Թուրք գաղութապետ Նիկոլ Փաշինյանը և նրա «մեծանուն» «նախկինները» թևակոխել են գոյատևման պայքարի նոր փուլ։ Այս փուլն անխուսափելի էր, քանի որ թուրքական կոլաբորացիոնիստները և Երրորդ Հանրապետության այսպես կոչված «հայրերը» աստիճանաբար բացահայտում են դաժան և արագ փոփոխվող աշխարհը, որտեղ նրանցից ոչ մեկի համար նախատեսված տեղ չկա (ինչպես և երկար ժամանակ նրանց հովանավորող USAID-ի և նմանատիպ այլ կրպակների համար)։ Այստեղից էլ առաջանում են առնետավազքերը, որտեղ յուրաքանչյուր արարած փորձում է կամ փախչել, կամ պատասխանատվությունը գցել մյուսի վրա։ Այսպես՝ Փաշինյանը կազմակերպում է փաստաթղթերի արտահոսք, որոնք վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էր Մեղրին հանձնել Ադրբեջանին։ Կոլաբորացիոնիստը պրիմիտիվ է և տափակ։ Նա ստեղծում է քաղաքական ալիբի, որը պետք է բացատրի համաշխարհային հայությանը, որ ոչ թե ինքն է սկսել հայկական տարածքների հանձնման գործընթացը, և որ իբր ի սկզբանե ընտրություն չի ունեցել, ուստի ստիպված է հանձնել Սյունիքը, քանի որ իր ժամանակին Քոչարյանը խոստացել էր հանձնել Մեղրին։ Իր հերթին, մեծ «ռազմավար և սպարապետ» Քոչարյանը, ով կառուցել է Երևանի Հյուսիսային պողոտան, մի ամբողջ մամլո ասուլիս է հավաքել «ոչինչ հանձնելու մտադրություն չեմ ունեցել» պայմանական վերնագրով։ Այսպիսով, արձանագրենք՝ թուրք գաղութապետ Փաշինյանը և «ընդդիմադիր» Քոչարյանը պարզապես իրենց համար ալիբի են ստեղծում, նրանցից ոչ մեկին չի հուզում ո՛չ Արցախը, ո՛չ Սյունիքը, ո՛չ Սփյուռքը:
Քոչարյանի անհեթեթ արդարացնող թեզերը և անատամ տրամաբանությունը թույլ են տալիս ևս մեկ անգամ հստակ եզրակացնել՝ թուրք գաղութապետը կարող է շարունակել հանգիստ քնել: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես է Փաշինյանը դիտում այս մամուլի ասուլիսը և ժպիտով ասում ինքն իրեն՝ «ոչ թե ընդդիմություն է, այլ՝ երազանք, պետք է նրան ուժեղացնել»: Եթե անտեսենք «նենգ ամերիկացիների» մասին ամբողջ պոպուլիստական ցնորքը, ովքեր իբր «ամեն ինչ սուտ են ասում», ապա վերջնական արդյունքում Քոչարյանն արեց հետևյալը։ Նախ, նա իր համար ընտրեց արդարացող ձախողակի դերը, ինչով միայն ուժեղացրեց թուրքական գաղութապետի դիրքը Արցախի հանձնման անխուսափելիության (քանի որ այն իբր արդեն հանձնված էր) և միջանցքի բացման հարցում (որը Քոչարյանը նույնպես պատրաստ էր հանձնել), որը կմիավորի թուրքական աշխարհի երկու ռազմավարական մասերը։ Երկրորդ՝ Քոչարյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ չի պատրաստվում հրաժարվել թուրքական կոլաբորացիոնիստների լեգիտիմացման քաղաքականությունից։ Նրա «Հայաստան» խմբակցությունը կշարունակի նիստեր անցկացնել Փաշինյանի խորհրդարանում և կշարունակի ձևացնել «ընդդիմություն», որը միայն մեկ բան է խոստանում՝ շարունակել խոստանալ։ Ավելին՝ նրանք անպայման կմասնակցեն Փաշինյանի կողմից հայտարարված հաջորդ ընտրություններին։ Այսպիսով՝ Քոչարյանը թուրք գաղութապետին հստակ ազդանշան է տալիս, որ պատրաստ է շարունակել օժանդակել նրա վերընտրման և լեգիտիմացման գործում։
Ինչո՞ւ Արցախը չճանաչվեց Հայաստանի կողմից, ինչո՞ւ չեղարկվեց «Միացում» (Հայաստանի և Արցախի վերամիավորում) ռազմավարությունը, ինչո՞ւ պաշտոնական Երևանը Արցախի հետ չկնքեց գոնե ռազմավարական պայմանագիր, որտեղ կգրվեին Արցախի անվտանգության հստակ երաշխիքները և Հայաստանի կարմիր գծերը բանակցային գործընթացում, ինչո՞ւ երկրից դուրս գտնվող Հայաստանի քաղաքացիներին արգելեցին քվեարկել նախագահական ընտրություններում, ինչո՞ւ է Արցախի բնակչությունը աճելու փոխարեն նվազել (չէ՞ որ ժողովրդագրությունը ազգային անվտանգության առանցքային գործոն է), ինչո՞ւ աղքատ պատերազմող երկրի նախագահը դարձավ հետխորհրդային տարածքի ամենահաջողակ առևտրականներից մեկը, ինչո՞ւ է նրա «Հայաստան» խմբակցությունը նստում Նիկոլ Փաշինյանի անվան խորհրդարանում (առանց որևէ ազդեցության)՝ լոկ լեգիտիմացնելով (իր իսկ ներկայությամբ) թուրքական գաղութային ռեժիմը։ Ոչ մեկին այս հարցերը չէին հուզում։ Հասկանալի է՝ դրա համար չէին հավաքվել։ Իսկ Քոչարյանի մոլորված կողմնակիցներին (ոչ թե վարձու «աջակիցներին») ուզում ենք հարցնել միայն մեկ բան՝ պատրա՞ստ եք վստահել մի մարդու, որի առավելագույնը մամուլի ասուլիսներ կազմակերպելն է։
Մյուս «ռազմավարը», «գորշ կարդինալը» և «խոհանոցային Մաքիավելին»՝ Միքայել Մինասյանը (Սերժ Սարգսյանի փեսան), վերահսկվող մեդիա ռեսուրսների միջոցով քարշ է տալիս նման թեզ՝ ամեն ինչում մեղավոր է նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Սարգսյանի մասին մենք շատ ենք գրել, հատկապես Հայաստանին և հայությանը սպառնացող մահացու վտանգների ֆոնին նրա լռության և անգործության պատճառով։ Հայկական Հանրապետությունը հետևում է օբյեկտիվության սկզբունքին և կարող է իրեն թույլ տալ Արմեն Սարգսյանի և այլ քաղաքական գործիչների արժանի քննադատություն, սակայն Մինասյանի նման արկածախնդիր նարցիսներին դա անել խստիվ արգելված է։ Ինչո՞ւ։ Մինասյանն իր աներոջ՝ 2008-2018 թվականների իշխանության ողջ ժամանակահատվածում ուներ անսահման իշխանություն՝ ձեռքի տակ ունենալով երկրի ուժեղացման համար անհրաժեշտ բոլոր քաղաքական գործիքները։ Սակայն պետական գործչի և խորքային հայկական պետության ճարտարապետի դերին նա նախընտրեց խառնակչի և մանիպուլյատորի դերը։
Արդյունքում՝ նա պարտվեց իր իսկ սկսած խաղում՝ դառնալով ոչ թե Հայաստանի ղեկավար, այլ խոհանոցային բլոգեր Սոչիից։ Մինասյանը զրոյից ստեղծեց «ընդդիմադիր Փաշինյանի» կերպարը և քարշ տվեց նրան Ազգային ժողով, իսկ նրա գրպանի տեղեկատվական ալիքներն ակտիվորեն առաջ էին մղում 2018 թվականի թուրք-ադրբեջանական պետական հեղաշրջումը։ Մինասյանի գրպանի դատավոր Հրայր Թովմասյանը նրա և աներոջ ծնկներին նստած գրեց խորհրդարանական Սահմանադրությունը, որը վերջիվերջո Փաշինյանին բացարձակ իշխանություն շնորհեց։ Եվ սա «խոհանոցային Մաքիավելիի» «սխրանքների» ամենևին ամբողջական ցանկը չէ։ Մինասյանի շուրջ հավաքվել են մեծ հնարավորություններ ունեցող բազմաթիվ մարդիկ, որոնցից շատերը (օրինակ՝ Արթուր Ջանիբեկյանը) հնարավորություն ունեն դառնալու ազգային ազնվականության մի մասը։ Դրա համար նրանք պետք է մի քիչ ավելի խորքային ուսումնասիրեն տեղի ունեցող գործընթացները և ճիշտ եզրակացությունների հանգեն։ Յուրաքանչյուրը ստիպված կլինի ընտրություն կատարել՝ որն է առավել կարևոր՝ անձնականը (կապերը, փողը) թե ազգայինը (Հայաստանն ու հայությունը)։
Արմեն Սարգսյանին ներքաշեցին այդ ճահիճ՝ խոստանալով փոփոխություններ և միջազգային ասպարեզում արդյունավետ գործունեության դաշտ։ Թե ինչու նա հավատաց Սերժ Սարգսյանի մտադրությունների անկեղծությանը՝ դա այլ հարց է, բայց չէ՞ որ քաղաքականությունը հնարավորինի արվեստն է և չի կարելի մեղադրել Արմեն Սարգսյանին երկիրն ավելի ուժեղ դարձնելու փորձի և ցանկության համար։ Բայց փաստացի Արմեն Սարգսյանը անկոշիկ կոշկակար էր։ Նախագահ՝ Պետության առաջնորդ։ Հպարտ և վեհ է հնչում։ Բայց այս պետության առաջնորդը չուներ որևէ իրական լիազորություն։ Նա չէր Գերագույն գլխավոր հրամանատարը, նա չէր կարող արձակել կառավարությունն ու խորհրդարանը, չէր կարող առաջադրել սեփական թեկնածուներին։ Նախագահը պարզապես նոտար էր, որը նույնիսկ բացարձակ վետոյի իրավունք չուներ այս կամ այն քաղաքական որոշումների կամ օրինագծերի վրա։ Արմեն Սարգսյանը շարունակեց զբաղեցնել այս պաշտոնը՝ փորձելով երկրի համար առավելագույնս օգտագործել իր անձնական միջազգային կապերը։ Նա բացահայտեց Հայաստանը Սաուդյան Արաբիայի համար, ընդլայնեց կապերը Կատարի, Միացյալ Էմիրությունների, Սինգապուրի, մի շարք եվրոպական երկրների հետ, ձգտում էր արժանապատվորեն ներկայացնել երկիրը միջազգային հարթակներում, ներգրավել ներդրումները Հայաստանում։ 2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, երբ Անկարան և Բաքուն ձգտում էին պատերազմին կրոնական երանգ տալ (իբր մուսուլմանական հողի ազատագրում հայկական քրիստոնեական օկուպացիայից), Արմեն Սարգսյանն այցելեց Հորդանան, որտեղ նրան ամենաբարձր մակարդակով ընդունեց Հաշիմյանների դինաստիայից թագավոր Աբդալլա Երկրորդը՝ ով իր տոհմագրությունը վերագրում է Հաշիմին՝ Մուհամմեդ մարգարեի ապուպապին։ Սարգսյանի հանդիպումը Աբդալլայի հետ խորտակեց թուրքերի և ադրբեջանցիների ռազմավարական գիծը՝ ցույց տալով, որ հայերի և իսլամի միջև որևէ խնդիր և հակասություն չկա։
Արմեն Սարգսյանը լուռ հանդուրժում էր Երրորդ Հանրապետության քաղաքական ճահճի բոլոր բնակիչների քննադատությունն ու հարձակումները՝ սպասելով, որ Փաշինյանը կգիտակցի Սահմանադրության փոփոխման և երկրում համակարգային բարեփոխումների անցկացման կարևորությունը։ Սարգսյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց նա փորձում էր ինչ-որ բան անել, քանի որ հեռանալը ամենահեշտ և պարզ ճանապարհն է։ Նա հրաժարական տվեց, երբ վերջնականապես հասկացավ, որ ոչինչ չի կարող փոխել։ Այն, թե ինչպես նա հեռացավ, նրա հետագա լռությունն ու պասիվությունը սպասելիորեն նրան դարձրին հեշտ թիրախ, որին ճահճի բնակիչները ցանկանում են դարձնել քավության նոխազ։ Նրա վրա ուզում են բարդել ամեն ինչ՝ Արցախի հանձնումից մինչև Սյունիքի առաջիկա հանձնումը։ Զուր չէ, որ վեց տարի շարունակ նրա համար հետևողականորեն որպես Թուրքիայի, Ադրբեջանի և թուրքական աշխարհի գաղտնի հովանավորներ ընկալվող թագավորական ընտանիքի և Բրիթիշ Պետրոլիում նավթային ընկերությանը մերձավոր բրիտանական մասոնի կերպար էին կերտում։ Իսկ ի՞նչ է մնում նրանց անել։ Նրանց անհրաժշտ է փրկել սեփական կաշին և հնարավորության դեպքում չեզոքացնել Սարգսյանին՝ ազգային ազնվականության հնարավոր կերտողներից մեկին, որը առաջին հերթին կսկսի փտած ճահիճը չորացնելով:
