Հիմնական պատճառները
Ազգային ազնվականության բացակայությունը որպես ինստիտուտ, որն ունակ կլիներ կանխատեսել քաղաքական կատակլիզմները և կառուցել իր ժողովրդի ու քաղաքակրթական ժառանգության պաշտպանության արդյունավետ ռազմավարությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հայկական պասիոնար ռեսուրսը՝ առանձին անհատների և որոշ կազմակերպությունների տեսքով, ցրված էր ամբողջ աշխարհով մեկ և չուներ որևէ կենտրոնական հենակետ, միասնական ազգային գաղափարախոսություն, նպատակներ և դրանց հասնելու ճանապարհային քարտեզ։ Սեփական ազգային հիմքի բացակայությունը հանգեցրեց նրան, որ այդ պասիոնար ռեսուրսը պատրաստ չէր գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ դառնալով առանձին տերությունների սառնարյուն խաղի հարմար գործիք։ Արդյունքում՝ կույր ժողովրդական մեծամասնությունը հայտնվեց թշնամու թակարդում, որն առանց էական աշխարհաքաղաքական հետևանքների ոչնչացրեց 1,5 միլիոն հայերի և սկսեց ոչնչացնել հայկական քաղաքակրթության բազմադարյա կրոնական և մշակութային ժառանգությունը։
Հայ մտավորականության պատմական կուրությունը և ռեֆլեքսիայի լիակատար բացակայությունը: Այսպես կոչված հայ մտավորական շրջանակները Օսմանյան կայսրությունում և վաղ հետկայսերական Թուրքիայում անկեղծորեն հավատում էին, որ տեղի կառավարիչները բարձր են գնահատում հայերին և պատրաստ են նրանց տրամադրել բազմաթիվ ազատություններ և արտոնություններ՝ որպես «հավատարիմ ժողովրդի»։ Արդյունքում՝ Ցեղասպանությունը սկսվեց հենց այդ մտավորականության ներկայացուցիչների գնդակահարությամբ, որոնք նույնիսկ չէին կասկածում, որ պոտենցիալ թիրախ են։ Եվ դա տեղի ունեցավ՝ չնայած 1894-1896 թվականների ողբերգական փորձին (սուլթան Աբդուլ-Համիդ II-ի օրոք հայերի զանգվածային ջարդերին)։ Այդ ժամանակաշրջանում հայ մտավորականության շատ ներկայացուցիչներ նույնպես սպանվեցին կամ ձերբակալվեցին։ Ոչ մի դաս (նույնիսկ մակերեսային) չէր քաղվել, ինչի վկայությունը դարձան 1915-1923 թվականների իրադարձությունները։
Արտաքին փրկչի հույսը:
Աշխարհի տարբեր մասերում` Ռուսական կայսրությունից մինչև եվրոպական միապետություններ ապաստանած հայ մտավորականությունը, ամենքն իր տեղում իր հենց իր բնակության երկիրն էր դիտարկում որպես հայ ժողովրդի պոտենցիալ փրկիչ և միակ դերակատար, որն ի վիճակի է վերականգնել անկախ Հայաստանը։ Դարեր շարունակ հայկական օրակարգը ձևավորվում էր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից, իսկ տեղական հայկական էլիտար խմբավորումներն օգտագործվում էին որպես այդ օրակարգի լոբբիինգի և քարոզչության գործիք։ Բոլոր այդ կենտրոնների ուղերձը մեկն էր՝ «միայն մենք կարող ենք փրկել հայերին և Հայաստանը»։ Կայացած տերությունների քաղաքական ազնվականությունը արհեստականորեն աճեցված տեղական հայ մտավորականների միջոցով ներշնչում էին հայ ժողովրդին, որ նրա փրկությունն ու բարգավաճումը ոչ մի կերպ կախված չէ իրենից (հայերը ոչնչի ընդունակ չեն)։ Արդյունքում՝ ներքին պառակտման խորացում, սեփական օրակարգի ինքնուրույն մշակման անկարողություն, ժողովրդի ապագայի ՝ արտաքին փրկչի շրջանակներից դուրս տեսլականի բացակայություն։ Միակ բանը, որ ընդհանուր էր աշխարհի տարբեր մասերի հայ մտավորականների համար՝ ինչ-որ մեկի կողմից փրկվելու և ինչ-որ մեկից կախված լինելու անհրաժեշտության համաձայնությունն էր։
Հիմնարար հետևանքներ
Թուրքական ազգային նախագծի հաղթանակը հայ ժողովրդի, հայկական պատմության և հայկական ժառանգության ավերակների վրա: Օսմանյան կայսրության փլուզումից հետո թուրքերը նույնպես հայտնվեցին մեծ տերությունների աշխարհաքաղաքական նշանառության տակ (Արևելյան հարց, այնուհետև թուրքական հարց)։ Ի տարբերություն հայերի, նրանք կարողացան ժամանակին դուրս գալ արտաքին հիպնոսից և իրենց խիստ սահմանափակ պասիոնար ռեսուրսը մոբիլիզացնել Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) անձի շուրջ, ով պատասխանատվություն վերցրեց իր ժողովրդի և կործանման եզրին գտնվող երկրի ճակատագրի համար։ «Ընդհանուրն ավելի կարևոր է, քան սեփականը» բանաձևը թույլ տվեց նրան մշակել թուրքերի՝ որպես քաղաքական ազգի, և փոփոխվող աշխարհում իր գործառույթներով արդիականացված Թուրքական Հանրապետության ամբողջական ռազմավարություն և ապագայի տեսլական։ Օգտագործելով հայկական էլիտար խմբերի անհամաձայնությունը, միամտությունը, ժլատությունը և կողմնակալությունը՝ Աթաթուրքը կարողացավ արժեզրկել անկախ Հայաստանի նախագիծը (վիլսոնյան Հայաստան)՝ հմտորեն օգտագործելով մի կողմից եվրոպացիների և ամերիկացիների, մյուս կողմից եվրոպացիների և վաղ խորհրդային ղեկավարության միջև աշխարհաքաղաքական հակամարտությունը։ Արդյունքում՝ մեծ տերությունների կողմից ճանաչված Թուրքիայի Հանրապետության կայացում և Առաջին Հայկական Հանրապետության կործանում, որը զոհաբերվեց (պարտվողի ճակատագիրն է այսպիսին)։
Չսովորած դասեր. Սփյուռքի և հայկական օրակարգի գաղութացում: Հայ մտածողների և մարտիկների մեծամասնությունը հայտնվեց արտագաղթի ճանապարհին՝ իրենց շուրջը ձևավորելով առանձին բջիջներ՝ ուրույն նեղ գաղափարախոսությամբ։ Ավանդական կուսակցությունները՝ «Դաշնակցությունը», «Ռամկավար Ազատականը» և «Հնչակը», զբաղվեցին ոչ թե միավորման գործընթացով, այլ նետվեցին պայքարի՝ հանուն օտար ափերում փրկություն գտած հայերի մտքերի, սրտերի և ռեսուրսների։ Միլիոնավոր սպանված հայրենակիցները, կորսված ժառանգությունը և կորցրած պետականությունը նույնիսկ այնպիսի մեծ անհատականություններին, ինչպիսիք էին Պողոս Նուբարը, Անդրանիկ Օզանյանը, Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը, Շահան Նաթալին, չստիպեցին սխալների շուրջ խորը աշխատանք կատարել, հաղթահարել ներքին տարաձայնությունները և անցնել միակ կարևոր և անհրաժեշտ աշխատանքին՝ ազգային ազնվականության, ազգային օրակարգի և ազգային ռազմավարության ձևավորմանը։ Դաժան քաղաքական ռեալիզմի տեսանկյունից հայկական պասիոնար ռեսուրսը ոչնչի պիտանի չգտնվեց և հերթական անգամ դարձավ արտաքին ուժերի ձեռքին գործիք, որոնք շարունակեցին ինքնուրույն ձևավորել իրենց համար անհրաժեշտ հայկական օրակարգը։ Միասնական քաղաքական սփյուռքի կառուցման փոխարեն (գործընթաց, որը նույն ժամանակաշրջանում սկսեցին հրեաները և իռլանդացիները), մենք ստացանք գաղութացված համայնքներ, որոնք ենթարկվում էին արտաքին շահերին։ Թուրքիային զգալի չափով բավարարում էր ուժերի այս դասավորությունը, քանի որ նրա՝ որպես պետության գլխավոր խնդիրը կայանում էր ինքնուրույն և ինքնաբավ հայկական գործոնի (ազգային ազնվականության) ի հայտ գալը թույլ չտալու մեջ։
Հերթական բաց թողնված հնարավորությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները հնարավորություն էին ընձեռում վերանայել նախկին պայմանավորվածությունների արդյունքները, որոնք կնքվել էին Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի շրջանակներում (Առաջին համաշխարհային պատերազմից հետո)։ Թուրքիայի Հանրապետությունը հիտլերյան Գերմանիայի դաշնակիցն էր և պատերազմի տարիներին նյութական աջակցություն էր ցուցաբերում Երրորդ ռայխին, ինչպես նաև իր տարածքը տրամադրում էր լայնածավալ հետախուզական գործունեության համար։ Թուրքերը նաև ավելացնում էին իրենց ռազմական ներկայությունը Խորհրդային Հայաստանի սահմաններում՝ սպասելով ԽՍՀՄ-ի տարածք ներխուժելու հարմար պահի։ Վերմախտի բարձրաստիճան սպաները վերապատրաստում էին թուրքական բանակի սպաներին, իսկ վերմախտի կազմում առանձին էթնիկ խմբավորումներ վերապատրաստվում և բուժում էին անցնում թուրքական քաղաքներում։ Խորհրդային ղեկավարությունը, Սպիտակ տունը և բրիտանացիները քաջ տեղյակ էին Թուրքիայի Հանրապետության՝ Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի արդյունքի, «լուռ, բայց ակտիվ» դերի մասին։ Երրորդ ռայխի պարտությունից հետո Մոսկվան վճռականորեն տրամադրված էր վերանայել Առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված Մերձավոր Արևելքի սահմանները։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակը արդյունավետ օգտագործելու ունակ հայկական ազգային վերնախավի (և, համապատասխանաբար, ռազմավարության և օրակարգի, ինչպեսին, օրինակ, Աթաթուրքն էր Առաջին համաշխարհային պատերազմում) բացակայությունը, թույլ տվեց թուրքերին ոչ միայն ջրից չոր դուրս գալ, այլև դառնալ մարդկության պատմության մեջ խոշորագույն անվտանգության համակարգի մասը՝ ի դեմս Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)։
Ցեղասպանության պատճառների չսովորած դասերը և դրանց հետևանքների իմաստավորման բացակայությունը հանգեցրեցին դրա շարունակման հետևյալ պայմաններին.
Անկախության իմաստի և դրա համար պատասխանատվության ընկալման բացակայություն։ Հայաստանի Հանրապետության անկախացումը և Արցախի ազատագրումը պետք է ոգեշնչեին Երրորդ Հանրապետության «հայրերին» և հայկական աշխարհի առանցքային դեմքերին իրենց անցյալի հայեցակարգային վերլուծության անհրաժեշտության և ազգային ազնվականության ստեղծման ռեժիմին անցնելու համար։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ էական բնական ռեսուրսներից զուրկ և պատմական հակառակորդների (Թուրքիայի՝ արդեն կայացած տերություն, և Ադրբեջանի՝ նրա բնական շարունակության) միջև սեղմված փոքր հանրապետությունը ունի միայն մեկ պաշար՝ մարդկային։ Սակայն, որպեսզի այդ ռեսուրսը հնարավորություն ունենար աշխատել հանուն ազգային շահերի, այն անհրաժեշտ էր բացահայտել (կատարել գլոբալ հայկական ներուժի գույքագրում), համակարգել և ներգրավել։ Իրականում, փոխանակ ազգային և պետական շինարարության, երկրում ընթանում էր կլանային ֆեոդալական համակարգի ձևավորում, որը հայկական համայնքների ներսում իրեն գտնում էր իրավիճակային դաշնակիցներ։ Արդյունքը՝ տոտալ դեգրադացիա. ֆեոդալներ՝ պետական գործիչների փոխարեն, առևտրականներ՝ ազգային բուրժուազիայի փոխարեն, միջին բյուրոկրատիա և մանր «չինովնիկություն»՝ պրոֆեսիոնալ ինստիտուտների փոխարեն, ֆիզիկական տարածք՝ պետականության փոխարեն և ժողովուրդ՝ ազգի փոխարեն։
Հայաստանի թուրք-ադրբեջանական գաղութացումը: Տասնամյակների դեգրադացիայի և թուլացման արդյունքում` երկիրը վերածվեց օտարերկրյա հատուկ ծառայությունների, ոչ առևտրային հարյուրավոր կազմակերպությունների և աղանդավորական խմբերի հարմար փորձադաշտի։ Ցեղասպանության ժամանակներից ի վեր ոչինչ չի փոխվել. իմաստները և նարատիվները (պատումները, ազգային օրակարգը) ձևավորվում էին արտաքին խմբերի և նրանց գործակալական ցանցերի կողմից, իսկ տեղական ֆեոդալները, հանուն իշխանության և նյութական բարիքների պահպանման, խաղում էին օտար օրակարգի կատարողների դեր։ Արդյունքը՝ նեխած ֆեոդալական համակարգի վախճան և երկրում թուրքամետ կոլաբորացիոնիստական ռեժիմի հաստատում՝ «դեղին» լրագրող Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գլխավորությամբ, որը բաղկացած է կողմնապահ ոչ առևտրային կազմակերպությունների և աղանդավորական հաստատությունների անդամներից։ Հանձնվեց Արցախը, որտեղից վտարվեց ողջ հայ բնակչությունը, վերցվեց հայկական ինքնության (հատկապես նրա կրոնական բաղադրիչի՝ ի դեմս Եկեղեցու ինստիտուտի), հայկական պատմության (հատկապես Ցեղասպանության պատմության) և հայկական ինքնիշխանության ջնջման ուղղություն (սեփական իմաստների, սեփական պատասխանատվության և ինքնաբավության ոչնչացում)։
Այսպիսով՝ եզրակացությունը պարզ է. հայերը դեռևս չեն ընդունել և չեն ճանաչել 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության փաստը։ Ցեղասպանության պատճառների և հետևանքների համար պատասխանատվության ճանաչումը և ընդունումը աստիճանական առողջացման, դարավոր հիպնոսից դուրս գալու և մշտական գոյատևման ռեժիմից ստեղծարարական ռեժիմին անցնելու առանցքային պայմանն է։
