Հյուսիս-ատլանտյան հոսանքների սպասումով

Ի՞նչ կարող է ՆԱՏՕ-ին առաջարկել Հայաստանը, որի դեպքում նույնիսկ անիմաստ է խոսել այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու կարողությունը, ռազմական հզորությունը, ում գործող իշխանությունները պատրաստ են սեփական երկիրը վերածելու աշխարհաքաղաքական հասարակաց տան, իսկ ժողովրդին՝ դրա սպասավորի, միայն թե խուսափեն պատերազմից և երաշխավորեն իրենց տաք ու կուշտ ապրելու իրավունքը և այս ամենը փաթեթավորել որպես «Խաղաղության խաչմերուկ» «դարակազմիկ» ծրագիր։

Աստղիկ Տեր-Հարությունյան
Աստղիկ Տեր-Հարությունյան - Միջազգայնագետ, ք.գ.թ. 26829
10

Վերջերս հայկական քաղաքական խոսույթում շրջանառվում է Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպությանը (ՆԱՏՕ) Հայաստանի անդամակցության հնարավորության վերաբերյալ գաղափարը։ Այս թեզի շրջանառողները՝ հիմնականում իշխանության կերակրատաշտակից սնվող վայ-վերլուծաբանները, հիանալի գիտակցում են, որ առկա աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրում դա առնվազն անիրատեսական է, եթե ոչ ֆանտաստիկայի ժանրից։ Սակայն դրա շրջանառումը բոլորովին այլ նպատակ ունի՝ Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) հետ հարաբերությունների շարունակական վատթարացման և Հայաստանի անվտանգային համակարգի խորացող ճգնաժամի ֆոնին հայաստանյան հասարակության մեջ կեղծ հույսեր ներշնչել առ այն, որ Հայաստանը պաշտպանական և անվտանգային քաղաքականության առումով ՀԱՊԿ-ին  և ՌԴ-ին իրական այլընտրանք ունի, և նրա ուշադրությունը շեղել իրական աղետից՝ Հայաստանի լիարժեք և ամբողջական թուրքական գաղութացումից։ Մինչդեռ, իշխանական շրջանակներում ավելի զգուշավոր են՝ թեև այս թեզի տակ կրակը վառ են պահում և, ըստ քաղաքական նպատակահարմարության, մերթընդմերթ ավելի ուժգնացնում, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներում սահմանափակվում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարևորության և դրանք խորացնելու պատրաստակամության մասին ճառերով և երկրի առաջին դեմքի մակարդակով հայտարարում են, որ Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցն իշխանության օրակարգում չէ։ Զգուշավորությունը լավ բան է, չէ՞ որ ամեն դեպքում ավելի լավ է չառերեսվել Մոսկվայից փչող սառը հոսանքներին, քանի դեռ հույսիս-ատլանտյան տաք հոսանքներն այս կողմ թեքվելու մտադրություն առանձնապես չունեն։

Մի կողմ թողնելով առկա աշխարհաքաղաքական իրողությունների վերլուծությունը, որոնք անհնարին են դարձնում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, այս վերլուծական հոդվածում կպարզաբանենք, թե ինչու են նման «հույսերը» զուրկ որևէ հիմքից և թե ինչու Հայաստանը չի կարող հավակնել ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն։ Այսպես, առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է ու պարզ՝ ՆԱՏՕ-ն վարում է «բաց դռների» քաղաքականություն, և ցանկացած եվրոպական երկիր, որն ընդունում է ՆԱՏՕ-ի հիմնադիր ակտի՝ Վաշինգտոնի պայմանագրի դրույթները և նպաստում է Հյուսիս-ատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը, կարող է հավակնել ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն։ Բայց այստեղ կան մի քանի կարևոր բայցեր։ Առաջին՝ ՆԱՏՕ-ում ամեն ինչ անվտանգության մասին է, և Դաշինքում պետք է վստահ լինեն, որ նոր անդամները, խոսքերից այն կողմ, իսկապես կարող են ներդրում ունենալ կոլեկտիվ անվտանգության մեջ, հետևաբար ՆԱՏՕ-ին միանալու ցանկություն հայտնած երկիրը պետք է համապատասխանի անդամակցության քաղաքական, տնտեսական և ռազմական չափանիշներին՝ Դաշինքի անդամների հետ ընդհանուր արժեքներ կիսի, ներգրավված չլինի էթնիկ կամ տարածքային հակամարտություններում կամ կարողանա դրանք լուծել խաղաղ միջոցներով, և որ ամենակարևորն է՝ քաղաքականապես և ռազմականապես ունակ լինի շատ ավելիին, քան զուտ սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելն է։ Ավելին, այդ երկրի պաշտպանական համակարգը պետք է փոխգործունակ (interoperable) լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Կարճ ասած, այդ երկրի անդամակցությունը պետք է շահավետ լինի ՆԱՏՕ-ի համար, որին «անվտանգության սպառողներ» հաստատ պետք չեն, քանի որ ՆԱՏՕ-ն թույլերին սատարելու մասին չէ։ Օրինակ, ՆԱՏՕ-ին վերջինը միացած Ֆինլանդիան և Շվեդիան աշխարհի տեխնոլոգիական առաջնորդներից են, Շվեդիան ունի նորարարության վրա հենված զարգացած ռազմաարդյունաբերություն, այդ երկրների զինված ուժերի կարողությունները շատ բարձր են և դրանք ունեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործելիության բարձր աստիճան, քանի որ տարիներ շարունակ աշխատել են ՆԱՏՕ-ի ուժերի կողքին՝ որպես գործընկեր, իրենց  աշխարհագրական դիրքի շնորհիվ այս երկրների անդամակցությունն ամրապնդում է ՆԱՏՕ-ի անվտանգությունը և խորացնում ՆԱՏՕ-ի ձգողականության կենտրոնի տեղաշարժը դեպի Եվրոպայի հյուսիս և Արևելք և ամրապնդում ՆԱՏՕ-ի դիրքերը Բալթյան տարածաշրջանում։

Եկեք անկեղծ լինենք՝ ի՞նչ կարող է ՆԱՏՕ-ին առաջարկել Հայաստանը, որի դեպքում նույնիսկ անիմաստ է խոսել այնպիսի բաներից, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու կարողությունը, ռազմական հզորությունը, ում գործող իշխանությունները պատրաստ են սեփական երկիրը վերածելու աշխարհաքաղաքական հասարակաց տան, իսկ ժողովրդին՝ դրա սպասավորի, միայն թե խուսափեն պատերազմից և երաշխավորեն իրենց տաք ու կուշտ ապրելու իրավունքը և այս ամենը փաթեթավորել որպես «Խաղաղության խաչմերուկ» «դարակազմիկ» ծրագիր։ Ներկայությու՞ն տարածաշրջանում՝ այսպես թե այնպես կա, առավել ևս որ Հայաստանը հաստատուն քայլերով վերածվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գաղութի (ի դեպ, գաղութները ռազմա-քաղաքական դաշինքների մաս կազմել չեն կարող, դրանք անկախ և ինքնիշխան պետությունների համար են), ներկայություն խաղաղապահ առաքելություններու՞մ՝ հավատացեք ՆԱՏՕ-ում շատ հեշտորեն կարող են փոխարինող գտնել հայկական 200-ի չհասնող զորախմբին։

Իսկ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ներկայացնելու շանսը Փաշինյանը հերթական անգամ բաց չթողեց, Բրյուսելում միայն ծիծաղ կարող է հարուցել։ ՆԱՏՕ-ն որպես ռազմա-քաղաքական դաշինք քաղաքական ռեալիզմի սկզբունքների մարմնավորումն է, չի կարող լինել քաղաքական ռեալիզմի սկզբունքերի ավելի հստակ շարադրում, քան ՆԱՏՕ-ի հիմնադրման պայմանագրի 5-րդ հոդվածն է: ՆԱՏՕ-ի երեք առանցքային խնդիրներից առաջինը զսպումն ու պաշտպանությունն է (deterrence and defence), որը ենթադրում է Դաշինքի անդամ երկրների տարածքի ամեն մի քառակուսի մետրը պաշտպանելու անվերապահ պատրաստականությունը և կարողությունը, և դաշինքի և դրա անդամ երկրների նկատմամբ ագրեսիայի ցանկացած մտադրության և հնարավորության ջախջախումը։ ՆԱՏՕ-ում ևս գիտեն խաղաղության արժեքը, բայց ոչ բառի փիլիսոփայական և պաթետիկ, այլ ամենաիրական իմաստով՝ գիտեն, որ խաղաղություն ունենալու համար պետք է միշտ պատրաստ լինես պատերազմելու, քանզի թուլությունն է, որ ագրեսիա է հրավիրում։

Երկրորդ՝ ՆԱՏՕ-ում նոր անդամակցությունների վերաբերյալ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և անդամ-երկրներից մեկի կողմից իր վետոյի իրավունքը գործարկելու դեպքում, որևէ նոր երկիր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ չի կարող։ Այս կապակցությամբ բավական է հիշել այն խոչընդոտները, որոնք Թուրքիան և Հունգարիան ստեղծեցին Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու ճանապարհին։ Մանկական միամտություն է պետք հավատալու համար, որ ՆԱՏՕ-ի հուսալի և փորձված անդամ Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակն ԱՄՆ-ից հետո, կարող է թույլ տալ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսեր փայփայի, Հայաստանի՝ այս կամ այն կառույցին անդամակցելու որոշումները այլևս Երևանում չեն կայացվում։

Իսկ հիմա՝ հակիրճ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների և դրանց արդյունքների մասին։ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մեկնարկը տրվել է անկախացումից հետո՝  հիմնավորապես 1994 թվականից մեկնարկած Գործընկերություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակներում, որի նպատակն ի սկզբանե ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության շրջանակներում նախկին Վարշավյան պակտի և հետխորհրդային պետություններին ՆԱՏՕ-ին անդամակցությանը նախապատրաստելն էր համագործակցության և փոխգործունակության բարձրացման միջոցով։ Հետագայում այս ծրագիրը նոր բովանդակությամբ և գործիքակազմով լցվեց։ Արդեն 2002 թվականից Հայաստանը, տարածաշրջանի մյուս երկու երկրների նման, մասնակցում էր Գործընկերություն հանուն խաղաղություն ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP), իսկ 2004 թ․-ից՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին նախ՝ Կոսովոյում (KFOR), ապա նաև Աֆղանստանում (մինչև առաքելության ավարտը 2014 թ․, ISAF)։ Այդուհանդերձ, եթե 2000-ականների սկզբներին Հայաստանը փորձում էր հնարավորինս ակտիվորեն մասնակցել ՆԱՏՕ-ի՝ գործընկեր երկրների համար նախատեսված գրեթե բոլոր ծրագրերին և ներդրում ունենալ դաշինքի կողմից կազմակերպվող զորավարժություններում, խաղաղապահ առաքելություններում, ապա  հետագայում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սառեցման ֆոնին՝ Հայաստանը  փորձում էր հնարավորինս աչքի չընկնել և գնալով սահմանափակեց իր ակտիվությունը ՆԱՏՕ-ում՝ ընդհուպ մինչև ծրագրերում ֆորմալ ներկայության ապահովում, խաղաղապահ առաքելություններում փոքրաթիվ զորախմբերի ներգրավում։ ՆԱՏՕ-ում ևս ըմբռնումով էին մոտենում միևնույն ժամանակ երկու աթոռի վրա նստել փորձող Հայաստանին և նրանից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեին։

Ավելի քան 30 տարիների ընթացքում ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն այդպես էլ չդարձավ ռազմավարական և չհանգեցրեց ո´չ Հայաստանի զինված ուժերում խորը և բովանդակային բարեփոխումների, ո´չ դրանք՝ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտեցնելուն և փոխգործունակության բարձրացման, ո´չ ռազմական կրթության մեջ արևմտյան գիտական և տեխնոլոգիական մտքի ձեռքբերումների կիրառմանը։ Այս ընթացքում Հայաստանի զինված ուժերը ոչ միայն չէին մոտենում ՆԱՏՕ-ի չափանիշներին, այլ գնալով ավելի էին հեռանում վերջինիս հետ փոխգործունակությունից (interoperability)՝ Հայկական զինված ուժերի սպաները շարունակում էին հիմնականում վերապատրաստվել ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում, Գլխավոր շտաբում որոշումներ էին կայացնում ռուսական ռազմական հայեցակարգերով և փիլիսոփայությամբ կրթված գեներալները, Հայաստանն իր սպառազինության առյուծի բաժինը գնում էր Ռուսաստանից։ Իսկ դրան զուգահեռ՝ պաշտոնական հանդիպումներում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման մասին հայտարարությունների ֆոնին՝ Երևանում շարունակում էին չմասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին, թերագնահատում էին Դաշինքի առանցքային հրամանատարություններում պատշաճ ներկայություն ունենալու կարևորությունը՝ սահմանափակվելով միայն անխուսափելիներով, ձախողում էին ՆԱՏՕ-ի հետ ստեղծված Վստահության հիմնադրամի ծրագրերը և դրա համար որևէ լուրջ բացատրություն չէին տալիս ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ում հայկական ներկայացուցչության աշխատանքի մասին մամուլում հանդիպող հազվադեպ հաղորդագրությունները տոնավաճառներին և պաշտոնական ընդունելություններին մասնակցության մասին էին, իսկ համագործակցության հիմնական դաշտը շարունակում էին մնալ խաղաղապահ առաքելությունները և ռազմական կրթության բարեփոխումները՝ այն էլ խիստ սահմանափակ շրջանակով։

Իսկ զուգահեռ իրականությունում Հայաստանի երկու հարևան երկրները՝ Վրաստանը և Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից առավելագույնն էին քաղում՝ առաջինը ՆԱՏՕ-ի հետ ուղիղ կապերը խորացնելու, իսկ երկրորդն՝ իր դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հնարավորություններն ու ազդեցությունը լավագույնս իրացնելու միջոցով։ Ադրբեջանի զինված ուժերի սպաներն ու զինվորները տարիներ շարունակ սովորել և վերապատրաստվել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մոդեռնիզացրել է իր զինված ուժերը և սպառազինությունը՝ մոտեցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այդ երկիրը օգտագործել և շարունակում է օգտագործել բոլոր հնարավոր հարթակները ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ, ոչ միայն մասնակցել է Դաշինքի խաղաղապահ առաքելություններին, այլև իր տարածքով ապահովել է ռազմական բեռների անխափան փոխադրումը Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի առաքելությանը։ 2020 թ․ նախաշեմին Ադրբեջանն արդեն ուներ ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտ զինված ուժեր և ՆԱՏՕ-ի առանցքային գործընկերն էր, ինչը և կարևոր գործոն հանդիսացավ երկրորդ Արցախյան պատերազմում։

Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ում վերջին տարիներին լուրջ վերանայումների են ենթարկում գործընկերների հետ հարաբերությունների կառուցման մոտեցումները` «մեկ գործընկեր, մեկ ծրագիր» հայեցակարգի շրջանակներում ներկայացնելով «Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը» (ԱՀԳԾ, ITPP)։ ՆԱՏՕ-ում ընդունում են, որ Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները ստիպել են Դաշինքին գործընկերության քաղաքականությունում (partnership policy) կարիքի վրա հիմնված մոտեցումից (need-based) անցում կատարել արժեքի վրա հիմնված (value-based) մոտեցմանը, այսինքն կենտրոնանալ ոչ թե այն գործընկերների վրա, որոնք ունեն ՆԱՏՕ-ի կարիքը, այլ նրանց, ում կարիքն ինքը ՆԱՏՕ-ն ունի։ Ամեն ինչ օրինաչափ է, չէ՞ որ ՆԱՏՕ-ն բարեգործական ընկերություն չէ, այլ ռազմաքաղաքական դաշինք։ Դե հիմա եկեք գուշակենք տարածքաշրջանում ո՞ր երկրի ԱՀԳԾ-ն է ամենահավակնոտը, իսկ ով առհասարակ ՆԱՏՕ-ին անդամակցելու հույսեր չպետք է ունենա։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն