Քչերը կհամարձակվեն իրենք իրենց թուրք կոլաբորացիոնիստ (համագործակցող) անվանել: Շատ ավելի հաճելի է «ռեալիստի», «պրագմատիկի», «պացիֆիստի» և Հայաստանի թուրքական գաղութացման դարաշրջանի այլ նենգափոխված ածականների ետևում թաքնվելը: Այդ իսկ պատճառով դուք հազիվ թե լսեք պետականությունն ապամոնտաժելու բացահայտ կոչեր: Ներքևում ներկայացնում ենք որևէ քննադատության չդիմացող միֆեր, որոնց քողի ներքո են փորձում սքողվել թուրք գաղութապետ Փաշինյանի տարատեսակ աջակիցները:
Պետությունը լոկ ադմինիստրատիվ տարածքի վերև ծածանվող դրոշ չէ, ոչ էլ նույնիսկ ՄԱԿ-ին անդամակցություն: Ինչպես ականատես դարձանք, այն անգամ չի երաշխավորում մասնավոր կարգով հայոց պատմական տարածքի` Արցախի դրոշի և խորհրդանիշների մասնավոր կարգով օգտագործման իրավունք: Եվ դա` միմիայն այն պատճառով, որ գաղութ ու ինքնիշխանություն հասկացություններն անհամատեղելի են:
Ավելին` ֆորմալ գոյությունը չի երաշխավորում ինքնիշխանություն և նույնիսկ այդ դրոշի պահպանում: Պետությունը սահմանվում է սեփական տարածքի և սահմանների նկատմամբ վերահսկողությամբ: Սրընթացորեն շահագործման է պատրաստվում Ադրբեջանին մեր հարավային սահմանների անխոչընդոտ օգտագործման ու Հայաստանը ցանկացած պահի Պարսկաստանից կտրելու հնարավորություն ընձեռող «Թրամփի ուղին»: Արդեն հանձնված են մի շարք տարածքներ Տավուշում, որի հետևանքով Վրաստանի հետ սահմանի այդ հատվածը փաստորեն օդից է կախված: Այսօրվա Հայաստանի Ադրբեջանի հետ «սահմանները» զգալիորեն հետ են այն գծերից, որոնք դուք կտեսնեք աշխարհի ատլասներում ու տեղեկատուներում: Սահմանամերձ շրջաններում դրանք հետ են անգամ այն արբանյակային պատկերներից, որոնք ստանում ենք ռեալ ժամանակում. բազում արոտավայրեր, ջրի աղբյուրներ, կոմունիկացիաներ խոցելի են ավելի բարձր տեղակայված ադրբեջանական դիրքերից և անհասանելի են դարձել դրանք դարերով ու հազարամյակներով օգտագործող մարդկանց: Երբեմնի կարճ երթուղիները սփռվել են տասնյակ կիլոմետրերով, իսկ դրանց անցանելիությունը որոշվում է միայն եղանակային պայմաններով ու հարևանների «բարի կամքով»: Դրա հետ մեկտեղ օրակարգում չկա Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի հարց, իսկ թուրք գաղութապետ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է նոր «անկլավներ» հանձնել (այդ թվում` երբևէ անկլավ չեղած Տիգրանաշենը), ինչի արդյունքում Ադրբեջանը սեղմ օղակի մեջ կառնի Հայաստանի հարավը` Սյունիքը փաստացիորեն անջատելով Հայաստանի մնացած մարզերից:
Պետությունը նաև սահմանվում է սեփական ապագայի ինքնուրույն ընտրությամբ: Այդ ընտրությունը որոշվում է այն արժեքների և խորհրդանիշների հավաքակազմով, որոնք ներառվում են պաշտոնյաների խոսույթում, կազմում են դպրոցական ծրագրի ու հանրային լրատվամիջոցների մասը, կամ էլ հեռացվում դրանցից: Չկա սեփական պատմական ու սիմվոլիկ քաղաքականություն` չկա պետություն: Հայաստանի Հանրային հեռուստատեսության ղեկավար է թուրք գաղութապետի մանկլավիկը, ում կինը` կրթության նախարարը, Գարեգին Նժդեհին «ֆաշիստ» է կոչում: Պաշտոնական պատմությունը վերաշարադրվում է համապատասխան «խաղաղության դարաշրջանի» քմահաճույքին, Արարատը ջնջված է պետական սահմանը հատելու կնիքներից ու գիտակցաբար բաց թողնված ապագա նոր անձնագրերում: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակցուհուն հեռացնում են գործից` այցելուների ուշադրությունը Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին սևեռելու համար, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մանկահասակներին խրատում է սեփական տետրերում Արարատ չնկարել: Եվ այդ ամենը այսբերգի միայն երևացող գագաթն է, մինչդեռ պատմական քաղաքականության մեր առավել կարևոր է այն, ինչի մասին դադարում են անգամ խոսել:
Ի վերջո, պետականությունը ազգային (ո՜չ թե ժողովրդական) զարգացման գագաթնակետն է: Ուստի այն անհնար է առանց ազգի, առանց պատմական հիշողության ու Հայրենիքի, առանց ազգային խորհրդանիշների ու արժեքների, առանց ազգային ինքնության ու ժառանգության, որի մասն են կազմում համակարգային ինստիտուտները, որոնց ցանկում առաջիններից է Հայ Առաքելական Եկեղեցին: Մեր խաղաղասեր թե արյունատենչ հարևանները չունեն և դրանցից ոչ մեկը, ուստի, հստակ գիտակցելով այդ հասկացությունների հիմնարար կարևորությունը, շտապում են դրանք հնարել, մինչդեռ կոլաբորացիոնիստները մսխում են մեր ժառանգությունը ու հորդորում կենտրոնանալ ստամոքսները լցնելու վրա: Առաջինները պետականությամբ են ուղղորդվում, իսկ նրանց նշանակած գաղութապետն ու համագործակցողները` անասնական բնազդներով:
Հայ Եկեղեցու դեմ սանձազերծած արշավի նպատակը այն երկհազարամյա ինստիտուտի վարկաբեկումն է, որը երաշխավորել է հայկական ինքնության և, որպես հետևանք, հայկական աշխարհի պահպանումը: Թուրք գաղութապետը ամբողջ երկրի հավատավորների կյանքը վիճակախաղի է վերածել, քանի որ այս կամ այն բնակավայրում նրա կիրակնօրյա պատարագի ժամանելը ուղեկցվում է խորհրդի կանոնների խախտմամբ (քանի որ այդ դեպքում չեն հիշատակվում Կաթողիկոսի և Եպիսկոպոսի անունները` խախտելով տեղի համայնքի և Տիեզերական Եկեղեցու միությունը), կռապաշտության դրսևորումներով (թուրք գաղութապետին ծափահարում են հատուկ բերված աղանդավորները) և բախումներով:
Որոշ անձանց վարկաբեկմանը զուգահեռ թուրք կոլաբորացիոնիստները սկսեցին խոսել Եկեղեցու սեփականության և հարկման մասին, կասկածի տակ դնել Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսած նրա հատուկ կարգավիճակը: Ավելին` «Իրական Հայաստանի» դատարանները սկսեցին սպասավորներին կարգալույծ անելու Եկեղեցու ներքին հարցերը դիտարկել աշխարհիկ աշխատանքային իրավունքի շրջանակներում, ասես խոսքը հատուկ առաքելության և խորհրդի մասին չէ, այլ վարձու աշխատողի և նրա ղեկավարի առօրեական հարաբերությունների: Ի վերջո, ենթակա «պետական» ու կուսակցական մեդիաաղբանոցները թուրք գաղութապետի թեթև ձեռքով սկսեցին հերքել եկեղեցական աստիճաններն ու հոգևոր անունները` սպասավորներին կոչելով իրենց աշխարհիկ անուններով: Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հայտարարվեցին հակաեկեղեցական արշավի աջակցության հանրաքվե:
Բոլորին հայտնի է նաև, որ այդ հակամարտության նախաձեռնողները Հայ Եկեղեցու գրկին չպատկանող, այլընտրանքային աղանդների հետևորդներ են: Դրանցից մեկը «Կյանքի խոսքն է»` փաշինյանական «Քաղաքացիական պայմանագրի» սիրելի կուլտը: Հենց դրա ղեկավարի ձեռքն է թուրք կոլաբորացիոնիստը ջերմ սեղմել Վաշինգտոնում 2025 թ. փետրվարին` հայոց քրիստոնեության դեմ իր կեղտոտ արշավի ակտիվ փուլի մեկնարկից ընդամենը երկու ամիս առաջ: Դրանից հետո է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանկարծակի «վարակված» դարձավ, իսկ նրա հայեցողության ներքո գտնվող տաճարները` «չուլաններ»: Իհարկե, այլ բան է ադրբեջանական օկուպացիայի գոտում պղծված սրբավայրերն ու խաչքարերը: Ըստ երևույթին, «խաղաղասեր» հարևաններն են սահմանում թուրք գաղութապետի նշաձողը, թե ինչպես պետք է վարվել եկեղեցական սեփականության հետ:
Ավելին` այդ պայքարում թուրք գաղութապետ Փաշինյանի դրույքը Եկեղեցու ներսում քրեական տարրերի վրա է, քանի որ նրանց հեշտ է սպառնալ «արդարադատությամբ»: Առավել ցուցանշական օրինակներից է տխրահռչակ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, որը հայտնի է խոշոր ֆինանսական խարդախություններով ու «գողական» բարքերով: Հենց նման եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների օգնությամբ է թուրք կոլաբորացիոնիստը մտադրված «մաքրել» Էջմիածինը: Դե իսկ սեփական մանկլավիկ կաթողիկոսին նա պատրաստվում էր ընտրել մի «հոգևոր խորհրդի» միջոցով, որին կարելի էր միանալ էլեկտրոնային նամակով: Դրա համար ընդամենը պետք էր նոր «մեսիային» զեկուցել, որ ամբողջությամբ ընթերցել եք Աստվածաշունչը, վերջին հինգ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ պահք եք պահել և ամեն օր աղոթում եք: Ինքը «մեսիան», իհարկե, Աստծուց խնդրելու հետ մեկտեղ բահը ձեռքից չի գցում. առ ի դեպ ֆինանսավորում է հատկացրել Ավանի հոգեկան առողջության կենտրոնի նորոգմանը:
Վերջիվերջո, առանձին անհատների հետապնդումները արագ վերածվեցին Հայ Եկեղեցու` որպես ազգային ինստիտուտի հանրային դերի վերաբերյալ «քննարկումների»: Եկեղեցին անհիմն մեղադրվեց ռուսական ազդեցությանը աջակցելու մեջ, մինչդեռ այն հալածանքները, որոնց այն հիմա է ենթարկվում, համեմատելի են հենց Ռուսական կայսրության մայրամուտին ու ստալինյան բռնաճնշումների գագաթնակետին Եկեղեցու վերապրածի հետ: Տուրք կոլաբորացիոնիստները մոռացության են մատնում Առաջին Հանրապետության անկախության նվաճման և Արցախի ազատագրման գործում հայ հոգևոր դասի դերը, թիրախավորելով Եկեղեցին որպես «հակապետական» կառույց: Սեփական բարոյական իրավացիությունն ապացուցելու համար նրանք թուրք գաղութապետին անամոթաբար համեմատում են Եկեղեցու սեփականությունը ազգայնացրած Պապ Թագավորի հետ:
Եկեղեցու դեմ պայքարը նաև հայկական համայնքները Հայաստանից վերջնականորեն պոկելու արշավի մասն է: Այս պահի դրությամբ Եկեղեցին միակ համահայկական ինստիտուտն է` իր բոլոր թերություններով ու հակասություններով հանդերձ: Բազմաթիվ համայնքներում հայկական տաճարները ազգային ինքնության ու ներհամայնքային շփման էպիկենտրոնն են: Ավելին` այդ ինստիտուտի առաջնորդն ընտրվում է հավաքական սկզբունքով և ներկայացնում է աշխարհի ամեն անկյունում ապրող հայերին: Ուստի տրամաբանական է, որ համայնքների միջև և դրանց ներսում պառակտման ձգտող հանցախումբը թիրախավորում է հենց հոգևորականներին: Եթե այսօր նրանք ընդունակ չեն միասին որոշել, թե ինչպես պիտի կառավարվի և ինչ ուղղությամբ պիտի զարգանա մեր Եկեղեցին, ապա վաղը չեն կարողանա բարոյական կողմնորոշիչ ծառայել սեփական հոտին:
Իրենց անպատրաստ ու անկազմակերպ լինելով հանդերձ` հայկական համայնքների զորեղ ինտելեկտուալ, հոգևոր, գործնական, ձեռնարկչական ու ֆինանսական այն պաշարը, որը նրանք կուտակել են աշխարհի խոշորագույն մետրոպոլիաներում, ցանկացած, մեծ թե փոքր, ազգային պետության երազանքն է: Դրա ապացույցն են այն լայնամասշտաբ պետական ծրագրերը, կրթական նախագծերը, լոբբիստական ջանքերը, որ տասնամյակներ շարունակ ծավալում են Չինաստանն ու Հնդկաստանը, Ղազախստանն ու Թուրքիան: Եվ անգամ այդքան խոշոր երկրները մինչև հիմա ունեն հարյուրամյակների ընթացքում կայացած անդրազգային քաղաքական ազգերի ռեսուրսների կարիքը: Իռլանդիան, Իսրայելը, Լեհաստանը պետություններ են, որոնք ապացուցում են սեփական սփյուռքի օգտակարությունը: Ատլանտիկայի երկու կողմերում իսրայելական լոբբիի թուլացման և հրեական պետության վարկանիշի անկման պայմաններում հայկական անդրազգային ազգը դառնում է նոր, կայուն աշխարհակարգի ձևավորման գործում անհրաժեշտ գլոբալ խաղացող` առավել տրամաբանական և երկար սպասվածներից մեկը:
Հայկական անդրազգային քաղաքական ազգի կերտման գործընթացը առաջնորդելու փոխարեն երբեմնի հայկական պետության այսօրվա մնացորդը` հավատարիմ մնալով Երրորդ Հանրապետության ավանդույթներին, փորձում է հայկական աշխարհին էժան արտահանել. ոչ անգամ որպես միջակա մթերք կամ ծառայություն, այլ որպես հումք, և այն էլ` մենաշնորհ ներմուծողի: Թեև ի՞նչ արտահանման և ներմուծման մասին կարող է խոսք լինել, երբ հումքային ավելաճուկը առևտուր է անում իր մետրոպոլիայի հետ: Այդ պատճառով էլ թուրքական հանցախումբը չի ձգտում միավորել համայնքները մեկ համակարգված կառույցի` գործունակ և ազդեցիկ Սփյուռքի մեջ, այլ զբաղված է «Իրական Հայաստան» հորինելով, որը տեղ չունի ո՛չ ազգի այդ արժեքավոր պաշարի, ո՛չ հազարամյա պատմության, ո՛չ պատմական Հայրենիքի, ո՛չ ազգային խորհրդանիշների, ո՛չ էլ ազգային ժառանգության համար:
Ինչպես և Երրորդ Հանրապետության նախկին բռնապետներին, Փաշինյանին պետք է տարանջատ և ըստ այդմ վերահսկելի համայնքների հավաքածու, ոչ թե համախմբված և ազդեցիկ Սփյուռք: Ուստի նա ավելի հեռու է գնում. ոչ միայն օտարում է համայնքներին ազգակերտման գործընթացից, այլ նրանց և նրանց դավանած արժեքները հայտարարում սեփական տապալման պատճառներ, մեղադրում ռևանշիստ և հարևանների հանդեպ թշնամաբար տրամադրված լինելու մեջ: Ասես թե դա հենց այն հարևանները չեն, որոնք մինչ օրս ժխտում են իրենց նախածին մեղքը. Օսմանյան կայսրության ավերակներում երկնած Թուրքական հանրապետության Հայոց Ցեղասպանությունը և Խորհրդային կայսրության ավերակների վրա երկնած Ադրբեջանական հանրապետության հայկական ջարդերը:
Երրորդ Հանրապետության նախածին մեղքերից մեկն էլ հենց այդ ողբերգությունների երախից մազապուրծ եղածների օտարումն էր: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ սանիկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ոչ միայն ստիգմատիզացնել գաղթականներին` այս անգամ հայկական Արցախից, այլ նրանց դուրս մղել դեպի համայնքներ, որոնց էլ իրենց հերթին թուրքահպատակ Հայաստանից բաժանում է անանցանելի պատով: Եվ եթե առաջ խոսքը իբր միայն նրանց մասին էր, ով «Հայաստանը հայրենիք չի համարում» (իսկ այսօր «հայրենիքը» «պետությանը» միակ հակադրողը հենց թուրք գաղութապետն է), ապա այսուհետ Հայաստանի ներքին կյանքից և ապագայից հեռացվում են և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ այն ակտիվ համայնքային կազմակերպություններն ու անձինք, ովքեր համաձայն չեն երևանյան ժամիշխանների կոլաբորացիոնիստական ուղղության հետ:
Գլոբալ հայկական աշխարհը պետականության պահպանման միակ հայակենտրոն երաշխիքն է, որն ապացուցել է իր հզորությունը և ցայսօր մնում է չհնազանդեցված: Այդ պաշարը թուրք-ադրբեջանական տանդեմի ամենակարևոր թիրախն է: Հիշեցնենք. հայկական աշխարհը թուրքական և ադրբեջանական պետական նախագծերի երկունքի նախածին մեղքի գլխավոր վկան է: Նա է նաև նրանց ընդլայնման (այսինքն` աշխարհագրական Հայաստանի լիակատար կլանման) մեծագույն խոչընդոտը: Եվ հարցն այստեղ լոկ թուրք ենիչերիների ախորժակը չէ, ոչ էլ հայ երիտենիչերիների ենթարկվողությունը, այլ այն, թե արդյո՞ք կստացվի այնպես կուլ տալ Հայաստանը, որպեսզի հետո չխեղդվել: Ի հեճուկս Բաքվի, Անկարայի, Երևանի անխոնջ ջանքերի ԱՄՆ «Ազատությանն աջակցման օրենքի» դեռևս կանգուն 907-րդ Ենթաբաժինը Թուրքիայի և թուրքական աշխարհի այդ վերջին երկընտրանքի վառ օրինակ է:
Միայն ռազմավարական հակառակորդի գործակալը կարող է վանել հայկական աշխարհի հսկայական ներուժը ու սեփական հնարավորությունները գիտակցաբար սահմանափակել «Իրական Հայաստանի» ներքին սուղ և արագ սպառվող, թեև ամբողջությամբ վերահսկելի ռեսուրսներով: Եվ սահմանից այնկողմ միակ նույնպիսի գործակալներն են կարող համաձայնել նման դասավորվածությանը:
Գաղութային վարչակազմերն ազգը սահմանափակում են այն բնակչությամբ ու հարկային բազայով, որը գտնվում է անմիջական վարչական վերահսկողության ներքո: Ինքնիշխան պետությունները, իրենց հերթին, ընդլայնում են քաղաքական ազգի սահմանները: Հայաստանն ունի բացառիկ հնարավորություն` բոլոր կայսրությունների սահմաններն անցնելու ու չբախվելու որևէ ցամաքային, ծովային և անգամ տիեզերական պատնեշների: Դրա համար նույնիսկ չափազանց ջանքեր չեն պետք. լոկ չխանգարել ու կոլաբորացիոնիստ հռետորաբանությամբ չզրոյացնել հայկական աշխարհի ջանքերը: Դրա փոխարեն թուրք կոլաբորացիոնիստն ու նրա երիտենիչերիները ավելի են պարփակվում օրեցօր փոքրացող ցամաքային հատվածում ու փոքրոգորեն ուրանում հայկական աշխարհը:
Հայկական Հարցի հաջող փակման միակ երաշխիքը վերջնականորեն տարանջատված ու բարոյալքված հայկական համայնքներն են: Իր համար իդեալական աշխարհում Թուրքիան նրանց նաև կօգտագործի սեփական հավակնություններն իրագործելու համար` տխրահռչակ Հարավային Կովկասի եզրերից շատ ավելի հեռու շրջաններում: Գուցե այդ մտադրությամբ է, որ թուրքական աշխարհը որոշ ժամանակ դեռ կհանդուրժի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական անվանմամբ ռեզերվացիայի գոյությունը ու այնտեղ և նույնիսկ Արևմտյան Հայաստան ներս կքշի ավելի շատ հայեր: Հայկական համայնքների համար ձգողականության կենտրոն չհանդիսացող «Իրական Հայաստանը» սպառնալիք չէ թուրքական ազգային նախագծին: Թուրքիան ԱՄՆ և ԽՍՀՄ-ի միջև «սառը պատերազմի» դասերը բոլորից լավ է սերտել, ուստի գլոբալ առճակատումների այս պտույտում այն ձգտում է տնօրինել սառը զենքը, ոչ թե լինել դրանից խույս տվողի դերում: Իզուր չէ Փաշինյանը Ֆրեյդին հասկանալի ձևով վրիպում` բառացիորեն թուրքական քարոզչության այն թեզը, որ Ցեղասպանության ճանաչումը զենքայնացվում է: Թուրքական դիվանագիտությունն, իհարկե, վախենում է հայկական աշխարհի ազդեցությամբ և կապիտալով զինված Հայաստանից, ոչ թե սրա-նրա կողմից Ցեղասպանության բանավոր ճանաչումից:
Հայկական պետությունը համայն հայկական աշխարհի միջուկն ու անկապտելի արժեքն է, և անկարելի է այն թողնել դիլետանտների և կոլաբորացիոնիստների հանցախմբի հայեցողության, որը հաշվետու չէ ո՛չ Հայաստանի բնակիչներին, ո՛չ էլ դիտավորյալ տարանջատված աշխարհասփյուռ հայկական համայնքներին, որ դեռ պիտի Սփյուռք դառնան: Թուրք գաղութապետ Փաշինյանը, հետևելով թուրք-ադրբեջանական տանդեմի հրահանգներին, շարունակելու է վարկաբեկել գլոբալ հայկական աշխարհը և խոչընդոտել հայակենտրոն դրույթների շուրջ նրա համախմբմանը:
Ի՞նչ կարգի այլասերված տրամաբանություն պետք է ունենալ և որքա՞ն հերքել իրականությունը, որպեսզի հավատալ, որ այլ երկրներում հաջող ինտեգրված և օրեցօր գիտակցաբար հայ մնալու որոշում ընդունող միլիոնավոր հայերը պատմության սխալ կողմին են, իսկ նրանք, ովքեր նրանց արտաքսել են, ովքեր թերևս երեկ կտրում էին հայ ծերունիների ականջները, ովքեր գլխատել են հայ զինվորներին և սովամահ արել հայ մանուկներին, իսկ այսօր պատանդ են պահում տասնյակ հայերի, պղծում մեր սրբությունները ու չեն թաքցնում հետագա ցեղասպան մտադրությունները` «պետականության» կառուցման հարցում «գործընկերներ»:
Այն ամենը, հանուն ինչի մեր նախնիները հազարամյակներ շարունակ թափել են արյուն, քրտինք և արցունք, այժմ ոչնչացվում է կամ վերացման եզին է: Իսկ հայկական աշխարհը համաձայնում է սեփական գոյության «սահմանազատմանը», հնազանդորեն խաղալով հայկական պետության ապամոնտաժման գործում իրեն հատկացրած դերը: Հարմար է, չէ՞, Հայաստանի բնակիչներին միայնակ թողնել ընդդեմ հրեշի, որին միասին կերակրել ենք 35 տարի, և ձեռք քաշել նրանց ապագայից: Փաշինյանը` այդ հրեշի գլուխներից մեկը, նույն գործով է զբաղված: Միայն թե նա գիտի, որ առջևում միայն անդունդ ու հավերժ նզովք է, իսկ մենք դեռ կորցնելու բան ունենք:
Ենթակառուցվածքի զարգացումը ցանկացած կառավարության տարրական պարտավորություն է: Այլ հարց է, թե արդյո՞ք հայերը կկարողանան մնալ Հայաստանում և օգտվել դրանից և թե գրավիչ կլինի՞ Հայաստանը հայկական աշխարհի համար: Նույնիսկ թուրք գաղութապետին հպատակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չհերքեց նույնքան հպատակ Սահմանադրական դատարանում, որ գաղութային վարչակազմի կողմից ազգաբնակչությանը ընծայվող «ողորմությունները», ինչպիսիք են պարտադիր ապահովագրությունը (ոչ համընդհանուր), թոշակների բարձրացումն ու արտոնյալ գյուղատնտեսական վարկերը, հանդիսացել են վարչական ռեսուրսի նախընտրական գործիք:
Այստեղ կարևոր է ընդգծել, որ հենց այդպիսինն է և «Քաղաքացիական պայմանագրի» պաշտպանական գիծը, երբ բարձրացվում է «ընտրություններից» առաջ պետբյուջեի ամբողջ զինանոցը կիրառելու հարցը. «ընտրությունները չեն կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու համար»: Մի կողմից` այս անհեթեթ արդարացումը խոստովանություն է առ այն, որ այդ բոլոր մարմնաշարժությունները ցանկացած կառավարության պարտքն են նրան ընտրած բնակչության առջև, ոչ թե «աղայական» պարգև երեկվա գործազուրկ և անտունների կողմից:
Մյուս կողմից` այդ արդարացումը վեր է հանում մի կարևոր տրամաբանական սխալ, որը փաշինյանական հանցախումբը պարտադրում է հայերիս. «պետություն = կառավարություն» (տե՛ս Միֆ №1, հիշենք նաև թուրք գաղութապետի «Կառավարությունը ես եմ» արտահայտությունը): Այդ գիտակցաբար արվող սխալն առավել ցայտուն է պաշտոնական քարոզչության մեջ և «ով Փաշինյանի դեմ է, պետությանը դեմ է / Ռուսաստանի կողմն է» կարգի թեզերում, ինչպես նաև թուրք գաղութապետի նախասիրությունները չկիսողների նկատմամբ «ինոագենտ» (հենց այդպես, ռուսերեն) պիտակավորումներում: Ի դեպ, «անսպասելիորեն» այդ կարգին են դասվում նաև նրանք, ովքեր ձգտում են հեռանալ Ռուսաստանից. հենց նրանց է Փաշինյանը վերջերս «ինոագենտ» (արտաքին գործակալ) անվանել:
Վերադառնանք այն կոսմետիկ «բարելավումներին», որ մեզ վրա են փաթաթում «նոր կյանքի», «դարաշրջանի», կոռուպցիայի դեմ հաղթանակի և այլ կեղծ բնորոշումներով: Իրականում նման նախագծերը պետական բյուջեի յուրացման և հավատարիմ կուսակիցների ու օլիգարխների խրախուսման հիանալի հնարավորություն են: Մարդի արագ են մոռանում մանկապարտեզների ձգձգվող ու անորակ վերանորոգումը, թե ինչպես նիկոլական «Քաղաքացիական պատերազմի» անդամներն ու նրանց հարազատները այդ անորակ վերանորոգումները ամբողջ երկրով մեկ իրականացնելու պետական պատվերներ շահում, իսկ թուրք գաղութապետի ընկերներն իրենց կյանքը անգամ աճուրդներով ու կեղծ մրցույթներով չեն բարդացնում համայնքային սեփականություն ձեռք բերելիս: Այդ համակուսակցական խնջույքի ֆոնին Փաշինյանը թերակառույց օբյեկտների ժապավեններ է կտրում ու շարասյունով շրջապատված հեծանիվ քշում, մինչդեռ Երևանով երթևեկելը` ոտքով, հեծանիվով, մոպեդով, ինքնագնացով, հեծանիվով, թե մեքենայով, կյանքի համար վտանգավոր է դարձել: Միևնույն ժամանակ «ANIF» հիմնադրամից միլիարդներ գողացած քաղաքագլուխ Տիգրան Ավինյանը, ով ևս «Կյանքի խոսք» աղանդի ջատագով է, շարունակում է անպատիժ փչացնել Երևանի և արվարձանների բնակիչների առողջությունը:
Բացի այդ` երկար ու անհաջող ասֆալտային աշխատանքները արմատականորեն փոխում են լոգիստիկան, շրջանկցիկ ճանապարհներին աննախադեպ խցանումներ ստեղծելով: Երթուղիները ձգձգվում են ժամերով, մեծանում է վթարների քանակը, մարդիկ թանկարժեք ժամանակ (հետևաբար` նաև առողջություն ու գումար) են կորցնում, և այդ ամենը` լոկ հանուն «Քաղաքացիական պայմանագրի» չինովնիկի «օտկատի» (ետհաշվի) ու թուրք գաղութապետի և նրա ոհմակի հպարտ հաշվետվության, իբր թե «նախկինների» օրոք ոչ ոք այսքան չի կառուցել: Ցավոք, նրանք էլ են «կառուցել»` օրինակ, տխրահռչակ «Հյուսիս–Հարավ» ճանապարհը, որին հատկացրած գումարը վերջացավ աշխատանքների ավարտից չափազանց շուտ: Ինչ ճիշտն է, Փաշինյանն էլ հետ չի մնում. Աջափնյակում մետրոյի կառուցմանն ուղղված գումարը նույնպես ծախսվել է մինչև աշխատանքների մեկնարկը: Մի կողմ թողնենք այդ շրջանում ստորգետնյա կոմունիկացիաների նպատակահարմարության հարցը. այդ թեման այլևս կվերակենդանացվի միայն հաջորդ «ընտրություններից» առաջ, եթե այդպիսիք տեղի ունենան:
Քչերին է նաև հետաքրքրում, որ այդ «նոր» ճանապարհները ամեն անձրևից հետո գետերի են վերածվում (լավ է, եթե ոչ կոյուղու վերգետնյա հատվածի), որ Երևանի և ամբողջ երկրի շրջաններից շատերը օրերով առանց ջրի ու էլեկտրականության են մնում, որ ձմռանը Երևանում անհնար է շնչել, թեև այնպես չէ, որ դա ստացվում է անել ամռանը` սաղարթախիտ ծառերը կտրելու և դրանք չնչին սակուրաներով ու հուդայի ծառերով փոխարինելու «շնորհիվ»: Տեսողության ու հոտառության գործարաններին մնում է միայն կարկատած ասֆալտը:
Ավելին` անգամ այն, ինչ կարելի է համարել կոսմետիկ բարելավում, համատարած վնասարարության հետ մեկտեղ իրականացվում է աճող պետական պարտքի ու հարկերի հաշվին` կարճաժամկետ պոպուլիստական խնդիրների լուծման նպատակով, առանց հետևանքների գնահատման: Հայաստանի այսօրվա պարտքը հազիվ պահպանվում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) կեսի սահմաններում, մոտենալով երկրի համար կրիտիկական թվերի: Միևնույն ժամանակ ՀՆԱ-ն արհեստականորեն ուռճացված է` Ռուսաստանից և դեպի Ռուսաստան ապրանքների ռեէքսպորտի (վերաարտահանման) հաշվին, իսկ անվանական ՀՆԱ-ն` դոլարի անհիմն ցածր տարարժեքի հաշվին: Ըստ այդմ ապրանքների և ծառայության արտադրության իրական աճը բավականին սահմանափակ է, իսկ դրան նպաստող արտաքին պայմանները` փոփոխվող:
Ինչ էլ լինի, հայերս դեռ երկար ենք դուրս գալու պետական պարտքի, «Քաղաքացիական պայմանագրի» հարստացման, առանց գործող (այսինքն` հիվանդություններ կանխող, ոչ թե ախտանշաններ մեղմացնող) հանրային առողջապահության մտցրած բժշկական ապահովագրության, թոշակների բարձրացման քողի տակ տրված նախընտրական կաշառքների տակից: Մյուս կողմից` չկա պետություն` չկա և պետական պարտք: Թեև «Իրական Հայաստանում» հակառակ տրամաբանություն է կիրառվում, քանի որ գաղութի միակ ամրակապը ակնթարթային կուշտ կյանքն է:
Այս միֆերից յուրաքանչյուրի քողազերծման վերջում ընթերցողը, հավանաբար, մտորում է. «ինչո՞ւ ենք մենք սա հանդուրժում»: Այդ հարցին մեր պատասխանն է հայկական էթնոսի կրիտիկական իմունային անբավարարությունը: Սակայն այդքան պրագմատիկ հարցում, որքան ճանապարհներն ու դպրոցներն են, երկրորդ հարցն է ծագում. «ընդհանրապես սա մեզ ինչի՞ համար է»: Բանն այն է, որ ճանապարհների ու դպրոցների խնդիրները ունակ են լուծել և տեղական ինքնակառավարման մարմինները: Ազգային կառավարությունը անհրաժեշտ է պետության պահպանման և զարգացման, նրա քաղաքացիների պաշտպանության, աղետների կանխման կամ գոնե հետևանքների մեղմացման համար:
Ասֆալտը հոյակապ բան է, մանավանդ եթե այն որակյալ լիներ: Սակայն Գորիս–Կապան ճանապարհին էլ էր ասֆալտ փռած, իսկ այսօր դրա վրա կանգնած են հայ երեխաներին ահաբեկող ադրբեջանական մաքսակետեր: Ադրբեջանցիները 2022 թ. աշնանն ընդառաջ Արցախն ու Սյունիքը կապող նոր ճանապարհ էին պատրաստել: Հայկական ավտոմեքենաները դրանով երեք ամիս էլ չկարողացան անցնել. ահաբեկիչ պետությունը ձմռանը փակեց այդ կյանքի ճանապարհը: Եվ երբ այն վերջապես վերաբացվեց ինն ամիս անց, Հայրենիքից վտարված հայերի անվերջ շարասյուների անիվների տակ տեղ չմնաց, որ երևա այդ ասֆալտի գեթ մի կտորը: Հարյուր հազարավոր հայեր ամեն ինչ կզոհաբերեին հանուն 1990-2000-ականների այն խորդուբորդ ու երկար Երևան–Ստեփանակերտ ճանապարհի համար, որը միշտ անվտանգ տուն էր բերում` որ կողմ էլ գնայիր:
Նշաձողի տարատեսակ իջեցումները և ազգային ինքնությունից հրաժարվելը «ռեալիզմի» և «անցյալի սխալներից սովորելու» հետ որևէ առնչություն չունեն: Ռեալիզմը երբեք չի նշանակել սեփական շահերից, արժեքներից ու պատմական սուբյեկտայնությունից հրաժարում: Ռեալիզմը հնարավորություններն ու սպառնալիքները սթափ գնահատելու, դրանք օգտագործելու և հաղթահարելու արդյունավետ գործիքներ ընտրելու, աշխարհաքաղաքական ջունգլիներում պետության պահպանման ու ամրապնդման եղանակներ գտնելու ունակությունն է:
Համաշխարհային պատմությունը բոլոր հակամարտությունների ելքի անողոք ու անաչառ վկան է: Այդ հակամարտություններում երբեք որևէ մեկը հաղթող դուրս չի եկել առանց դրանց ներկայանալու: Այնպես է ստացվել, որ բացակա լինելը նրանց չի փրկել: Սեփական նպատակներից, հավակնություններից, պատմական հիշողությունից, խորհրդանիշներից, ինստիտուտներից հրաժարվելը, սեփական առավելությունների ու բնույթի հերքումը ձեռնտու է միայն նրանց, ովքեր դեմ են տարածաշրջանում և աշխարհում հայկական գործոնի գոյությանը: Ողջ է մնում ոչ թե նա, ով իր հարևաններից շուտ է հրաժարվում հավակնություններից, այլ նա, ով ավելի արագ է սերտում սեփական պարտությունների ու ողբերգությունների դասերը, շահագործում է թշնամու թուլությունները, չի կորցնում դիմադրելու ու հաղթելու կամքը:
Լեհաստանն առաջինը զոհ գնաց նացիստական Գերմանիային, բազում բաժանումների է ենթարկվել և մինչ Երկրորդ Աշխարհամարտը: Գերմանական, իսկ հետո նաև խորհրդային օկուպացիային լեհերին չստիպեցին հանձնվել ճակատագրի դառնությանը և հեշտ ճանապարհով գնալ: Հակառակը` նրանք օգտագործեցին պետություն կերտելու առաջին իսկ հնարավորություն` բոլոր պաշարները մոբիլիզացնելով հանուն անդրազգային քաղաքական ազգի կառուցման: Այդ գործընթացը դեռևս չի ավարտվել, սակայն անգամ հիմա դժվար է պատկերացնել, որ Լեհաստանի մոտ կամ ավելի հեռավոր հարևաններից մեկի մտքով կանցնի այդ երկրի դեմ «փոքրիկ հաղթական պատերազմ» պլանավորելը:
Դաժան ճակատագրի քմահաճույքներին չտրվեց և Իռլանդիան: Ազգային մշակույթի, հավատքի և նույնիսկ լեզվի բազմադարյա կեղեքում ու Մեծ Սով, որից միակ փրկությունը նավակով օվկիանոս հատելն էր. այդ ամենը ամերիկյան ազնվականությանը սերտորեն ինտեգրված իռլանդացիներին համոզեց ոչ թե հաշտվել հայրենի հողմալից կղզու դժբախտության հետ, այլ այնպես անել, որ իրենց հայրենակիցների ազատ կյանքի ու ստեղծագործելու նկատմամբ այլևս ոչ ոք ոտնձգություններ թույլ չտա: «Ռեալիստներ» կային և իռլանդացիների շարքերում. նրանց նպատակահարմար չէր թվում կղզու` Մեծ Բրիտանիայի կողմից վերահսկվող ու գերիշխող բողոքչական բնակչությամբ հյուսիսային հատվածի համար պայքարը: Սակայն հանուն մնացած 26 կոմսությունների անկախության Իռլանդիան ջանք չի խնայել. Երրորդ Հանրապետության պես դրանք որպես հաճելի հավելում չի ստացել:
Սակայն անողորմ իրականությունն ապացուցեց վեց հյուսիսային կոմսությունների բնիկ բնակիչներին և ամբողջ կելտական աշխարհին, որ օտարածին վերահսկողությունը, նույնիսկ համեմատաբար քաղաքակիրթ Միացյալ Թագավորության կողմից տրամադրված լայն ինքնավարմամբ, երբեք չի փոխարինի անկախությունը: Այդ գիտակցությանը հաջորդեց երկարատև արյունահեղություն, որը բնիկ իռլանդացիներին չստիպեց «նշաձող իջեցնել» կամ կասեցնել պայքարը` ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր դեպի անկախ, հանրապետական հարավ տեղափոխվելով: Հյուսիսի բնակիչները զգում էին կելտական աշխարհի ամուր թիկունքը: Շատ առումներով դրա երաշխիքը Ատլանտիկ օվկիանոսից այն կողմ բնակվող հայրենակիցների աջակցությունն էր: Այսօր Մեծ Բրիտանիան ստիպված է իռլանդական գործոնի հետ հաշվի նստել բոլոր ներ- և արտաքին քաղաքական հարցերում, զմրուխտե կղզու միավորումն էր կելտական աշխարհի համառության շնորհիվ լոկ ժամանակի հարց է:
Ուստի սխալը չի կարող նպատակի հետ կապ ունենալ. միմիայն դրա բացակայության: Մեր աղետալի դրության մեղավորը ոչ թե ազգային արժեքներն ու հավակնություններն են, այլ Երրորդ Հանրապետության անխտիր բոլոր ղեկավարները, որ երբեք չհետևեցին այդ իսկ արժեքներին ու հավակնություններին, իսկ հաճախ նաև դրանց դեմ գործեցին: Ահա հայության դեմ նրանց հավաքական հանցագործությունների ոչ սպառիչ ցանկը.
- Հայաստանի և Արցախի Միացումից, Արցախի ապագայի համար ռազմաքաղաքական պատասխանատվությունից հրաժարում,
- բանակաշինության և սեփական ռազմարդյունաբերության ստեղծման տապալում,
- համազգային ինստիտուտների վիժեցում` Հայ Եկեղեցու գլխավորությամբ,
- արտաքին գործակալների ցանցերի վխտման թույլտվություն,
- հովանավորների և մետրոպոլիաների, ոչ թե դաշնակիցների որոնում,
- Արցախի հանձնում և հայաթափում,
- հայկական համայնքների Հայաստանից օտարում,
- Սփյուռքի դերակատարության սահմանափակում` բացառապես «կթան կովի» կարգավիճակով:
Ինչպես տեսնում ենք, թուրքական հանցախմբի ամեն մի արարքը իրականում հակասել է հայտարարվող կամ մեր կողմից ենթադրվող նպատակներին: Այսօր ազդարարված է նոր նպատակ. պահպանվել մնացած («խաղաղասեր» հարևանի կողմից մասնակի օկուպացված հողի կտորը: Դա, իհարկե, բավականին բարի նպատակ է, սակայն անվերջ զիջումները ամբողջ պատմության ընթացքում երբևէ նման ելքի չեն հանգեցրել:
Վերջիվերջո, նման նպատակ ունակ է դնել ցանկացած ոք: Ինչի՞ համար է մեզ նման կոլաբորացիոնիստ ու ոչ կոմպետենտ կառավարություն, եթե այն լոկ հերթով զիջելու է հայ էթնոսի ծագման կենսատարածքի պատառները` դրանում մեղադրելով հայկական աշխարհի պասիոնարների տարածական հավակնությունները: Պետությունն ու ղեկավարությունը պետք են կարմիր գծեր սահմանելու և պաշտպանելու, բարդ և երբեմն անհնար թվացող խնդիրներ լուծելու համար: Եթե կառավարության գործառույթը գաղութարարների սպառնալիքները բնակչությանը բառացիորեն լսեցնելն է ու զավթիչներին իրավացի հանելը, ապա այն լոկ ավելորդ միջնորդ է: Աշխարհում բազում այլ երկրներ կան, որտեղ կարելի է հացով կերակրվել ու իսկապես լավ ասֆալտով մեքենա վարել:
Նախ` քաղաքական մրցակցությունը որոշվում է ոչ թե բեմադրված «ընտրություններին» մասնակցող տկար հավակնորդների, դիլետանտների և պատմականորեն հայկական աշխարհի շահերի բազմիցս փաստագրված դավաճանների քանակով, այլ գաղափարների և ապագայի այլընտրանքային տեսլականների մրցակցությամբ: Երրորդ Հանրապետությունում այդպես էլ չձևավորվեցին կուսակցություններ, պառլամենտարիզմ, քննարկումների մշակույթ: Ազգային ժողովի վերջին երկու ընտրությունների արդյունքները արտացոլում են Հանրապետության անկամն աստիճանն ու նրա ֆեոդալ-կլանային համակարգի իրական բնույթը: Միակ ասպարեզները, որտեղ կուսակցական խմբավորներն իսկապես մրցում են, օլիգարխիկ ֆինանսավորման չափսերն են ու արվող արտահայտությունների անհեթեթությունն ու կոպտությունը:
Ոչ ոք չվիճարկեց թուրք գաղութապետի «խաղաղության օրակարգը», որովհետև սեփական իմաստներ կերտելը ժամանակատար զբաղմունք է: Այլ բան է «խաղաղություն» բառին լոկ սեփական ածականներ ավելացնելը, իսկ հետո դրա «դասական», «օրիգինալ» տարբերակը ընտրածներից տրտնջալը: Դրա պատճառով է, որ «առաջին ընդդիմադիր ուժի» համար մեկից վերցրած թուրք կոլաբորացիոնիստի գլխավոր պրոպագանդիստի հարցազրույցը գրեթե հնարավոր չէր տարբերել թուրքական «Քաղաքացիական պայմանագրի» անդամի հետ հարցազրույցից: Չեն արծարծվում հայկական պետականության համար առանցքային հարցեր. Սյունիքի վերաբերյալ վերահսկողությունը, «անկլավների» հանձնումը, ներգաղթն ու արտագաղթը, տեղահանված արցախահայության ապագան, ազգակերտումն ու Սփյուռքը: Միայն «ես կանեմ այն ամենը, ինչ Փաշինյանն է անում, բայց ավելի լավ», և ով գիտի, թե ինչ է նշանակում այդ «լավը»:
Երկրորդ` հայկական քաղաքական դաշտը երբեք այսքան տոչորված չի եղել, որքան հիմա, Երրորդ Հանրապետության մայրամուտին: Տեր-Պետրոսյանը կեղծեց «ընտրությունները» նախագահական մրցավազքում երկրորդ փուլից խուսափելու համար, անգամ առավել ավոտորիտար Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փուլի միջով անցավ, իսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը վիճարկվեց առաջին իսկ օրվանից մինչև ամենավերջինը. նա ստիպված էր մշտապես պատասխանել Արցախի և կոռուպցիայի հետ կապված անհարմար հարցերի, թեև հազվադեպ էր համոզիչ պատասխանում: Ի վերջո, Սարգսյանի օրոք է, որ «խորհրդարան» անցավ Փաշինյանը, որն էլ հետագայում նրան «գահընկեց» արեց: Փաշինյանի ստերջ «խորհրդարանում» նման փաշինյաններ չկան: Շեշտենք, որ թուրք գաղութապետի ֆոնին այդ ավելի շահավետ համեմատությունները որևէ կերպ չեն նշանակում, որ նրա նախորդների կառավարման ներքո Հայաստանում պլյուրալիզմ կամ քաղաքական հանդուրժողականություն է տիրել: Դա զուտ ցուցադրություն է, թե որքան ցածր է նա ընկել անգամ նրանց հետ համեմատ:
Երրորդ` կոլաբորացիոնիստ Փաշինյանի կառավարման 9-րդ տարում օլիգարխիկ ԶԼՄ-ները շարունակում են հանգիստ անել իրենց գործը, մինչդեռ քննադատաբար տրամադրված քաղաքացիներին ձերբակալում են այնպես, ասես թե նրանք արյունալի հանցագործ են: Ռոբերտ Քոչարյանը հայության և Հայաստանի դեմ իր բոլոր հանցագործություններից հետո փաստացիորեն «վերականգնված» է «Իրական Հայաստանում»<w:t xml:space="preserve">` սեփական ԶԼՄ-ների աշխատանքների և թուրք գաղութապետի անատամ կշտամբանքների շնորհիվ: Փաշինյան–Քոչարյան (կամ – Սամվել Կարապետյան, շատերի համար տարբերություն չկա) երկերգը քաղում է Հայաստանի կարտելային կառավարման պտուղները: Երկուսն էլ քաջ գիտակցում են, որ նրանց քաղաքական գոյությունը պայմանավորված է միմիայն տվյալ «մրցակցի» գոյությամբ, ուստի նրանց փոխշահավետ է դիմացինին շարքից չհանելը: Այդ իսկ պատճառով հանցագործ Քոչարյանը ազատության մեջ է և անխոչընդոտ ֆինանսավորում է ԶԼՄ-ներ ու կուսակցություններ, մինչդեռ Ալեն Սիմոնյանի նման երիտենիչերիների հասցեին վիրավորանքներ հնչեցնելը ակնթարթորեն պատժվում են կոպիտ ձերբակալմամբ: Նույնիսկ եվրոպական իրավապաշտպանները, որ շատ բաներ են ներում թուրք գաղութապետին, քննադատում են ոչ բռնի հանցագործություններում մեղադրվող, հանրային անվտանգությանը սպառնալիք չհանդիսացող քաղաքացիների զանգվածային կալանավորումները:
Վերջապես, այն, ինչ կոլաբորացիոնիստներն անվանում են գաղափարների «մրցակցություն», հասցված է լոկ «նախկին–ներկաների» մակարդակի, որտեղ երկու աղանդ փորձում են մյուսից ավելի մոտիկ հայտնվել պետական բյուջեին ու ապագա թուրքական ներդրումներին, վերահսկել դատավորներին և պահպանել պատգամավորական անձեռնմխելիություն: Ուստի օլիգարխիկ խմբավորումներից ոչ մեկը շահագրգռված չէ Երրորդ Հանրապետության ճահճի առողջացմամբ, ինչպես նաև թուրք գաղութապետի գահավիժմամբ, ինչպես և նա չէ կամենում բախվել կոմպետենտ ու համբավով մրցակցի: Ֆեոդալ-կլանային համակարգը ցնցումների և նոր դեմքերի կարիք չունի` խնդիրը եղածների միջև պետականության մնացորդները բաժանելն է ու օֆշորներում պահպանելը:
***
Հայկական արդիականության բոլոր վերոնշյալ երևույթները հայկական պետականության և հայկական աշխարհի վրա սրընթաց շարժվող այսբերգի լոկ գագաթն են: Անցած աղետների դասերը այդպես էլ սերտած չեն, ուստի փրկամակույկներ գրեթե չկան, իսկ այն եզակի ուղևորները, որ հասկանում են քարտեզները և ունակ են նավ վարելու, կամ քնած են, կամ վիճում են, թե որքան հարմարավետ ու սիրուն է արդյոք տախտակամածը «նոր» նավապետի օրոք:
Կարելի է շարունակել ինքներս մեզ համոզել, որ ճեղքվածքը դեռ այդքան ել մեծ չէ, իսկ «նավապետը» ամեն ինչ վերահսկում է: Կարելի է սպասել, մինչև ջուրը կհեղեղի և նոր վերանորոգված տախտակամածը: Իսկ կարելի է այլևս նավախցիկում չթաքնվել ու վերջապես սեփական ձեռքերն առնել ղեկանիվը:
Ժամանակակից աշխարհը անվտանգության բազում կանոններով է պարտական «Տիտանիկի» խորտակմանը: Դրանցից մեկն է յուրաքանչյուր նավում մշտապես արթուն հերթապահ ունենալը` պատրաստ ընդունելու աղետի ազդանշանը: Եթե հայկական աշխարհը ի վերջո լսի այդ ազդանշանը և ղեկանիվին կանգնեն հսկայական նավ կառավարելու ունակ մարդիկ, մենք դեռ շանս կունենանք օրերից մի օր կառուցել հյուսիս-իռլանդական «Տիտանիկ–Բելֆաստին» մեր պատասխանը` կրկին հայկական Շուշիում: Այդ թանգարանը պատմելու է ոչ թե հերթական հայկական «Տիտանիկի», թշնամական Տիտանի կամ անգամ Գողիաթի կործանման մասին, այլ թե ինչպես հայկական աշխարհը կարողացավ կանխել իր վրա ահագնացող վերջնական աղետը` անշրջելիորեն դառնալով սեփական պատմության հեղինակը:
