«Իրական Հայաստան». հեղինակային ձվածեղի 14 բաղադրիչները

Եկեք պարզաբանենք և կրտսեր ենիչերիներենից մարդկային լեզվով թարգմանենք «Իրական Հայաստանի 14 սկզբունքները», որոնք, եթե մենք թույլ տանք, հիմք կդառնան փաշինյանական «սահմանադրության» և նորաստեղծ «հայ ժողովրդի» ինքնության համար՝ որպես նոր թուրքական կայսրության փոքրամասնության և ծայրամասի։

Նախկինում մենք անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» իրական բովանդակությանը։ Զարմանալի չէ, որ Փաշինյանն իր դյուրամատչելիությամբ այնքան է գրգռել Ալիևի ախորժակը, որ վերջինիս արդեն բավարար չէ նույնիսկ այն կապիտուլյացիան, որը խաչ է քաշում Հայաստանի մնացորդների տարածքային ամբողջականության, հայերի՝ Երևանից և Կոտայքի մարզի (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահման չունեցող միակ տարածքներ) արվարձաններից դուրս ապրելու և մոտ ապագայում ազգային վերածննդի ու պետականաշինության ցանկացած հնարավորության վրա։ Ալիևը հիշեցրել է` նախ Սահմանադրությունը, և հետո միայն՝ «խաղաղության պայմանագիրը»։ Ընդ որում, թուրք գաղութապետը երբեք չի էլ հրաժարվել այն փոփոխելու միտքից, պարզապես նրա սպասավորները երբեմն երկչոտելով փնթփնթում էին, որ Սահմանադրությունը խոչընդոտ չէ «խաղաղության» համար, քանի որ պայմանագիրն ավելի առաջնային է և թանկ է` ոչ թե փողից, ինչպես կասվեր ռուսական ասացվածքում, այլ հայկական պետականության հիմնարար փաստաթղթից։

Մեզ չափազանց երկար մոլորեցրել են՝ լրջագույն զիջումների (Մեղրի, Արցախի շրջակա տարածքներ, ղարաբաղյան հակամարտության «փուլային» լուծում, իսկ այժմ էլ «խաղաղության պայմանագիր») համաձայնությունը ներկայացնելով որպես դիվանագիտական վարպետություն։ Իբր, Ադրբեջանն այսպես թե այնպես ավելին է պահանջում և չի ստորագրի Հայաստանի համար մահացու այդ փաստաթղթերը, իսկ մենք «միջազգային հանրությանը» ցույց ենք տալիս մեր խաղաղասիրությունը. մի՞թե հանճարեղ չէ։ Իսկ թե սա ինչ վերջաբան է ունեցել, ավա՜ղ, զգացել ենք սեփական մաշկի վրա։

Ուստի, երբ գաղութապետի մանկլավիկները պատմում են, թե, քանի որ Ադրբեջանը չի շտապում ստորագրել պայմանագիրը, ուրեմն այն այնքան էլ վատը չէ (Հայաստանի համար), նրանք ուղղակի ինքնակամ գրանցվում են նրանց ցուցակում, ում դատելու է ապագա իսկական հայկական ազնվականությունը։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Ալիևը հիանալի հասկանում է, որ Փաշինյանի համար «խաղաղության պայմանագիրը» ընտրություններից առաջ օդի պես անհրաժեշտ է, ուստի ժամանակ է ձգձգում՝ միաժամանակ փորձելով մտածել, թե էլ ինչ կարելի է դրա մեջ ավելացնել։ Ի՞նչ արած՝ երևակայությունը կամաց-կամաց սպառվում է նույնիսկ ահաբեկչական պետության գլխավոր հայատյացի մոտ, բայց ոչ՝ դեղին լրագրող Փաշինյանի։

Կարևոր է արձանագրել. առաջ քաշելով պետական գաղափարախոսությունը և առաջարկելով «Իրական Հայաստանի» նոր, թուրքահպատակ սահմանադրություն և դրան կից 14 կետեր՝ գաղութապետը իրեն համարում է «ժողովրդի հայր» և նոր Վուդրո Վիլսոն (թո~ղ որ Վիլսոնը մեզ ների և գերեզմանում շուռ չգա)։

Հիշեցնենք, որ նախագահ Վիլսոնը, ով ժամանակին հիմք դրեց ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային հոսքերից մեկին, առաջարկում եր հենց այն, ինչը հակասում է «Իրական Հայաստանին» ) Առաջին աշխարհամարտից հետո վերականգնել Հայաստանը գրեթե իր բնական սահմաններում (155 հազ. քառ. կմ՝ ընդդեմ հիմիկվա 29754-ի): Մեծ (Վիլսոնյան) Հայաստանի նախագիծը ուներ հաջողության բոլոր հնարավորությունները, սակայն ձախողվեց Սփյուռքի հայկական «վերնախավերի» միջև հստակ միասնական շահերի բացակայության և Գալուստ Գյուլբենկյանի՝ ԱՄՆ-ի ռազմավարական շահերին Եվրոպայում աջաակցելու հրաժարվելու պատճառով: Երևանում տիրող իրավիճակի մասին խոսելն անգամ անիմաստ է այնտեղ պայքար եր անկախության և կոմունիստների կողմնակիցների, ոչ թե հանուն Մեծ Հայաստանի: Հետագայում ձախողվեցին Վիլսոնի՝ Եվրոպայում խաղաղություն հաստատելու բոլոր մնացած առաջարկները (կետերը): Որպես նախագահ, նա չկարողացավ անգամ հասնել ԱՄՆ-ի` իր իսկ կողմից հիմնադրած Ազգերի Լիգայում անդամակցությանը: Իդեալիզմը չանցավ ամերիկյան իրականությամբ և համաշխարհային քաղաքականության «ջունգլիների» օրենքներով ստուգումը, և ընդամենը 20 տարի անց Վիլսոնի՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո խաղաղություն հաստատելու փորձը պսակվեց Երկրորդ աշխարհամարտով:

Բոլոր ազգերի հայրերի մեջ, որոնք երբևէ հիմնադրել են ուժեղ պետություններ, հատկապես Հայաստանին է բաժին ընկել «ժողովրդի հայրը»։ Հայկական «պետական մտածողության» խոշորագույն մասնագետը ինչ-ինչ պատճառով համոզված է, որ նոր սահմանադրությամբ ինքն «պետականազուրկ ազգից» անցում կկատարի դեպի «պետականամետ ժողովուրդ»։ Իսկ թե ինչպես է ժողովուրդը վերփոխվում ազգի (և ոչ թե հակառակը), գրել ենք նախկինում։

Դե ինչ, եկեք պարզաբանենք և կրտսեր ենիչերիներենից մարդկային լեզվով թարգմանենք «Իրական Հայաստանի 14 սկզբունքները», որոնք, եթե մենք թույլ տանք, հիմք կդառնան փաշինյանական «սահմանադրության» և նորաստեղծ «հայ ժողովրդի» ինքնության համար՝ որպես նոր թուրքական կայսրության փոքրամասնության և ծայրամասի։ Թեև առաջին հայացքից շատ ձևակերպումներ անվնաս և բավականին «խոտակեր» կթվան, սակայն սա հենց այն է, ինչ անհրաժեշտ է մեզ բոլոր կողմերից շրջապատող աշխարհաքաղաքական ջունգլիների գիշատիչներին։

Կետ 1. Հայրենիքը պետությունն է. սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ

Թարգմանություն. Պետությունը տարածք է, որտեղ դու գաղութարարներին հարկ ես վճարում կրտսեր ենիչերիների միջոցով։ Եթե դու հարկատու ես, ապա հերոս ես։ Եթե դու սիրում ես հայրենիքը, որը մնացել է կամ կմնա 29743 քառ. կմ-ից դուրս, ապա դու նիկոլական «պետության» թշնամին ես։ Վաղը քեզ կմեղադրեն, որ չես մահացել՝ հայտնվելով «խաղաղության խաչմերուկից» մի փոքր հարավ, հյուսիս, արևմուտք կամ արևելք։

Կետ 2. Ինչպես հոգին մարմնի միջոցով դառնում է մարդ, այնպես ազգը պետությանբ դառնում է ժողովուրդ

Թարգմանություն. «Իրական Հայաստանում» հոգու համար պատասխանատու է կապիտուլյանտ առաջնորդը, այլ ոչ թե Աստված կամ հայկական Եկեղեցին։ Հայկական աշխարհը դուրս է մղվում հայկական պետության հետ առնչություն ունեցողների և առավել ևս նրա աջակցությանը ապավինողների ցանկից։

Կետ 3. Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց

Այստեղ թարգմանելու կարիք էլ չկա, Փաշինյանն ինքը մեզ համար թարգմանեց 1-ին կետը։ Իրական Հայաստանը քյաբաբ է (և լավաշ, եթե Ադրբեջանը թույլ տա և «չնեղանա»)։

Կետ 4. Հարստացի՛ր և հարստացրո՛ւ

Լրացում. … թուրքական ռեժիմը։ Սկզբունք, որին Փաշինյանը և նրա կլանը հետևում են անվերապահորեն։ Եթե դրա համար պետք է տունը վաճառել թուրքին, առա՛ջ։ Կարևորը՝ չմոռանաս լրացնել հարկային հայտարարագիրը և ստանալ գրեթե 10000 թուրքական լիրայի սահմանաչափով սոցիալական կրեդիտ «Իրական Հայաստանի» գաղափարախոսության դասընթացներին մասնակցելու վճարից։ Պետք է ընդունել. բոլորիս վրա այն շատ ավելի թանկ է նստում։

Կետ 5. Մարդը բարձրագույն արժեք է: Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալն առաջնահերթություն է

Թարգմանություն. Կյանքի, խոսքի ազատության, խղճի և մարդկային արժանապատվության իրավունքը չենք երաշխավորում, բայց տարբեր փառատոներ և մոռացված կատարողների համերգներ՝ անշուշտ։

Կետ 6. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է

Այս մեկը նույնպես թարգմանության կարիք չունի։ Տեքստում Փաշինյանն ինքն է թարգմանում. Ժողովրդի և պետության առաջ անհատի առաջնային հոգսը հարկեր վճարելն է, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջնային հոգսն ընտանիքի նյութական ապահովությունն է:  Ինչ արած, հարազատներին չեն ընտրում։ Իսկ նրանց, ովքեր կտնօրինեն մեծ հայկական ընտանիքի բյուջեն և կհոգան նրա բնակելի տարածքի (աշխարհաքաղաքական տարածության) մասին՝ ահավասիկ։

Կետ 7. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դո՛ւ ես

Թարգմանություն. Հայկական պետության ապամոնտաժման և հայկական ինքնության ջնջման, հարյուր հազարավոր կործանված ճակատագրերի և տասնյակ հազարավոր կորսված կյանքերի համար պատասխանատվություն կրել պոպուլիստական իշխանությունը մտադիր չէ և չի էլ թաքցնում դա։ Մեր լուռ համաձայնությամբ մենք ենք նրան տալիս այդ «մանդատը»։

Կետ 8. Երջանիկ անհատ

Տե՛ս 4-րդ և 5-րդ կետերը։ Հասարակության մասնատում և անհատական շահերի առաջնահերթությունը ազգայինին. գաղութարարների նախընտրած բաղադրատոմսն է։

Կետ 9. Հոգատար հանրություն

Թարգմանություն. Հարկերը՝ «ընտանիքին»՝ Փաշինյաններին, իսկ երկրի և նրա զարգացման խնդիրները թող լուծի հասարակությունը։ Կամ էլ այն, ինչ կմնա նրանից Հայաստանի գաղութացումից հետո։

Կետ 10. Պետությունն ուժեղ է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը

Այստեղ նույնպես առանց թարգմանության ամեն ինչ պարզ է։ Հաշվի առնելով, որ «Իրական Հայաստանում» «տնտեսությունը» պարզապես ապրանքների վերավաճառք է՝ գների բարձրացմամբ, ուրեմն բարի գալուստ «խաղաղության» խաչմերուկ, ողջ տարածաշրջանի համար ոտքի ճամփա և հսկայական արևելյան շուկա՝ այն երկրի փոխարեն, որը մի ժամանակ կարելի էր կոչել բացօթյա թանգարան։ Նման արժեհամակարգում երկրի պաշտպանության ծախսերի մասին, կարծում ենք, նույնիսկ խոսելն անիմաստ է։ Ի վերջո, Ալիևն ու Էրդողանը չեն թողնի առանց հացի (տե՛ս 3-րդ կետը և մոռացիր Արցախի շրջափակման մասին, ինչպես մոռացավ Փաշինյան զույգը), այնպես որ «ուժեղ պետություն» լինելո՛ւ է։

Կետ 11. Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է

Թարգմանություն. Ալիևը վերջնագիր է ներկայացրել, իսկ ես որոշել եմ, որ այն, ինչը կենսականորեն անհրաժեշտ է ինձ իշխանությունը, կյանքս ու գույքը պահպանելու համար, անհրաժեշտ է նաև հայ ժողովրդին (տե՛ս 7-րդ կետը)։

Կետ 12. Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ

Թարգմանություն.  Այսուհետ կախված կլինենք ոչ թե Ռուսաստանից, այլ Ռուսաստանից, Հունգարիայից, Ադրբեջանից, Թուրքիայից, Պակիստանից և ընդհանրապես բոլորից, ովքեր ներդրում կատարեն «խաղաղության խաչմերուկի» «ընտանեկան» նախագծում։ Երկրի միջազգային կարգավիճակը բարձրացնելու և իսկական դաշնակցային հարաբերություններ կառուցելու փորձեր չենք անի։ Թուրքական գաղութացումը կհասցվի վերջինիս հաղթական ավարտին։

Կետ 13. Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է

Թարգմանություն. Տե՛ս 12-րդ կետը։ Հայկական աշխարհը ամուր կսեղմվի թուրքական աշխարհի մամլիչների մեջ և ի վերջո կմաղվի նրանց կողմից, և մենք ոչ ոքի թույլ չենք տա վիրավորել մեր սիրելի հարևաններին։

Կետ 14. Ապագա կա՛, կա՛ Ապագա

Տե՛ս բոլոր նախորդ կետերը և մտածի՛ր, թե ինչպիսին այն կլինի ապագան Փաշինյանների համար, եթե «Իրական Հայաստանը» իրականություն դառնա։ Հուշում՝ ապագայի սցենարները հայերի և թուրքական գաղութապետի համար կլինեն արմատապես հակառակը, թեև ցանկացած պարագայում Փաշինյանը և նրա կրտսեր ենիչերիները չեն խուսափի հատուցումից։ Հարցն այն է՝ կմնա՞ն արդյոք այդ ժամանակ հայեր Հայաստանում։ Իսկ առայժմ վճարեք աճող հարկերը, այլապես կդադարի հայկական պետության բաժանորդագրությունը՝ Փաշինյանը ձեզ կարգելափակի «Ֆեյսբուք»-ի իր էջում, և դուք տեղեկացված չեք լինի «նախկիններից» բռնագրավված հերթական հնամաշ ավտոմեքենայի մասին։

Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն