Անկախությունն ատողները

Սահմանադրական դատարանի՝ պետության վախճանը նախագուժող որոշումը սթափության կոչ է բոլոր այն հայերին, ում համար անկախությունը և հայկական պետականությունը բարձրագույն արժեք են։

Աստղիկ Տեր-Հարությունյան
Աստղիկ Տեր-Հարությունյան - Միջազգայնագետ, ք.գ.թ. 34504
8

Անկախության հռչակագիրը խոստում էր, իսկ Սահմանադրությունը՝ դրա իրականացումը։

Ուորոն Բերգեր, ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ

Օրերս Հայաստանի Սահմանադրական դատարանը՝ մի մարմին, որի 9 անդամներից 8-ին առաջադրել են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակիցները, հրապարակեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ որոշումը։ Կանխատեսելիորեն, Սահմանադրական դատարանի անդամների աթոռներին նստած բարձրագույն իրավաբանական կրթությամբ անձինք (դատավորի աթոռը զբաղեցնող ամեն ոք չէ, որ դատավոր կոչվելու իրավունք ունի) որոշեցին, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, հետևաբար այն փոխելու կարիք չկա։ Իսկապես, ինչու՞ փոխել Սահմանադրությունը և մտնել սահմանադրական հանրաքվեի գլխացավանքի մեջ, երբ կարելի է պարզապես այն մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է Փաշինյանին և նրա երևակայական «խաղաղության օրակարգին»։ Կարևոր չէ, թե ինչ է գրված, կարևոր է՝ ինչպես կմեկնաբանեն։ Եվ ահա, այդ 33 էջանոց որոշման առյուծի բաժինը նվիրված էր ոչ թե սահմանազատմանը, այլ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագրի մեկնաբանությանը։ Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը խփեց Անկախության հռչակագրի դեմ վարչապետի և նրա կուսակիցների երկարատև և բուռն արշավի վերջին մեխը՝ ամրագրելով, որ Անկախության հռչակագիրը պետք է մեկնաբանվի «նեղ» մոտեցմամբ՝ միայն Սահմանադրությունում ամրագրված շրջանակում։ Այլ կերպ ասած, Անկախության հռչակագրի դրույթները, հատկապես նրանք, որոնք վերաբերում են «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և նպատակներին», այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորմանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որևէ իրավական ուժ և նշանակություն չունեն, քանի որ ամրագրված չեն Սահմանադրությամբ։ Փաշինյանի ցուցումով Անկախության հռչակագիրը խարանելով որպես «զավակին խժռող ծնողի»՝ «բարձրագույն» իրավաբանները, փրփուրը բերանին, իրենց երկար ճառով համոզում են Ալիևին, որ իրեն ոչինչ, այդ թվում խեղճ ու կրակ Սահմանադրությունը, չի խանգարում իրագործել իր ծավալապաշտական նպատակները։

Հատկանշական է, որ այս իրադարձության համար վաղուց էր հող նախապատրաստվում: Փաշինյանն ու նրա վարչակարգն աշխատում էին երկու ուղղությամբ՝ առաջինը՝ ձևավորել իրենց կամակատար Սահմանադրական դատարան, և երկրորդ՝ Անկախության հռչակագրի դեմ մշտական ոտնձգություններով նսեմացնել և հարցականի տակ դնել դրա դերն ու կարևորությունը հայ ժողովրդի համար։ Առաջինին չարժե անդրադառնալ, քանի որ իշխանության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը նման են սկսնակ շախմատիստի կոմբինացիայի, երբ առաջին իսկ քայլից պարզ է խաղացողի մտադրությունը։

