Հոգու և խղճի հանձնումը

Քանի դեռ ազգի հոգին ու խիղճը ձևավորող սկզբունքները շարունակում են մնալ իշխանությունների կողմից պաշտպանվող կողմնորոշիչներ, երկիրը գոյատևելու շանս ունի նույնիսկ ամենակրիտիկական պայմաններում:

Ինչո՞ւ են կոլաբորացիոնիստները ցանկանում փոխել Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը

Ցանկացած անկախ երկրի քաղաքացիների ամենակարևոր միավորող տարրը Անկախության օրն է։  Այս օրը մարդիկ հպարտություն են զգում սեփական պետությունում ապրելու և ստեղծագործելու հնարավորություն ունենալու համար, պատմում են իրենց երեխաներին դրա համար պայքարածների մասին և թե որքան կարևոր է հիշել դա: Ցանկացած իշխանության կարևորագույն գործառույթներից մեկը, անկախ նրա նեղ կուսակցական-գաղափարական ուղղվածությունից, այդ զգացմունքների վերարտադրման համար պայմանների պահպանումն ու ստեղծումն է։  Անկախությունն արդեն ոչ թե քաղաքականության, այլ համազգային արժանապատվության մասին է, որը սակարկման ենթակա չէ։  Այդ արժանապատվությունը սահմանող սկզբունքները ամրագրված են Անկախության հռչակագրում։  Այդքանը հասկանալու համար բավական է ընթերցել հայկական Հռչակագրի նախաբանը, որը բացվում է հետևյալով. «գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում»: Խոսքը պետության հոգու և խղճի մասին է, և քանի դեռ դրանք ձևավորող սկզբունքները շարունակում են մնալ իշխանությունների կողմից պաշտպանվող կողմնորոշիչներ, երկիրը գոյատևելու շանս ունի նույնիսկ ամենակրիտիկական պայմաններում:

Այս տարվա փետրվարին Երևանում կոլաբորացիոնիստական կառավարության ղեկավարը հայտարարեց, որ Անկախության հռչակագիրը, որում խոսվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին, խոչընդոտ է «խաղաղության» ճանապարհին:

Ավելին` նա կրկնեց Բաքվից և Անկարայից հնչող այն սպառնալիքը, թե միացման հայեցակարգը հռչակագրում պահպանելու դեպքում հայերին նոր պատերազմ է սպասվում։  Արցախը հանձնված է, բանակը կազմալուծված ու լուծարված, տեղի բնակչությունն ամբողջությամբ վտարված իր տներից, իսկ հայկական քաղաքակրթության հետքերը հետևողականորեն ոչնչացվում են։

Այս ամենն ուղեկցվում է միջազգային հանրության կողմից ցուցադրական անտեսմամբ։  Թվում է, թե լիակատար հաղթանակ է, մնում է միայն այն զետեղել անվերապահ կապիտուլյացիայի և գաղութացման ակտում, որը կոլաբորացիոնիստները «խաղաղության պայմանագիր» են կոչում։ Բայց թուրքական աշխարհը դրանով չի բավարարվում. ինչո՞ւ։ Նրանք գիտակցում են, որ իրենց բոլոր «ձեռքբերումները» հայ առանձին քաղաքական խմբավորումների ապազգային ու դիլետանտ քաղաքականության արդյունք են, որոնք ոչ մի օր չեն նվիրել ազգակերտման ու պետականաշինության խնդիրներին:

Թուրքիան և Ադրբեջանը քաջատեղյակ են հայկական ներուժի մասին և չեն ցանկանում ապագայում բախվել դրան կազմակերպված ու համակարգված վիճակում։  Այստեղից է բխում նրանց առաքելությունը՝ կազմաքանդել հայկական աշխարհի գոյության և ինքնության հիմքում ընկած իմաստները, որոնցից հիմնականը երկուսն են` 1915 թվականի Ցեղասպանության պատմական հիշողությունը և Արցախի ազատագրումը։  Վերջինս կարևորագույն նշանակություն ունի, քանի որ Միացման հայեցակարգը ցեղասպանության պատմական հիշողության պաշտպանության գործառույթը կատարող անկախ Հայաստանի իմաստային ալֆան ու օմեգան է։  Առանց դրա հայկական համայնքները վերջնականապես կապակողմնորոշվեն ։  Նրանց հայկականությունը կսկսի մարել, քանի որ կոչնչացվի հայ լինելու իմաստը և իրենց հայ զգալու անհրաժեշտությունը։  Այդ առաքելությունը իրականացնելու համար լուծվում են մի շարք կոնկրետ խնդիրներ, այդ թվում ՝ Անկախության հռչակագրի տեքստի փոփոխությունը։  Եթե Անկարան, Բաքուն և երևանյան կոլաբորացիոնիստները կարողանան այն հաղթահարել, ապա Հայաստանը կդառնա սեփական Անկախության հռչակագիր ճշգրտումներ մտցրած պատմության մեջ առաջին երկիրը։

Նման քայլը ոչ միայն խայտառակ արարք է, այլև բաց հայտարարություն ամբողջ աշխարհին, որ հայերն անցել են վերջին փուլին ՝ հայկական ինքնիշխան պետականութան կառուցման շուրջ իրենց միավորող իմաստների հանձնմանը:

Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը կզրոյացվի, և նրա բեկորների վրա կգրվի գաղութացված Հայաստանի նոր պատմությունը, որտեղ 1915 թվականի ծրագրված ցեղասպանությունը կկոչվի հայ ազգայնականների պատճառով տեղի ունեցած ընդհանուր ողբերգություն, չի հիշատակվի «Նեմեսիս» գործողությունը, արցախահայությունը կհայտարարվի երրորդ երկրների հանցակից և խաղաղասեր Ադրբեջանի դեմ պատերազմի մեղավոր, Իսկ Արցախի հերոսներ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը և այլք կհայտարարվեն բարբարոսներ և ահաբեկիչներ: Նոր սերունդները բարձրագույն կրթություն են ստանալու Ստամբուլում և Անկարայում թուրքական կառավարական դրամաշնորհների հաշվին, իսկ ադրբեջանական նավթային ընկերություն SOCAR-ը բարձրացված կրթաթոշակների հայտեր է ընդունելու առավել աչքի ընկած տղաների համար, որպեսզի նրանք համալրեն նոր Հայաստանի կադրային ռեզերվը: Ժամանակի ընթացքում կփոխվի երկրի կրոնաժողովրդագրական պատկերը և արդյունքում կձևավորվի նոր նեղ հայկական ինքնություն, որը կլինի թուրքական կայսերական ինքնության շարունակությունը:

Բացի բուն Հռչակագրից, կոլաբորացիոնիստները Սահմանադրության փոփոխության խնդիր ունեն: Ժամանակին այն կարվել էր ըստ Նախագահ Սերժ Սարգսյանի անձնական կարիքների, քանի որ նա ցանկացավ իր կառավարումը երկարաձգել արդեն վարչապետի «կոստյումով»։  Ձևականորեն 2015 թվականի հանրաքվեից հետո Հայաստանը կտրուկ անցում կատարեց նախագահական կառավարումից դեպի խորհրդարանական։  Մեկնարկեց խորհրդարանական հանրապետության ձևավորման գործընթացը մի երկրում, որտեղ չկար պառլամենտարիզմի մշակույթի (անկախ կուսակցություններ, քաղաքական մրցակցության մշակույթ, զսպումների և հակակշիռների համակարգ) առկայության նույնիսկ նշույլ։  Բովանդակությամբ իշխանությունը մնաց նույնքան անձնավորված, իսկ համակարգը՝ ֆեոդալ-օլիգարխիկ։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում քննադատում էր Սահմանադրությունը, դարձավ երկրի միանձնյա կառավարիչ։ Սարգսյանի համար կարված «իշխանական կոստյումն» այնքան դուր եկավ նախկին «սկզբունքային ընդդիմադիրին», որ նա մոռացավ այնտեղ մեկ մարդու բացարձակ իշխանությունը սահմանափակող կենսական նշանակություն ունեցող փոփոխություններ մտցնելու կարևորության մասին։

Այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանն իր հարցազրույցներում և ելույթներում հաճախ էր խոսում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ որպես քաղաքականության, տնտեսության, կրթության և այլ ոլորտներում հիմնարար բարեփոխումների և վերափոխումների պայման: Նույնիսկ 2020 թվականի պատերազմում երկիրն ու հայությունը քաղաքական և բարոյահոգեբանական սուր ճգնաժամի մեջ մտցրած պարտությունից հետո Փաշինյանը շարունակում էր անտեսել համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը։  Նույն Սարգսյանը հանդես եկավ «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» ծրագրային հոդվածով, որտեղ առաջարկեց համաշխարհային մակարդակի պրոֆեսիոնալ տեխնոկրատներից կազմված ժամանակավոր կառավարություն ձևավորել (քաղաքական շահեր չհետապնդող համայնքային հայերից)։  Ի պատասխան նրա դեմ հետապնդումներ կազմակերպեցին, որպեսզի էլ չմտածի նախաձեռնություն հանդես բերել և շարունակի մնալ սիմվոլիկ և ձևական ստորագրություններ դնող նոտար։

Այսպիսով, ներկայիս կոլաբորացիոնիստները, չցանկանալով կիսել իրենց իշխանությունը, խստորեն մերժեցին երկրի վերափոխմանը և հզորացմանն ուղղված բոլոր առաջարկներ:

Հիմա իրենք են սկսել խոսել «Չորրորդ Հանրապետության» հայեցակարգի և երկրի Հիմնական օրենքի ձևափոխման մասին։ Բայց դիրքորոշման փոփոխությունը բնավ սխալների վրա խոր աշխատանքի կամ քաղաքական իմաստության հասնելու հետևանք չէ։  Սա մետրոպոլիայի ՝ թուրքական աշխարհի պահանջներից մեկն է։  Ներկայիս Սահմանադրության մեջ, որը վկայակոչում է Անկախության հռչակագիրը որպես հայկական պետականության աղբյուր, առկա են Անկարայի և Բաքվի համար անընդունելի մի շարք ձևակերպումներ: Այսպես, 18-րդ հոդվածում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:»: Իր բոլոր կառուցվածքային ու ֆունկցիոնալ թերություններով հանդերձ, ՀԱԵ-ն միակ համահայկական հոգևոր ինստիտուտն է և հայ ժողովրդի պատմական հիշողության կարևոր պահպանողը: 19-րդ հոդվածը ընդգծում է պետության դերը հայկական ինքնության (լեզվի, պատմության և մշակույթի) պահպանման գործում: Այժմ այդ կետերը պետք է կոլաբորացիոնիստների որոշմամբ չեղյալ հայտարարվեն։

Այդ մտադրությունները քողարկելու համար նրանք Սարգսյանի երբեմնի առաջարկած «Չորրորդ Հանրապետության» հայեցակարգն են բնակչությանը սաղացնում՝ հույս ունենալով այդկերպ ապահովել պատմական համազգային և պետական դավաճանության համար իրենց ալիբին և նախկին նախագահին թուրքական գաղութացման գործակից սարքել։  Ընթանում է «մեղավորների» որոնում և գալիք աղետի համար ցանկացած պատասխանատվությունից խուսափում։

Թողնել մեկնաբանություն