Կիրակի օրը ընտրություններ կկայանան Հայաստանի մշակութային կենտրոններից մեկում՝ Գյումրիում: Դրանք կհանդիսանան նաև խորհրդարանական ընտրությունների գլխավոր փորձը: Այդ իսկ պատճառով Փաշինյանի թուրքական գաղութապետական վարչակարգը հաղթանակի համար անհրաժեշտ որևէ միջոցներից չի զազրում: Հակառակ դեպքում նրա տերերը՝ աթոռի միակ երաշխավորները, կասկածի տակ կդնեն նրա՝ Հայաստանի գաղութացումն ավարտին հասցնելու ունակությունը:
Հետևաբար Գյումրիում գաղութապետի մինի պատճենը՝ «անկուսակցական» քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, լիակատար ազատ է հաղթանակի միջոցների ընտրության հարցում, մանավանդ քանի որ առայժմ մնացած 8 ուժերը հրապարակայնորեն բացառում են «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելու ցանկացած հնարավորություն: Մինասյանի դիրքորոշումը պարզ է. տվեք մեզ ևս 5-10-25 տարի, և մենք վերջապես կկատարենք այն, ինչ խոստացել ենք: Մնացած բոլոր թեկնածուները, այդ թվում՝ եվրոպամետները, հայտարարվում են կաշառակերներ և Մոսկվայի շահերի պաշտպաններ, որոշ թեկնածուներ ենթարկվում են բացահայտ քաղաքական հետապնդումների, իսկ նրանց կողմնակիցներից ոմանք՝ պետական հիմնարկներում բյուրոկրատական ճնշումների:
Չէ՞ որ պետությունը, ըստ նրա՝ լուսապսակ Նիկոլ Փաշինյանն է, ինչպես մենք գիտենք 2018 թվականի նրա բոցկլտուն սպառնալիքներից: Ինչպես ասում են՝ եթե ձեր ժողովրդավարությունը նման չէ մեր ժողովրդավարությանը, իսկ ձեր «ինքնիշխան» վարչապետը մայիսի 9-ին Մոսկվա չի այցելում՝ հիանալու այն ռուսական զենքի ուժով, որը նրան այնպես էլ չմատակարարեցին, ապա նույնիսկ մի՛ փորձեք մեզ այդպիսի բան առաջարկել:
Կարծես թե «Խաղաղության խաչմերուկում» ամեն ինչ նույնն է ու նորություն չկա: Սակայն թուրքահպատակ վերնաշերտը հինգշաբթի օրը հանրային հեռուստաընկերության եթերում կայացած բանավեճի ընթացքում իջավ մի նոր հատակի: Սարիկ Մինասյանը, արբեցած իր փառքի րոպեներով, ակնհայտորեն որոշել էր գերազանցել նույնիսկ իր նորաթուխ առաջնորդին (իր նախկին առաջնորդը Էդմոն Մարուքյանն էր, ով այժմ «ընդդիմադիր» է, իսկ 2022-2024 թթ. ծառայել է որպես Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան): Թե՛ հավատացած լինելով, որ գյումրեցիների հայտնի հումորի զգացումը սահմաններ չունի, թե՛ Գյումրիի բնակիչներին իր սեփական արշինով չափելով, Մինասյանը երկու անգամ հայտարարեց, որ գյումրեցիները, ում երեխաները ծառայել են Արցախում, իրենց դժբախտ են համարել և մեծ կաշառքներ են վճարել՝ նրանց ծառայությունը այլ շրջաններ տեղափոխելու համար:
Իրավամբ, Արցախում ծառայությունը բարդ լոգիստիկ միջոցառում էր, և այնպիսի հեռավոր գյուղեր, ինչպիսիք են Թալիշն ու Մատաղիսը, նույնիսկ արցախյան Մարտունիում բնակվող ծնողների համար էր հաճախ խնդրահարույց առաքանիներ ուղարկելը, հատկապես սկզբում, երբ պիտանի ավտոճանապարհներ գրեթե չկային: Հայաստանի մնացած մասերից ծնողների համար դա, բնականաբար, եռակի բարդ էր: Եվ Արցախում բոլորը՝ փոքրից մինչև մեծ, գիտակցում և գնահատում էին այս զոհողությունը:
Արցախը միայն առաջնագծի մարտական դիրքեր չէր, ինչպես կարծում են նրանք, ովքեր այնտեղ երբեք չեն եղել: Մինչև Սարիկ Մինասյանի ներկա հովանավորի «գալուստը» Արցախն ուներ անվտանգության լայն գոտի, և սահմանի վիճակը բավական հանգիստ էր մինչև 2010-ական թվականների կեսերը: 2020 թվականից առաջ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով խոցելի դիրքերը շատ ավելի քիչ էին, քան կան և հատկապես «սահմանազատումից» հետո կլինեն «Իրական Հայաստանում», որտեղ այսօր ծառայում են գյումրեցիների որդիներն ու թոռները։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում մեր պարտությունը՝ ի թիվս այլ պատճառների, ուղղակիորեն կապված էր զինվորական ծառայությունից խուսափելու ու կաշառք տալու համընդհանուր երևույթի հետ: Մարդիկ կաշառքներ էին (են) տալիս՝ որդիներին ռիսկային շրջաններից հեռու պահելու և տանը մոտիկ շրջաններում ծառայելու համար, և այդ վարքագիծը հասարակությունը երկար ժամանակ լռելյայն ընդունում էր (է)՝ առանց դատապարտելու: Իրական ազնվականության բացակայության պայմաններում՝ հայ ժողովուրդը սկսեց հետևել դասալիքներին ու կեղծավորներին, մինչև որ բանը հասավ նրան, որ նույնիսկ գերագույն հրամանատարի պաշտոնը ստանձնեց դասալիքը:
Սակայն Մինասյանը հենց այնպես չի արձանագրել այն արատավոր երևույթի առկայությունը, որին մասնակից է Երրորդ Հանրապետության ամբողջ վերնախավը: Նա նշեց Արցախից «ազատվելը» որպես «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման նվաճումներից մեկը: Մինասյանի համար Գյումրին փոշուց, կեղտից և Արցախ զավակներ ուղարկելու անհրաժեշտությունից ազատելը հավասարազոր խնդիրներ են: Իրականում, նրա թիմը կատարեց միայն վերջինը: Մեկ այլ թեկնածու, արդարացիորեն պահանջելով անվանել այդ ընտանիքներից գոնե մի քանիսին (որպեսզի իրավապահները քննեն կաշառակերության փաստը, այլապես, ինչպե՞ս է հնարավոր, որ այն հանդուրժվի Փաշինյանի՝ կոռուպցիայի դեմ «մեծն մարտնչողի» օրոք), Երևանի կոլաբորացիոնիստների ներկայացուցիչը նախընտրեց ամբողջությամբ արատավորել իր սեփական ընտրազանգվածը։ Նա հանդիսավոր հայտարարեց, որ բոլոր այդ ընտանիքները կքվերակեն նրա օգտին: Եվ դա՝ Գյումրիում, որտեղ սրբորեն պատվում են 90-ական, 2016 և 2020 թվականներին՝ Հայոց Ցեղասպանության հերթական դրվագները կանխող ազատագրական պատերազմում զոհված զավակների հիշատակը: Այն զավակների, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել, որ հայերը կարողանան ապրել իրենց Հայրենիքում, որ Հայաստանը և նրանց հարազատ քաղաքը չվերածվեն օտար սապոգների համար ոտքի ճամփայի։

Մակագրություն Գյումրիի պատերից մեկի վրա` «Սասնա Ծռերից» («Սասունցի Դավիթից») հայտնի հատված
Այս «կատակը» չափազանց հեռուն է գնում նույնիսկ հումորի հայկական մայրաքաղաքի չափանիշներով։ Մինասյանը «Իրական Հայաստանի» լավագույն ավանդույթների համաձայն իր իսկ դավաճանական մտածելակերպի և ապագա գործողությունների բեռը բարդեց իր բոլոր ընտրողների վրա՝ չթողնելով նրանց ընտրության այլ տարբերակ, բացի խղճի մտոք քվեարկելը: Եվ թող ձեզ, սիրելի գյումրեցիներ, չվախեցնեն ո՛չ վարչական վերահսկողությունը, ո՛չ Սարիկի խոստացած բնակարանները: Ոչ ոք չի համարձակվի ձեզ անարգել, զրկել ընտրության և խղճի ազատությունից և ձեզ հասանելի հասարակական բարիքներից, եթե դուք հիշեցնեք ժամիշխաններին, թե ով է ձեր հողի իսկական տերը և թե ինչ պարտավորություններ նրանք ունեն ձեր` տերերի, առջև:
Ոչ ոք և երբեք, այդ թվում՝ Սարիկ Մինասյանը, չի իմանա, թե ինչպես եք քվեարկել: Բայց եթե դուք քվեարկեք նրա օգտին, նրա կամքով դուք կկիսեք այն դավաճանական բեռը, որը կրում են կոլաբորացիոնիստները՝ Արցախը աճուրդի հանելով, և այժմ նաև՝ վաճառելով Հայաստանի ու հայկական աշխարհի մնացած մասնիկները։
Սարիկ Մինասյանը, ով այսօր պատմում է, թե ինչ դժբախտություն էր Արցախը գյումրեցիների համար, ընդամենը մի շաբաթ առաջ հայտարարում էր, որ Արցախը հայկական հող է, և եթե այն դավաճաբար հանձնել են, ապա ո՞ւր են նրանք, ովքեր պետք է անսասան կանգնեին՝ պաշտպանելով և թույլ չտալով, որ դա տեղի ունենար։Հուսով ենք, որ երկուշաբթի օրը ստիպված չենք լինի հարցնել, թե որտեղ էին գյումրեցիները, ովքեր դեմ էին հակահայկական ղեկավարին: Նա և իր ներկա առաջնորդ Փաշինյանը անդադրում շեշտում են, որ մենք ենք մեր երջանկությունն ու դժբախտությունը կերտողները: Միակ ելքը՝ նրանց նոր մանդատ չտալն է, որպեսզի չդառնանք հայ ժողովրդի դեմ նրանց կատարած հանցագործությունների և հայկական հարցի վերջնական փակման պատասխանատուն:
2021 թվականին նրանք մանդատը «վերցրին» Արցախը պահպանելու և Հադրութն ու Շուշին վերադարձնելու համար: Այսօր նրանք խնդրում են նոր ժամկետ` Գյումրիի բարեկեցության համար: Ընտրությունը ձերն է:
Հետո չասեք՝ թե մենք քընած –
Դավիթ գող-գող եկավ, գընաց…
Հ. Թումանյան
