Ինչպես և կանխազգուշացնում էինք, Հայաստանի և Սփյուռքի միջև Բեռլինյան պատն արդեն վերածվում է լիարժեք երկաթե վարագույրի:
Օրերս երևանյան պսևդոխորհրդարանը, թուրքական կուրորտներում վաստակած հանգստի չվելուց առաջ, օրենք ընդունեց, որի համաձայն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք երկրում չեն գտնվի ընտրություններին նախորդող տարվա կեսից ավելին, կզրկվեն քվեարկության իրավունքից:
Հստակեցնենք. խոսքն անգամ այնպիսի «դժվարություններ» կրելու մասին չէ, ինչպիսին է զինապարտությունը: Հայոց բանակին 2, 3 տարի ծառայած քաղաքացու` երկրի 5, 10, 20 տարվա ապագան ընտրելու իրավունքը կախված կլինի լոկ նրանից, թե նա հասցրեց անհրաժեշտ տեղում «ճիշտ» պահին գտնվել, թե չէ:
Ինչ խոսք, ֆեոդալ-կլանային համակարգն, ինչպես միշտ, հավատարիմ է սեփական բնույթին: Նախ Լևոն Տեր-Պետրոսյանն լիովին մեկուսացվեց հին Սփյուռքին` հայկական աշխարհին զրկելով նորաստեղծ հայկական պետության հետ կապված որևէ իրավասությունից: Ապա Ռոբերտ Քոչարյանն արգելեց արդեն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին քվեարկել դեսպանատների տարածքում կամ հեռավար կերպով (օրինակ, փոստով): Սերժ Սարգսյանն իր ճաշակով մի ամբողջ նոր սահմանադրություն հորինեց և դրանում կրկին Սփյուռքի համար առանձին արժանավայել տեղ չգտավ, սակայն հաջողեցրեց թքել վերջինիս դեմքին` ցեղասպան Թուրքիայի հետ Ցյուրիխյան արձանագրություններով ու «ֆուտբոլային դիվանագիտությամբ»: Ի վերջո, թուրք գաղութապետ Փաշինյանն ինքն իրեն ազատեց քաղաքավարության վերջին կապանքներից` փակելով «Սփյուռքի» պսևդոնախարարությունը, վաճառքի հանելով այն ամենը, ինչի համար պայքարել է հայկական աշխարհը, և գաղութային «Իրական Հայաստանում» Սփյուռքը առանց քաշվելու օրենքից դուրս հայտարարելով:
Ուստի այս օրինաչափ քայլը զարմանալի չի կարող լինել: Եվ անգամ այս հարցում պսևդոընդդիմությունը խաղակցեց Փաշինյանին: Ինքնաթիռներից ու օդանավակայաններից մի քանի տեսանյութ, Ռուսաստանի հայերին տոմս առնելու առաջարկով մի երկու հրապարակում, և ահա պատրաստ էր աշխարհի բոլոր ծայրերում բնակվող ՀՀ քաղաքացիներին քաղաքացիական իրավունքներից զրկելու հակասահմանադրական որոշման լեգիտիմացումը: Ձեռի հետ նաև հավելյալ թիրախավորեցին ռուսաստանաբնակ հայերին որպես հանրություն, բայց սա լոկ «բոնուս» էր: Մեկ էլ տեսար, նոր գումարման «խորհրդարանում» դրա համար պարգևավճար կտան: Դե իսկ թուրքահպատակ «սահմանադրության» և հայկական պետականության վերջնական ապամոնտաժման լեգիտիմացումը դեռ առջևում է:
Այնպես որ բոլորը խիստ զբաղված են և դեռ շատ անելիք ունեն, իսկ հայ ուսանողներն ու պրոֆեսիոնալները, որ դրսում մարդկային, սոցիալական ու ֆինանսական կապիտալ են կուտակում` մի երկիր վերադառնալու համար, որը հերթական արտահերթ ընտրություններից հետո կարող է վերանալ, թող չխանգարեն իրենց երկարաժամկետ ծրագրերով: Եթե «Իրական Հայաստան», ապա ակնթարթային հաց ու տեսարաններ: Իսկ վաղվա օրվա մասին մտածել հանդգնողների մուտքն այնտեղ արգելված է: Չէ՞ որ այսօրվա աշխարհագրական Հայաստանում հայրենասիրության գագաթնակետը հարկ վճարելն է և կողքից նայելը, թե ինչպես է այն նախանձելի հաճախականությամբ լցվում ասֆալտի նույն փոսերը:
Ասֆալտապատման աշխատանքները լավ են երևում, մանավանդ եթե դրանք կատարելու համար 2-3 ամսով ճանապարհներ ու կամուրջներ ես փակում: Հայաստանում ինչ ասես երևան է հանած, բացի հայերի ու Հայաստանի քաղաքացիների իրավունքներից:
Մենք բազմիցս ենք գրել, որ գլոբալ հայկական աշխարհն ամեն կերպ մեկուսացնելու են հայկական պետությունից` և՛ դրսից, և՛ ներսից: Գուցե գոնե հիմա նրանք, ովքեր գլուխները ավազում թաղել են` մեր նախնիների հարյուրավոր սերունդների փափագած ազգային նախագիծը վստահելով «հարկատուներին», միացնե՞ն իրենց ինստիտուցիոնալ և գենետիկ հիշողությունը և վերհիշե՞ն, թե ինչպես և ինչու նրանց նախնիները հերթով հայտնվեցին Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Սյունիքի, Արցախի տարածքից անդին:
Գուցե բավարար ջանադիր կերպո՞վ չեն վճարել օտար կառավարիչների սահմանած հարկերը; Կամ գուցե նույն եռանդով արժեր կերտել սեփակա՞ն պետությունը, ոչ թե սնուցել ուրիշներինը: Կամ գուցե վերջին «ընտրություններին» պետք էր ավելի՞ ակտիվ քվեարկել` հարյուր հազարավոր հայերի անգամ ֆորմալ քվեի իրավունքից զրկելու օգտին:
Առկա համակարգի պայմաններում մենք այլևս էքսպերիմենտների և «բարեփոխումների» շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ: Երրորդ Հանրապետության փլատակներում արդեն չեն տեղավորվում անգամ նրա նոր` կարմիր, առանց Արարատի Խոր Վիրապով անձնագրի կրողները:
Ընտրելու իրավունք՝ միայն թուրքական քարոզչության ծածկույթի տարածքում
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
