Վերջերս մեր ընթերցողներից (համախոհներից) շատերն են մի հետաքրքիր և չափազանց կարևոր հարց հարուցում. արդյո՞ք մենք` հայերս, ինչ-որ նշանակություն ունենք մարդկության համար և ի՞նչ ենք կարող նրան առաջարկել որպես ապագա ազգ:
Նման հարցադրմանն առաջին, բավական կանխատեսելի արձագանքը կլիներ անիմաստ և անօգուտ փիլիսոփայական վիճաբանություններ հարուցելու մեջ մեղադրանքը: Մինչդեռ իրականում այդ հարցն ունի կենսական նշանակություն:
Ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես առաջացել որպես յուրօրինակ քաղաքակրթություն եւ ո՞րն է մեր հավաքական գոյության իմաստը:
Այդ հարցի պատասխանը անցնում է տեսական փիլիսոփայության սահմանները, քանի որ սահմանում է մեր արժեքային և գործառնական կիրառելիությունը: Սակայն մինչդեռ այն ձևակերպելը առաջադրենք մի կարևոր սկզբունք. ամեն մի գոյի ծնունդն իմաստ է կրում, իսկ մահը` դառնում այդ իմաստը ճանաչելու, ընդունելու ու արդյունավետորեն օգտագործելու անընդունակության հետևանք: Մենք բազմիցս նշել ենք, որ յուրաքանչյուր ազգի առաքելությունը իր ժառանգության պահպանումը, պաշտպանությունն ու հարստացումն է: Ժառանգությունը որպես կառույց բաղկացած է երկու հիմնական տարրից` մշակույթից (լեզվից, կրոնից, սովորույթներից և ավանդույթներից) ու պատմությունից (հաղթանակներից և նվաճումներից, պարտություններից և ողբերգություններից): Մենք, որպես հավաքական կենսագործունեության հավաքական վիթխարի փորձի տիրապետող ազգ, 21-րդ դար ենք հասել մեր ինքնօրինակ ժառանգությամբ, որն իր հետքն է թողել մոլորակի բոլոր անկյուններում:
Ինչո՞վ է յուրօրինակ այդ ժառանգությունը: Առաջին` այն կրում է կառուցողական բնույթ: Այլ կերպ ասած` մենք որպես ժողովուրդ ձևավորվել ենք արարչական (կառուցողական), ոչ թե կործանարար (ապակառուցողական) գործունեության արդյունքում: Մեր ամբողջ էպոսն ու պատմությունը արարչության, ինտեգրման և ամրապնդման մասին է: Մենք զավթիչներ չենք, ոչ էլ ստրկացնող կամ դահիճներ: Ունենալով դրա բոլոր հնարավորությունները, մենք երբևէ չենք ստեղծել պանարաբիզմի, պանօսմանիզմի, պանթյուրքիզմի, պանսլավիզմի կամ Pax Romana-յի նմանօրինակներ:
Այսպիսով արձանագրենք, որ հայերը տիեզերքի կարևոր կառուցողական տարր են, որն արդեն իսկ արժեքավոր է: Եվ այս աշխարհում մեր գոյությունն անհրաժեշտ է առնվազն արարչության և քայքայման աշխարհայացքների (հայեցակարգերի) միջև հավասարակշռությունը պահելու համար: Հենց մեր էթնոսի ծագման և ձևավորման օրրանում` Արարատ լեռան շուրջ է վերսկսվել ինքը` կյանքը Սոդոմի և Գոմորի կործանումից հետո (Արարատը կառուցողական հայեցակարգն էր): Մեր նախապապը` անհնազանդ Հայկը, հաղթեց ստրկացնելուն և ոչնչացնելուն ձգտող Բելին: Փոքր Մհերը (Սասունցի Դավթի որդին) կողպված է քարայրում և այնտեղ մնա մինչև նոր, արդար աշխարհի վերածնունդ ու կայացումը:
Թերահավատ երիտենիչերիները, որոնք սիստեմատիկ կերպով վիժեցնում են մեր ինքնությունն ու սեփական ուժերին մեր հավատը, կասեն, որ այս ամենը լոկ միֆեր և առասպելներ են: Երևի դրա համար է թուրքական աշխարհը արդեն երկրորդ դար շարունակ փորձում մեզ հանել իր ճանապարհից և ամեն ինչ անում, որպեսզի Մհերը քարանձավից այդպես էլ դուրս չգա` սկզբից Արևմտյան Հայաստանում, որտեղ նա էլ մնաց մեկուսացված, հետո` Արցախում, իսկ հիմա` նույնիսկ կեղծ «իրական Հայաստանում»: Սակայն կարևոր է մի այլ բան. և՛ էպոսը, և՛ դիցաբանությունը իրականության պտուղն են, իսկ դրանց առկայությունը` հասարակության բարձր զարգացման և բարդացման նշան, որը ամենևին բոլոր էթնոսները չեն կարող դրսևորել: Իսկ միֆերը որպես բացարձակ բացասական երևույթ են ընկալվում միմիայն անկիրթ, հիվանդագին ստախոսների կողմից:
Եվ ինչքան էլ վերջիններս չարչարվեն, «իրական Հայաստանը» երբեք էպոսի մաս չի կազմի, քանի որ էպոսը դարերով սերնդեսերունդ գրվող պատմություն է, քանի որ էպոսը միշտ երկունքի և դրա իմաստի մասին է, ոչ թե դրանից հրաժարվելու և ստանձնած առաքելությունից հրաժարվելու: Էպոսը ժողովրդի հույսերի, արժեքների, ձգտումների, այս աշխարհում իր տեղի և դերի մասին է: Էպոսն անհնար է թելադրել դեղին ԶԼՄ-ների և հանրային հեռուստատեսության միջոցով: Ի վերջո, էպոսը ապագային ուղղված պատմություն է, իսկ թուրքական գաղութը չի կարող առաջինս ունենալ: Հայկական քաղաքակրթությունն իր էպոսի ձևավորումն ավարտել է դեռևս առնվազն 10-րդ դարում, մինչև իր բնօրրանում թուրքերի հայտնվելը` նրանց համար այլընտրանքային ավարտի տեղ ու հնարավորություն չթողնելով:
Երկրորդ` մենք ներկայացնում ենք սանձող էությունը, այս աշխարհի յուրօրինակ մի կատեխոն, որը կոչված է թույլ չտալու կործանման և քաոսի հաղթանակը: Մեր նախորդ հոդվածում մենք անդրադարձել ենք այն փաստին, որ Մեծ Մերձավոր Արևելքում հատվում են ամբողջ մարդկության քաղաքակրթական զարկերակները: Հայտնի է, որ այնտեղ և գտնվել նաև աստվածաշնչյան դրախտը, որտեղ մարդն առաջին անգամ ուխտազանցություն գործեց` կործանարար ուժի հնարքներին տրվելով: Մեր քաղաքակրթական օջախը` Հայկական բարձրավանդակը, բոլոր հնարավոր իմաստներով այդ տարածաշրջանը դրսից քայքայումից պաշտպանող բնական պատնեշ է:
Այն, որ մասնավորապես Մերձավոր Արևելքի և գլոբալ աշխարհակարգի համընդհանուր վերափոխումը հերթական անգամ սկսվեց մեզնից, ամենևին չի նշանակում, որ մենք դատապարտված ենք ուժի կերնտրոնների հակամարտության մեջ խաղազինվոր լինել: Ընդհակառակը` դա ապացուցում է, որ մենք թերանում ենք մեր գործառնությունը կատարելու` կործանարար ուժերին զսպելու և դիմագրավելու մեջ:
Հայկական գործոնի թուլացումը չափազանց թանկ է նստում տարածաշրջանի երկրների և ամբողջ աշխարհի վրա, քանի որ չկա իրանա-իսրայելական հակամարտության սրացումից չտուժած գեթ մի պետություն: Կարելի է շարունակել հերքել իրականությունը և աջուձախ տարածքներ ու ազդեցություն բաժանել` հույս տածելով, որ ինչ-որ մեկը մեր փոխարեն կպահի հրթիռներով լցված այս երկրակամարը: Սակայն ֆիզիկայի օրենքներն աննկուն են պատրանքների առաջ. անհնար է կանգուն մնալ, երբ ճնշումը միայն ուժեղանում է, իսկ հենման մակերեսը` շարունակաբար նվազում:
Նվազագույն խնդիրը հենարան ձեռք բերելն է` մինչև երկնակամարը կընկնի մեզ վրա: Հայկական դիցաբանությունը Ատլասի նմանօրինակը, ուստի մենք միայն հավաքական ուժերով կկարողանանք կարգի բերել ինքներս մեզ, ապա և փխրուն աշխարհը: Վերջիվերջո, այլապես մեր հավաքական գոյությունը իսկապես իմաստ չէր ունենա: Արարչությունը կպահանջի ուժ, կարգապահություն և արագ մոբիլիզացման ունակություն: Վերջապես այն կպահանջի, որ ինքներս մեր առաջ անկեղծ լինենք. մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ միամիտ գործունեություն ու կեղծ կողմնորոշիչներ: Արդար աշխարհը, որին մենք կոչված ենք ձգտելու և հանուն որի մեզ կրկին կմիանա Փոքր Մհերը, հնարավոր կլինի կերտել միայն պաշտպանելով սեփական ժառանգությունը: Ընկնող ինքնաթիռում սկզբից սեփական դիմակն են հագնում, միայն հետո` սիրած զավակի: Իսկ մենք կամավոր զոհաբերում ենք մերը` հանուն ոչ թե զուտ օտարի, այլ թշնամու բարգավաճման:
Մեզ համոզում են, որ մենք փոքր ժողովուրդ ենք` դատապարտված այլ` կործանման և հպատակեցման հակաարժեքները կրող ուժերի գարշապարի տակ մնալու: Եվ որքան շատ են մեզ փորձում համոզել ու հպատակեցնել, այնքան ակնհայտ է դառնում նրանց հուսակտուր վիճակը: Ժամանակն է պատռել այդ արհեստական պատումը (նարատիվը) և վերադառնալ նրան, ինչ մեզ մոտ լավագույնն է ստացվում` հավերժականի կառուցմանը: Այս անգամ մեզ սպասում է ազգի և պետության կերտումը: Միայն այդպիսի առաջնահերթություններով մենք կպահպանենք այսուհետև կառուցելու իրավունքն ու հնարավորությունը:
