Սիրով՝ գաղութից

Հայկական աշխարհը չպետք է շեղվի բեմում ոտք կախ գցած ու մեր թանկագին ժամանակը մսխող դերասաններով։

Հրապարակվել են 2026 թվականի հունիսի 7-ի պսևդոընտրությունների վերջնական արդյունքները։ Թող յուրաքանչյուրն ինքն իրեն պատասխանի այն հարցին, թե արդյո՞ք իմաստ ուներ վերջին ամիսների և շաբաթների սպասումն ու հիստերիկ բանավեճերի վրա ծախսված ժամանակը, եթե վերջիվերջո մեր ունեցածը լոկ գործող իշխանության մեղսակիցների միջև վերաբաշխված մանդատներն են ու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վախճանի արձանագրումը։

Այսպիսով, ի՞նչ էր կարող ակնկալել այս ընտրություններից անպատրաստ դիտորդը՝ հակառակ մեր բոլոր նախազգուշացումներին։ Թուրք համագործակցող Փաշինյանի տապալո՞ւմ` մինչև թերևս վերջերս նրա հետ համագործակցած Սամվել Կարապետյանի կողմից։ Իսկ ինչի՞ համար՝ որպեսզի վերջինս շարունակի Հայաստանը ոտքի ճամփայի և աշխարհաքաղաքական մոթելի վերածե՞լ, պարզապես դա անի «իր ձևո՞վ»։ Գուցե ինչ-որ մեկը սպասում էր թուրքական սպառնալիքի դեմ «ընդդիմության» միավորմա՞նը։ Ինչպես տեսնում ենք, «ռուսական սպառնալիքով» դատարկ շանտաժի միջոցով նման նպատակների հասնել ևս հնարավոր չէ։ Իսկ գուցե ինչ-որ մեկը սպասում էր, որ իշխանությունները կհրաժարվե՞ն վարչական ռեսուրսի անկաշկանդ կիրառումից կամ աչք կփակեն «ընդդիմության» կողմից դրա կիրառման վրա՞։

Մենք գնալով ավելի հաճախ ենք ստիպված լինում արձանագրել այն խնդրահարույց երևույթները, որոնց մասին նախապես զգուշացրել էինք։ Բնականաբար, ուրախ կլինեինք սխալ դուրս գալ։ Սակայն «ընտրություններ» կեղծանվամբ հերթական բեմադրությունը վերահաստատեց դրա մասնակիցների միջև բովանդակային տարբերությունների բացակայությունը։ Նրանցից անխտիր բոլորը գաղութացված աշխարհագրական Հայաստանի պայմաններում ծաղկող և արմատացած ֆեոդալա-կլանային համակարգի մաս են։

Գաղութապետերի կողմից կառավարվող գաղութում պարզապես չի կարող ծնվել ո՛չ ազգ, ո՛չ ազգային շահ, ո՛չ էլ բովանդակային օրակարգ։ Այդ իսկ պատճառով «հակամարտող» ուժերը վիճում էին միայն մեկ կեղծ, գոյություն չունեցող «ընտրության»՝ թուրքական վիլայեթի և ռուսական նահանգի («գուբեռնիայի») կարգավիճակի վերաբերյալ՝ մարդկանց պարտադրելով ընտրել «չարյաց փոքրագույնը»։ Ասես հենց ռուսաց ցարի ձեռքից չէ, որ այդքան սահուն կերպով անցանք թուրքական սուլթանի տիրապետության ներքո։

«Ընդդիմությունը» չի կարող չիմանալ, որ թուրք գաղութապետի ենթադրյալ հակառուսական էությունը շեշտելով՝ ընդամենը երկրորդում է նրա սեփական` ռուսական ազդեցությունից «ազատվելու» մասին քարոզչությունը։

Մի՞թե, քանի դեռ ներկայացումն իր թեժ փուլում էր, դժվար էր գոնե հետաքրքրվել թուրք գաղութապետից, թե այդ ի՞նչ պետություն է նա պլանավորում կառուցել այս մնացորդների վրա, որ մի հատ էլ դա Հայրենիքից է վեր դասել: Սպառողականության մոլուցքով տարված հեդոնիստական պետությո՞ւն, որն ընդունակ է միայն վերարտադրել պարզունակ քաղքենիներ։ Գուցե նման հարց չի հնչել, որովհետև Փաշինյանի նախորդներն, այդ թվում նաև ներկայիս «ընդդիմադիրները», նո՞ւյնպես հաջողել են այդ առաքելությունը։ Գուցե չարժե՞ ընտրողին մեղադրել հայրենասիրության պակասի մեջ, եթե հենց «ընդդիմադիր» ուժերի առաջնորդները ոչինչ չկարողացան հակադրել անգամ թուրք կոլաբորացիոնիստի ցածրակարգ քարոզչությանը։

Զարմանալի չէ, որ Փաշինյանի «ֆրանսիական» մոդելը հաղթում է նրա կեղծ ընդդիմախոսների «ռուս-բելառուսական» մոդելին, հատկապես երբ վերջիններս հաճույքով թուրք գաղութապետին ներկայացնում են որպես ֆրանսիացիներից էլ ավելի ֆրանսիացի: Ըստ երևույթին, ինքնահռչակ «փրկիչները» համաշխարհային պատմության գիտելիքի պակաս ունեն, եթե չեն կարողանում մերկացնել նման համեմատությունների անհեթեթությունը։ Ֆրանսիայի մնայուն ազդեցության գրավականը ազգային արժեքներից հրաժարվելը չէ, այլ, ընդհակառակը, սեփական պատմությունը, ժառանգությունն ու լեզուն ինքնության անառարկելի հենասյուների վերածելը։ Ֆրանսիացիները, որքան էլ աշխարհիկ, ժամանակակից և ներառական լինեն, երբեք Նապոլեոնի հաղթանակներն ու պարտությունները չեն փոխանակի էժան վառելիքի հետ։ Իսկ «իրական Հայաստանում» ֆեոդալները Գարեգին Նժդեհին, Մոնթե Մելքոնյանին և Վազգեն Սարգսյանին փոխանակել են ադրբեջանական վառելիքի և թուրքական տրիկոտաժի հետ։ Սակայն այս հակասությունը տեսնելու և գիտակցելու համար պետք է լինել այդ արժեքների կրողը։ Իսկ «ընդդիմությունն» ազգային ամեն ինչից նույնքան հեռու է, որքան հակազգային է Փաշինյանը։

Ողբերգականը միամիտ ընտրողի մոլորությունը չէ։ Նա վաղուց սովոր է դրան։ Ի վերջո, նրան յուրաքանչյուր հնարավոր հարթակից՝ լինի դա ռուսական, թե եվրոպական, համոզում էին, որ հենց ինքն է պարտավոր փրկել Հայաստանը «մեծագույն» չարիքից՝ համապատասխանաբար Եվրոպայից կամ Ռուսաստանից։ Այս ամենը տեղի էր ունենում ներկայացման իրական բեմադրիչների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի զգոն հսկողության ներքո։ Ողբերգականն այն է, որ նախորդ հարցերին գոնե ինքն իրեն անկեղծ պատասխաններ չտվեց հենց ինքը «ընդդիմությունը»։ Իսկ այժմ նրանց քավության նոխազը ընտրողն է, որի ուսերին են նրանք փորձում բարդել սեփական անգործունության և անսկզբունքայնության համար պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանում» օլիգարխիան այն աստիճան է «ջախջախված», որ խեղճուկրակ օլիգարխների օգտին քվեներին պիտի «տեր կանգնի» առասպելական «քաղաքացիական հասարակությունը»՝ այն նույնը, որը դեռ իր սաղմնային փուլում խեղդեց Հայաստանի առաջին նախագահ և Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը, և որը նրա հաջորդներից ոչ ոք նույնիսկ չփորձեց վերակենդանացնել ու ամրապնդել։

Սակայն գլխավոր ինտրիգը դարձյալ թուրք գաղութապետի առաջին տեղը զբաղեցնելը չէր, այլ հայկական ժողովրդավարության լուսատուի, համայն հայության հույս ու հայոց շինարար Գագիկ Ծառուկյանի խորհրդարան անցնելը։ Հենց այն Գագիկ Ծառուկյանի, որին Փաշինյանի կառավարությունը մեծահոգաբար թույլ տվեց փաստացի սեփականաշնորհել և Քրիստոսի արձանով «զարդարել» Հայկական լեռնաշխարհի կարևորագույն լեռներից մեկը՝ Հատիսը։

Ի՞նչ եզրակացություններ և ինչ-որ տեղ նաև դասեր կարելի է քաղել 2026 թվականի կեղծ պսևդոընտրություններից։ Մենք կրկին ունենք երկու «ընդդիմադիր» խմբավորումներով խորհրդարան, սակայն այս անգամ երկրորդ տեղում է մի սկզբունքներից զուրկ, անձև «կուսակցություն», որի անդամներին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հեշտությամբ կկարողանա կա՛մ գնել, կա՛մ շանտաժի ենթարկել՝ Ադրբեջանից թելադրված նոր սահմանադրության ընդունումն ապահովելու նպատակով, հատկապես խորհրդարանում գաղտնի քվեարկության համակարգի պայմաններում։ Այս դասավորվածությունը, թեև այն իշխանությունից լրացուցիչ ջանքեր կպահանջի, դժվար է հաջողություն անվանել։ Մինչ «ընդդիմությունը» հերոսաբար սուլում ու աղմկում էր Փաշինյանի դեմ, նա, Երրորդ Հանրապետության հին ու բարի ավանդույթի համաձայն, իր վերահսկողության տակ էր առնում Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, անհրաժեշտության դեպքում նա կարող է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել նույնիսկ խորհրդարանը շրջանցելով։

2021 թվականին երրորդ ուժի կարգավիճակով, նվազագույն շեմը հազիվ հաղթահարելով, խորհրդարան մտավ Սերժ Սարգսյանի խմբավորումը (նրա հեղինակած Սահմանադրությունը նախատեսում է առնվազն երեք խորհրդարանական խմբակցություն), իսկ այս անգամ անհրաժեշտ քվեների բաժինը հազիվ հավաքեց Ռոբերտ Քոչարյանը։ Սա պատկերավոր ապացույց է, որ բոլոր տեսակի քաղաքական դիակները պետք է հեռանան և դադարեն փակել իրական փոփոխությունների համար անհրաժեշտ օդը: Նույնը վերաբերում է գրեթե զրոյի հետ հավասարեցված Արման Բաբաջանյանին և Արամ Սարգսյանին. ոչ ոքի պետք չեն այլընտրանքային, իբր մի փոքր ավելի «արևմտամետ» թուրքերը, երբ կա թուրքի բնօրինակը։ Այն երկրում, որտեղ մինչև քարոզարշավի սկիզբը հարցումների համաձայն քաղաքացիների 66%-ը դեմ էր բոլոր քաղաքական ուժերին, «Բոլորի դեմ» անունով կուսակցությունը հազիվ հավաքեց 1 տոկոս։ Այդ իսկ պատճառով ցանկալին իրականի հետ շփոթող հայ գործիչները պետք է ձեռնպահ մնան դիլետանտ ու սիրողական կեղծ քաղաքական նախագծեր ստեղծելուց և հովանավորելուց ու չխայտառակեն իրենց ու շրջապատին՝ մասնակցելով Թուրքիայի կողմից բեմադրված այս կրկեսին։

Ի վերջո, արդյունքում նաև ավելի բարոյալքված ու հիասթափված է ժողովուրդը` թե՛ ինքն իրենից, թե՛ տարբեր համայնքներից, մինչդեռ մեղավորներն ունեն միանգամայն հստակ անուններ։ Այժմ Փաշինյանի համար ավելի հեշտ կլինի խարանել ռուսաստանահայերին, իսկ Քոչարյանի թիմը՝ թուրքական ազգանուններով հայ ընտրողների նկատմամբ իր ոչ ադեկվատ արձագանքով արդեն քիչ է տարբերվում Փաշինյանից` նրա Հայոց ցեղասպանության ժխտմամբ և առանձին համայնքների թիրախավորմամբ հանդերձ:

Պետական ծառայողներ՝ ընդդեմ աղքատների, երևանահայեր՝ ընդդեմ արցախահայերի, այլ երևանահայեր՝ ընդդեմ սյունեցիների և տավուշեցիների, վիլայեթի ընտրողները՝ ընդդեմ նահանգի ընտրողների, որոշ ռուսաստանահայեր՝ ռուսաստանյան օլիգարխի ձեռքում հայտնված անդեմ խաղալիք. ահա «Իրական Հայաստանի» թուրք գաղութապետի այս «ընտրությունների» արդյունքը, որոնք հաջողությամբ լեգիտիմացրեցին 18 ինքնակոչիկ՝ սեփական և իրենց միամիտ հովանավորների հաշվին։

Հետաքրքրական է, որ «հայրենասերները» բավական արագ մոռացան, որ «ընտրություններին» էին մասնակցում` նույնը ստիպելով անել ՀՀ քաղաքացիներին` երկիրը անմիջական աղետից փրկելու համար։ Զարմանալի է, չէ՞, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո այս «գերմարդկանց» գերագույն նպատակը հանկարծ դարձավ ոչ թե թուրքական գաղութացման դեմ պայքարը կամ հայկական պետականության քայքայման արագացման կանխումը, այլ… ևս մի քանի լրացուցիչ մանդատ ձեռք բերելը, որպեսզի Փաշինյանը, տեսեք-տեսեք, առանց իրենց համաձայնության չկարողանա նշանակել դատախազների կամ Սահմանադրական դատարանի դատավորների (որը նա վաղուց արդեն լցրել է իր մանկլավիկներով)։ Բանտ նստելուց խույս տալն, իհարկե, շատ ավելի հետաքրքիր է, քան երկրի ապագայի համար պայքարելը։ Հակառակ դեպքում հանկարծ պարզվում է, որ իրավիճակն այնքան էլ աղետալի չէ, եթե «ընդդիմության» խնդիրների մակարդակը սահմանափակվում է միջին վիճակագրական արևելաեվրոպական երկրում առօրեական եռուզեռով:

Այս ներկայացումը հոժարակամորեն լեգիտիմացրած դերասանները հանկարծ ապշում են, որ Հայաստանում արդար ընտրություններ չկան։ Եվ դա ասում են մարդիկ, որոնք տիրապետում են հսկայական ռեսուրսների ու հաջողությամբ շրջանցում են իրենց իսկ ստեղծած կամ իրենց աջակցությամբ ընդունված այն կանոնները, որոնք քաղաքական գործընթացից դուրս են մղում մեծ կապիտալ չունեցող փոքր ուժերին։ Ուստի տեխնիկական խախտումների վերաբերյալ (ի դեպ, մեծ մասամբ անհիմն) բողոքները ընդամենը արդարանալու սին փորձեր են, երբ դրանք հնչեցնում են այնպիսի ուժեր, որոնք կարող էին դիտորդներով ծածկել ամբողջ երկիրը, ներկայացված էին բոլոր հանձնաժողովներում, կարող են իրենց թույլ տալ արդյունքների լիարժեք վերահաշվարկ և նմանատիպ այլ գործողություններ։ Եվ այս ամենը՝ մասնակցության այնքան փափագած բարձր մակարդակի պայմաններում, որը, իրենց իսկ խոսքերով, պետք է կանխեր թուրք գաղութապետի կողմից ընտրությունների կեղծումը։

Ցավոք, ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում հերթական զավեշտախաղի և ժողովրդին սին հույսերով մոլորեցնելու համար։ Ընտրողն իր «պարտքը» կատարեց, ինչպես և խնդրում էիք։ Իսկ դուք, սիրելի «ընդդիմություն», որևէ պարտականություն ունե՞ք, թե միայն իրավունքներ։

Կրկեսի դերասաններին, իհարկե, կարելի է հասկանալ. նրանք ցանկանում են որքան հնարավոր է շուտ հանել դիմակները, հատկապես ամառային շոգին։ Գուցե մի օր նրանց այսքան վատ խաղի համար նույնիսկ շնորհակալություն հայտնենք։ Կարևոր է արձանագրել, որ հայկական ներքաղաքական ճահճում չկան այնպիսի բնակիչներ, որոնց համար իսկապես նշանակություն ունեն ազգային ինքնությունը, երկրի փրկությունը, աշխարհաքաղաքական ջունգլիներում գոյատևումը, պատերազմի և խաղաղության հարցերը։

Քարոզարշավի ընթացքում մեզ ոչ մի անգամ բացատրության չարժանացրեցին, թե Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախի կորստի հետևանքների հաղթահարման և Սփյուռքի հետ հարաբերությունների հարցերում «ընդդիմության» գիծն ինչով է էականորեն տարբերվում կոլաբորացիոնիստական գծից։

Գրել էինք նաև այն մասին, որ այս ընտրություններն էությամբ Թուրքիայի կողմից պարտադրված հանրաքվե էին՝ Հայաստանի գաղութացմանը հավանություն տալու հարցով։ «Ընդդիմությունը» լիովին և հաջողությամբ լեգիտիմացրեց այդ գործընթացը, և այժմ թուրք գաղութապետը ձեռք է բերել ավելի թարմ փաստարկներ՝ պնդելու համար, թե նրա «Իրական Հայաստանի» քաղաքականությունը աջակցություն է վայելում հենց դրանից ամենաշատը տուժած տարածաշրջաններում (Սյունիքի և Տավուշի սահմանամերձ հատվածներում)։ Եվ դա ոչ թե մարդկանց այդքան մանրախնդիր և եսասեր լինելու պատճառով է, այլ որովհետև նրանց ոչ ոք այլընտրանք չառաջարկեց, նրանց հետ չաշխատեց, իսկ գլխավոր «ընդդիմադիր» ուժը նախընտրեց գումար ծախսել ընտրակաշառքների և անբարեխիղճ ռուս և իսրայելցի քաղաքական տեխնոլոգների կողմից իրականացված անորակ հարցումների վրա, այլ ոչ թե բովանդակային այլընտրանք ձևակերպելու և այն այս փոքրիկ երկրի յուրաքանչյուր անկյուն հասցնելու վրա։ Հետևաբար, «ժողովուրդը սրան արժանի է» կամ «ընտրությունները գողացան» շարքի արդարացումները գուցե անցնեն նրանց հովանավորների մոտ, սակայն միանշանակ չեն թուլացնի մեր զգոնությունը։

Հայկական աշխարհը չպետք է շեղվի բեմում ոտք կախ գցած ու մեր թանկագին ժամանակը մսխող դերասաններով։  Կարևոր է ճիշտ եզրակացություններ անել, համոզվել, որ լուրջ փոփոխություններն անհնար են, քանի դեռ խաղը վարվում է թուրքահպատակ ֆեոդալա-կլանային համակարգի ներսում և դրա կանոններով։ Միայն այս գիտակցումը հնարավորություն կտա կենտրոնանալ հետևանքների հաղթահարման և մեղմացման վրա։

Հայկական աշխարհի առջև ծառացած բազմաթիվ հրատապ խնդիրների շարքում բացարձակ առաջնահերթ պիտի մնա ԱՄՆ-ի «Ազատությանն աջակցության» բանաձևի 907-րդ բաժնի պահպանումն ու գործադրումը։ Սա Երրորդ Հանրապետության ղեկավարների կողմից մսխված մեր գործիքակազմի միջից մնացած վերջին համոզիչ և շոշափելի արտաքին ակտիվն է: Եվ առայժմ, չնայած ամերիկյան խոշոր կորպորացիաների և իսրայելական լոբբիի աջակցությունը վայելող թուրքական և ադրբեջանական լոբբիստական մեքենաների բոլոր ջանքերին, թուրքական աշխարհը Վաշինգտոնում շատ ավելի քիչ հաջողություններ է գրանցում, քան Երևանում։ Այդ ջանքերը չեն դադարելու, և մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի։ Այլընտրանք պարզապես չկա, քանի դեռ կորցնելու բան ունենք։

Բարեբախտաբար, այս պայքարում մենք միայնակ չենք։ Կան նաև ուժի և ազդեցության այլ կենտրոններ, որոնք գիտակցում են հայկական գործոնի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Ինչպես և 1992 թվականին 907-րդ բաժնի ընդունման ժամանակ, այդ ուժերը հիմա էլ քաջ հասկանում են, թե որքան վտանգավոր է Թուրքիային այդպիսի արժեքավոր ռեսուրս տրամադրելը, և որքան անհեռատես կլինի այն որպես խաղալիք երևանյան կոլաբորացիոնիստներին փոխանցելը։ Սեփական առավելությունների գիտակցումն ու հայկական գործոնի պահպանման և հզորացման գործում մեր դաշնակիցների հետ կապերի զարգացումը այն գործն է, որը պահանջում է մեր ամենօրյա ջանքերը և կարդարացնի դրանք:

Աշխարհի զորեղների հետ համակարգային աշխատանքը խնդիր է, որն ի զորու է իրականացնել միայն իսկական, անձնվեր ազնվականությունը, որի ստեղծման ակնկալիքն է նաև հայկական աշխարհի դաշնակիցների շարժառիթը: Ազգային ազնվականության ձևավորումը հայկական սուբյեկտայնության կառուցման անհրաժեշտ փուլ է։ Ազնվականության և տարանջատված հայկական համայնքների ինստիտուցիոնալացումը այսօր, կոմպրադորական բուրժուազիայի կողմից աշխարհագրական Հայաստանի կառավարման պայմաններում, առավել արդիական է, քան երբևէ: Այդ կոմպրադորական դասը կազմված է ժամիշխաններից, կոլաբորացիոնիստներից և սկզբունքներից զուրկ դիլետանտներից։ Նման ղեկավարությունը պարզապես չի կարող լինել համաշխարհային ասպարեզում հայկական աշխարհի «լեգիտիմ» և առավել ևս միակ ներկայացուցիչը։

Վերջում առանձին «շնորհակալություն» հայտնենք այն սփյուռքահայերին, որոնք համառորեն հրաժարվում են ընդունել իրականությունը և իրենց խիղճը կամ գուցե եսասիրությունն են շոյում Հայաստանի ներսում չնչին մարգինալ խմբավորումներին և իմիտացիոն գործընթացներին գումարներ ուղղելով։ Մի համակարգում, որտեղ չկա ո՛չ իրական խորհրդարան, ո՛չ քաղաքական մշակույթ, ո՛չ քաղաքական համակարգ և խաղի կառուցողական կանոններ, ո՛չ գաղափարների և հայեցակարգերի մրցակցային պայքար, պարզապես անհնար է ոչնչից հայտնվել և շոշափելի արդյունք ակնկալել թուրքերի կողմից բեմադրված ընտրություններում։ Արդյունքում այս ինքնակոչ «փրկիչներին» տրված ձայները պարզապես վերաբաշխվեցին հօգուտ Փաշինյանի և նրանից քիչ տարբերվող «ընդդիմադիրների»։

Այս ակնհայտորեն անիմաստ «ընտրություններում» ակնհայտորեն շանսեր չունեցող թեկնածուներին իրենց առատաձեռն աջակցությամբ համայնքների «սրտացավ» հայերն ու հովանավորները սոսկ նպաստեցին կոլաբորացիոնիստական ռեժիմի ուժեղացմանն ու լեգիտիմացմանը։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն