«Միջազգայնորեն ճանաչված սահմանները» և Ալմա-Աթայի հռչակագիրը դարձել են մերօրյա կլիշեներ, այսպես ասած վերջին ատյանի ճշմարտություններ։ Այնինչ իրականում գոյություն ունեն միայն երկու պետությունների փոխադարձ ճանաչված աահմաններ, որոնք, ինչպես և որևէ այլ սահմաններ, արձանագրված չեն Ալմա-Աթայի հռչակագրում։
«Փոխադարձ» բառը վերացել է հայկական իշխանությունների բառապաշարից։ Ոմանք դա ընդունում են պարտվածի համար բնական երևույթ, քանի որ «մենք այնպիսի դիրքում չենք, որ ուրիշի տարածք զբաղեցնենք»։ Տխրահռչակ անկլավները սովետական ժամանակաշրջանի գաղութային սահմանագծման, որն այդ թվում նաև զգալիորեն փոփոխվել է ավագ Ալիևի ջանքերի շնորհիվ, և առաջին անկախության առաջին տարիներին ու Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած փաստացի բնակչության փոխանակման արդյունք են։
Ադրբեջանին որևէ մեկը ընտրության առաջ չի կանգնեցնում՝ անկլավները փոխանակել կամ ամեն ինչ թողնել իր տեղերում։ Չէ՞ որ վարչապետը վերջնագրեր է փոխանցում միայն սեփական հայրենակիցներին՝ միակողմանի կարգով։ Հակառակ դեպքում Ալիևը կընտրեր երկրորդը, քանի որ տարածքների փոխանակումը ենթադրում է նոր ենթակառուցվածքային, մասնավորապես՝ ջրամատակարարման հարցերի լուծում։ Փոխարենը սահմանամերձ և վիճելի տարածքը ոչ միայն մնում է Ադրբեջանի տիրապետության տակ, այլև ընդմիշտ թիկունք է դառնում։ Ընդմիշտ, որովհետև Փաշինյանը իր «բարիդրացիական բարի կամքի ժեստով» լեգիտիմացնում է տարածքների միակողմանի հանձնումը։ Ավելին, դա ներկայացնում է որպես դիվանագիտական հաղթանակ։ Արդյո՞ք այս օրինակը վարակիչ կդառնա ոխերիմ հարևանի համար: Ո՛չ, միայն Հայաստանի մյուս շրջանների համար, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանին սահմանակից։
Իհարկե, հայ հասարակությունը գիտակցում է, որ «տարածքային ամբողջականությունը» և ընդհանրապես միջազգային իրավունքը պարտադիր են միայն թույլերի համար, այսինքն՝ տխրահռչակ սահմանազատումը նրան չի պաշտպանի մարդկության դեմ ադրբեջանական և թուրքական նոր հանցագործություններից։ Խնդիրն այլ է. հայերի զգալի մասը համակերպվել է պարտվողի իրենց կարգավիճակի հետ և նման իրավիճակը միանգամայն ընդունելի են համարում։ Իբրև թե Արցախում հաղթանակը անոմալիա էր, իսկ հիմա վերադառնում ենք զոհի հարմարավետ ու ոչնչի չպարտավորեցնող վիճակ և մարդկային կյանքեր ու տարածքներ տալիս մինչև ողբերգական վախճան։ Իսկ նրանք, ովքեր չեն հաշտվել և փորձում են պաշտպանել իրենց տունը, միայն անհարմարություններ են ստեղծում «նոր Հայաստանի», որը հարևանների հետ խնդիրներ չի ունենա, որովհետև այնտեղ որպես քաղաքական սուբյեկտ հայեր այլևս չեն լինի, կայացման համար։
Մյուս կողմից, անհարմար ճշմարտությունը միշտ էլ ավելի հեշտ է անտեսել: Ինքդ քեզ ստիպել հավատալ, որ ամեն ինչ կսահմանափակվի ևս մեկ գյուղով, և ի՞նչ, որ հեռավոր ևս մեկը կզրկվի երեխային անվտանգ դպրոց ուղարկելու, հարևան գյուղ հարազատների մոտ այցի գնալու, բերք աճեցնելու և իր խնդիրների նկատմամբ անտարբեր քաղաքը կերակրելու հնարավորությունից։ Ի վերջո, թուրքական և ադրբեջանական լոլիկներն ավելի էժան կարժենան։ Իսկ Երևանում բոլոր փախստականների համար տեղ կբավականացնի, հատկապես եթե Արցախից ավելի շատ փախստականներ, չդիմանալով անտարբերությանը և մինչ տունդարձը ինտեգրման միջնաժամկետ որևէ համոզիչ ծրագրերի բացակայությանը, սփռվեն այլ երկրներով՝ դրանք զարգացնելու ու հզորացնելու:
Պետք էր շատ ջանալ, որ ընդամենը 30 տարվա ընթացքում հայերը մոռանան, թե ինչ գնով են սեփական հողում հայ մնալու համար ազատագրել դրա ամեն մի թիզը։ Որտե՞ղ ենք մենք մեզ համար սահմանազատել այն կարմիր գիծը, զիջումը, որին ոչ մի դեպքում չենք գնա, քանզի կչքանանք որպես ազգ։ Դեռ քանի՞ հայկական օջախ պետք է մարի ու հանձնվի թշնամուն, որ մենք վերջապես դա գիտակցենք։ Ավաղ, այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի։ Բայց մեր հաշվին կնստեն հարյուրավոր հաղթականորեն կանխված կարծեցյալ պատերազմներ և մի քանի՝ վերջնական սպանդին նախորդող կուշտ ու կուռ տարիներ:
Հայոց ապագայի դեմարկացիան
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
