1994 թվականից ի վեր հայկական աշխարհին ու աշխարհագրական Հայաստանին հետապնդող ողբերգական իրադարձությունների շղթան մեր առաջ է դնում քննադատական վերաիմաստավորում պահանջող բազմաթիվ բարդ հարցեր։ 1994 թ. մայիսի 5–9-ն ընկած ժամանակահատվածում շահագրգիռ արտաքին կողմերը մեծ հաղթանակ էին տոնում. նրանց հաջողվել էր 1991–1994 թթ. համոզել Արցախյան ազատամարտում Ադրբեջանին ջախջախած հայկական կողմին կանգ առնել՝ առանց յուր հաղթանակի որևէ բովանդակային քաղաքական ամրագրման։ Խոսքը ո՛չ Ադրբեջանի կապիտուլյացիայի, ո՛չ Արցախի տոտալ ռազմական ագրեսիայի ենթարկված հայ բնակչության՝ Հայաստանի հետ վերամիավորվելու իրավունքի ճանաչման, ո՛չ անգամ խաղաղության պայմանագրի մասին էր։ Հրադադարի ռեժիմ՝ հենց սա մատուցվեց Երևանին, որի համար այս պատերազմը բնավ ռեսուրսային բնույթ չէր կրում։ Հայերի համար բառիս ուղիղ իմաստով վճռվում էր իր ապագա ֆիզիկական ու քաղաքակրթական գոյատևումը, ուստի Միացումի հայեցակարգը բխում էր միանգամայն պրագմատիկ տրամաբանությունից՝ վերամիավորում հանուն գոյատևման։
Այդ հայեցակարգն իրագործելու հիմքերը, անգամ միջազգային իրավունքի տեսանկյունից, հայկական կողմի մոտ ավելի քան բավարար էին՝ խորհրդային ու հետխորհրդային Ադրբեջանի տարածքներում հայ բնակչության փաստագրված ու ապացուցված էթնիկ զտումներից (Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում, Կիրովաբադ-Գանձակում) մինչև Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղակի ռազմական ագրեսիա։ Ապացույցներն ու հիմքերն այնքան ծանրակշիռ էին, որ Միացյալ Նահանգները՝ Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի մակարդակով և Սպիտակ տան վարչակազմի աջակցությամբ, Ադրբեջանը հանեցին այն երկրների ցանկից, որոնց կարող է ցուցաբերվել ամերիկյան ֆինանսական, հումանիտար և ռազմատեխնիկական աջակցություն։ 1992 թվականի «Ազատությանն աջակցության մասին» բանաձևի՝ միաձայն ընդունված 907-րդ բաժնում ներկայացված էր հստակ ու հետևողական փաստարկ. Ադրբեջանն ագրեսոր երկիր է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դրանով իսկ Բաքուն կանգնեց լուրջ արգելքներ հաղթահարելու և կրիտիկական մարտահրավերներին պատասխանելու անհրաժեշտության առջև, իսկ Երևանի ու հայկական աշխարհի առջև, ընդհակառակը, լայն հնարավորություններ էին բացվում։
Բայց ահա գալիս է 1994 թվականի մայիսի 8–9-ը և փոխում մեր պատմության հետագա ընթացքը։ Սակայն այդ մասին մի քիչ հետո։ Դրանից ուղիղ երկու տարի առաջ, նույն օրը, գիշերվա ժամը 3-ի սահմաններում հայերը սկսեցին Շուշիի գրոհը՝ լեգենդար հայ զորավար Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) մշակած փայլուն ռազմական գործողության շրջանակում։ Արդեն 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան քաղաքն ազատագրված էր, և պատմական հայկական բերդի վրա ծածանվում էր հայկական եռագույնը։ Այդ օրը ոչ միայն շրջեց ռազմական գործողությունների ընթացքը, այլև, թվում էր, ընդմիշտ փոխեց հայկական աշխարհը։ Եվ, պարադոքսալ կերպով, հենց 1994 թվականի մայիսի 8–9-ին, Շուշիի ազատագրման տարելիցին, Երևանի և Ստեփանակերտի ռազմաքաղաքական ղեկավարությունը ստորագրեց հրադադարի ռեժիմի վերաբերյալ Բիշքեկյան արձանագրությունը։ Մեր այն ժամանակվա «վերնախավերը», կամովին և միանգամայն միամտորեն հավատալով Ադրբեջանի կապիտուլյացիայով չշահագրգռված արտաքին ուժերի հեքիաթային խոստումներին, ստորագրեցին մի փաստաթուղթ, որը հակառակորդին էր ընձեռում մեզ բնաջնջելու հերթական հնարավորությունը։
Նույն՝ 1994 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը, ժառանգություն ստանալով պարտված ու կործանման եզրին կանգնած, Խորհրդային Միության կողմից արհեստականորեն ստեղծված, ներքին հակասություններով ու տարբեր էթնիկ բաժանումներով ծվատված երկիրը, սկսեց ադրբեջանական ազգի ու պետականության ձևավորման գործընթացը։ Նա համբերատար ու պատկառանքով ընդունում էր աշխարհի խոշորագույն անդրազգային նավթագազային կորպորացիաների ղեկավարներին՝ նրանց մեջ տեսնելով հայկական աշխարհի դեմ երկարատև պայքարում ապագա դաշնակիցներ ու լոբբիստներ։ Ալիև-ավագը դա չէր թաքցնում՝ ընդգծելով, որ հայերն ուժեղ են, բայց Ադրբեջանի նոր ընկերները կարող են ավելի ուժեղ լինել։ Նա իրավացի էր։
Հայերն իրոք ուժեղ էին և ուժեղ են մնում առ այսօր, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց անկազմակերպ ու անպատրաստ խորը, երկարաժամկետ, բազմաշերտ գոյաբանական քաղաքական պայքարի։ Իսկ Բաքուն, ստանալով անհրաժեշտ ֆինանսական ու լոբբիստական ռեսուրսները, հետևողականորեն կերտում էր իրեն անհրաժեշտ արհեստական իրողությունները։
Արդեն 2000-ականների կեսերին ադրբեջանական կողմը տպավորիչ արդյունքի էր հասել առանցքային ուղղությամբ՝ ընկալումների պատերազմում։ ԽՍՀՄ փլուզումից և 1980-ականների վերջին պատերազմի սկսվելուց հետո միջազգային հանրությունը հակամարտության հիմքում տեսնում էր ագրեսիվ տրամադրված Ադրբեջանի ձգտումը՝ ոչնչացնել և (կամ) վտարել հայ բնակչությունը պատմական հայկական հողերից, որպեսզի հնարավորություն ունենա դրանց ավերակների վրա կառուցել իր ազգային ու պետական ինքնությունը՝ ինչպես դա արեցին թուրքերը 1918 թվականին։ Հայերն ու Հայաստանը դիտարկվում էին որպես հաղթողներ, որոնք կարողացել էին պաշտպանել իրենց, իրենց հողերն ու իրենց ժառանգությունը։ Մեր մեջ ճանաչում էին հին, քրիստոնեական, յուրօրինակ ու ինքնաբավ քաղաքակրթություն՝ տպավորիչ անդրազգային ներուժով։ Մեր մեջ տեսնում էին կրիտիկապես կարևոր ստեղծարար գործառույթ՝ լինել ատլանտյան և եվրասիական աշխարհների միջև առանցքային կապող օղակներից մեկը։
Տասը տարի էլ չանցավ, մինչև ադրբեջանական կողմը համակարգային ու հետևողական աշխատանքի շնորհիվ իսպառ փոխեց այդ ընկալումը։ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) և նրա բնակչությունը դարձան «սեպարատիստներ», ոչ թե այդ հողի բնիկ ժողովուրդ, որը գոյատևելու համար կռվում էր ագրեսորի դեմ։ Հայաստանը՝ ագրեսոր, օկուպանտ և, ի լրումն, Անդրկովկասում Ռուսաստանի կախյալ ֆորպոստ, իսկ հայկական համայնքները՝ վտանգավոր տրոյական ձիեր ու այդ իսկ Ռուսաստանի կամ Իրանի գործակալներ։
Ադրբեջանը ընկալումների պատերազմում տարավ անվերապահ հաղթանակ, քանի որ հայկական կողմը պարզապես հանձնվեց առանց կռվի, փաստացի նույնիսկ դրան չներկայացավ։
Ավելին, Բաքուն կարողացավ իրեն անհրաժեշտ ընկալումը ձևավորել նաև հենց Հայաստանում և, մասամբ, հայկական աշխարհում։ Հենց ադրբեջանական կառույցները (Թուրքիայի սատարությամբ), օգտվելով Հայաստանի ներքին հակասություններից ու նրա իշխող «վերնախավերի» դիլետանտիզմից, ստեղծեցին և որակապես մասշտաբավորեցին պառակտման ռազմավարական գիծը՝ «հայաստանցիներ» ընդդեմ արցախցի/ղարաբաղցիների։ Դրա էությունը Հայաստանի բոլոր տնտեսական ու սոցիալական խնդիրները արցախցի/ղարաբաղցիների վրա բարդելու մեջ էր, որոնց կլանները «օկուպացրել» են Երևանը և շահագործում են տեղացի հայերին սեփական հարստացման համար։ Հենց այդ արհեստականորեն ստեղծված ներքին ատելությունը օգտագործեցին 2018 թվականին կոլաբորացիոնիստական վարչակարգին իշխանության բերած ուժերը, որը անպատիժ հանձնեց Արցախը և հաղթանակ տարավ 2021 թվականի ընտրություններում՝ 2020 թվականին Արցախի ամոթալի հանձնումից հետո, և 2026 թվականին՝ 2023 թվականին Արցախի համատարած հայաթափումից հետո։
Այդ հաղթանակի ցուցիչ դարձավ նաև հունգարական բանտից ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը, ով ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ, որոնց մասնակցում էին և՛ հայ, և՛ ադրբեջանցի զինվորականներ, վախկոտաբար գիշերով մոտեցավ ու կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Հունգարիայի ղեկավարությունը՝ մի երկրի, որ ունի երեք հայազգի ազգային հերոսներ՝ Էռնյո Կիշը, Վիլմոշ Լազարը և Յանոշ Ցեցը, որոշում կայացրեց արտահանձնել սեփական դատարանի դատապարտած ռասիստ հանցագործին։ Ինչո՞ւ։ Ընկալման պատճառով։ Նրանք Ադրբեջանն ընկալում էին որպես ուժ ու հնարավորություն՝ բնավ չվախենալով ո՛չ Հայաստանի, ո՛չ հայկական աշխարհի արձագանքից։ Ցավոք, Հունգարիայի այն ժամանակվա վարչապետ Վիկտոր Օրբանի հաշվարկը ճիշտ դուրս եկավ։ Պաշտոնական Բուդապեշտը որևէ լուրջ հետևանքների չառերեսվեց, իսկ Ադրբեջանն առհասարակ համազգային տոն կազմակերպեց՝ նրան պատիվներով ու Ադրբեջանի հերոսի կոչումով՝ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ։ Ոչ մի պատժամիջոց, ոչ մի դեսպանի հետկանչ՝ թեկուզ խորհրդանշական խորհրդակցությունների համար։ Ոչինչ։
Կասկած չկա, որ այդ օրը Իլհամ Ալիևը շատ եզրակացություններ արեց. եթե հայկական աշխարհը չկարողացավ նրան որևէ բան հակադրել այս աղաղակող ու ամոթալի դեպքում, որտեղ սեղանին էր դրված երկրի, նրա զինված ուժերի ու ողջ հայության պատիվն ու արժանապատվությունը, նշանակում է՝ կարելի է համարձակորեն բարձրացնել խաղադրույքները։ 2014 թվականին տեղի ունեցավ արցախա-ադրբեջանական շփման գծում 1994 թվականի «զինադադարից» ի վեր ամենալուրջ սրացումը, իսկ երկու տարի անց՝ 2016 թվականի ապրիլին, Բաքուն անցավ լիարժեք ագրեսիայի՝ զինված ուժերի ու ռազմական տեխնիկայի կիրառմամբ։ Երկու դեպքում էլ հայկական կողմը լուրջ, վճռական քայլեր չձեռնարկեց դիսկուրսը փոխելու և հարձակողական ռազմավարության անցնելու համար։ Երևանը ոչ միայն հանձն չառավ Արցախի անկախության ճանաչումը, այլև նրա հետ անգամ չկնքեց աջակցության ու պաշտպանության երաշխիքների մասին ոչ մի ռազմավարական պայմանագիր։
Հայկական կողմի գործողությունները կրում էին խիստ սահմանափակ, մարտավարական բնույթ՝ ուղղված հակառակորդի կողմից համակարգված կերպով հրահրվող հրդեհների մշտական հանգցմանը։ Եվ, չնայած ագրեսիայի ակնհայտ նշաններին, միջազգային հանրությունը ոչ մի անգամ չդատապարտեց ուժի և ուժի կիրառման սպառնալիքի չդիմելու՝ Ադրբեջանի ստանձնած պարտավորության խախտումը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքն էր։ Նույնիսկ 2016 թվականից հետո Երևանում քչերը գիտակցեցին, որ հակամարտության հայկական նարատիվները (պատումները) այլևս անգո են, և մնացել են միայն ադրբեջանականները։ Ընկալումների պատերազմում կրած պարտությունը, որին հայկական կողմը խիստ մակերեսորեն էր վերաբերվել, մեզ վրա չափազանց թանկ նստեց, և գլխավոր հետևանքները դեռ առջևում են։
Արդյո՞ք մենք բոլորս մեղավոր ենք կատարվածի ու կատարվողի համար։ Միանշանակ՝ ոչ։ Կոլեկտիվ մեղք չկա և չի կարող լինել, քանզի մեղավորները՝ նրանք, ովքեր կառուցեցին ֆեոդալ-կլանային համակարգը, թույլ տվեցին գաղութացնել Հայաստանը և շրջափակել, պառակտել, նվաստացնել հայկական աշխարհը, ունեն միանգամայն կոնկրետ անուններ ու ազգանուններ։ Եվ չի կարելի թույլ տալ, որ նրանք այդ մեղքի զգացումը պարտադրեն մնացած բոլորին և դրանով իսկ լեգիտիմացնեն իրենց հանցավոր անփութությունը, ազգային ու պետական դավաճանությունը։ Սակայն հավաքական մեղքի բացառումը ոչ մի կերպ չի չեղարկում հավաքական պատասխանատվությունը։ Յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե միամտորեն կարծում է, թե այս խաղից դուրս է և հենց ինքը, իր երեխաներն ու թոռները կկարողանան այդ ամենից զերծ մնալ, ստիպված կլինի իր վրա զգալ պարտության ու դեգրադացիայի բոլոր ծանր հետևանքները։ Անարդա՞ր է։ Իհարկե։ Բայց միայն այն դեպքում, եթե արդարությունն իրոք գոյություն ունենար և որևէ նշանակություն ունենար բիրտ աշխարհաքաղաքական ջունգլիներում։