Երկրորդի մասով, պետք է հիշել, որ վերջին երկու տարիներին Նիկոլ Փաշինյանը որևէ առիթ բաց չի թողել Անկախության հռչակագրի և դրա հիմնարար սկզբունքների նկատմամբ հարձակումներ գործելու համար՝ հաճախ իր հարձակումների ժամանակացույցը սինխրոնացնելով իր քաղաքակիրթ «վերելակային» գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ։ Հատկանշական է, որ այս տարի փետրվարին երկու հարևան երկրների առաջնորդները հանդես եկան կարծես թե համաձայնեցված ուղերձներով՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց ՀՀ Անկախության հռչակագիրը՝ փաստացի ասելով, որ դրա հիմքում ընկած ուղենիշները խանգարում են «խաղաղության օրակարգին», իսկ Իլհամ Ալիևը՝ ՀՀ Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց հետո։ Պատահական չէ, որ դեռևս Ալիևի հայտարարությունից առաջ և հատկապես դրանից հետո Սահմանադրության և Անկախության հռչակագրի կապի և առաջինի փոփոխության դեպքում երկրորդի փոփոխության անհրաժեշտության թեզը տարբեր հարթակներով տարածելու գործին լծվեցին իշխանության ներկայացուցիչները։

Հետաքրքիր է, որ Ալիևի հայտարարությունը «բացեց» Փաշինյանի աչքերը․ եթե ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարելիցի առթիվ իր ուղերձում նա դեռ շարունակում էր Անկախության հռչակագրին վերաբերվել որպես «աստվածաշնչյան ուղերձի» և անկախությունը նմանեցնում էր աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդն հետևյալն է՝ ով ունի (անկախություն), նրան կտրվի (անկախություն), իսկ ով չունի (անկախություն), նրանից նույնիսկ իր ունեցածը (անկախությունը) կվերցվի, ապա դրան հաջորդող երկու տարիների ուղերձներում՝ նա բարեխղճորեն ընդունում է իր մեղքն առ այն, որ նման բարձրագույն արժեք է տվել Անկախության հռչակագրին և միամտաբար չի գիտակցել, որ հենց այդ փաստաթուղթն է խանգարում իր հռչակած այսպես կոչված «խաղաղության օրակարգին», քանի որ դրանում տեղ գտած դրույթներն ագրեսիա են հրավիրում Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքացիների ընկալումներն ու պատկերացումներն անկախության ու պետականության մասին փոխվել են և այլևս նույնը չեն, ինչ Անկախության հռչակագրի ընդունման պահին էին։

Յուրաքանչյուր ժողովրդի անկախության հռչակագիրը նրա պետականության «ծննդյան վկայականն» է, այն սահմանում է այն արժեքները և սկզբունքները, որոնք մղում են ժողովրդին անկախության ճանապարհով և շարունակում են ուղեկցել նրան պետականության գոյության ողջ ընթացքում, քանի որ այն նպատակը, հանուն որի ժողովուրդը պետություն է ստեղծում, զիջման և փոփոխման ենթակա չէ։ Չլսված բան է, որ որևէ երկիր իր ազգային շահերը և իր պետականության հիմքում ընկած սկզբունքները սահմանելիս մտածի հարևան երկրների ժողովուրդների զգացմունքների և ապրումների մասին, կամ ամեն անգամ գլոբալ կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունների դեպքում բարձրացնի այդ սկզբունքներն ու արժեքները վերանայելու հարցը։ Առավել ևս անընդունելի է, երբ որևէ իշխանություն կարող է հարցականի տակ դնել այդ հավերժական արժեքների այժմեականությունը՝ հանուն սեփական իշխանության պահպանման և իր կեղծ օրակարգի սպասարկման։

ԱՄՆ Անկախության Հռչակագիրը փոփոխության չի ենթարկվել դրա ընդունումից՝ 1776 թվականից ի վեր, սակայն դա երբեք չի խանգարել Միացյալ Նահանգներին տարբեր պատմական ժամանակաշրջաններում և տարբեր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ունենալ սեփական ազգային շահերի ապահովմանն ուղղված արտաքին քաղաքականություն և դրա իրագործմանն ուղղել իր հավաքական ազգային հզորության բոլոր բաղադրիչները։ 

Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվում է Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության ամենօրյա պահանջի համատեքստում։ Եթե նախկինում Հայաստանի իշխանություններն Ալիևի առաջադրած գլուխկոտրուկը փորձում էին լուծել՝ առաջ քաշելով Սահմանադրության և Անկախության հռչակագրի անքակտելիության մասին թեզը՝ հող նախապատրաստելով Անկախության հռչակագրի «խմբագրման» համար, ապա այժմ նրանք ավելի ստեղծագործ գտնվեցին, և իրենց ձեռքերը «մաքուր» պահելով՝ Սահմանադրական դատարանի ձեռքերով մաքրեցին իրենց «խաղաղության օրակարգի» ճանապարհին հերթական խոչընդոտը՝ հայոց պետականության սկզբունքներն ամրագրող Անկախության հռչակագիրը։ Դե ինչ, ճանապարհը մաքուր է, պարոն Ալիև, էստի´ համեցեք։

Անդրադառնալով Սահմանադրության և Անկախության հռչակագրի կապին, հայ սահմանադրագետները, կարծես կանխազգալով Նիկոլ Փաշինյանի մոտալուտ մանիպուլյացիաների վտանգը, իրավաբանորեն հիմնավորել են, որ այդ երկու փաստաթղթերն ինքնավար են և Անկախության հռչակագիրն անփոխարինելի է։ Անկախության հռչակագիրը նախասահմանադրական և վեր-նորմատիվ իրավական բնույթի փաստաթուղթ է, որտեղ ամրագրված են հայկական պետության ստեղծման և պետականապահպանության հիմնադրույթները։ Հայ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքը նյութական կեցություն է ստացել Անկախության հռչակագրում, զարգացվել և ամրապնդվել է Սահմանադրությունում: Անկախության հռչակագրի ինքնավարությունը և անփոփոխելիությունը հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքի նյութական կեցությունը կախված չէ Սահմանադրության ճակատագրից: Սահմանադրությունները, այդ թվում՝ նրա նախաբանը փոփոխական են, դրանք կարող են շարադրվել նոր խմբագրությամբ, Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ և անանց է: Հայաստանի անկախության հռչակագիրը հիմնադիր նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես պետականության պահպանման անանց երաշխիք: Անկախության հռչակագիրը կարող է կորցնել իր ուժը միայն փաստացի, երբ պետությունը դադարում է գոյություն ունենալ՝ փլուզված է կամ զավթված ներքին և արտաքին թշնամիների կողմից։

Սա է ճշմարտությունը, մնացած ամենը, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը և փորձում ամրագրել իր կամակատար Սահմանադրական դատարանի միջոցով՝  մանիպուլյացիան են և միայն ուղղված են ադրբեջանական օրակարգի առաջմղմանը։ Միայն մեկ բանում կարելի է համաձայնել Նիկոլ Փաշինյանի հետ՝ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր: Իսկ առողջության մասին հոգ տանել՝ նշանակում է նախ և առաջ վերացնել օրգանիզմում առկա բոլոր մակաբույծներին և վարակները, որոնք օրգանիզմը թուլացնում են ներսից՝ ամեն օր փոքր չափաբաժիններով ներարկելով մահաբեր թույնը։ Հիրավի, ունենա´նք անկախություն, կունենանք՝ անկախություն։ Իսկ անկախություն ունենալու համար պետք է ունենանք պետականության և անկախության արժեքը գիտակցող ազգային իշխանություն, մի բան, որի հետ Նիկոլ Փաշինյանը և նրա վարչակարգը որևէ աղերս չունեն, իսկ նրանց հռչակած «խաղաղության օրակարգը» հակաանկախության և հակապետականության օրակարգ է։ Իսկ Սահմանադրական դատարանի՝ պետության վախճանը նախագուժող որոշումը սթափության կոչ է բոլոր այն հայերին, ում համար անկախությունը և հայկական պետականությունը բարձրագույն արժեք են։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն