Հայոց Ցեղասպանությունը: Անցյալը: Ներկան: Ապագան

Այս տարի լրանում է հայ ժողովրդի ծրագրված ու նպատակաուղղված բնաջնջման զոհերի հիշատակի և բնօրրանից արտաքսման 109-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության պատմության մասին գրվել է զգալի քանակությամբ գիտական և գեղարվեստական գրականություն, թողարկվել են տասնյակ վավերագրական ֆիլմեր և անցկացվել հարյուրավոր գիտաժողովներ: Սակայն մինչ օրս բաց է մնում այն առանցքային հարցը, թե ինչ է(ր) ցեղասպանությունը հայկական աշխարհի համար։  Վերջին երեք տարիների իրադարձությունների հետ կապված այս հարցը որակապես նոր նշանակություն է ստանում, քանի որ պատասխանից է կախված ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային հայկական էթնոսի ապագան: Միանգամայն ակնհայտ է, որ պատասխանի որոնումը պետք է խորագնաց կոմպլեքսային, միջառարկայական և բազմակողմանի բնույթ կրի: Այս կապակցությամբ արժե սկսել հենց պոպուլիստական և էմոցիոնալ աղբից զտած պատմական համատեքստից։

Կայսրություններին սպասավորելը

Օսմանյան կայսրությունը եկավ փոխարինելու Բյուզանդական կայսրությանը, որտեղ հայերն ու հույները կազմում էին քաղաքական և տնտեսական ազնվականության կմախքը։  Խոսքը բացառապես էթնիկ խմբերի մասին է, քանի որ պետական տեսանկյունից նրանք հանդիսացել են բյուզանդական կայսերական ազգի շարժիչը։  Նրա հիմնական հատկանիշներն էին արևելյան ուղղափառ քրիստոնեությունը և միապետության իդեալներին նվիրվածությունը։ Հայկական տոհմերից (7 դինաստիաներ) բյուզանդական բազմաթիվ կայսրեր հետևողականորեն ձգտում էին գրավել և հպատակեցնել Մեծ Հայքի մնացորդները և ստիպել տեղի հայերին, որոնք Առաքելական եկեղեցու հետևորդներ էին, ուղղափառություն ընդունել:

Խնդիրը պարզեցվում էր նրանով, որ հայ-պարսկական ազնվականությունը (Մամիկոնյանների և Արշակունիների տոհմից փախստակները) առանցքային դեր է խաղացել դեռևս 387 թվականին Մեծ Հայքի առաջին բաժանման գործընթացում, որի արդյունքում հայկական կայսրության 1/5 մասը անցել է Բյուզանդիային և 1/5-ը ՝ Սասանյան Պարսկաստանին։  Մինչև 387 թ. ընկած երկարատև ժամանակաշրջանը կարելի է բնութագրել որպես հայկական կլանների (Արշակունիների, Մամիկոնյանների, Արծրունիների, Ռշտունիների, Մանավազյանների, Օրդունիների և այլոց) մշտական դիմակայություն: Իշխանության և ազդեցության համար պայքարում նրանք օգտագործել են բոլոր մեթոդներն ու գործիքները, այդ թվում՝ ընդունելով Հայաստանի արտաքին հակառակորդների աջակցությունը։

Արդյունքում այս բոլոր տոհմերը հայերից վերափոխվեցին բյուզանդական, պարսկական, ռոմանա-լատինականի ՝ դառնալով իրենց երկիրը իրար մեջ բաժանած նոր տերերի հավատարիմ ծառաներ։

Հայկական գործոնը (ինչպես և հունականը) նույնքան կարևոր դերակատարություն է ունեցել նաև օսմանների հաղթանակում։  Նախևառաջ դա արտահայտվում էր քաղաքական ազդեցության և ֆինանսական բարեկեցության նոր մակարդակի ձգտող ունևոր ազնվական ընտանիքների ներկայացուցիչների աջակցությամբ: Արդյունքում նորաստեղծ Օսմանյան կայսրության շրջանակներում այդ էլիտար խմբավորումները չափազանց աններկայանալի տեղ զբաղեցրեցին, իսկ նրանց ժողովուրդները կանգնեցին կանխատեսելի ընտրության առջև՝ դառնալ օսմանյան կայսերական ազգի մի մասը կամ գոյություն քարշ տալ որպես երկրորդ կարգի մարդիկ։  Ճիշտ է, ի տարբերություն բյուզանդական մոդելի, մինչև որոշակի ժամանակահատված առանձին էթնիկ խմբերի ներկայացուցիչները կարող էին մասնակցել պետական գործերին չընդունելով իսլամը՝ օսմանականության հիմնական հատկանիշը: Ուստի հայերը «առաջինն էին հավասարների մեջ», քանի որ լինելով քրիստոնյա փոքրամասնություն՝ հավատարմորեն ծառայում էին կայսրության շահերին։

Հայերին մնացածներից առանձնացնելու ավելի պրագմատիկ պատճառը նրանց վերազգային բնույթի գործոնն էր՝ կայսրության ազդեցության ընդլայնման և պրոյեկցման կարևոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործիքը։  Հայերն ունեին Չինաստանից մինչև Լոնդոն շատ զարգացած և ճյուղավորված առևտրատնտեսական ցանց։

Օսմանյան արքունիքի համար հատկապես կարևոր էր այն ժամանակվա կաթոլիկ Եվրոպայում հայերի լոյալ ընկալման գործոնը։  Հրեաների նկատմամբ նկատմամբ առավելությունը քրիստոնեական կրոնն էր, իսկ հիմնականում ուղղափառ հույների հետ համեմատ` առաքելական դավանանքը։

Օսմանյան կայսրության կառավարիչները քաջատեղյակ էին, որ տասնամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցին եղել է Վատիկանի դաշնակիցը, իսկ հայ իշխանները սերտ և նույնիսկ ազգակցական հարաբերությունների մեջ են եղել եվրոպական բազմաթիվ թագավորական արքունիքների հետ:

Ընդհանուր առմամբ, օսմանյան համակարգի սեփական զարգացման և էվոլյուցիայի հետ մեկտեղ, հայությունը բաժանվեց չորս պայմանական խմբերի. առաջինն ընդունել էր օսմանիզմի բոլոր ատրիբուտները և ինտեգրվել կայսերական արիստոկրատիային; երկրորդը՝ պահպանել քրիստոնեական առաքելական դավանանքը, սակայն, միևնույն է, ծառայում էր օսմանյան վերնախավին և պաշտպանում կայսրության շահերը; երրորդը հայկական ազգային ազնվականությունն էր (հոգևորականություն և մտավորականություն), որը ձգտում էր պահպանել հայերի մշակութային ու կրոնական ինքնությունը, բայց նպատակ չէր դնում վերակենդանացնել  հայկական անկախ պետականությունը; չորրորդը իրավազուրկ դասի կարգավիճակում գտնվող անկազմակերպ մեծամասնությունն էր։  Ակնհայտ է, որ որևէ միաձույլ հայություն չի եղել, և որ ամենակարևորն է ՝ չի եղել մի էլիտար խումբ, որը նույնիսկ տեսականորեն կարող էր հիմնել կամ աջակցել ազգային-ազատագրական շարժմանը: Ավելին, նույնիսկ հայերի երրորդ  խումբը յուրայիններին սովորեցնում էր հավատարիմ լինել սուլթանին և կայսրությանը։ 

Սա, իր հերթին, արժեզրկում է ժամանակակից թուրքական այն թեզը, իբր թե «հայերի ձգտումը Օսմանյան կայսրությունը կազմաքանդելն ու նրա տեղում Մեծ Հայքը վերստեղծելն էր»։

Նույնիսկ Եվրոպայում և Ռուսական կայսրությունում հայկական էլիտար խմբերի ներկայացուցիչներն ի սկզբանե հանդես էին գալիս Օսմանյան կայսրության հայ բնակչությանը միայն անհրաժեշտ իրավունքների և դրանց պահպանման երաշխիքների տրամադրման օգտին՝ համաձուլումից և անհայտացումից խուսափելու նպատակով։  1915 թվականի իրադարձություններին` չնայած 1909 թվականի Կիլիկյան կոտորածին այդ բոլոր խմբերի բացարձակ անպատրաստ լինելու փաստը առավել քան վառ փաստարկ է թուրքական կողմից ակտիվորեն քարոզվող հայերից բխող  վտանգի թեզի դեմ: Բայց անմիջապես պետք է հստակեցնել, որ հայոց հարցը գոյություն է ունեցել և հանդիսացել է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական մեծ խաղի կարևոր տարր։  Առաջին հերթին հարկ է նշել, որ հայոց հարցը (ինչպես հունականը, ասորականը, բուլղարականը, սերբականը) հիմնարար Արևելյան հարցի տարր էր, որը դնում էր «Եվրոպայի հիվանդ մարդու» (Օսմանյան կայսրության) վախճանի և նրա ժառանգության բաժանման անխուսափելիության հարցը։  Տեղի ունեցող գործընթացների տրամաբանության տեսանկյունից հայկական քաղաքական օրակարգի ձևավորումը միանգամայն բնական էր և անխուսափելի՝ հանդիսանալով ապակայսերացման հետևանք, որը մշտապես ուղեկցվում է ազգային խնդիրների արդիականացմամբ:

Հայոց հարցի և հայկական ինքնության շահագործումը

 Որոշ խաղացողներ խորը գիտելիքներ ունեին տարածաշրջանի և նրա բնակչության մասին (Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսական կայսրությունը), մյուսները (կայզերական Գերմանիա) փոքր փորձ ունեին և, հետևաբար, գնում էին պարզ ճանապարհով՝ աջակցելով կենտրոնական թուրքական իշխանությանը։

Հայկական գործոնը հատկապես առանձնանում էր մյուսներից, քանի որ ուներ «համակցված» կարգավիճակ։ Առաջինը կայսրության ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներում զգալի հայ բնակչությունն էր, երկրորդը ՝ հայ ազնվականությունը հենց Եվրոպայում և Ռուսական կայսրությունում, որին կարելի էր օգտագործել սեփական հայեցողությամբ, երրորդը՝ տարածաշրջանային հայ արիստոկրատիաների ներքին գործոնը (Ստամբուլից մինչև Բաքու)։

Արդյո՞ք հետկայսերական Թուրքիան երիտթուրքերի գլխավորությամբ ցանկանում էր վերացնել այդ գործոնը և վերջ տալ հայությանը։ Միանշանակ: Արդյո՞ք նրան այս հարցում նրան աջակցում էր կայզերական Գերմանիան, որը կռվում էր Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ։ Անկասկած:

Իհարկե, հայկական գործիքակազմը լիարժեք օգտագործվել է բոլոր շահագրգռված խաղացողների կողմից և անհրաժեշտ արդյունքների հասնելուց հետո պահեստ վերադարձվել` մինչև «հաջորդ անգամ»: Արդյո՞ք նրանք ափսոսացին, որ ավելի քան 2 մլն հայեր սպանվեցին և տեղահանվեցին։  Միգուցե մի քանի վայրկյան: Տեղի ունեցածը հայ ազնվականության երրորդ ուժերի ազդեցության գործակալների կողմից արհեստականորեն ստեղծվող տարաձայնությունների հիման վրա «մշտական շահագործվողի» վիճակից դուրս գալու  դժկամության  տրամաբանական արդյունքն էր: Գալուստ Գյուլբենկյանի պես որոշ «ճարպիկ» հայեր նույնիսկ հասցրել են աշխատել այդ ուժերի հետ և վաստակել շոշափելի կապիտալ (որը հետո օգտագործվել է հեռավոր Պորտուգալիայի շահերի համար)։  Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ 1915 թվականը ազգային շահ ձևավորող սեփական ազգային արիստոկրատիայի բացակայության բնական արդյունքն է: Սեփական ճակատագրի նկատմամբ դիրքորոշման բացակայության արդյունքում առաջացած վակուումը միշտ էլ ինչ-որ բանով է լցվում ինչ-որ մեկի կողմից:

Հետագա իրադարձությունները տրամաբանորեն բխում են վերը նշված համատեքստից: Հայոց հարցը սեփական խաղում օգտագործած հիմնական ուժերը երկկողմ պայմանավորվածություններ են ձեռք բերել Քեմալ Աթաթուրքի գլխավորած թուրքական նոր ղեկավարության հետ։  Յուրաքանչյուրը ստացավ խոստացված կարկանդակի կտորը, բացի վաղ խորհրդային իշխանությունից, առանց որի համակողմանի աջակցության Թուրքիայի Հանրապետության և նրա հիմնադիր հոր ապագան թելից էր կախված։  Գործն ավարտված էր, և եկավ բացահայտ և երկարատև պրագմատիզմի ժամանակը։

Առաջատար խաղացողները մտան քաղաքականության, տնտեսության և առևտրի շուրջ առճակատման նոր դարաշրջան, իսկ հայերին թողեցին Նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը վայելելու հնարավորությունը։ Նրանք գիտեին, որ հայերին այդչափ անթաքույց ֆիկցիա սաղացնելը մեծ դժվարություն չի լինի, քանի որ Վիլսոնը նկարել է Մեծ Հայքի քարտեզը, որը հոգի էր ջերմացնում և հույս ներշնչում այն կյանքի կոչել:

Իսկ իրական փաստերը հետևյալն են. Նախ, Վիլսոնը, գտնվելով Կոնգրեսում իզոլյացիոնիստ մեծամասնության ճնշման տակ, հայ-թուրքական սահմանի հարցով իրավարարի դերը իր վրա վերցնելու ցանկությամբ չէր տոչորվում։ Նա առանձնապես ընտրություն չուներ, քանի որ հայկական թեման այն ամենն էր, ինչ կարող էին առաջարկել ատելի ամերիկացուն Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը և Ֆրանսիայի առաջնորդ Կլեմոնսոն։  Երկրորդ՝ ԱՄՆ Կոնգրեսը չի վավերացրել Վիլսոնի պատրաստած և ստորագրված այդ ժամանակաշրջանի միջազգային փաստաթղթերից և ոչ մեկը։ Ավելին` իզոլյացիոնիստ օրենսդիրները թույլ չտվեցին նախագահին Միացյալ Նահանգները ներքաշել Ազգերի լիգա, որի ստեղծման նախաձեռնողը հենց Վիլսոնն էր։ 

Նա նույնիսկ լուրջ դիմադրություն ցույց չտվեց, քանի որ կար նաև նրա ընտրարշավի հովանավոր Ջոն Ռոքֆելլերի գործոնը, ում օսմանյան նավթի բաժանման շուրջ համագործակցության առաջարկը ժամանակին վիրավորական կերպով մերժվեց «նավթային Թալեյրանի»՝ Գալուստ Գյուլբենկյանի կողմից։

Երրորդ՝  Նահանգները սեպարատ բանակցություններ են վարել թուրքերի հետ և համաձայնեցրել ապագա համագործակցության բոլոր պարամետրերը, որի պատմական գագաթնակետը  դարձավ Երկրորդ համաշխարհայինից հետո այդ երկրի ՆԱՏՕ ընդունումը՝ նախագահ Հարի Թրումենի նախաձեռնությամբ։

Միջազգային հարաբերությունների նոր երկբևեռ համակարգում հայոց հարցը տևական ժամանակով պինդ փակվեց ընդհուպ մինչև 60-ական թվականները։  Սովետները կանաչ լույս վառեցին նրա բացմանը 1965 թվականին (Ցեղասպանության 50-ամյակին)՝ թույլատրելով Երևանում «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կառուցումը։  Այսպիսով, նրանք ձգտում էին ստանալ բնակության երկրների քաղաքական և տնտեսական կյանքին լավ ինտեգրված արևմտյան հայկական համայնքների համակրանքը,։  ԱՄՆ-ն և Եվրոպայի նրա դաշնակիցները թեմային սահմանափակ մարդասիրական բնույթ էին հաղորդում։ Նրանք չէին հավատում, որ սովետները կարող են լուրջ ազդեցություն ունենալ ատլանտյան հայության վրա և, հետևաբար, պրագմատիկորեն շարժվում էին դեպի Թուրքիայի հետ դաշինքի խորացումը` խուսափելով նրան լրացուցիչ ջղայնացնելուց։  Իրավիճակը փոխվեց 1970-ականներին, երբ Անկարան սկսեց իրեն «անպատշաճ» պահել՝ ավելի ու ավելի ընդգծելով սեփական շահերը` կտրվելով հյուսիսատլանտյան համայնքի շահերից:

1974 թ. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան միակողմանի ռազմական գործողություն իրականացրեց՝ օկուպացնելով Հյուսիսային Կիպրոսը։ Նույն թվականին ամերիկյան Կոնգրեսում կտրուկ սկսեցին խոսել 1915 թվականի իրադարձությունների մասին։ Քաղաքական արագությունը հռետորաբանությունից մինչև առաջին բանաձևի պատրաստումը տպավորիչ էր՝ ընդամենը 6 ամիս։

Այդ պահից սկսած «հայկական մտրակը» թափահարվում էր ցանկացած առիթով, և դա անում էին ոչ միայն պետությունները, այլև խոշոր անդրազգային բիզնեսը (Boeing-ի լոբբիստների գործոնը 1984թ. ցեղասպանության բանաձևում)։

Հայոց հարցի շահագործման քաղաքականության շարունակումը տրամաբանական էր և անայլընտրանք՝ հայության միասնական սուբյեկտային դիրքորոշումն արտացոլող որևէ բանաձևի բացակայության պատճառով։  Հայաստանը Խորհրդային Միության մաս էր, իսկ միլիոնավոր համայնքներ ապրում էին պառակտված վիճակում ՝ չդառնալով միասնական Սփյուռք սեփական հովանու ներքո (ինչպես Հրեական համաշխարհային վեհաժողովը կամ Կելտական լիգան)։

Վերաիմաստավորման շանսը

Այս կոնֆիգուրացիան փոխելու պատմական շանսը ի հայտ եկավ ԽՍՀՄ փլուզումից և անկախ Հայաստանի Հանրապետության առաջացումից հետո։  Ստեղծվեցին հիմնարար նախադրյալներ համազգային միասնական առաքելության ձևավորման՝ այնպիսի պետության կառուցման համար, որ կդառնար միասնական հարթակ, որի շուրջ կկարողանար համախմբվել մեկուսի և ապակողմնորոշված հայությունը:

Բարձրացվել է հայոց եռագույնը Երևանում, ազատագրվել է Արցախը, և առջևում մարդկային խելահեղ ներուժ ունեցող երկրի հզորացմանն ուղղված աշխատանքն էր։

Թուրքական կողմը վախենում էր ոչ թե նրանից, որ անկախ Հայաստանը ինչ-որ տարածքային կամ դրամական հատուցումների պահանջներ կներկայացնի, այլ բոլորովին այլ բանից՝ իր հարևանությամբ աշխարհասփյուռ հայությունը համակարգող ու կառուցքավորող հայկական պետականության ի հայտ գալուց։  Նրանք հասկանում էին ընդհանուր ներուժը և հնարավորություն ունեին Ադրբեջանի հետ պատերազմի ժամանակ տեսնել դրա միայն մի փոքր մոբիլիզացված մասը։  Լինելով պատասխանատու պետություն՝ նրանք պարզապես չէին կարող դա անտեսել։

1990թ. Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանումհայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Դա կարեւոր քայլ էր, որը պետությունը կապում էր հայ համայնքների հետ, որոնց համար ցեղասպանության պատմական հիշողությունը միակ միավորող տարրն էր։ Այժմ Հայաստանն իր վրա էր վերցնում այդ հիշողությունը պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը։ Սակայն այդ նույն ձևակերպման մեջ բացակայում է առանցքայինը՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարումը։ Առանց դրա Եղեռնի ճանաչման հարցն ինքնաբերաբար վերածվում է գեղեցիկ մարդասիրական կարգախոսի։ 88-92 թթ. փոքր ժամանակահատվածում հայերը ենթարկվեցին զանգվածային էթնիկ զտումների և աքսորի (Սումգայիթ, Բաքու, Շահումյան, Մարաղա, Կիրովաբադ), իսկ արցախահայության դեմ կազմակերպվեց ռազմական ագրեսիա։ Ընդ որում, պատմական Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի տարածքներում հայկական նախաքրիստոնեական և քրիստոնեական քաղաքակրթության հետքերի ոչնչացումը կանգ չի առել 1915 թվականից ի վեր:

Դրանից ելնելով՝ հայոց պետության համար Ցեղասպանության խնդիրը պետք է դիտարկվեր բացառապես ազգային անվտանգության հարթության մեջ ՝ դրա ամենալայն ընկալմամբ։

Սեփական պատմության համակողմանի վերլուծության և դրա եզրակացությունների հիման վրա ազգային անվտանգության ռազմավարության և հայկական աշխարհի կառուցվածքի հայեցակարգի ձևավորման փոխարեն Երրորդ հանրապետության ղեկավարությունը որոշեց գնալ այլ ճանապարհով: Սկզբում ընտրվել է հայ համայնքի գոյությունը որպես պետականաշինության քանակական և որակական ռեսուրսային և լոբբիստական հենակետ անտեսելու ռազմավարությունը։ Նույն Անկախության հռչակագրում ոչ մի խոսք չկա Սփյուռքի նշանակության և կարևորության մասին, բացի հիշատակումից, որ էթնիկ հայը Հայաստանի քաղաքացիության իրավունք ունի:

Հետո տեղական «էլիտաներն» ավելի հեռուն գնացին՝ սկսեցին պատնեշներ, պատեր ու փշալարեր կառուցել, որպեսզի «համայնքային» հայը նույնիսկ չմտածի նրանց գծած «նստակեցության» գծից այն կողմ նայել։

Զանգվածային և մասնագիտական հայրենադարձության որևէ քաղաքականության մասին խոսք անգամ չի եղել։ Ավելին, երկրից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիները (մեծ մասամբ ՝ համայնքային հայեր) զրկված են եղել նախագահական ընտրություններում դեսպանատներում և հյուպատոսարաններում քվեարկելու հնարավորությունից (ուզում ես քվեարկել՝ արի Հայաստան)։ Կարո՞ղ էր արդյոք նման արժեհամակարգը  մի այնպիսի պատասխանատու հարցի շուրջ, ինչպիսին ցեղասպանությունն է և դրա հետևանքների հաղթահարումը, բովանդակային դիրքորոշում ծնել: Կասկածելի է: Դրա համար էլ համայնքի այսպես կոչված «էլիտաներն» ու «երևանյան» կառավարիչները կիսեցին լիազորությունները. առաջինները զբաղված են նրանով, ինչը բարձրաձայն ու պաթոսով կկոչվի ցեղասպանության միջազգային ճանաչում, իսկ երկրորդները՝ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությամբ։  Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, երկու «էլիտաներն» էլ, ժամանակի ընթացքում շոշափելով ընդհանուր չարչիական շահեր, դառնում են մեկ ամբողջություն։

Ընդունված է համարել, թե վերջին 30 տարիներին ծավալվել է Ցեղասպանության միջազգային ճանաչման ընդարձակ գործընթաց։  Շատ երկրներ, այդ թվում ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Կանադան, Իտալիան տարբեր պահերի ընդունել են որոշակի հայտարարություն կամ օրինագծեր, որոնցում արտացոլվել է 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ նրանց դիրքորոշումը։

Մարդասիրության և մարդու իրավունքների գաղափարների առումով այս բոլոր ճանաչումները կարևոր են: Իրերն իրենց անուններով կոչելը ինչ-որ առումով նույնիսկ կարելի է համարել արդարության հոմանիշ։  Այնուամենայնիվ, սա միայն ձև է՝ առանց իրական արժեքային բովանդակության: Այսօր մենք դա պետք է ավելի հստակ հասկանանք, քանի որ «ցեղասպանությունը ճանաչած» պետություններից ոչ մեկը նույնիսկ խորհրդանշական տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ չի սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ Արցախի հայ բնակչության դեմ իրականացված զինված ագրեսիայի հետ կապված՝ հետագա տեղահանմամբ, գերեզմանների, եկեղեցիների և ազգային այլ հուշարձանների կողոպուտով ու ոչնչացումով հանդերձ:

Չեղան ո՛չ բողոքի նոտաներ, ո՛չ դեսպանների ետկանչումներ, ո՛չ էլ աղմկահարույց բանաձևեր։  Ոչինչ՝ ո՛չ խոշտանգված Արցախի, ո՛չ էլ «միջազգային իրավունքով» պաշտպանված Հայաստանի բռնազավթման սողացող գործընթացի պարագայում։ Ո՞րն էր հարյուրավոր գեղեցիկ բանաձևերի իմաստը, որոնց ընդունման լոբբինգի վրա այդքան ջանք ու ռեսուրսներ ծախսվեցին։ Պատասխանը պարզ է՝ բուն «ցեղասպանություն» բառի մեջ, որը ականջ էր շոյում ու դարձավ հաջողության ու հաղթանակի միակ համազգային չափանիշը։

Հանուն «խաղաղության» պատմական հիշողության հանձնումը

Այսօր ականատես ենք լինում է 30-ամյա իմիտացիայի ավարտական փուլին, և գործող «երևանյան» վերնախավը պատրաստվում է հանձնել վերջին բանը, որ դեռևս հենց հայերին է պատկանում՝ պատմական հիշողությունը։  Հայոց պատմությունը ընդհուպ Երրորդ հանրապետության սահմաններ նեղացնելու գործընթացը այդ ուղղությամբ առաջին հիմնարար քայլն է։  Թուրքական աշխարհի համար, որը պատրաստվում է ինտեգրել այն, ինչ կմնա ժամանակակից Հայաստանից, այս կետը հայոց հարցի վերջնական փակման գործում առանցքային է: Պատմական հիշողությունը ձևավորում է ինքնության հիմնարար չափանիշներ, առանց որի անհնար է պատկերացնել ազգակերտման և պետականաշինության գործընթացը: Անկարայում շատ լավ հասկանում են, որ առանց ինքնիշխան Հայաստանի` որպես այդ իմաստավորման և պրոյեկցման հենարանի, հայոց հարցը կկորցնի սուբյեկտայնություն ձեռք բերելու որևէ հույսերը։  Լավագույն դեպքում նա կվերադառնա իր սովորական` երրորդ ուժերի ձեռքում մտրակի` կարգավիճակին։

*******************************************

Այսպիսով, 109-րդ տարելիցը մենք դիմավորում ենք կորսված Արցախով, բուն Հայաստանի տարածքային կորուստներով, 5 հազար զինվորների ու սպաների կորստով, արժանապատվության և ամեն տեսակի կողմնորոշիչների կորստով։ Պետք է ազնվորեն ասել, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման պատրանքների ու հույսերի հետևից երկարատև վազքի մեջ հայկական աշխարհը մոռացել է անել ամենակարևորը՝ ինքը ճանաչել այդ ցեղասպանությունը։

Թողնել մեկնաբանություն