1994 թվականից ի վեր Երրորդ Հանրապետության կայացման ու զարգացման պատմությունը անդուլ դավաճանության, դիլետանտության և դեգրադացիայի պատմություն է։ Պետականամետ պասիոնարների առաջին սերնդի զգալի մասը կա՛մ նահատակվեց Արցախյան գոյամարտի ժամանակ, կա՛մ վերացվեց 1999 թ. հոկտեմբերին խորհրդարանում իրագործած ահաբեկչության ընթացքում։ Այնուհետև միանգամայն կանխատեսելի սցենար էր. ազգային-պետական շինարարության փոխարեն՝ ֆեոդալ-կլանային համակարգի կայացում, պետական այրերի ու կառավարիչների փոխարեն՝ ցածրորակ չինովնիկ-պոլիտիկանների դասակարգ, արարչության փոխարեն՝ իմիտացիա։ Երկիրը վերածվեց քայլող դիակի, որն ամեն ձև փորձում էր ինքն իրեն ներշնչել, թե ողջ է, այդքան էլ վատ տեսք չունի, երբեմն նույնիսկ գրավիչ է ու ունակ է օգտակար և ակտիվ լինել։
Ապրողների քաղաքական աշխարհը քայլող դիակներով բնակեցրած զոմբիլենդից տարբերվում է երազանքի առկայությամբ։ Երազանքը մետաֆիզիկական կատեգորիա է, որը որոշում է ռազմավարական գիտակցությունը։ Առանց դրա անհնար է որոնել իմացաբանական հարցերի պատասխանները. ովքե՞ր ենք մենք, ի՞նչ է հայկականությունը և ո՞րն է նրա լոգոսը։ Այս ճանապարհը խրթին է, վտանգավոր, փշոտ և պահանջում է լուրջ հոգևոր ու մտավոր կարգապահություն։ Կա այլ, ավելի պարզ լուծում՝ հրաժարվել որևէ մետաֆիզիկական կատեգորիաներից և ծնկի գալ կեղծ կուռքի՝ հեդոնիզմի առջև։ Այդ դեպքում զգալիորեն պարզեցվում է նաև նպատակը. պետք է ընդամենը բոլորին վերածել համախառն ներքին արդյունքի սպասավորների, սպառողների ու աննպատակ քաղքենիների։ Ո՞ւմ համար, հանուն ինչի՞, և ո՞րն է նման ընտրության իմաստային բեռը՝ բարձրաձայնելու ենթակա հարցեր չեն, քանզի խոսքը ոչ թե իմաստավորված կենսագործունեության, այլ սովորական կիսամակաբուծային գոյություն քարշ տալու մասին է։
Ինչո՞ւ մտածել թշնամու հոշոտմանը մատնված հազարամյա մշակութային հուշարձանների՝ քո յուրօրինակ ժառանգության կենդանի պատմական վկաների մասին, եթե կարելի է ուրախանալ սնկի պես աճող տգեղ բնակելի համալիրներով, որտեղ դժվար թե իրեն կարողանա բնակարան թույլ տալ հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը՝ ի տարբերություն Nvidia-ի օտարերկրյա աշխատակիցների, ում մտքով երբեք չի անցնի Եռաբլուր այցելել։ Ի՞նչ իմաստ ունի նորից ու նորից վրդովվել՝ վերապրելով 2023 թվականի ամոթի ու խայտառակության բերձորյան ճանապարհը, որը արցախահայության համար դարձավ տեղահանման ճանապարհ` այն տնից, որը նրանց նախնիները դարեր շարունակ գիտակցաբար սերտել են իրենց քրտինքով ու արյամբ։
Շատ ավելի հաճելի է նայել Երևանի կենտրոնի կիսափայլուն ճանապարհային ծածկույթին՝ ուրախանալով, որ դրանով կարելի է անցնել կառավարական շարասյան զրահապատ մերսեդեսով՝ իր աննպատակ ճանապարհին անպատիժ վրաերթի ենթարկելով երիտասարդ հղի կնոջ։ Ի վերջո, ինչի՞ համար էր պետք այս «պետությունը», ամբողջ աշխարհով մեկ հարյուրավոր փքված այտերով կազմակերպությունները, Էդուարդո Էռնեկյանները, Նուբար Աֆեյանները, Սերժ Թանկյանները և 1915 թվականի ցեղասպանության ճանաչման մասին տասնյակ փիառված բանաձևերը, եթե ի վերջո մենք ստացանք դեր-զորյանից հետո լոկ ևս մեկ ամոթի ու խայտառակության ճանապարհ։
Աշխարհի տարբեր մասերում և տարբեր դարաշրջաններում հարյուրավոր ժողովուրդներ մղել են արյունահեղ ճակատամարտեր, խլել ուրիշների կյանքեր ու տառապանք կրել՝ հանուն սեփական երկիր ունենալու իրավունքի։ Հիմնականում առկա էր միևնույն պարզ շարժառիթը՝ ունենալ ձևաչափ, որի շուրջ կարելի կլիներ կառուցել սեփական տնտեսական ու հասարակական ու մշակութային կենցաղը։ Որոշակի աշխարհագրական շրջանակներում գծված սահմանները, ինչ-որ հրապուրիչ ուժ ունենալով, ստեղծում էին սեփական ճակատագիրը վերահսկելու գրեթե կատարյալ պատրանք։ Սակայն պատմությունը բազմիցս ու անողոք կերպով ցույց է տվել, որ միայն ձևի առկայությունը՝ առանց հիմնավոր բովանդակության, մի լումա չարժե։ Բայց դարձյալ՝ ինչո՞ւ անդրադառնալ այս թեմային։ Ինչո՞ւ նորից ու նորից հարցնել, թե ինչո՞ւ «պետությունը» չկարողացավ լուծել այն խնդիրը, հանուն որի էլ ստեղծվել էր։ Պարզապես պետք է ընդունել ու ուրախանալ, որ Արցախից արտաքսված հայերը ստացել են բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատներ (հիմնականում՝ վարկերի հաշվին հավելավճարի անհրաժեշտությամբ և «ճիշտ» կոդով հայկական անձնագրի համար նվաստացուցիչ հերթերում կանգնելուց հետո), և շնորհակալ լինել խորհրդային գլխավոր շտաբին, որը մի անգամ օղու ազդեցության տակ պարզապես գծեց աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի սահմանները։
Երկրորդ ճանապարհն ընտրածների աչքում այդ հակասություններն էական չեն, չէ՞ որ խորհրդային գլխավոր շտաբն անգնահատելի ներդրում ունեցավ երկու եղբայրական ժողովուրդների միջև երկար սպասված խաղաղության գործում, որոնց միջև թշնամանքը սերմանել էին Խորհրդային Միության անհեռատես հայր-հիմնադիրները։ Թուրքիան, որը հրաժարվում է ճանաչել 1915–1923 թթ. հայերի դեմ կատարված հանցագործությունը և իր պետությունը կառուցել է հայկական աշխարհի ավերակների վրա, դառնում է «հայկական պետության» «գործընկերը» (իրականում՝ մետրոպոլիան), այն պետության, որն ի սկզբանե ստեղծվել էր Անկարային՝ Հայկական հարցը մեկընդմիշտ փակելու նրա ձգտման մեջ զսպելու։ Եվ ահա արդեն Արարատ անունով մի «նախարար» համառորեն պատմում է տեղի քաղքենիներին, իբր թե Արարատ լեռը՝ հայ ազգի բնօրրանը, չպետք է լինի «չորրորդ հանրապետության» (նույն ինքը՝ «իրական Հայաստանի») նոր կենսաչափական անձնագրերում, քանի որ դա հարմար չէ անկարացի եղբայրներին։ Իսկ Ռուսաստանի հետ «ռազմավարական դաշինքը» այլևս արդիական չէ բնավ ոչ այն պատճառով, որ Մոսկվան զինում էր Ադրբեջանին և Անկարայի հետ միասին մասնակցեց Արցախի հայաթափմանը, այլ որովհետև այդպես կամեցան Եվրոպայից հասած նորաթուխ «ընկերները»՝ վիզաների ազատականացման պատրանքի և քաղաքակիրթ արևմտյան աշխարհի իսկական անդամ կոչվելու հնարավորության դիմաց։
Արցախ բառն արտասանողներին լռեցնելն ու հետապնդելը այլևս ոչ թե Ադրբեջանի, այլ «հայկական պետության» քաղաքականությունն է, այն պետության, որը ժամանակին երկնել էր «Միացում» շարժումից՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման գաղափարական հայեցակարգից։ Նման հանգամանքներում իմաստ չունի նույնիսկ դնել «լինե՞լ, թե՞ չլինել» հարցը, քանի որ աշխարհագրական Հայաստանը չցանկացավ լինել «Միացումից ծնված հայկական պետություն», չդարձավ «ցեղասպանության չկրկնվելու երաշխավոր», «համայն հայության երկիր և հայկական աշխարհի ճարտարապետ»։ Այս ամենը ներկա ժամանակով արդեն չի էլ լինելու։ Բայց լինելու է «իրական Հայաստանը», նույն ինքը՝ «Nvidia կորպորացիայի փայլուն ապակիներով աշխարհաքաղաքական հասարակաց տունը», նույն ինքը՝ «չորրորդ հանրապետությունը, որի ռազմավարական ենթակառուցվածքը հանձնվում է առցանց խաղատան սեփականատիրոջը», նույն ինքը՝ «բոլորի համար երկիրը՝ բացի հայերից, հայոց պատմությունից ու Արարատից»։ Այս երկրում չեն ողջունվում ժառանգությունը, պատիվն ու արժանապատվությունը, սակայն որպես առավելություն են դիտարկվում մետրոպոլիային հավատարմությունը, վախկոտությունը, երկմտանքն ու «խաղաղության» մեջ ապրելու ցանկությունը, նույնիսկ եթե վերջինս նշանակում է նոր «ընկերներին, գործընկերներին ու եղբայրներին» զիջել առաջին գիշերվա իրավունքը։
Աշխարհագրական Հայաստանի ֆեոդալ-կլանային վերևները, ներառյալ տարատեսակ գաղութային կառավարիչներին, և հայկական աշխարհի այն ներկայացուցիչները, որոնք տասնամյակներ շարունակ լեգիտիմացրել են քայքայման ու դեգրադացիայի այս գործընթացը, ընտրեցին իրենց ճանապարհը։ Սա մեր տեսակետը չէ, ոչ էլ ենթադրություններ ու տեսություններ. սրանք չոր փաստեր ու արդյունքներ են։ Անկարելի է սնվել պատրանքներով. այս փուլում աշխարհագրական Հայաստանը, նույն ինքը՝ «իրական Հայաստանը», նույն ինքը՝ «չորրորդ հանրապետությունը», զրկված իմաստներից, գործառույթներից ու ռազմավարական գիտակցությունից, դատապարտված է կործանման։
Բայց սա դեռ հեռու է վերջից, և չպետք է ողբերգություն համարել մի բանի վախճանը, որը թուրքական նյութից պատրաստված բազմաբնակարան շենքերն ու Nvidia-ն գիտակցաբար վեր է դասում Արցախից, պատմությունից, հիշողությունից ու արժանապատվությունից։ Չմոռանանք. խոսքը քայլող դիակի մասին է, որը պարզապես ձևացնում է, թե ողջ է, կամ էլ ինքն իրեն ներշնչել է, որ ողջ է։ Սակայն նրա մահը բնավ չի նշանակում հայկական աշխարհի կործանում, ինչպես փորձում են ներկայացնել աշխարհագրական Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս գտնվող դիլետանտները։ Իսրայելն ու Իռլանդիան հակառակի կենդանի ու գործող հաստատումներն են։ Նրանք վեր են հառնել մոխիրներից, կառուցվել ու պահպանվել են իրենց գլոբալ ազգային ազնվականությունների կողմից։ Նախկինում անտեր, խելահեղ ստեղծագործ ու կործանարար ներուժ ունեցող հայկական աշխարհի համակարգման ու կառուցվածքավորման գործընթացը արդեն իսկ մեկնարկել է, և այն անպայման կհանգեցնի միայն մեկ արդյունքի՝ իմաստավորված հայկական սուբյեկտայնության ծննդին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Շարունակելի…
