Թե ինչպես քննչական գործողությունների ժամանակ դուրս չգալ ինքդ քեզ վրա

Նիկոլ Փաշինյանը և կոռուպցիայի դեմ նրա «պայքարը»:

Նիկոլ Փաշինյանի մենիշխանությունն արդեն 6 տարեկան է։ Հայաստանի ներկայիս վարչապետն իշխանության եկավ կոռուպցիան հաղթահարելու խոստումներով, սակայն խոստացված ոսկե սարերի փոխարեն նա հայկական աշխարհը զրկեց իրականներից՝ Ղարաբաղի լեռնաշղթայից, Իշխանասարից և վերջապես հարվածն ուղղեց Հայաստանի հավերժական խորհրդանիշի՝ Արարատ լեռան ուղղությամբ։ Փաշինյանի և նրա ժամիշխանների կառավարման պարադոքսն այն է, որ, խոստանալով հաղթահարել կոռուպցիան՝ որպես Հայաստանի գլխավոր խնդիր, երկիրը և հասարակությունը հասցրեցին մի վիճակի, որտեղ կոռուպցիան կարծես թե չարյաց փոքրագույնն է թվում։

Այս ֆոնին հնարավորություն է բացվում, նախ՝ կոռուպցիան գործնականում ավելի մեծ մասշտաբներով գործադրելու, երկրորդ՝ չպատժելու կոռումպացված պաշտոնյաներին, այդ թվում՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Ինչ արած, կամ կորոնավիրուս է, կամ պատերազմ, կամ էլ «նախկիններն են սաբոտաժ անում»: Շատ հարմար դիրքավորում է, երբ քո ջանքերով քաղաքական դաշտից մաքրվել ու չորացել են բոլոր կենդանի արարածները, քաղաքացիական հասարակության սաղմերը, որոնք նախկինում այդքան կատաղի պայքար էին մղում կոռուպցիայի դեմ, միացել են քեզ կամ դարձել են մարգինալներ, իսկ քո «ընդդիմախոսները» շատ բան կտան հանուն պատգամավորական անձեռնմխելիության, քանի որ նախկինում նույնչափ անազնիվ են եղել։

Այս հոդվածի նպատակը համեմատելը չէ, թե ում ժամանակ է կոռուպցիան ավելի շատ կամ քիչ եղել, ոչ էլ Հայաստանի ներկայիս իշխանության և նրա կամակատարների բոլոր կոռուպցիոն արարքները թվարկելն է։ Սա թողնենք իրավապահ համակարգին ու հետաքննող լրագրողներին։ Մեր նյութերում մենք ախտորոշում ենք հայկական իմունային անբավարարության ախտանիշները, և դրա վերացման միջոցները կարմիր թելի պես անցնում են մեր բոլոր հրապարակումների և Գաղափարախոսական դրույթների միջով:

Այնուամենայնիվ, բերենք մեկ պատկերավոր, թեև ոչ ամենասկանդալային օրինակը։ Կար մի այսպիսի «Հայաստանի պետական ​​հետաքրքրությունների ֆոնդ» (ANIF)՝ ներկա ժամանակների համար շատ խոսուն անվանումով։ Այն հիմնադրվել է 2019 թվականին և մշտապես բազմապատկվել է ավելի քիչ թափանցիկ «դուստր ընկերություններով»։ Ֆոնդին միլիոնավոր դոլարներ են հատկացվել Հայաստանի պետական բյուջեից։ Միայն ձևով էր «պետականամետ» ոչ միայն այս ֆոնդի անվանումը, այլ նաև դրա գործունեությունը։ 2021 թվականին Ֆոնդը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Air Arabia» ավիաընկերության հետ համատեղ գործարկեց երկար սպասված հայկական ազգային ավիափոխադրող ընկերությունը՝ «FlyArna»-ն։ Ընկերությունը երկար տարիների ընթացքում առաջին հաջողակ և իրական հայկական ավիափոխադրողի տպավորությունն էր թողնում, թեև «ANIF»-ի, և հետևաբար Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը դրանում կազմում էր ընդամենը 49%:

Աղետալի կառավարման պատճառով «FlyArna»-ն գործեց 1,5 տարուց ավելի քիչ՝ զրկվելով օդային փոխադրումներ իրականացնելու հայկական լիցենզիայից։ Ավելի ուշ, արդեն իսկ Ֆոնդի ավելի հրեշավոր կառավարման բացահայտումների պատճառով, Կառավարությունը որոշեց լուծարել այն։ Սա հանգեցրեց նրան, որ «Air Arabia»-ն որոշեց արբիտրաժային ​​գործընթաց սկսել Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ հայ-էմիրաթական մեկ այլ լայնամասշտաբ համատեղ նախագծի՝ հայտնի «Masdar» ընկերության կողմից արևային մարտկոցների տեղադրման ապագան անորոշ է։

Ի դեպ, երկու նախագծերն էլ համաձայնեցվել էին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանի՝ աճող հսկաների՝ Մերձավոր Արևելքի արաբական միապետությունների հետ ավելի սերտ համագործակցություն հաստատելուն ուղղված ջանքերի շնորհիվ։ Իսկ ո՞վ է ղեկավարել չարաբաստիկ «Պետական ​​հետաքրքրությունների ֆոնդը»,- կհարցնեք դուք։ Մենք ձեզ կպատասխանենք՝ Նիկոլ Փաշինյանի երիտենիչերիներից մեկը, ում չի կարելի մոտ թողնել ազգային կամ պետական ​​հետաքրքրություն ներկայացնող որևէ բանի՝ ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա թեթև ձեռքով մենք զրկվեցինք ազգային ավիափոխադրող ունենալու բացառիկ հնարավորությունից (ինչը հատկապես կարևոր է խոցելի երկրի համար, որը աշխարհի հետ գործնականում կապված է միայն օդային ճանապարհով) և գցեցինք մեր սեփական իմիջն ու ներդրումային վարկանիշը, ինչպես նաև «հերոսաբար» մեր սեփական գրպանից կվճարենք նախկին գործընկերներին։

Կարող ենք արձանագրել, թե իրականում ինչ տեղի ունեցավ կոռուպցիայի հետ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նախ, այն, ինչպես և մնացած բոլոր արատները, դարձել է գրեթե հասարակական հավանության արժանացած արարք։ Թեկուզ ամպրոպ, թեկուզ ջրհեղեղ, միայն թե «պատերազմ չլինի» և «նախկինները չվերադառնան», և նշանակություն չունի, որ նախկին իշխող շրջանակներից գործնականում ոչ ոք չի կրել խոստացված պատիժը։ Երկրորդ՝ Փաշինյանի իշխանության առաջին ամիսներին կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան հանգեցրեց միայն կաշառքի չափերի ավելացմանը և անձնական կապերի գործոնի ամրապնդմանը, քանի որ հիմա փոքր կաշառք ոչ բոլորից են համարձակվում վերցնել։

Պետական ծառայողների աշխատավարձերի և հավելավճարների բարձրացումը նույնպես իբրև թե նպատակ ուներ օգնելու «հաղթահարել» կոռուպցիան, բայց, ի վերջո, դա միայն ուժեղացրեց նրանց ախորժակը և ոչնչացրեց աշխատելու որևէ մոտիվացիան, քանի որ ակնհայտ է, որ այս համակարգում գնահատվում է միայն հավատարմությունը «կերակրատաշտակին»: Նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս կադրերի մեծ մասը բացարձակապես անմրցունակ է աշխատաշուկայում, իսկ գնված և կառուցվող տների հիփոթեքը պետք է փակվի, միմյանց և Փաշինյանին կառչած մնալը նրանց միակ շահեկան ռազմավարությունն է։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ բացարձակապես ոչ ոքի համար տեղն արևի տակ երաշխավորված չէ, և, հետևաբար, սուս ու փուս նստելը և աչքի չընկնելը բավարար չէ, չափազանց կարևոր է սեփական հավատարմությունն ապացուցել գործերով, ինչպես նաև դառնալ հանցավոր սխեմաների մաս, իսկ հետո արժեքավոր վկա իշխանությունների համար: Փաշինյանն արդեն սկսել է խաղալ ավտոկրատների սիրելի խաղը՝ մանր գողությունների համար մանր ձկներին պատժել՝ ուշադրությունը խոշոր կողոպուտից շեղելու համար։ Այս խաղում նա որդեգրել է ստալինիզմի վատագույն գործելակերպերը և քաղաքացիներին խրախուսում է իր պաշտոնական էջի մեկնաբանություններում հրապարակել հասարակական վայրերում ծխող պաշտոնյաների լուսանկարները։ Գործնականում այլևս չկան անձեռնմխելիներ, բացառությամբ թերևս զուտ խոսքերով ատելի «նախկինների»։

Պատահական չէ, որ «կոռուպցիա» բառի սկզբնական լատիներեն արմատը նշանակում է փչացում, աղճատում, իսկ ժամանակակից անգլերենում, ի թիվս այլ բաների, նշանակում է քայքայում։ Հացն ու կրկեսը, բարին չարից, ուրիշինը՝ սեփականից տարբերելու ունակության բացակայությունը ներկայիս հայկական «պետականության» բարոյական ամբողջական քայքայման հիմնական ախտանիշներն են։

Ավելի վաղ մենք արդեն գրել ենք հայկական բոլոր «հեղափոխությունների» ձախողման և դրա հիմնական պատճառի մասին՝ հին համակարգը քանդելու և նորը, հեղափոխականը կառուցելու համար, անհրաժեշտ է, որ հին համակարգ լինի։ Որպես այդպիսին, Երրորդ Հանրապետությունը երբեք էլ դա չի ունեցել: Ուստի, երբ հայկական Ռոբեսպիերը խոստացավ արդարություն և վերաբաշխում, իսկ ավելի ուշ սկսեց միանգամայն աջական քաղաքականություն խաղալ և խեղդվողներին փրկելու պատասխանատվությունը դնել հենց խեղդվողների վրա (և, բնականաբար, «նախկինների» վրա՝ առանց վաղեմության և պահպանման ժամկետի), քչերը տվեցին այն հարցը, թե կոռումպացված պաշտոնյաներից բռնագրավված միջոցները ո՞ւմ են հասնելու և ի՞նչ սխեմայով է տեղի ունենալու բռնագանձումն ու վերաբաշխումը։ Փաստն այն է, որ առանց պետականության հիմքերի, նման արատավոր շրջանը, որտեղ միայն փոփոխվում է օլիգարխների շրջանակը (ընդ որում՝ միայն մասնակիորեն), կլինի հավերժ։ Թերևս դա է պատճառը, որ Փաշինյանն այդքան բարձրացրեց հայկական աշխարհի ակնկալիքների նշաձողը, որպեսզի ոչ ոք այլևս չհամարձակվի երազել արմատական փոփոխությունների մասին։ Նա բոլորից առավել լավ գիտեր, թե ինչքան հազվագյուտ է նման հասարակական համախմբումը և որքան բարդ է լինելու առողջ, գիտակից և մրցունակ ազգ ու պետություն կառուցելու երկրորդ նման հնարավորություն ստանալը։

Սակայն, կոռուպցիան միշտ ավելին է, քան զուտ յուրացված գումարը։ Ուստի, անվտանգության, իսկ այժմ նաև խաղաղության մասին փաստարկները, որոնք «ապահովվում էին» չնայած կոռուպցիային, ապրիորի խաբուսիկ են։ Կոռուպցիան չի կարող գոյակցել արժանավորների և կոմպետենտների իշխանության հետ։ Կոռուպցիան կյանքեր է խլում՝ բժշկական սարքավորումների բացակայությունը բառացիորեն սպանում է, վաճառված վարորդական իրավունքի վկայականներն էլ են սպանում, անորակ ասֆալտը,  բնապահպանական չափանիշների խախտմամբ հանքարդյունաբերությունը, սննդի արդյունաբերության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայությունը և, վերջապես, ռազմական տեխնիկա գնելու փոխարեն գողացված փողերը,  խարխուլ շինությունները և այլն: Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։

Ամեն մի գողացված լուման մեզ համար ընդհատված և դեռևս ծնվել չհասցրած կյանքեր է արժեցել։ Փաշինյանի անբաններին տրվող պարգևավճարների ամեն մի լուման ավելացնում է այն պարտքը, որը պետք է վճարեն մեր սերունդները, եթե, իհարկե, ՄԱԿ-ի անդամ երկրների շարքում շարունակի գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությունը։ 1990-ականների կեսերից Հայաստանի իշխանության ժամիշխանները երկրի սահմաններից դուրս իրենց բանկային հաշիվներով և ակտիվներով միջազգային հանրությանն անխոնջորեն ապացուցում են, որ նման ծրագրեր չունեն։ Եվ մենք շատ բախտավոր կլինեինք, եթե ապաշնորհ կառավարման համար վճարը լիներ միայն դրամական արտահայտությամբ, այլ ոչ թե արյունով, արցունքներով ու Հայրենիքի կտորներով։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն