Ապաինքնիշխանացում և ապասրբայնացում
Սեփական ազգային շահերի և դրանց իրագործման մեխանիզմների բացակայություն: Ռազմավարական օրակարգը և զարգացման ուղղությունները սահմանվում են գերապետի (մետրոպոլիայի` կայսրության կենտրոնի) ու շահագրգռված արտաքին խաղացողների կողմից:
Այնպիսի սահմանափակ, լոկ մարտավարական բնույթ կրող քաղաքական որոշումների կայացում և ընդունում, որոնք ազդեցություն չեն թողնում ըստ գերապետի (մետրոպոլիայի) և արտաքին այլ խաղացողների շահերի ու ներքին համաձայնությունների ձևավորվող ռազմավարական օրակարգի վրա: Հայաստանն, ինչպես և հարիր է գաղութին, լոկ գերապետի (մետրոպոլիայի) կամակատարն է:
Նույնիսկ ձևական սակրալության (սրբությունների, խորհրդանիշների) արգելք: Գերապետը (մետրոպոլիան) կոլաբորացիոնիստ վարչակարգի ձեռքով հետևողականորեն աղավաղում ու կոտրում է սակրալ բնույթ կրող բոլոր ինստիտուտները: Ոչնչացումից խուսափելու ու ողորմելի գոյություն քարշ տալու հնարավորության պատրանքի դիմաց Հայաստանը պարտավորվում է փոփոխել իր պետականության ծննդյան վկայականը` Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և մնացածը ըստ գերապետի (մետրոպոլիայի) և այլ արտաքին ուժերի կամեցողության:
Ապագաղափարայնացում և ապահայկականացում
Ժառանգության արգելք: Յուր ժառանգության պահպանումը, պաշտպանությունն ու բազմապատկումը ցանկացած հասուն ազգի առաքելությունն է, քանի որ դա է սահմանում է միջազգային կենսագործունեության համակարգում նրա ինքնությունն ու գործառնականությունը: Ըստ այդմ Հայաստանն ու հայը պիտի զրկվեն ժառանգությունից, պատմությունից ու պատմական հիշողությունից, ներառյալ սակրալ խորհրդանիշները (օրինակ, Արարատ սարը` մարդկային գոյության վերսկսման և հայի ու հայկականության բնօրրանում):
Սեփական արժեգաղափարախոսական հիմքի ձևավորման ցանկացած հնարավորության զսպում ու ոչնչացում: Հայության ազգային օջախ լինելու, նրա ճարտարապետ, պահապան, շահերի հաղորդիչ ծառայելու իրավունքի մերժում: Երկիրը լոկ գերապետի (մետրոպոլիայի) համար սպասարկող անձնակազմով ֆիզիկական տարածության վերածելուն ուղղված հայեցակարգերի ու նարատիվների (պատումների) պարտադրում և լիակատար ընդունում:
Առավելագույնը, ինչին Հայաստանն ու հայերը արժանանում են նման համակարգում, (ժամանակավորապես) ոչնչացման չենթարկվելն է: Ահա թե ինչպիսի տեսք ունի կոլաբորացիոնիստական վարչակարգի միջոցով պարտադրվող «խաղաղության» հայեցակարգը: Հայաստանը պետք է ծառայի որպես համեմատաբար էժան ու կանխատեսելի աշխարհաքաղաքական բորդել` զուրկ որևէ արժեքային ու տարածական հավակնություններից, ինչպես նաև գոյատևման ռեժիմից դուրս գալու և հետագայում բովանդակային պետականության անցնելու ներուժից:
Հայը այլևս սուբյեկտ և յուրօրինակ բազմահազարամյա քաղաքակրթության կրող չէ: Նա պետք է վերածվի սովորական, միջին վիճակագրական սպառողի` շնորհակալ գերապետին (մետրոպոլիային) սեփական հողում գոյություն տածելու համար և զուրկ` իմաստներ վերլուծելու, ընկալելու, ստեղծելու և արդիականացնելու որևէ հնարավորությունից: Գերապետի (մետրոպոլիայի) և բազում արտաքին խաղացողների ընկալման մեջ հայի վերադարձը դեպի գիտակցություն ինքնին սպառնալիք է:
Ապասփյուռքայնացում
Արարչական ու գործառնական հայկական գլոբալ ներուժի կրող բազմամիլիոնանոց աշխարհասփյուռ հայկական համայնքները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության և զրկվեն Հայաստանի ներքին գործընթացների վրա ազդեցություն տածելու իրավունքից ու հնարավորությունից: Հայկական աշխարհի համակարգման և ինստիտուցիոնալացման, նրա` անդրազգային ցանցային ազգի վերածման ներուժի ոչնչացումը գերապետի (մետրոպոլիայի) առանցքային ռազմավարական առաջնահերթությունն է իր առաքելության վերջնական իրագործման` Հայկական Հարցի փակման գործում:
Կոլաբորացիոնիստական վարչակարգն արդեն ցուցադրել է (այդ թվում քաղաքացիության օրենքի փոփոխմամբ), որ Իրական Հայաստանի աչքերում հայը հավասար է մնացած բոլորին և չունի որևէ էական արտոնություններ: Գերապետը (մետրոպոլիան) նույնպես անցել են համայնքների ներսում «Իրական Հայաստանի» նարատիվների արմատավորման իրենց ծրագրին` ստեղծելով Հայկական աշխարհը հպատակեցնելուն և նրան պասիոնարության գագաթնակետում գտնվող թուրքական աշխարհի շահերի հաղորդիչ դարձնելուն ուղղված գործակալական ցանցեր:
