Ակնարկ ազնվականության մասին

Ի՞նչ է ազնվականությունը, և ովքե՞ր են ազնվականները:

Հայ Մտածող
Հայ Մտածող 45110
19

Փոքրամասնություն և մեծամասնություն, կառավարողներ և կառավարվողներ, արարողներ և սպառողներ՝ թեմաներ, որոնց շուրջ խորհրդածել են մեծ մտածողները դեռ հնագույն ժամանակներից ի վեր: Ժամանակակից պատմական և քաղաքական գիտություններում ազնվականությանը ուշադրություն են դարձնում ոչ այնքան որպես փիլիսոփայական արժեքային երևույթի, որքան որպես պետական կառավարման ձևի: Ի՞նչ է ազնվականությունը, և ովքե՞ր են ազնվականները:

Անտիկ աշխարհում ազնվականությունը ուժին տիրապետող փոքրամասնությունն էր: Ենթադրվում էր, որ կառավարիչները պետք է ունենային մեծամասնությանը կառավարելու համար բավարար ուժային ռեսուրս՝ նրան (այդ թվում՝ հարկադրաբար) արտաքին սպառնալիքներից պաշտպանելու նպատակով: Հանուն իրենց՝ որպես կառավարող փոքրամասնության կարգավիճակի պահպանման, հնագույն ազնվականները պետք է ոչ միայն ուժ ունենային, այլև մշտապես այն արտացոլեին (նվաճեին, որպեսզի չնվաճվեն) և փոխանցեին սերնդեսերունդ: Հույն փիլիսոփա Հոմերոսը կարծում էր, որ կառավարիչները, որոնք ի վիճակի են իրենց վրա վերցնել պատասխանատվություն իրենց հողի և հայրենակիցների համար, ընտրված են հենց Գերագույն աստծո՝ Զևսի կողմից: Արժանիների հավելուրդային ուժը անպայման ծնում է բարձրագույն արժեք՝ ազնվություն, որը տարբերում է իրական` աստվածային ծագմանաբանության իշխանությունը: Այս նույն տրամաբանության շրջանակներում հին հռոմեացիները կառավարող փոքրամասնության ներկայացուցիչներին անվանում էին «պատրիկներ» (մեծ հայրերի հետնորդներ):

Անտիկ ազնվականությունը ուժեղների, պատասխանատուների և արիների կառավարման մասին է: Հունական ազնվականության ներկայացուցիչները պարտավոր էին մշտապես ուսումնասիրել տրամաբանություն, հռետորաբանություն և փիլիսոփայություն (հոգևոր ուժ), կատարելագործել իրենց ֆիզիկապես, որպեսզի օրինակ ծառայեին նրանց, ում պատրաստվում էին մարտի տանել (ֆիզիկական ուժ): Միևնույն ժամանակ շեշտը դրվում էր հատկապես քաղաքական պատրաստության վրա, քանի որ ազնվականը, որը կարողացել է պաշտպանել իր հողն ու մարդկանց՝ չներգրավվելով պատերազմում, հասել է պետական կառավարման ոլորտում բարձրագույն իմաստության:

Այս մոտեցումն ուներ իր առավելություններն ու թերությունները: Մի կողմից, ազնվականներն ակտիվորեն յուրացնում էին պետական կառավարման արվեստը, մյուս կողմից՝ պարարտ հող էր ստեղծվում դեմագոգների և պոպուլիստների դասի ի հայտ գալու համար: Ճգնաժամային իրավիճակում առաջին շարք էին դուրս գալիս իրական ազնվականները, որոնք փրկում էին իրենց երկիրը (պոլիսը) մահացու սպառնալիքներից: Հունա-պարսկական պատերազմներում մ.թ.ա. 500-449 թվականներին, երբ վտանգված էին հունական բոլոր պոլիսները, կերտվեցին իրենց դարաշրջանի ականավոր ազնվականները՝ Թեմիստոկլեսը, Պերիկլեսը, Կիմոնը և Լեոնիդաս Առաջինը: Սակայն խաղաղ պայմաններում նման կառավարիչ-ազնվականների դերը կտրուկ նվազում էր, և նրանց փոխարեն առաջ էին գալիս պոպուլիստներ:

Իրական ազնվականների և պոպուլիստների միջև՝ վերջիններիս օգտին ներքին հավասարակշռության խախտման պատճառով, սկսվեց դասական պոլիսի ճգնաժամը, ինչը դարձավ այդ ժամանակվա Հունաստանի անկման հիմնական պատճառը:

Հռոմեացիներն, ընդհակառակը, շեշտը դնում էին ռազմական արվեստի կատարելագործման և տքնաջան աշխատանքի միջոցով նյութական հարստացման վրա: Տեղի պատրիկները հավատում էին, որ առանց պատերազմի և հարստության ձգտման` քաղաքականությունը տանում է դեպի ծուլություն, այլասերում և ազնվականության հիմնական բաղադրիչի` ուժի զգացումի կորուստ: Նման կառուցվածքը մեծ հնարավորություններ էր ստեղծում պլեբեյների (նույնպես Հռոմի քաղաքացիներ, հասարակ ժողովրդի) համար: Նրանցից շատերը, ռազմական արվեստի և առևտրի ոլորտում ցուցաբերելով արտասովոր տաղանդներ, ներխուժեցին պատրիկների շարքերը: Նման անցման պայծառ օրինակ էր Մարկոս Լիկինիոս Կրասսոսը՝ վաճառական, որը դարձավ Հանրապետության ամենաունևոր մարդը: Որոշակի պատմական պահի տեղի ազնվականությունը դիմեց նրան օգնության՝ Սպարտակի գլխավորությամբ մ.թ.ա. 73-71 թվականների ստրուկների ապստամբությունը ճնշելու համար բանակի ֆինանսավորման նպատակով: Կրասսոսը գլխավորեց իր կողմից ձևավորված բանակը, որը կոտրեց ապստամբությունը և փրկեց Հանրապետությունը ներխուժումից: Նա դարձավ Հռոմի փրկիչը, սակայն գիտակցում էր, որ ազնվական ծագման բացակայության պատճառով և խախուտ ներէլիտական հավասարակշռության պահպանման համար անհրաժեշտ է կիսել հաղթանակը իսկական (ի ծնե) պատրիկի՝ Գնեոս Պոմպեոսի հետ:

Այս պատմության մեջ Կրասսոսը գործեց որպես իսկական ազնվական՝ Հռոմի պետական շահերը վեր դասելով իր սեփական շահերից: Պոմպեոսը նույնպես վեհորեն վարվեց՝ չտրվելով առանձին սենատորների՝ Սպարտակի պարտությունը որպես բացառապես իր սեփական ձեռքբերումը ներկայացնելու համոզմունքներին: Արդյունքում Մարկոս Լիկինիոս Կրասսոսը, Գնեոս Պոմպեոս Մեծը և Գայոս Հուլիոս Կեսարը ձևավորեցին Առաջին Տրիումվիրատը՝ երեք տղամարդկանց (կամ երեք ազնվականների) միությունը:

Ավելի ուշ Կեսարը, որը թանկարժեք դասեր ստացավ իր զինակիցներից, հիմք կդնի նոր հայեցակարգային համակարգի՝ Կայսրության: Կեսարը դարձավ Կայսր՝ իր ձեռքում կենտրոնացնելով իշխանության առյուծի բաժինը, հասկանալով ներքին այլասերման անընդունելի մակարդակը ինչպես պատրիկների, այնպես էլ ամենաազնիվ պլեբեյների շրջանում: Բայց նույնիսկ նման պայմաններում նա չսկսեց անմտորեն կոտրել հռոմեական ազնվականության հենասյուներից մեկը՝ Սենատը: Ստեղծվեց այդ ժամանակների համար աննախադեպ համակարգ, որի պայմաններում դե-ֆակտո ինքնակալը օգտագործում է իր իշխանությունը պետական համակարգը բարեփոխելու համար: Կեսարի համար կայսերական բացարձակ իշխանությունը նպատակ չէր, այլ երկիրը մաքրելու և վերագործարկելու համար անհրաժեշտ գործիք:

Տիգրան Երկրորդը՝ Մեծ Հայքի հիմնադիրը, փորձում էր հայկական ազգային ազնվականություն կառուցել համակցված սկզբունքով: Ազնվականության միջուկում զորավարներն էին, որոնց քաջության և ինքնազոհության շնորհիվ հաջողվեց ստեղծել հզոր կայսրություն, որը դարձավ այդ ժամանակի երկու այլ մեծ կայսրությունների՝ Հռոմի և Պոնտական Թագավորության ուղղակի աշխարհաքաղաքական մրցակիցը:

Տիգրան Մեծը զինվորականներին չէր թույլատրում խառնվել քաղաքացիական գործերին՝ ստեղծելով պրոֆեսիոնալ կառավարիչների շերտեր: Այսպիսով, զինվորականները միշտ քաղցած էին նոր հաղթանակների համար, իսկ բնակչությունը՝ գոհ արդար կառավարումից:

Տիգրանի սխալն այն էր, որ, հակառակվելով իր զորավարներին (կայսերական ազնվականության հիմքին), նա կնության առավ Կլեոպատրային՝ Պոնտական թագավորության կառավարիչ Միհրդատ Եվպատորի դստերը: Հայկական ռազմական ազնվականությունը ոչ անհիմն կարծում էր, որ պոնտական պետը դինաստիական ամուսնության միջոցով փորձում է Տիգրանին դարձնել իր դաշնակիցը Հռոմի դեմ հակամարտության մեջ: Անկախ այս կամ այն աշխարհաքաղաքական հաշվարկներից, հայոց արքան չպետք է անտեսեր իր ազնվականության միջուկի մտահոգությունները: Նրանցից շատերը հիասթափվեցին Տիգրանից, ում որոշումներն այլևս պատշաճ վստահություն չէին ներշնչում: Ե՛վ զինվորականները, և՛ կառավարիչները նկատեցին նաև, որ արքայից արքան (Տիգրան Մեծի տիտղոսը) դարձել էր իր սեփական ընտանիքի անդամների պատանդը, որոնք սկսել էին ներքին պատերազմներ մղել իշխանության համար: Արդյունքը՝ Մեծ Հայաստանի ներքաշումը իրեն անհարկի պատերազմի մեջ (որից առաջ Տիգրանը իր կնոջ կեղծ մատնությունների հիման վրա ձերբակալեց շատ նշանավոր զորավարների), Հռոմից վասալական կախվածության մեջ ընկնելը և որդիների կողմից Տիգրանին տապալելու փորձը՝ իրենց մոր՝ Կլեոպատրայի խորհրդով, որը փախել էր ետ՝ Պոնտական թագավորություն:

Միջնադարում ազնվականության հայեցակարգը էական փոփոխությունների ենթարկվեց: Մեծ մասամբ դա պայմանավորված էր Եվրոպայում Կաթոլիկ եկեղեցու վերելքով: Ամեն ինչ շատ ավելի պարզ դարձավ` կառավարիչներն ապահովում էին կաթոլիկության գերակայությունը իրենց հողի վրա, իսկ Սուրբ Աթոռն ապահովում էր նրանց իշխանության աստվածային լեգիտիմությունը: Թագավորները, ցարերը և դուքսերը դարձան Աստծո օծյալները երկրի վրա, իսկ նրանց կառավարումը` ոչ այլ ինչ, քան նրա ուղղակի կամքի դրսևորում:

Թագավորներն իրենց հայեցողությամբ ձևավորում էին իրենց սեփական շքախումբը, որն այդ ժամանակի ակտիվ քարոզչության պատճառով սխալմամբ սկսեցին համարել ազնվականություն: Իրականում դրանք պալատականներ էին (մարդիկ, որոնք մոտ էին թագավորական արքունիքին), որոնց կառավարիչը շնորհում էր որոշ արտոնություններ՝ բացարձակ հավատարմության փոխարեն: Դա մեծ անդունդ առաջացրեց կառավարող կազմակերպված փոքրամասնության և չկազմակերպված մեծամասնության միջև:

Միջնադարում դասական (անտիկ) ազնվականության հայեցակարգը աղավաղվեց ընդհուպ մինչև անճանաչելիություն: Տիրակալները ապրում էին իրենց կյանքով և հետաքրքրություններով, նրանց շքախմբերն անվերապահորեն ծառայում էին նրանց, իսկ մեծամասնությունը լքված էր ճակատագրի կամքին: Այսպիսով, ազնվականության սահմանումից դուրս մնացին այնպիսի հիմնարար կատեգորիաներ, ինչպիսիք են պատասխանատվությունը, քաջությունը և արժանապատվությունը:

Այդ ժամանակի վերջին դասական ազնվականներից մեկը Մեդիչիների ընտանիքն էր, որը կառավարում էր ճիշտ արժեքային-գաղափարախոսական սկզբունքների հիման վրա: Ֆլորենցիայի կամակոր բնակիչները այդ ընտանիքի մեջ (Կոզիմո Մեդիչի և հետագայում Լորենցո Մեդիչի) տեսնում էին իրական ուժ, որն ապահովում էր խիստ կարգ և ուժերի արդար հավասարակշռություն: Կոզիմոն լավ էր ուսումնասիրել Պլատոնի և Հոմերոսի աշխատությունները՝ ուղղորդվելով ազնվականության կառուցման հունական փորձով: Ավելին՝ նա հիմնադրեց Պլատոնի ակադեմիան, որը դարձավ առանցքային մտավոր կենտրոն, որտեղ պատրաստություն էին անցնում ապագա կառավարիչները: Նրա որդին՝ Լորենցոն, որը հիանալի գիտեր անտիկ աշխարհի պատմությունը, տեսնելով կառավարող փոքրամասնության ներսում քայքայման գործընթացները, սկսեց ավելի կոշտ գործել, քանի որ այդպես էին պահանջում լայն պետական շահերը: Նա իր ժամանակի Հուլիոս Կեսարն էր՝ մեկ տարբերությամբ. նա ուսումնասիրել էր անցյալը, որպեսզի չկրկնի նրա կրիտիկական սխալները: Մարդիկ հասկանում էին, որ Մեդիչին իսկական ազնվականության հոմանիշ է. ուժ, պատասխանատվություն, երկաթե կամք և արժանապատվություն: Զարմանալի չէ, որ ֆլորենտացիները կտրուկ ապստամբեցին այդ ընտանիքի դեմ, երբ իմացան, որ Պիեռո Մեդիչին՝ Լորենցոյի որդին, համաձայնել է կապիտուլյացիայի նվաստացուցիչ բոլոր պայմաններին՝ ծնկի գալով ֆրանսիացի թագավոր Կարլոս Ութերորդի առջև: Դա արդեն Մեդիչի չէր, ո՛չ ֆլորենտական ազնվական, ո՛չ էլ մեծ Կոզիմոյի և Լորենցոյի ժառանգ, այլ սովորական մահկանացու, որը երկչոտաբար հանձնեց իր երկիրը, նրա քաղաքացիներին և իր սեփական ժառանգությունը:

Կաթոլիկ միջնադարյան բարոյական համակարգը ստեղծեց դասային-կորպորատիվ կենսակերպ, որի շրջանակներում ազնվականությունը դարձավ ուղղակի անհնար: Այսպես, գյուղացին՝ մեծամասնության հիմնական դասային միավորը, զրկված էր ոչ նյութական իդեալից և, հետևաբար, բարձր նպատակի համար ինքնազոհաբերության անհրաժեշտությունից (հաշվի առնելով դրա պարզ բացակայությունը): Ազնվականները՝ միջին դասի ներկայացուցիչները, ծառայում էին բացառապես միապետին՝ բարձրագույն դասին, որը կառավարում էր ոչ թե ըստ հատկանիշների և արժանիքների, այլ բացառապես Աստծո կամքով: Նույնիսկ ասպետները՝ այդ դարաշրջանի յուրովի ազնվական դասը, ծառայում էին միապետին և «գեղեցիկ տիկնոջը», որոնց նրանք երդվել էին պաշտպանել:

Դասական ազնվականը (Թեմիստոկլեսը, Մարկոս Կրասսոսը և Կոզիմո Մեդիչին) չի ծառայում ո՛չ ինքն իրեն, ո՛չ այն սոցիալական խմբին, որից նա ծագել է, ո՛չ էլ Աստծուն, այլ միայն գաղափարախոսությանը, որի հիմքում ընկած է իր հողի և իր մարդկանց անցյալի, ներկայի և ապագայի համար պատասխանատվությունը: Ազնվականության սեփական մեծությունը չափվում է բացառապես իր երկրի և ժողովրդի մեծությամբ:

Անգլիան առաջինն էր, որ դուրս եկավ դասակարգային վիճակից (1639 թվականի հեղափոխություն): Տեղական միապետական դինաստիաների անվերահսկելի կամայականությունը հանգեցրեց երկրի թուլացմանը և իրական ազնվականության ստեղծման պահանջարկի ձևավորմանը, որը կկարողանար վճռական գործել և երկրի ու ժողովրդի շահերը դասել ամեն ինչից վեր: Անգլիացի պետականամետ ու պետականակենտրոն գործիչները (հիմնականում ինդեպենդենտների շարժումից) միավորվեցին Օլիվեր Կրոմվելի անձի շուրջ: Նա ոչ միայն մահապատժի ենթարկեց թույլ իշխող դասին, այլև վերացրեց արտաքին սպառնալիքները՝ Անգլիայի կամքին ենթարկելով երկու առավել ռազմատենչ ժողովուրդներին՝ իռլանդացիներին և շոտլանդացիներին: Կրոմվելը դրեց անգլիական քաղաքական ազգի հիմքերը, որը ապագայում կդառնա բրիտանական ազգի միջուկը՝ մարդկության պատմության խոշորագույն կայսրություններից մեկի տիրակալը: Որպես իսկական ազնվական՝ Կրոմվելը չդարձավ նոր միապետ և իր շուրջը չհավաքեց ազնվականական դասակարգ: Նա և իր հետևորդները մնացին պետականամետներ և Անգլիայի, Շոտլանդիայի ու Իռլանդիայի պրոտեկտորներ (պաշտպաններ): Ի դեպ, ապագայում Կրոմվելը օրինակ դարձավ նաև Իռլանդիայի հիմնադիր հայրերի (ազնվականության) համար, որը նա նվաճել էր ամենադաժան մեթոդներով:

Նոր ժամանակները ծնեցին փայլուն ազնվականների մի ամբողջ փառաշարք: 1792 թվականի Մեծ ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը ինչ-որ բանով նման էր 1639 թվականի անգլիական հեղափոխությանը: Սցենարը նույնն էր՝ անպատասխանատու միապետ, միանգամայն կաշառված ազնվականություն և բարձր արագությամբ դեպի անդունդը սլացող երկիր: Մտավորականությունը՝ ի դեմս կրթված բուրժուական դասակարգից (չշփոթել ազնվականության հետ) հեղափոխականների, օգտագործելով այլ դասակարգերի (հատկապես զինվորականների) դժգոհությունը, վերջ դրեց միապետի իշխանությանը (թագավոր Լյուդովիկոս XVI-ը գլխատվեց): Սակայն ազգային և պետական շինարարության անցնելու փոխարեն (ինչպես ինդեպենդենտները՝ Կրոմվելի գլխավորությամբ), հեղափոխականները բաժանվեցին առանձին նեղ խմբերի, որոնք սկսեցին վարել ներքին պայքար իշխանության համար: Ստեղծվեց վտանգավոր իրավիճակ՝ ժողովուրդը պառակտված է, բանակը բարոյալքված և կրում է պարտություն պարտության հետևից, երկրի մի մասը արտաքին ուժերի փաստացի օկուպացիայի տակ է: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ հեղափոխականները անձնականը դրեցին ազգայինից վեր (դառնալով ոչ թե ազնվականություն, այլ նոր պալատականություն): Բարեբախտաբար ֆրանսիացիների համար հայտնվեց իրենց Կրոմվելը՝ երիտասարդ բրիգադային գեներալ Նապոլեոն Բոնապարտը։

Նա ոչնչացրեց երկրի համար վտանգավոր ֆեոդալիզմի մնացորդները, ազատեց Ֆրանսիան և սկսեց ձևավորել ազգային ազնվականություն: Այդ ազնվականության միջուկում էին Ֆրանսիայի մեծության գաղափարին նվիրված մարշալները և գեներալները, որոնք պայքարում էին երկրի համար՝ հակառակ միապետի և ավելի ուշ՝ նորաստեղծ վերնախավի աջակցությանը, որը զբաղված էր գլխատված թագավորի իշխանության բաժանմամբ: Նապոլեոնը այդ գաղափարախոսությանը ենթարկեց բոլորին և ամեն ինչ, ինչը հնարավորություն տվեց Ֆրանսիային բարեփոխել ներքին համակարգը, հիմնել բովանդակալից պետական ինստիտուտներ և արդիականացնել զինված ուժերը, որոնք հետագայում նվաճեցին ողջ Եվրոպան: Նապոլեոնը մինչև վերջ նվիրված էր այս գաղափարին, սակայն նրա կառավարչական սխալը չափազանց թանկ նստեց: Մի կողմից՝ նա սկսեց հողեր և տիտղոսներ բաժանել զինվորական դասին, ինչով շփացրեց նրանց և դարձրեց չափազանց խոցելի, մյուս կողմից՝ ամբողջ երկրներ շնորհեց իր ընտանիքի անդամներին: Նրա եղբայր Ժոզեֆը ստացավ Իսպանիան, որտեղից նա առաջինը փախավ, երբ իմացավ գերիլյայի (ապստամբության) սկզբի մասին: Բոնապարտը՝ ֆրանսիական ազնվականության, ֆրանսիական կամքի, ուժի և մեծության խորհրդանիշը, փախավ: Սա անդառնալի վնաս հասցրեց հենց Նապոլեոնի հեղինակությանը, որն ի վերջո պարտվեց, իսկ երկիրը կորցրեց իր բոլոր նվաճումները: Իր դարաշրջանի ամենափառահեղ ազնվականներից մեկի անփառունակ վախճան:

Այլ մայրցամաքներում նույնպես տեղի էին ունենում խորքային փոխակերպումներ: Ժամանակին բրիտանական գաղութային տիրույթների ներկայացուցիչները հմտորեն օգտագործեցին Թագի ռազմավարական սխալները և կառուցեցին անկախության հասնելու համարձակ ու հանդուգն ճանապարհային քարտեզ: Շատերը այս նպատակը համարում էին ինքնասպանության հավասարազոր, քանի որ այդ պատմական ժամանակահատվածում Բրիտանական կայսրությունը գտնվում էր իր աշխարհաքաղաքական հզորության գագաթնակետին: Ամերիկացիների հաղթանակը հնարավոր դարձավ շնորհիվ առանձին մտավորականների անձնազոհության, գաղափարականության և նպատակասլացության: Թոմաս Ջեֆերսոնի, Ջորջ Վաշինգտոնի, Բենջամին Ֆրանկլինի, Ջեյմս Մեդիսոնի, Ալեքսանդր Համիլթոնի և այլոց նման անհատները, ունենալով մետրոպոլիայի իշխանության ներքո հարմարավետ և ապահով կյանք վարելու հնարավորություն, ռիսկի դիմեցին՝ հանուն անմահ առաքելության զոհաբերելով բոլոր մահկանացու բարիքները:

Ամերիկյան պետականության հաջողությունը ազգային մտավորականության (գաղափարախոսության մշակում) և ազգային բուրժուազիայի (ֆինանսական աջակցություն) սինթեզի արդյունք է: Այսպես ծնվեց բացարձակապես եզակի ամերիկյան ազնվականությունը, որը դրեց եզակի երկրի և ազգի հիմքերը, որն ընդամենը երկու դար անց գաղութից վերածվեց գլոբալ գերտերության: Դրա կայացման գործընթացը, կառուցվածքը և առանձնահատկությունները մենք արդեն սկսել ենք մանրամասն դիտարկել հրապարակումների առանձին շարքում: Ամերիկյան հաջողության պատմությունը ոգեշնչեց ժամանակի այլ նշանավոր ազնվականներին՝ Օտտո ֆոն Բիսմարկին, որը միավորեց Գերմանիան և ստեղծեց գերմանական քաղաքական ազգը, և Կամիլլո Կավուրին, որը կանգնած էր Իտալիայի միավորման (Ռիսորջիմենտոյի) ակունքներում:

Տարբեր աշխարհաքաղաքական կատակլիզմներ հանգեցրին մեծ ողբերգությունների, որոնք, այնուամենայնիվ, բացեցին եզակի հնարավորություններ: Առաջին համաշխարհային պատերազմը մեկնարկեց բազմաթիվ կայսրությունների, այդ թվում՝ Օսմանյան կայսրության փլուզման գործընթացը, ինչը ժամանակին բազում ստրկացված ժողովուրդների համար բացեց սեփական ազգային օջախ ձեռք բերելու ճանապարհը: Ամենահեռանկարայինը հենց հայկական ազգային նախագիծն էր, քանի որ էթնիկ հայերը լուրջ ազդեցություն ունեին տարածաշրջանային հիմնական կենտրոններում՝ Կոստանդնուպոլսում (Ստամբուլում), Թիֆլիսում, Բաքվում և Թեհրանում քաղաքական և տնտեսական կյանքի վրա: Հայերն արդեն այն ժամանակ ունեին հզոր անդրազգային ցանց ստեղծելու ներուժ՝ հաշվի առնելով նախկին Ռուսական կայսրությունում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հայտնի հայկական ընտանիքների գործոնը: Մոտավորապես նույն գլոբալ ցանցային հնարավորություններով կարող էին պարծենալ միայն երկու ժողովուրդ՝ իռլանդացիները և հրեաները:

Չնայած խելահեղ ներուժին, հայկական ազգային նախագիծը ձախողվեց: Որոշ ազդեցիկ և հարուստ հայեր գործում էին անհամաձայնեցված՝ նախընտրելով հավատալ բացառապես սեփական նեղ պատկերացումների և պատումների (նարատիվների) ճշմարտացիությանը: Եվ սա ամենավատ շերտը չէր, քանի որ նրանք անտարբեր չէին իրենց հողի և ժողովրդի ճակատագրի նկատմամբ: Հայ «մտավորականության» ներկայացուցիչների մեծամասնությունը չեզոք դիրք էր գրավել՝ նախընտրելով հեռու մնալ հայկական գործերից և ինտեգրվել իրենց բնակության միջավայրում (ձուլվել): Եվ նույնիսկ այս շերտը չի կարելի համարել ամենավատը, քանի որ բացի նրանցից կար հայերի մի ամբողջ դաս, որոնք օգտագործում էին հայկական հարցը սեփական նեղ քաղաքական կամ տնտեսական խնդիրներին հասնելու համար:

Սա կարող է հակասական հնչել, բայց այդ ժամանակների միակ հայ ազնվականը Արամ Մանուկյանն էր՝ Առաջին Հայկական Հանրապետության ղեկավարը, հայկական պետականության բացարձակության գաղափարախոսը և Սարդարապատում ու Բաշ-Ապարանում թուրքական զորքերի դեմ հայերի հաղթանակի գլխավոր ոգեշնչողը-ճարտարապետը:

Մանուկյանին հաջողվեց վերահսկողության տակ առնել խայտաբղետ կառավարությունը, այն մաքրել վտանգավոր գործակալներից և արդյունավետ փոխգործակցության համակարգ կառուցել առանձին փայլուն, բայց խիստ քմահաճ զորահրամանատարների միջև, ինչպիսիք էին Անդրանիկ Օզանյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը, Դրաստամատ Կանայանը, Թովմաս Նազարբեկյանը և ուրիշներ:

Արամ Մանուկյանը քաղաքական մտքի հսկա էր, որը ոչնչով չէր զիջում այնպիսի ազնվական-տիտաններին, ինչպիսիք էին Նապոլեոնը, Բիսմարկը կամ Ջեֆերսոնը: Նրան պարզապես ժամանակը չհերիքեց․ 1919 թվականին նա մահացավ տիֆից: Նրա մահը նշանակում էր անկախ Հայաստանի (որը հենվում էր նրա վրա) վախճանը, որը դադարեց գոյություն ունենալ 1920 թվականին: Նույն ժամանակաշրջանում իռլանդական ազնվականությունը, որի ձևավորումը տևեց ավելի քան 70 տարի (սկսած 1845-1849 թվականների Մեծ սովից), պարտության մատնեց Բրիտանական կայսրությանը՝ հասնելով իր հիմնական նպատակին՝ անկախ Իռլանդիային: Հրեաները նույնպես առաջ շարժվեցին՝ ստեղծելով կրիտիկական ենթակառուցվածք նոր փուլին՝ սիոնիստական (ազգային) ազնվականության ձևավորման ավարտին անցնելու համար: Հայկական օրինակի տարբերությունն այն է, որ ամբողջ աշխարհով մեկ ցրված «մտավորականությունները» չէին ձգտում իրենց աշխարհը համակարգել միասնական ազգային ճանապարհային քարտեզի շուրջ: Հայերը չունեին ո՛չ ռազմավարություն, ո՛չ կառուցվածք, ո՛չ էլ ինստիտուտներ: Պատմական հնարավորության մասշտաբը հասկացավ և գիտակցեց միայն Արամ Մանուկյանը, ով մի կողմից ստիպված էր փորձել պետություն կառուցել, մյուս կողմից՝ հարթեցնել առանձին խմբավորումների միջև հակասությունները և համոզել ազդեցիկ ու հարուստ հայերին ներդնել իրենց ուժերն ու ռեսուրսները ազգային և պետական շինարարության գործում: Եվ այս ամենը՝ բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում:

Այս բոլոր օրինակներն ակնառու կերպով ապացուցում են, որ ազնվականության առկայությունը հիմնարար պայման է պետականաշինության և ազգակերտման մեկնարկի և հաջող ավարտի համար: Ամփոփելով` ազնվականությունը համակարգ է, որտեղ մտածող փոքրամասնությունը համախմբվում է իր ժողովրդի (չկազմակերպված մեծամասնության) ֆիզիկական, քաղաքական և հոգևոր անվտանգության համար պատասխանատվության գաղափարի շուրջ: Այդ պատասխանատվության գիտակցումը ծնում է ուժ, որի ճանաչումն ու ճիշտ և արդյունավետ օգտագործումը թույլ է տալիս լուծել գերբարդ դասի խնդիրներ: Նման կոնֆիգուրացիան թույլ է տալիս ազնվականությանը հասնել գլխավորին՝ անմահ ընդհանուրի (ազգայինի) գերակայությանը մահկանացու «ես»-ի (անձնական և սեփականի) նկատմամբ:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն