային լեզվակռվին։ 30-ամյա արատավոր շրջանը միացավ։
2026-ին սուբյեկտայնության կախարդական վերադարձ տեղի չի ունենա։ Բայց եթե հայկական աշխարհը մերժի խաբեության և ընտրության երևակայության օգտին քվեարկությունը, մերժի սեղմել հայկական պետականության ավարտը ձևակերպող կապիտուլյանտների և նրան դրան հասցրածների ձեռքը, գուցե և ստիպված չլինենք լոկ ապավինել այն հույսին, որ պատմությունը մի 600 տարի անց մեզ մեր սեփական իշխանությունը ձևավորելու ևս մեկ հնարավորություն կնվիրի։ Դեռևս ստացվում է, որ Թուրքիան իր տնային աշխատանքն ավելի լավ է կատարել՝ և այս անգամ ամբողջությամբ, մինչև հիմք կքանդի հայկական ինքնությունը։ Որպեսզի նույնիսկ եթե պատմությունը բարեհաճի մեզ կրկին նման հնարավորություն ընձեռել` մեզ մեջ արդեն այն ընդունող և իրականացնող չմնա:
