Եվրոպայում երեսնամյա պատերազմը [1] (1618-1648) ավարտեց 1517 թվականի Ռեֆորմացիայի [2] գործընթացը և վերջ դրեց res publica gentium cristianurum (քրիստոնյա ժողովուրդների հանրապետության) մոդելին, որը հիմնված էր Եվրոպայում Հռոմի Պապի քաղաքական գերակայության վրա: Բազում դարեր շարունակ Հռոմի Պապը ընկալվում էր որպես միակ ինքնիշխան, և տեղական արիստոկրատիաները՝ ի դեմս թագավորների, կոմսերի և դքսերի, նրա վասալներն էին՝ զրկված քաղաքական որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավունքից: Մարտին Լյութերի կրոնական հեղափոխության արդյունքում առաջացած բողոքականությունը պայմաններ ստեղծեց հարաբերությունների այլընտրանքային համակարգի ձևավորման համար: Այս այլընտրանքը կռանվել է եվրոպական առաջին կրոնական (Երեսնամյա) պատերազմում, և դրա սկզբունքները ամրագրվել են Մյունստերի և Օսնաբրյուկի խաղաղության համաձայնագրերում (1648 թվականի Վեստֆալյան խաղաղություն): Նոր մոդելը հաստատեց կաթոլիկությունից տարբերվող արժեքային մի հիմք, որից ծնվել են ապակենտրոնացման, դավանանքի ազատության [3], մասնավոր սեփականության և պատասխանատվության բաժանման սկզբունքները։ Բողոքականությունը, լինելով նոր առաջադեմ կրոնական դավանանք, կրոնը երկրորդ պլան մղեց՝ գերակայություն տալով աշխարհականությանը (կրոնի և պետության տարանջատմանը):
Այսօր աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը աշխարհիկ է, բայց դա ամենևին չի նվազեցրել պետության և կրոնի միջև հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ բանավեճերի աստիճանը: Պետություն ասելով՝ մենք հասկանում ենք ճկուն և դինամիկ զարգացող կարգավորիչ, որը սահմանում է ներքին և արտաքին հարաբերությունների կառուցման հատուկ երկրային կանոններ։ Կրոնը ծայրահեղ պահպանողական ինստիտուտ է, որն իրեն դիրքավորում է որպես միջնորդ` ֆիզիկական երկրային և անտեսանելի աստվածայինի միջև: Այն օբյեկտը, որի շուրջ կառուցված են վերը նշված երկու ինստիտուտները, մարդն է՝ հանցավոր, ագահ և եսասեր արարած, որը ձգտում է ամեն գնով տիրանալ երկրային ամեն ինչին, բայց միևնույն ժամանակ ներում ստանալ հավերժական կյանք ապահովող «վերևից»: Պետությունը օրենքներ է ստեղծում և ստիպում է պահպանել դրանք՝ ունենալով բռնություն գործադրելու մենաշնորհ։ Այն վերաբերում է մարդու ուղեղին, որը պետք է հաշվարկի խախտման հետևանքները (աշխարհիկ դատաստան), մինչդեռ կրոնը գործ ունի հոգու հետ (Աստծո դատաստան): Այսպիսով, պետությունն ու կրոնը, ինչպես հոգին ու ուղեղը, անհնարին են առանց իրար և անբաժան են, ուստի բովանդակային տեսանկյունից աշխարհիկությունը դառնում է բավականին լղոզված սկզբունք:
Պատմությունը լավագույնս ցույց է տալիս այս անհրաժեշտ փոխկախվածությունը։ Այսպիսով, Հին Եգիպտոսում քրմերը ենթակա էին փարավոնին, բայց հենց նրանք էին ապահովում նրա` բոլոր կենդանի արարածների վրա իշխանության երկնային անվիճելիությունը: Հռոմեական կայսրերն ու հունական թագավորներն իրենց աստվածների հետնորդներ էին համարում, Ճապոնիայի տիրակալները մինչև վերջերս ընկալվում էին որպես արևի աստվածուհի Ամատերասուի որդիներ։ Ֆրանսիացի հանրապետական պետականամետ, քաղաքացիական օրենսգրքի հեղինակ և աշխարհիկության մոլի կողմնակից Նապոլեոն Բոնապարտը կաթոլիկությունը հայտարարեց ֆրանսիացիների մեծամասնության կրոն, քանի որ հոգևոր ինստիտուտի առկայությունը կենսական նշանակություն ուներ ազգի և պետականության կառուցման գործում: Նա չէր ամաչում այդ մոտեցումից և նույնիսկ բացահայտ հայտարարում էր, որ Քրիստոսը օգտակար է պետությանը։ Նա ստեղծեց Մեծ Ֆրանսիայի գաղափարախոսությունը, ուստի արիստոկրատիան և մարդկանց մեծ մասը՝ զինվորներից մինչև գյուղացիներ, պետք է նրան դիտարկեին ոչ թե որպես սովորական կորսիկացու, ով բարձրացավ մինչև բրիգադի գեներալ, այլ Աստծո օծյալ: Նույն մոդելն ունեին եվրոպական այլ երկրներ, ներառյալ Ռուսական կայսրությունը, որը դարեր շարունակ հենվում էր «Ուղղափառություն։ Ինքնակալություն: ժողովրդայնություն» գաղափարախոսության վրա: Նույնիսկ Միացյալ Նահանգների առաջադեմ հանրապետական նախագիծը կառուցվել է բողոքական պուրիտանական էթիկայի և Աստծո կողմից` ամերիկյան ազգին հանձնարարած հատուկ առաքելության վրա:
Հայկական նախագծի և կրոնի միջև պատմականորեն յուրահատուկ կապ է ձևավորվել: Տիգրան Մեծ արքայի կառուցած հայկական կայսրությունը պետության մի օրինակ էր, որի կրոնական ինքնությունն իր մեջ ներառում էր մ.թ.ա. II-I հազարամյակների Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի հավատալիքները: Տիգրանը դասական զրադաշտականության և պարսկական մազդաիզմի հայկականացման քաղաքականություն է վարել՝ ստեղծելով իր հսկայական կայսրությունով մեկ սփռված տարբեր ցեղերին, ժողովուրդներին և սոցիալական խմբերին հայոց պետականության շուրջ սոսնձելու համընդհանուր հոգևոր գործիք։ Այսօր Մեծ Հայքը ոչ միայն հայ ժողովրդի պատմական հպարտության օբյեկտ է, այլև կարևոր հոգեբանական գործոն, որը ցույց է տալիս երբեմնի հզոր կայսերական ազգի վիթխարի նվաճումների ունակ արարչական ուժը: Այն առնվազն քանդում է շատ հայերի գիտակցության մեջ ներդրված այն առասպելը, թե հայերն ի վիճակի չեն ազգակերտման և պետականաշինության մեջ հաջողության հասնել։ Անհրաժեշտ է գնահատել, հարգել և մեծարել այդ նվաճումը ՝ ընդունելով դրա բոլոր բաղադրիչները, ներառյալ կրոնականը: Նման ձեռքբերումները պիտանելիության ժամկետ չունեն։
Քրիստոնեական դարաշրջանը, ինչպես և նախկինում նշված զրադաշտականը, ունի իր նվաճումներն ու հակասությունները: Յուրաքանչյուր հայ իր կյանքում գոնե մեկ անգամ ակտիվորեն տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Երկրի ապագայի վրա քրիստոնեության դրական կամ բացասական ազդեցության մասին բանավեճը չի մարում 301 թվականին դրա ընդունումից ի վեր: Պատմական թավուտների մեջ չխորանալու համար կարելի է կանգ առնել այն փաստի վրա, որ «սև և սպիտակ» մոտեցումը բացարձակապես կիրառելի չէ նման մասշտաբի երևույթների նկատմամբ։ Հայ Եկեղեցին ապրել է ամեն ինչ՝ հաղթանակներ և ձեռքբերումներ, դավաճանություն և ձախողումներ։ Սակայն այս կամ այն գործողությունները գնահատելիս պետք է հաշվի առնել, որ հայ հոգևորականները գրեթե միշտ պետական ղեկավարության մաս են եղել և չափազանց հազվադեպ են կարողացել իրենց թույլ տալ ինքնուրույն որոշումներ կայացնելու ճոխությունը:
Հայկական կայսրության փլուզման գործընթացը սկսվել է քրիստոնեության ընդունումից շատ առաջ և տեղի քաղաքական ազնվականության ներսում չդադարող երկպառակությունների պատճառով պետական իմունիտետի թուլացման հետևանք էր։ Ժամանակի իրադարձությունների տրամաբանությունը հուշում է, որ Տրդատ Գ թագավորը, տեսնելով հռոմեական և իրանական կայսրությունների ներսում զարգացող խորը ճգնաժամերը, որոշում կայացրեց վերագործարկել հայկական պետությունը և սկսել դատարկված ձևաչափերը նոր բովանդակությամբ լցնելու գործընթացը: Այս տեսակետի օգտին է վկայում այն, որ այդ դարաշրջանի պատմաբանները հայոց թագավորին նկարագրում էին որպես խիստ պրագմատիկ և սառնասիրտ տիրակալի։ Տրդատը ակնթարթայնորեն նոր կրոնի հավատացած և այն անմիջապես ընդունած թագավոր չէր։ Ընդհակառակը՝ նա երկար ժամանակ ուսումնասիրել ու փորձարկել, իսկ հետո ընդունել ու ազգայնացրել է այն (ինչպես զրադաշտականության հետ վարվեց Տիգրանը) ։
Եղել են ժամանակներ, երբ Եկեղեցին տնտեսական այնպիսի պատկառելի հզորության է հասել, որ հայ պետականամետ գործիչների (օրինակ՝ Պապ թագավորի) մեջ վտանգ է տեսել, և այն վերացնելու համար առանձին հոգևորականներ դավադրությունների մեջ են մտել Հայաստանի թշնամիների և հակառակորդների հետ։ Բայց ռեալպոլիտիկի տեսանկյունից դա իր նշանակությունը կատարելը դադարած հոգևոր ինստիտուտի համար միանգամայն նորմալ երևույթ է։ Դա պայմանավորված էր պետական արիստոկրատիայի, որը պարտավոր էր վերահսկել Եկեղեցու նորացման և բարեփոխման գործընթացը, չափազանց թուլությամբ: Փոխարենը, առանձին ֆեոդալ նախարարներ Եկեղեցու սպասավորներին ներգրավեցին իրենց քաղաքական խաղերի մեջ՝ հոգևոր վակուում ստեղծելով առանցքային հոգևոր ինստիտուտի ներսում: Արտասովոր է այն փաստը, որ եկեղեցին հաճախ հասնում էր քայքայման ծայրահեղ փուլին, որից հետո տեղի էր ունենում դրա ինքնավերականգնումը։ Պատմության շատ ճգնաժամային և կրիտիկական պահերին վերակենդանացած Հայոց Եկեղեցին հայ ինքնության պահապանի դերն է խաղացել՝ թույլ չտալով, որ ժողովուրդը վերջնականապես ձուլվի դրսի «հալոցային կաթսաներում»: Սա նաև պատմական կարևոր ձեռքբերում է, որը վտանգավոր է խեղաթյուրել և կասկածի տակ դնել:
Կատարյա՞լ է արդյոք ժամանակակից Հայոց եկեղեցին: Իհարկե ոչ։ Բայց կարո՞ղ էր այն այլ լինել հաշվի առնելով, որ ժամանակակից ղեկավար հայ ֆեոդալները նրա հետ անում էին նույնը, ինչ դարեր առաջ իրենց նախորդները։ Երրորդ Հանրապետության կառավարիչները չէին էլ մտածում պառակտված Եկեղեցու (Հայ Առաքելական Եկեղեցի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն և Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն) միավորման խնդիր դնել և այն արդյունավետորեն ներդնել պետականաշինության և միջազգային ասպարեզում աշխարհասփյուռ հայության շահերի լոբբինգի գործընթացում: Ընդհակառակը, նրանք այն շահագործել են սեփական նպատակների համար որպես պարտադիր կրոնական հատկանիշ՝ չմտածելով նման վերաբերմունքի ողբերգական հետևանքների մասին։ Զարմանալի չէ, որ մարդիկ սկսել են Եկեղեցին ընկալել ոչ թե որպես հոգևոր պահապան, այլ որպես կոռուպցիոն ուղղաձիգի շարունակություն: Հուլությունն ու հիասթափությունը պարարտ հող դարձան արտաքին կրոնների և աղանդավորական շարժումների կողմից հավաքագրվելու համար:
Արդյո՞ք Հայոց Եկեղեցին բարեփոխման կարիք ունի: Իհարկե։ Բայց այդ վերափոխումը հնարավոր է միայն ազգային արիստոկրատիայի, որը երկիրը դուրս կբերի 30-ամյա իմիտացիոն ռեժիմից, ձևավորումից հետո։
Կարո՞ղ է այն բարեփոխել ներկայիս կառավարությունը ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պատասխանը միանշանակ բացասական է։ Նախ, մարդը, ով չի ճանաչում Հայոց պատմությունը և վարում է երկրի գաղութացման քաղաքականություն, ի սկզբանե չի կարող ազգային բարեփոխիչ և պետականամետ լինել։ Երկրորդ՝ իշխանության վեց տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չի արտահայտվել եկեղեցու` հայկական ինքնության համար խիստ կարևոր նշանակության, ուստի և դրա բարեփոխման կարիքի մասին։ Նա այդ մասին չի խոսել, քանի որ նրա համար խորթ է հայկական ինքնություն՝ որպես հազարամյա պատմության բարդ արգասիք հասկացությունը։ Փաշինյանը բացահայտ հայտարարել է, որ գոյություն ունի միայն Երրորդ հանրապետության պատմությունը, մնացածը միֆ է և սպառնալիք հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղությանն ու բարգավաճմանը։
Վերջերս հոգևորական Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված Փաշինյանը սկսել է հաճախակի խոսել Հայոց եկեղեցում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Որևէ գնահատական չտալով բուն շարժմանը, նրա ծրագրին (եթե այդպիսինն առկա է), նպատակներին ու հասնելու մեթոդներին՝ միանգամայն ակնհայտ են «անհրաժեշտ փոփոխությունների» մասին խոսող Փաշինյանի ամենևին ոչ ազնվաբարո մտադրությունները։ Դրանք տարօրինակ են թեկուզ այն պատճառով, որ կառավարման վեց տարիների ընթացքում նա ոչ մի անգամ նման «անհրաժեշտություն» չտեսավ։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է. Եկեղեցին լռում էր, և նա ամեն ինչից գոհ էր: Սակայն հիմա Փաշինյանը Եկեղեցու ամբողջ ինստիտուտին հարված հասցնելու, այն իր անձնական և նոր մետրոպոլիաների կարիքներին համաձայն վերափոխելու առիթ է ստացել։ Խնդիրը առանձին քահանաների ու նրանց հայտարարությունների մեջ չէ, ոչ էլ Եկեղեցու ղեկավարության քաղաքական հավակնությունների, այլ նրա, որպես հիմնարար ինստիտուտի, Հայոց հարցի վերջնական փակման ճանապարհին վերջին խոչընդոտներից մեկը հանդիսանալու մեջ:
[1] Եվրոպայում առաջին խոշոր կրոնական պատերազմը կաթոլիկների և բողոքականների միջև: Զարգանալուն պես այն վերածվեց թագավորությունների, կոմսությունների և դքսությունների՝ Եվրոպայում քաղաքական հեգեմոնիա հաստատելու համար խոշոր առճակատման: Ավարտվեց 1648-ի Վեստֆալյան խաղաղությամբ, որից ծնվեց միջազգային հարաբերությունների առաջին համակարգը, որը հիմնված էր ինքնիշխանության սկզբունքի` միմյանց ներքին գործերին չմիջամտելու վրա:
[2] Ռեֆորմացիան կրոնական և հասարակական-գաղափարական շարժում է, որը նպատակ ունի պայքարել կաթոլիկ ուսմունքի և դրան հիմք ծառայող ֆեոդալական համակարգի դեմ: Ռեֆորմացիայի սկիզբը համարվում է 1517 թվականը, երբ նախկին կաթոլիկ քահանա Մարտին Լյութերը ամրոցի եկեղեցու դռանը գամեց Եկեղեցին բարեփոխելու իր ծրագիրը («95 թեզիսներ»):
[3] Բողոքական լյութերականների և կաթոլիկների միջև 1555 թվականի Աուգսբուրգի հաշտության պայմանագրի համաձայն՝ առաջինները պաշտոնական ճանաչում ստացան որպես կրոնական հոսանք։ Բոլոր կայսերական դասերի համար հավատքի ազատության երաշխիքներ գրվեցին “cuius regio, eius religio” («Որոյ իշխանութիւն` նորա կրօն») բանաձևով:
