Մերժելով փոփոխվող աշխարհում հավերժական արժեքների գաղափարը՝ պոստմոդեռնը ճանապարհ հարթեց ոչ միայն հեգնանքի ու էկլեկտիկայի, այլև էժանագին պոպուլիզմի համար։ Կարելի է արդարացիորեն առարկել, որ պոպուլիստներ եղել են բոլոր ժամանակներում և երկրագնդի բոլոր մասերում, սակայն մեկ կարևոր ճշգրտումով. դա պոպուլիզմի «ճոխ» տարբերակն էր, քանի որ դրա կրողները հավատում էին իրենցից ավելի մեծ ինչ-որ բանի։ Եկեք հարց ուղղենք պատմությանը, թե որո՞նք են տարբերությունները։ Աբրահամ Լինքոլնը, ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելով պատմության ամենաբարդ դարաշրջաններից մեկում, ասպարեզ բերեց բավականին առաջադեմ ծրագիր։ Դրանից պոպուլիզմ էր բուրում, քանի որ այն չափազանց ֆանտաստիկ էր թվում իրակագործման համար։ Ստրկության վերացման հակառակորդների դիմադրությունը հսկայական էր, ընդ որում՝ ոչ միայն նրա ընդդիմախոսների ճամբարում, այլև կուսակիցների շրջանում։ Մի քանի ձախողված փորձերից հետո Լինքոլնը կարող էր հայտարարել, թե արել է ամեն ինչ, ինչ կարող էր, և հրաժարվել իր սկզբունքներից։
Սակայն նա իր դառը ճակատագիրն ու դժվարությունները չբարդեց անգամ իրեն այդպիսի ժառանգություն թողած «նախկինների» վրա՝ ի դեմս հիմնադիր հայրեր Վաշինգտոնի, Ջեֆերսոնի և Մեդիսոնի։ Ժամանակակից շատ քաղաքագործների համար դժվար է սա ըմբռնել ու ընդունել, բայց պոետական այր լինելը արդարացումների ու քավության նոխազների մշտական որոնում չէ, այլ հետևողականություն, պատասխանատվություն և սկզբունքներ, որոնց համար երբեմն ստիպված ես լինում զոհաբերել շատ բան, այդ թվում՝ սեփական կյանքը։ Այսօր մենք գիտենք, որ Աբրահամ Լինքոլնը փրկեց երկիրը, արդիականացրեց ազգը և նրան դուրս բերեց պատմական վախճանի կառչուն ճիրաններից։ Սակայն մոռանում ենք, որ այս ամենն իր գինն ուներ. նա զրկված էր իր ընտանիքին տեսնելու հնարավորությունից, կենդանության օրոք ականատես եղավ իր չորս որդիներից երեքի մահվանը, ձեռք բերեց հազարավոր թշնամիներ, որոնք անհամբեր սպասում էին իր անկմանը։ Թեև նա միանգամայն կարող էր վարել սին, աշխարհիկ կենսակերպ՝ քողարկվելով ժողովրդի մեջ ունեցած աննախադեպ աջակցությամբ։
Մենք չե՛նք կարող նվիրագործել, չե՛նք կարող սրբադասել, չե՛նք կարող սրբացնել այս հողը։ Կենդանի և մեռած խիզախ մարդիկ, որոնք պայքարեցին այստեղ, արդեն այն սրբացրել են շատ ավելի բարձր, քան մեր աղքատիկ ուժն ունակ է ավելացնել կամ նվազեցնել։ […] Ընդհակառակը՝ մենք ողջերս ենք, որ պետք է նվիրվենք ամբողջացնելուն այն անավարտ գործը, որը նրանք՝ մաքառածները, այդչափ ազնիվորեն են կատարել։ Ավելի շատ մեզ՝ ողջերիս է պետք, նվիրվել մեր առաջ մնացած մեծ գործին։
Աբրահամ Լինքոլն, ք. Գետիսբուրգ, 1863 թ.
Սակայն Լինքոլնը գիտակցաբար գնաց գիտակից պետական այրի ու պահապանի բարդ ու վտանգավոր ճանապարհով՝ տալով իր կյանքը հանուն մի բանի փրկության ու պահպանման, որի համար գլուխ էին դրել իր հազարավոր հայրենակիցները։ Ի վերջո նա վճարեց սեփական ֆիզիկական կյանքով այն բանի համար, ինչը բացարձակ մեծամասնությունն ի վիճակի չէր ըմբռնել ո՛չ այն ժամանակ, ո՛չ այսօր։ Նրանք կարող են նույնիսկ չկռահել, որ այսօր ապրում են և գրպաններում գերտերության անձնագիր կրում միայն այն պատճառով, որ Լինքոլնի նման անհատները ժամանակին ընտրեցին անձնազոհությունը և հրաժարվեցին հարմարավետ կյանքից։ Բայց թերևս մեծամասնությանը պետք էլ չէ դա իմանալ։ Մարդիկ վարում են իրենց սովորական, բնականոն կենսագործունեությունը՝ դրանով իսկ ներդրում ունենալով երկրի ու ազգի ամրապնդման գործում։ Կարևորն այն է, որ Աբրահամ Լինքոլնին հիշում է պետականակենտրոն գործիչների այն խավը, որը ժամանակին կարդալով նրա Գետիսբուրգյան ելույթը՝ գիտակցված որոշում ընդունեց դառնալ ժառանգության պահապան, ազգային ու պետական իմունային համակարգի պաշտպան։ Հենց դրա համար էլ այսօր Լինքոլնի դիմանկարը փորագրված է ամերիկացի պետականամետ գործիչների համար սրբազան Ռաշմոր լեռան վրա՝ նույնպիսի տիտանների կողքին, որոնց շնորհիվ սկիզբ առավ մարդկության պատմության մեծագույն քաղաքական ազգերից մեկը։
Հայաստանի «անկախության» հերթական օրը մենք որերորդ անգամ արձանագրում ենք ողբալի, բայց չափազանց կարևոր փաստ՝ պետական գործիչների ինստիտուտի ձևավորման ձախողումը։ Մենք այդպես էլ չենք տեսնում Տիգրան Մեծի, Պապ թագավորի, Գարեգին Նժդեհի, Քրիստափոր Արարատովի, Անդրանիկ Օզանյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Աբաջյանի դիմանկարները կրող գեներալների։ Ընդհակառակը՝ մենք բախվում ենք ուսադիրներով հեդոնիստների ու կարիերիստների, որոնք երկչոտաբար թաքցրել են արցախյան բոլոր մեդալներն ու պարգևները, և այդ ամենը՝ հանուն մի այնպիսի մարդու ձեռքը սեղմելու «պատվի», ով «Արցախ» բառը լսել անգամ չի ուզում և պահանջում է անհապաղ մոռացության մատնել նրանց, ովքեր հազարամյակներ շարունակ կերտել են հնագույն ու ամենայուրօրինակ քաղաքակրթություններից մեկը, որի ժառանգությունը վաղուց գերազանցել է Հայկական լեռնաշխարհի սահմանները։
Մի ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտավորականությունն է։ Հանձին իրենց ժողովուրդների, իրապես չափվում են — սկզբունքային թե ռազմական բախումների ժամանակ — մտավորականությունները, ժողովուրդների ղեկավար տարրերը։ Միևնույն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին, կարող է և հրաշագործություններ կատարել, և խայտառակորեն ծունկի գալ հակառակորդի առաջ։ Մի բանակ, մի ժողովուրդ հոգեբանորեն այն է միայն, ինչ որ նրա հավաքական հոգու մեջ դրել են նրա ղեկավարները — դա այն է, ինչ որ իր ղեկավարներն են։
Գարեգին Նժդեհ, «Էջեր իմ օրագրեն», 1924 թ.
Մենք գնալով ավելի հազվադեպ ենք լսում մտավորականության ձայնը, որը երբեմն խոսում է հստակ ու պարզ, սակայն շշուկով՝ վախենալով արժանանալ Արմեն Գրիգորյանի ճակատագրին։ Մենք տեսնում ենք «անկախության» օրվա պաթոսախեղդ շնորհավորանք մի մարդուց, ով այն օգտագործեց հօգուտ իրեն և պատասխանատու պահին նրան վեհերելով լքեց՝ Էմիրություններից ուղիղ չվերթով փախչելով Լոնդոն։ Այժմ Հանրապետության հրապարակից, որտեղ ժամանակին հողը դղրդումխ էր Հայկական աշխարհի մարտիկիկների հզոր քայլերի տակ, այսօր լսվում են երեսուն արծաթի դիմաց քաղքենիներին զվարճացնող ծաղրածուների ցածրորակ «հիթերը»:
Սակայն մենք համոզված ենք, որ հենց այդ օրը ինքնահավան ժպտացող ադրբեջանցու հսկողության տակ սառը խցերում նստած մեր գերիները աչքերը փակելով լսում են Խուստուփից մինչև է հայկական եռագույնի ներքո բազմած Շուշի թնդացող զուռնայի վայրի հնչյունները։ Այդ օրը մեր տիտանների ոգիները թեքվում են մեզ և հուշում, որ հայոց պատմությունը չի ավարտվել, քանի դեռ մենք չենք հանձնվել…
