Ազգային Բուրժուազիան

Մաս Առաջին: Նրանց մասին, ովքեր գիտակցում են, որ կարևորագույն կապիտալը համազգային ժառանգությունն է:

Տարբեր երկրների քաղաքական պատմության մասին խոսելուց առաջին հերթին մտաբերում ենք առավել նշանավոր անձանց. Ամերիկայի` Ջորջ Վաշինգտոնին, Ֆրանսիայի` Նապոլեոն Բոնապարտին, Գերմանիայի` Օտտո ֆոն Բիսմարկին, Իսրայելի` Դավիդ բեն Գուրիոնին: Այդ անունները հայտնի են ոչ միայն պատմաբաններին, փորձագետներին և վերլուծաբաններին, այլև աշխարհի շատ մարդկանց: Այդ անհատների մեծությունն ու պատմական հսկայականությունը կասկած չեն հարուցում, սակայն նրանց նվաճումները հնարավոր չէին լինի առանց նրանց, ովքեր ստանձնեցին իրենց նվաճումների տեխնիկական ապահովման արժանավայել և բարդ առաքելությունը: Ազգակերտումն անցնում է երեք հիմնարար փուլով. առաջին փուլում տեսական փիլիսոփաները ստեղծում են գաղափարախոսություն` միասնական արժեքային հիմք ստեղծելու համար նախատեսված սկզբունքների հավաքակազմ: Երկրորդ փուլը պասիոնար ակտիվիստների մի շերտի ձևավորումն է, որոնք այս գաղափարական հիմքի հիման վրա մշակում են գործնական ճանապարհային քարտեզ (կոնկրետ նպատակներ և խնդիրներ): Երրորդ փուլում ձևավորվում է ազգային բուրժուազիայի՝ ֆինանսական վերնախավի կլաստեր, որը պարտավորություն է ստանձնում աջակցել այդ ճանապարհային քարտեզի իրականացմանը։

Հենց վերը նկարագրված երեք խմբերը, մեկ բռունցքի մեջ միավորված, կազմում են ազնվականությունը՝ մարդկանց այն շերտը, որը ստանձնել է ազգակերտման ու պետականաշինության առաքելությունը և պատասխանատու է դրա անվտանգության ու զարգացման համար։ Ազգային բուրժուազիան չպետք է շփոթել դասական առևտրականների հետ, որոնց համար կապիտալի վաստակումն ու բազմապատկումը ինքնանպատակ են։ Այն (բուրժուազիան) առանձնանում է իր տեղի և լուրջ գործընթացներում իր դերի հստակ ըմբռնումով։ Նրանք առնվազն գիտակցում են, որ բիզնեսն ու քաղաքականությունը երկու բոլորովին տարբեր աշխարհներ են, ուստի խնդիր չեն դնում գաղափարախոսությունն առնել և ֆինանսական ազդեցության միջոցով պասիոնարներին իրենց ենթարկել։ Սովորական առևտրականների մեծ մասն իսկ փիլիսոփայական և քաղաքական բարդ կատեգորիաները դիտարկում է չափազանց մակերեսային՝ չգիտակցելով նման մոտեցման ողբերգական հետևանքները։

Բավական է նշել, որ բիզնեսում մարտավարական կամ ռազմավարական սխալի գինը բաց թողնված շահույթը կամ սնանկությունն է, իսկ քաղաքականության մեջ՝ մարդկանց, ազգի և պետության իրական կյանքն ու ճակատագրերը:

Գործարար ազնվականը զուրկ չէ նյութական հավակնություններից և չպետք է ընկալվի որպես մարդ, ով պատրաստ է անմտորեն և մոլեռանդորեն ամեն ինչ տալ լոկ հանուն գաղափարի: Ի տարբերություն ստանդարտ վաճառականի, նա հասկանում է բռնած գործի առարկայի մանրակրկիտ ուսումնասիրելու հրատապ անհրաժեշտությունը: Նրա պարագայում «ես հարուստ եմ, ես ամեն ինչ գիտեմ» բանաձևը ոչ միայն անթույլատրելի է, այլև մահացու։ Մյուս տարբերակիչ հատկանիշը պարտաճանաչությունն է։  Նրանք ներգրավվում են ոչ թե խղճի հանգստության կամ ինքնօրորման համար («ես ինչ-որ բան եմ անում»), այլ գիտակցելով, որ նյութական բարիքները, անկախ դրանց քանակից, պարզապես ժամանակավոր ձև են: Կապիտալը պետք է լցված լինի բովանդակությամբ և նպաստի դրա դրա պաշտպանության գործառույթը ստանձնած ազդեցության համակարգի ձևավորմանը: Միայն այդ դեպքում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող նյութապաշտությունը վերածվում է անմահ ժառանգության և համազգային ժառանգության մաս կազմում:

Ազգային բուրժուազիան կանգնած էր բազում մեծ ազգերի ստեղծման ակունքներում։  Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Բենջամին Ֆրանկլինը և Ջոն Ադամսը չէին համարձակվի պատերազմ հայտարարել Բրիտանական կայսրությանը՝ չունենալով Վան Ռենսելերների, Վան Ռոզենվելտների (Ռուզվելտներ) և Մորիսների աջակցությունը։  Անգլիայի թագավոր Ջորջ III-ը բոլոր ազնվական ընտանիքներին ուղերձ էր հղել, որ թագը «ապստամբներին» ֆինանսական և այլ աջակցությունը կդիտարկի որպես դավաճանություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հյուսիսամերիկյան 13 գաղութների ամենահարուստ մարդկանց մեծ մասը կամ չեզոքություն է ընդունել, կամ աջակցել է բրիտանացիներին։ Սթիվեն Վան Ռենսելերը՝ այն ժամանակվա ամենահարուստ կլանի ղեկավարը, վտանգի տակ դրեց ոչ միայն իր կարողությունը, այլև իր ամբողջ ընտանիքի կյանքը։  Նրա հայրը՝ ընտանիքի հիմնադիրը, ուսուցանում էր, որ փողը և հասարակական դիրքը պետք է ծառայեն վեհ նպատակների, և նրանց կրողների վրա է ընկած ամենամեծ արտոնությունը` օգնել համընդհանուր ապագա կառուցել: Քչերն են հիշում այս երեք ընտանիքների մեծագույն սխրանքը, բայց հենց դրանում է նրանց իսկական մեծությունը:

Նրանք դա չէին անում հանուն փառքի և չէին խնդրում նրանց պատվին հրապարակներ և քաղաքներ անվանակոչել, նրանք անկախության և ամերիկյան ազգի կերտման համար մղվող պայքարին չէին վերաբերվում որպես բիզնես ներդրումների։ Այդ իսկ պատճառով նրանց հաջողվել է ստեղծել մեծագույն ժառանգություն, և նրանց ընտանիքի անդամները մինչ օրս հասարակության մեջ նշանավոր և առանձնահատուկ դիրք են զբաղեցնում:

Թեոդոր Հերցելի սիոնիզմը թղթի վրա կմնար առանց Ռոտշիլդի ընտանիքի ֆինանսական աջակցության: Էդմոնդ դե Ռոտշիլդը հավատում էր հրեա ժողովրդին Էրեց Իսրայել (Իսրայելի հող) վերադարձնելու գաղափարախոսությանը, ուստի սկսեց հողատարածքներ գնել Պաղեստինում ու աջակցել հրեական կազմակերպությունների ստեղծմանը և գործունեությանը: Նա ֆինանսավորեց սիոնիստական շարժումը մինչև իր կյանքի վերջը՝ դա համարելով իր բարոյական պարտավորությունը: Ավելին, ժառանգության փոխանցման իր հիմնական պայմանը ընտանիքի բոլոր անդամների` այդ գործը շարունակելու պարտավորությունն էր: Ինքը՝ Բարոն Ռոտշիլդն իր ներդրումն այսպես է նկարագրել. ««Առանց ինձ սիոնիստները շատ բանի չէին հասնի, բայց առանց սիոնիստների իմ սեփական գործը կկործանվեր»: Ակնհայտ է, որ նա իր կյանքի գործը համարում էր ոչ թե փող վաստակելը, այլ հրեա ժողովրդի հազարամյա երազանքի իրականացումը՝ իր ազգային պետության կառուցումը։  Այսօր աշխարհի միայն մեկ երկրում են հիշում, գնահատում, պատվում, պահպանում և պաշտպանում Էդմոն Դե Ռոտշիլդի ժառանգությունը՝ Իսրայելում։  Իռլանդական պետականության կայացման գործում նման դեր են խաղացել Օ’Մար և Քենեդի ընտանիքները։ Նույն ուղին, նույն սկզբունքները և նույն արդյունքը:

Ի՞նչ ընդհանրություն ունեն Վան Ռենսելերները, Մորիսները, Ռոտշիլդներն ու Օ’ Մարը: Տարբեր դարաշրջաններից տարբեր ծագում ունեցող տարբեր ընտանիքներ: Ընդհանուր են հիմնարար սկզբունքներն ու արժեքները:

Հայոց պատմությունը վկայում է, որ ֆինանսական վերնախավերը հաճախ ժողովրդի և պետության դահիճների դեր են խաղացել։ Մեծ Հայքն ընկավ ոչ այնքան նրա ղեկավարության ռազմաքաղաքական սխալ հաշվարկների, որքան առանձին իշխանական տների, որոնք անձնական հարստացման նոր աղբյուրներ էին փնտրում. ներքին խարդավանքների պատճառով։  Պետությունը նրանց համար դարձել էր սակարկության առարկա։ Շատերը պատրաստ էին այն էժան և արագ վաճառել, միայն թե այն չմնար հերթագայող կլանին: Սեփական հողի վրա վասալական դիրքի հարյուրամյակները հայ ժողովրդին ամբողջովին զրկել են բովանդակային արժեքային կողմնորոշիչներից։  Հայերը իսկական արիստոկրատ էին համարում նրանց, ովքեր ֆինանսական հաջողության էին հասնում օտարներին (այդ թվում՝ սեփական կեղեքիչներին) ծառայելով և կարող էին իրենց շռայլ կյանք թույլ տալ։  Նման մարդիկ օրինակելի էին, նրանց տանը տեսնելը և ընդունելը գերագույն պատիվ էր: Զարմանալի չէ, որ նույն օսմանները պատրաստակամորեն թույլ էին տալիս հայերին հասնել զգալի ֆինանսական բարեկեցության։  Նրանք ոչ մի վտանգ չէին ներկայացնում, հլու-հնազանդ կատարում էին իշխող վերնախավի կամքը և ձգտում էին հնարավորինս հեռու մնալ իրենց հայկականությունից՝ այն իրենց հարստության պահպանմանը խոչընդոտ համարելով։

Առաջին աշխարհամարտից հետո հայկական աշխարհը պատրաստ չէր անկախ Հայաստան կառուցելու պատմական հնարավորությանը։ Մտածողներ կային (օրինակ՝ Շահան Նաթալին), բայց հիմնարար գաղափարախոսություն այդպես էլ ի հայտ չեկավ, գործնական պասիոնարներ էլ կային (Արամ Մանուկյան, Գարեգին Նժդեհ), բայց պետականաշինությունը ձախողվեց, կային ազդեցիկ ֆինանսատեր ընտանիքներ, սակայն ազգային բուրժուազիա չդարձան։ Վերջին հատվածը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ հայկական ազգային նախագծի ձախողման պատասխանատվության զգալի մասը հենց նրա վրա է։ Տարածաշրջանային չորս մայրաքաղաքներում՝ Կոստանդնուպոլսում, Թեհրանում, Թիֆլիսում և Բաքվում, տոն էին տալիս հայազգի կապիտալիստները, որոնց մեջ հատկապես աչքի էր ընկնում նավթային մագնատ Գալուստ Գյուլբենկյանը: Հայ ժողովրդի համար ամենաողբերգական շրջանում (ցեղասպանություն և հայերի վտարում Արևմտյան Հայաստանից) պատմության աստվածները հնարավորություն տվեցին ամեն ինչ շտկել, և անհրաժեշտ աշխարհաքաղաքական դռների բանալիները այդ մարդու ձեռքում էին:

Պատմական տեղեկանք

Գալուստը ծնվել է մեծահարուստ արդյունաբերող Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով մեծ կարողություն է վաստակել Ռուսական կայսրությունից Օսմանյան կայսրություն կերոսինի ներկրմամբ։ Այդ բիզնեսը նա վարել է հայկական ծագումով ռուս նավթային մագնատ Ալեքսանդր Մանթաշովի աջակցությամբ։ Սարգիսը ոչ միայն էժանագին կերոսին էր բերում, որը բավական կարևոր դեր խաղաց Օսմանյան տնտեսության վերագործարկման գործում, այլև այն անվճար տրամադրում էր Օսմանյան զինված ուժերի կարիքներին։ Սուլթանը բարձր էր գնահատում Գյուլբենկյանի գործունեությունը՝ նրան պարգևատրելով Սև ծովում Բաթումի նավահանգստի կառավարչի պաշտոնով։ Գալուստը կրթություն է ստացել Եվրոպայի լավագույն համալսարաններում և ավարտելուց հետո վերադարձել է հոր գործը շարունակելու։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ այն իշխանությունները, որոնց Գյուլբենկյանները ընծայել են իրենց ժամանակը, էներգիան և տաղանդները, 1896 թվականի ջարդերի (համիդյան կոտորածի) ժամանակ մեկ գիշերում հրահանգել են ձերբակալել բոլոր ունևոր հայերին: Գալուստը ստիպված է եղել փախչել Եգիպտոս, որտեղ նրան իր պաշտպանության տակ է վերցրել Պողոս Նուբարյանը՝ Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար Նուբարյանի որդին։ Նրանց տոհմը սկիզբ է առնում լեգենդար Զորավար Նուբարից՝ Դավիթ Բեկի ամենամոտ զինակիցից, ով գլխավորել է Սյունիքի ազատագրական պատերազմը (1722-1730 թթ.)։  Նուբարյանները գլխով և սրտով միշտ եղել են հայ պետականամետներ, ուստի հային սատարելու հանձնառությունը նրանց համար պատվի ներքին օրենսգրքի մի մաս էր: Ցավոք, ինչպես Հայոց մեկ այլ պետական գործիչ՝ Առաջին Հանրապետության առաջնորդ Արամ Մանուկյանի դեպքում, նրանք ևս զրկված էին համազգային գաղափարական միասնական կողմնացույցից, ինչի պատճառով տեղի էր ունենում անթույլատրելի խմորումներ տարբեր ուղղություններով։ Ամեն մեկը երկրի ու ժողովրդի փրկությունը տեսնում էր յուրովի, իսկ Գյուլբենկյանը մտածում էր միայն մեկ բանի՝ կապիտալի պահպանման ու բազմապատկման մասին։

Երիտթուրքական հեղափոխությունից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո Գալուստը վերստին հեծեց իր թամբը։ Թուրքական նոր ղեկավարությունը (նրանք, ովքեր որոշում կկայացնեն հայ ժողովրդի վերջնական բնաջնջման մասին) Լոնդոնում իրենց ներկայացուցիչների միջոցով նրան խնդրել էր մասնակցել նոր պետական բանկի ստեղծմանը և եվրոպական կապիտալներ ներգրավել Թուրքիա: Գյուլբենկյանն ընդունեց առաջարկը։ Արդեն 1914 թվականին նրան էր պատկանում Թուրքիայի Ազգային բանկի 30%-ը, ինչը նրան ապահովում էր Turkish Petroleum-ի 15%-ը։  Գյուլբենկյանը փաստացի Միջագետքի ողջ նավթի հայրն էր՝ հսկայական ազդեցություն ունենալով Եվրոպայի քաղաքական և տնտեսական վերնախավերի, այդ թվում՝ բրիտանական-հոլանդական Դետերդինգների ընտանիքի՝ նավթային հսկա Royal Dutch Shell-ի տերերի վրա։ Նավթը դուրս էր եկել սոսկ առևտրի շրջանակներից և դարձել էր համաշխարհային աշխարհաքաղաքականության առանցքային գործոններից մեկը: Գյուլբենկյանը չէր կարող դա չհասկանալ, քանի որ այն ժամանակվա Մեծ տերությունների առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը և Ֆրանսիայի նախագահ Կլեմանսոն, անձամբ էին բանակցություններ վարում նրա հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի հաղթող Բրիտանիայից և Ֆրանսիայից էր կախված միջազգային հարաբերությունների հետպատերազմյան ճարտարապետությունը, իսկ Գալուստ Գյուլբենկյանից (Մանթաևշների, Արամյանցների և Լիանոզովների հայկական կլանների հետ միասին) էր կախված հետպատերազմյան Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։  Կարո՞ղ էին արդյոք նրանք օգտագործել իրենց ազդեցությունն ու կապիտալները ի նպաստ ծնունդ առնող հայոց պետականության և նրա գլխավոր հակառակորդի՝ քեմալական Թուրքիայի թուլացման։ Իհարկե կարող էին, սակայն նրանց առաջնահերթություններն այլ էին։

Լինելով Թուրքիայի Ազգային բանկի խոշորագույն բաժնետերը՝ Գալուստ Գյուլբենկյանը միավորել է բրիտանացիներին (50%՝ Anglo-Persian Oil Company (ապագա British Petroleum)), գերմանացիներին (25%՝ Deutsche Bank), բրիտանա — հոլանդական դաշինքին (25%՝ Royal Dutch/Shell) և թուրքերին:

Պատմական տեղեկանք

Իրաքյան նավթի համար պայքարի պատմությունը սկսվել է 1904 թվականին, երբ թուրքական սուլթանը գերմանական «Անատոլիական երկաթուղիներ» ընկերությանը (որը պատկանում էր Deutsche Bank-ին) տվեց Բաղդադի երկաթուղու կառուցման իրավունքը։  Թուրքերը նաև խոստացել են ապագայում գերմանացիներին թույլտվություն տալ Մոսուլում օգտակար հանածոների (առաջին հերթին նավթի) մշակման և շահագործման համար: Բրիտանացիները մտահոգված էին Մերձավոր Արևելքում Գերմանիայի ակտիվացմամբ և հետախուզության գծով գաղտնի բանակցություններ էին վարում սուլթան Աբդուլ Համիդի վստահված անձանց հետ: Բրիտանիայի լոբբիստները Օսմանյան սուլթանի ամենամոտ ֆավորիտ, ֆինանսների նախարար և գաղտնի գանձապետ Հակոբ Գազազյանի (Հակոբ փաշայի) դրածոներն էին։  Հենց Գազազյանն էր, որ ժամանակին սուլթանին ներկայացրեց Սարգիս Գյուլբենկյանին և հասավ նրա` Բաթումի նավահանգստի ղեկավար նշանակմանը։ Հակոբ փաշան համակրում էր բրիտանացիներին և երկար ժամանակ օսմանա-գերմանական հարաբերությունների ընդլայնման ճանապարհին գլխավոր խոչընդոտն էր։ Գազազյանը մահացավլ է 55 տարեկանում՝ չպարզված հանգամանքներում։ Բրիտանացիների հետ բանակցությունները դադարեցվեցին Աբդուլ Համիդի տապալումից և երիտթուրքերի իշխանության գալուց հետո, որոնք Թուրքիայի ապագան տեսնում էին Գերմանիայի հետ դաշինքում: Անգլիացիների մոտ մնաց միայն մեկ տարբերակ՝ ուժային։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մոսուլի վիլայեթը գրավվեց բրիտանացիների կողմից։ 1926 թվականին Լոնդոնը քաղաքականապես ամրապնդեց իր հաղթանակը։ Թուրքիան կորցրեց Մոսուլի իր վերահսկողությունը, որն անցավ Բրիտանիայի ենթամանդատ Իրաքի Թագավորությանը։            

Պայմանագրի համաձայն՝ Anglo-Persian Oil Company-ն և Royal Dutch / Shell-ը Գյուլբենկյանին տրամադրեցին են «շահառուի բաժնեմաս»՝ յուրաքանչյուրը 2.5-ական տոկոս՝ ընդհանուր 5 տոկոս գումարով (այստեղից էլ նրա մականունը՝ պարոն «հինգ տոկոս»)։ Սակայն գալուստը ոչ մի կերպ չի օգտագործել էներգետիկ գործոնը Հայաստանին Բրիտանիայի կամ Ֆրանսիայի կողմից աջակցություն ցուցաբերելու լոբբինգի համար, չնայած որ Ֆրանսիայի հետ գաղտնի համաձայնագիր էր ստորագրել Մոսուլում նավթի արդյունահանման մեջ իր մասնաբաժնի զգալի մասը այդ պետությանը փոխանցելու մասին։  Նա չափազանց տհաճ տպավորություն  թողեց նաև ամերիկյան կողմի մոտ, որը ձգտում էր մերձավորարևելյան նավթին մոտենալ հայկական ազգային նախագծին համակողմանի աջակցության միջոցով:

Պատմական տեղեկանք

Սպիտակ տան մտահոգությունը նաև այն էր, որ 1911-1918 թթ. ընկած ժամանակահատվածում Ամերիկայում նավթի պահանջարկն աճել է 90%-ով, իսկ գրանցված մեքենաների թիվը 1,8-ից հասել էր 9,2 միլիոնի: Փորձագետների կանխատեսումներով՝ ուսումնասիրված ամերիկյան պահուստները պետք է սպառվեին արդեն 10 տարուց։  Այս կանխատեսումները ազդեցին նավթի թանկացման վրա և ստիպեցին կառավարությանը աջակցել նավթային ընկերություններին` օտարերկրյա մատակարարումներ փնտրելու համար:

Այն ժամանակվա ԱՄՆ առևտրի նախարար Հերբերտ Հուվերը (երկրի ապագա նախագահը) առաջարկում էր սինդիկատ ստեղծել` Միջագետքում նավթի հետախուզման և արդյունահանման համատեղ աշխատանքի համար: Այս առաքելությունը հանձնարարվել է Standard Oil-ին ՝ նավթային հսկային, որը ստեղծվել է Ջոն Ռոքֆելլերի կողմից։  Ուոլթեր Թիգլը՝ Standard Oil NJ-ի (Նյու Ջերսիի) գործադիր տնօրենը, ուղարկվել էր որպես Դետերդինգի (Royal Dutch/Shell), Գրինվեյի (Anglo – Persian Oil), Մերսյեների (Ֆրանսիա) և Գալուստ Գյուլբենկյանի ընտանիքների հետ բանակցող։ Բրիտանացիներն ու ֆրանսիացիները Թիգլին հայտարարեցին, որ պատրաստ են գնալ միայն այնպիսի գործարքի, որը կհաստատի ու կաջակցի Գյուլբենկյանը։ Նա, թեև համաձայնել էր բանակցել, չի թաքցրել իր վրդովմունքը նրանով, որ չէր կարող բանակցել հենց Ռոքֆելերի հետ։ Գյուլբենկյանը նույնիսկ թույլ չտվեց, որ Թիգլը շարադրի ամերիկյան ծրագրի էությունը՝ հասկացնելով, որ իրեն չեն հետաքրքրում ԱՄՆ ռազմավարական ծրագրերը, ինչպես և նոր բիզնես գործընկերները։

Այդ խոսակցությունը Հայաստանի վրա չափազանց թանկ նստեց։  Ամերիկացի ստրատեգների դիրքորոշումը ելնում էր նրանից, որ հայկական նախագծին աջակցելն օբյեկտիվորեն համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին։  Հայերը ոչ ուղղափառ դավանանքի քրիստոնյաներ էին, ունեին զգալի տնտեսական ներուժ և լուրջ աջակցություն ունեին Ամերիկայի ներքին ազդեցիկ քրիստոնեական լոբբիի կողմից։ Վաշինգտոնի յուրաքանչյուր 3-րդ ազդեցիկ դաշնային մակարդակի քաղաքական գործչին ֆինանսավորող Ռոքֆելերի աջակցությամբ Մեծ Հայքի (Վիլսոնյան Հայաստանի) նախագիծը հաջողության լուրջ շանսեր ուներ: Սակայն հետագա իրադարձությունները (հայկական վերնախավի տարօրինակ թափառաշրջությունները տարբեր մայրաքաղաքներում և Գյուլբենկյանի հրաժարումը ամերիկյան նախաձեռնությանը աջակցելուց) հանգեցրին հակառակ արդյունքի. Կոնգրեսը արգելափակեց նախագահ Վիլսոնի բոլոր նախաձեռնությունները (Նահանգները նույնիսկ չդարձան Ազգերի Լիգայի անդամ, որի շրջանակներում պիտի վերցնեին Հայաստանի մանդատը), Սփյուռքում հայկական վերնախավերը չկարողացան միասնական ռազմավարություն մշակել, իսկ Երևանում պայքար էր ընթանում անկախության կողմնակիցների և կոմունիստների միջև:

Ռոքֆելլերը, այնուամենայնիվ, կարողացավ ճոլքել անգլիացիների դիմադրությունը, որոնց հետ ամերիկացիները սկսեցին ուղիղ բանակցություններ վարել՝ շրջանցելով Գյուլբենկյանին։ 1928 թվականին ամերիկյան Near East Development Company (Standard Oil, Socony, Gulf Oil, the Pan-American Petroleum and Transport Company, Atlantic Refining) սինդիկատը ստացավ իր մասնաբաժինը Turkish Petroleum-ում, որը հետագայում կդառնա Iraq Petroleum։ Արդյունքում Iraq Petroleum-ի բաժնետոմսերը բաշխվել են հետևյալ կերպով՝ Մեծ Բրիտանիա (Royal Dutch/Shell՝ 23.75 %, Anglo-Persian Oil՝ 23.75 %), Ֆրանսիա (Compagnie Francaise des Petroles՝ 23.75 %), ԱՄՆ (Near East Development Company՝ 23.75 %) և Գալուստ Գյուլբենկյան՝ 5%: Նույն թվականին Royal Dutch/Shell-ի, Standard Oil-ի և Anglo-Persian Oil-ի սեփականատերերը ստորագրեցին հումքի իրացման քվոտաների վերաբերյալ Ակնաքարրիի պայմանագիրը, ինչը դե ֆակտո նշանավորեց միջազգային նավթային կարտելի ստեղծումը: Այս կարտելը պրագմատիկորեն տեսավ ռազմավարական ներդրումներ կատարելու հնարավորությունը Թուրքիայում, որը պաշտպանեց իր անկախությունը և պատրաստակամություն հայտնեց արդիականացնել երկիրը արևմտյան չափանիշներով (Աթաթուրքի բարեփոխումներ): Մեծ տերություններից ոչ մեկը այդպես էլ տեր չկանգնեց Հայաստանին։  Արդյունքում թուրք պետականամետ գործիչ Քեմալ Աթաթուրքը, ով չուներ Գյուլբենկյանի հարստություններն ու կապերը, պայմանավորվեց Խորհրդային Միության, Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, իսկ Լոզանի կոնֆերանսին պաշտոնական պատվիրակություն չուղարկած ամերիկացիները երկկողմ համաձայնագրեր կնքեցին Թուրքիայի հետ քաղաքականության, տնտեսության և առևտրի ոլորտներում։ Գյուլբենկյանի և մյուս հայ կապիտալիստների «ժառանգությունը» բաշխվել է օտար երկրներին (Թուրքիա, Պորտուգալիա, Խորհրդային Ադրբեջան, Խորհրդային Վրաստան, Ֆրանսիա), իսկ այդ կապիտալների տերերը մոռացության են մատնվել։ Իսկ Աթաթուրքի ժառանգությունը մեր ժամանակների ուժեղագույն համաշխարհային տերություններից մեկն է, որը վճռորոշ դեր խաղաց Ադրբեջանի` Արցախի դեմ ստացված ագրեսիայի և այնտեղից հայ բնակչության վերջնական արտաքսման գործում։

Թողնել մեկնաբանություն