Մենք անընդհատ գրում ենք այն մասին, թե ինչպես Երրորդ Հանրապետությունը, առանց լուրջ ջանքերի, կարողացավ ենթարկեցնել հայկական համայնքները՝ թույլ չտալով իրացնել իրենց ինտելեկտուալ, մարդկային և լոբբիստական ներուժը՝ բովանդակային և իրապես անկախ հայկական պետության կայացման համար։ Իրոք, համայնքների այսպես կոչված առաջնորդները, որոնք չէին էլ ներկայացնում իրենց համայնքները, մտերմացան Հայաստանի նույնչափ ոչ լեգիտիմ ղեկավարների հետ։ Ներուժ ունեցող անհատները նախընտրում էին փող տալով ազատվել, հետո էլ հիասթափվել և (կամ) պետականաշինության ու ազգակերտման պարտականությունները փոխանցել ակնհայտորեն հակազգային վերնախավին՝ սահմանափակվելով սոցիալական և մարդասիրական ծրագրերի իրականացմամբ՝ վերջիններիս հավանությանն արժանանալու համար։
Ըստ այդմ՝ զարմանալի չէ, որ մեր համայնքներում անհամաձայնություն սերմանող «Դաշնակցություն», «Հնչակյան» և «Ռամկավար ազատական» կուսակցություններն իրենց մրցակցությունը տեղափոխեցին երևանյան ղեկավարների բարեհաճության համար մղվող պայքարի դաշտ՝ հերթով վաճառվելով նրանց և փոխարենը չստանալով որևէ իրական քաղաքական ազդեցություն, այլ պարզապես տեղ զբաղեցնելով ֆեոդալ-օլիգարխիկ համակարգում։ Ուստի զարմանալի չէ նաև այն, որ այս միտումը շարունակվում է նաև Նիկոլ Փաշինյանի օրոք, ում ձեռքը սեղմում են մարդիկ, որոնք ցանկության դեպքում կկարողանային ամբողջությամբ «գնել» նույնիսկ նրա կոռումպացված «ընտանիքը» (հիշեցնենք, որ գլխավոր թուրք Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնությունը գրանցված չէ ո՛չ Հայ առաքելական եկեղեցու, ո՛չ էլ հայկական պետության կողմից)։ Զարմանալի չէ նաև այն, որ Փաշինյանին հաջողվում է ստանալ համայնքային այն կառույցների աջակցությունը, որոնք իրենց հակադրում են այլ՝ օրինակ, Ռոբերտ Քոչարյանի հետ սերտաճած «Դաշնակցություն» կուսակցությունը ներկայացնող համայնքային կառույցներին։ Առաջինների շարքին են պատկանում, մասնավորապես, Ամերիկայի հայկական համագումարը և Ֆրանսիայի հայկական հիմնադրամը։ Սակայն խոսքը կոնկրետ կազմակերպությունների մասին չէ, այլ՝ մի երևույթի, որը մենք փորձելու ենք մասնակիորեն վերլուծել դրանց օրինակով։
Այսպիսով, «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որը Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն է և ստեղծվել է դեռևս Առաջին Հանրապետության օրոք, հայտնում է թուրք գաղութապետի հանդիպման մասին 1993 թ․ ձևավորված Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամներից մեկի հետ։ Ո՞րն է, ըստ այդ լրատվականի թղթակցի, ամենակարևոր տեղեկատվությունը Հայաստանի իրական տերերի՝ ՀՀ քաղաքացիների համար, և ի՞նչն է, ըստ ամենայնի, այժմ դարձել Հայաստանի վարչապետի հետ հանդիպումների անբաժան արարողակարգային մասը։ Ճիշտ է՝ «իրական Հայաստանի» գաղափարախոսությանն աջակցություն հայտնելը։
Դե ինչ, Ադրբեջան կատարած այցերի պարտադիր մաս է դարձել այդ ահաբեկչական կազմավորման «տարածքային ամբողջականությանը» աջակցություն հայտնելը։ Քանի որ այդ երկու առասպելական մոդելներին աջակցելը հավասարազոր է, Փաշինյանը հանգիստ կարող է «Ադրբեջանի սև ցուցակը» վերագրանցել որպես Հայաստանի «նոն գրատա» ցանկ, և հակառակը։ Թեև դեռ կգտնվեն միամիտ մարդիկ, ովքեր այդ ամենը թյուրիմացություն կորակեն և կփորձեն տեղ գտնել վարչապետի «սպիտակ ցուցակում», լինի դա, օրինակ, Մուրադ Փափազյանը Ֆրանսիայից կամ Սամվել Կարապետյանը Ռուսաստանից։ Ինչպես տեսնում ենք, թեև «խաղաղության խաչմերուկը» առայժմ կանգ է առել, մեծ արագությամբ է ընթանում Հայաստանի «ինտեգրումը» Ադրբեջանին՝ ոչ միայն տարածքային, քաղաքական և տնտեսական առումով, այլ նաև՝ մշակութային։ Այնուամենայնիվ, համայնքների «առաջնորդները» երբևէ այսքան չեն նվաստացել, որ թղթի վրա ու տեսախցիկի առաջ արևելյան բռնապետությանը (ինչպիսին Ադրբեջանն է) բնորոշ ոճով աջակցություն հայտնեն իրենց գոյությունն ու դերը բացառող կեղծ գաղափարախոսություններին։
Սակայն նույնիսկ սա դեռ ամենավատը չէ։ Նույնիսկ Հայաստանի անկախության բացակայության պայմաններում և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը փորձում էին «հարմարվել» հայկական սփյուռքին։ «Սառը պատերազմի» ժամանակ հայկական աշխարհը չափազանց արժեքավոր ակտիվ էր, որի սրտերի և ուղեղների համար լրջագույն պայքար էր ընթանում, ինչն էլ հնարավորություն տվեց Հայաստանին ստանալ համաշխարհային խոշորագույն դերակատարների առնվազն լուռ համաձայնությունը Արցախի ազատագրման ժամանակ։ Մինչդեռ այսօր՝ Երրորդ Հանրապետության օրոք, որը կարող էր և պետք է դառնար հայկական աշխարհի հետ հաղորդակցվող անոթ, ինչը կնպաստեր փոխադարձ հզորացմանը, առավել քան երբևէ հայկական աշխարհը մասնատված ու ապամոտիվացված է, խանդավառությամբ ծառայում է Երևանում նստած օտար կուսակալներին՝ ոչինչ չպահանջելով իր համայնքների և ժողովրդի համար։
Թուրքիայի կողմից Հայաստանի գաղութացմանն ուղղված գործընթացների պայմաններում իշխանությունները պարտավորվում են նոր տերերին մատուցել իրենց ամենացանկալի ակտիվը՝ հայկական աշխարհը, որը Թուրքիան դարեր շարունակ երազել է վերածել հավերժական պասիվի։ Եվ դա այն մարդիկ ու ուժերն են, որոնցից Թուրքիան վախենում էր, որոնք առանցքային դեր էին խաղում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու գործընթացում, որոնք այնպիսի գործոն էին, որը Թուրքիան ստիպված էր հաշվի առնել համաշխարհային առաջնորդների հետ հարաբերությունների կառուցման ընթացքում։ Եվ դա այն մարդիկ ու ուժերն են, որոնց Հայաստանը պարտական է իր բարեկեցության զգալի մասի համար, և որոնք կդադարեն գոյություն ունենալ որպես սուբյեկտ, եթե կյանքի կոչվի «իրական Հայաստանի» նախագիծը, որում տեղ չկա այն հայերի համար, որոնք գտվում են Հայկական լեռնաշխարհի մի փոքր հատվածի սահմաններից դուրս, որի վրա դեռ ծածանվում է հայկական դրոշը։ Առավել ևս այն պարագայում, եթե հայկական պետականությունը հերթական անգամ անհետանա։ Ցեղասպանություն ու արտաքսում վերապրածների ժառանգները, ովքեր կարողացան սերնդեսերունդ պահպանել իրենց հայկականությունը և միևնույն ժամանակ դառնալ հաջողակ քաղաքացիներ իրենց բնակության երկրներում, ովքեր ճանաչեցին հաղթանակի բերկրանքն ու ստիպված են այսօր կուլ տալ իրենց իսկ հանդուրժած պարտությունների դառնությունը, այժմ խաղում են նմանակման և քծնանքի թատրոնում՝ ծառայելու իրենց ոխերիմ թշնամուն՝ թուրքական աշխարհին։
Պայմանագրեր, դրամաշնորհներ, որոնք ձևավորվում են նույնպիսի հայերի կողմից ժամանակին նվիրաբերված գումարներից, և Հայաստանի դագաղագործի հետ լուսանկարվելու հնարավորություն՝ սա է այն մարդկանց մոտիվացիան, ովքեր կշարունակեն մասնակցել այս կեղտոտ ֆարսին։ Եվ նրանցից յուրաքանչյուրը կմտածի, որ եթե դա ինքը չստանա, ապա կստանա նման ազգանունով մեկ ուրիշը։ Եվ նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտության դեպքում կստեղծի հերթական «հայկական» քվազի-կառույցը՝ այդ նպատակների իրագործման համար, ժամանակ ու եռանդ չխնայելով կմասնակցի հայոց պետականության ու ինքնության ապամոնտաժման գործին։ Նրա ժառանգները չեն էլ հարցնի՝ արդյոք նա ափսոսում է իր ընտրության համար, քանզի արդեն չեն իմանա, թե ինչ է հայը և Հայաստանը։
Հայկական աշխարհը կանգնած է գոյաբանական ընտրության առաջ։ Կա՛մ այն կվերածվի «իրական Հայաստանի», այսինքն նրա թուրք տերերի (նախկինում նրանք պատրաստ էին վճարել ոչ թե ծառայության, այլ գոնե լռության համար) շահերն առաջ մղող գաղութային լոբբիստական կառույցների ցանցի։ Կա՛մ վերջապես կընտրի նրանց, ովքեր արժանի են ներկայացնել իրեն, կձևավորի համազգային ազնվականություն և անդրազգային քաղաքական ազգ, որոնք կձևակերպեն ազգային շահը և կիրագործեն այն՝ առանց միջնորդների հաղորդակցվելով աշխարհի հզորների հետ, ինչպես հավասարը հավասարի հետ։ Դա կլինի մի ազգ, որի համար Հայաստանը կհանդիսանա սեփական շահերի կենտրոն, այլ ոչ թե օտարների ճանապարհների «խաչմերուկ»։
Թուրքական կուսակալները հասկանում են մեր գլոբալ համայնքների արժեքն ու ներուժը։ Իսկ մենք կգիտակցե՞նք դա, քանի դեռ ուշ չէ։
