Հայկական լոգոսի որոնումներում։ Մաս 3։ Հարմարավետության գոտու գինը

Ի՞նչ իմաստ ունի հանգիստ ու «խաղաղ» նյութական արարչությունը, եթե ի վերջո վերստին ստիպված ես լինում մազապուրծ լինել (այն էլ` եթե բախտդ բերի)` օտարներին թողնելով քո հարստությունը, տները, օթևանը, գերեզմանները, դպրոցներն ու տաճարները:

Հայ Մտածող
Հայ Մտածող
10

Բացի ներքին սպառնալիքներից, որոնց մասին խոսել ենք նախորդ նյութերում, չպետք է մոռանալ նաև արտաքինների մասին, որոնք ո՛չ այսօր են առաջացել և ո՛չ էլ երեկ։ Ֆեոդալ-կլանային համակարգը ոչ միայն ոչնչացրեց աշխարհագրական Հայաստանը՝ ի դեմս Երրորդ Հանրապետության, այլև հիմք դրեց հայկականությունը՝ որպես ինքնատիպ քաղաքակրթական երևույթ, ժխտող հակահայեցակարգին։ Բովանդակալից պետական ու ազգային շինարարության ճանապարհ բռնած ժամանակակից Ադրբեջանը դրա ցայտուն օրինակն է։ Ամեն ինչ սկսվեց Միացումից՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու գաղափարից ու շարժումից։ Ինչ էլ ասեն հետխորհրդային պաշտոնյաներն ու բյուրոկրատները, որոնք բոլորովին պատահաբար հայտնվեցին նորանկախ Հայաստանի ղեկին, խոսքը ժամանակին կորցրածը վերադարձնելու հայեցակարգի մասին էր։ Այդպիսի հայեցակարգը միշտ ունի հարձակողական՝ ազատագրական-նվաճողական բնույթ՝ զգալի մոբիլիզացնող ներուժով։

Ազատագրել Արցախը, այն վերադարձնել Հայաստանի կազմ, ստեղծել թուրքական աշխարհը զսպելու արդյունավետ համակարգ, միավորել պառակտված Եկեղեցին (այսօր կան չորս առանձին կենտրոններ՝ Էջմիածին, Բեյրութ, Երուսաղեմ և Կոստանդնուպոլիս/Ստամբուլ), համախմբել ցրված համայնքները՝ դրանք հետագայում վերածելով բազմաֆունկցիոնալ անդրազգային ցանցային ինստիտուտի՝ Սփյուռքի, — ահա թե որն էր հայկական անկախության իմաստը։ Ավելի պարզ ասած՝ Միացումից էր սկսվում հայկական սուբյեկտայնությունը միջազգային կենսագործունեության համակարգ վերադարձնելու և, վերջապես, Հայկական հարցը հայկական ձեռքերը վերցնելու ճանապարհը։

Եվ խոսքը բնավ 1991 թվականի մասին չէ, այլ 1918-ի։ Մենք չպետք է շփոթմունքի մատնվենք այս հարցում, քանի որ 1991 թվականը ոչ թե նոր, այլ վերականգնված անկախության մասին է։ Օսմանյան կայսրության փլուզումից հետո անկախ Թուրքիայի նշանակությունը ճիշտ հակառակն էր՝ թույլ չտալ հայկական ազգային նախագծի՝ սուբյեկտայնության, ի հայտ գալը։ Օսմանյան կայսրությունը, որը միայն իր գոյության վերջին 40 տարում (1878–1918 թթ.) կորցրեց տարածքի 75 և բնակչության 85 տոկոսը, դատապարտված էր վախճանի։ Բայց նորածին, մինչ այդ երբեք գոյություն չունեցած Թուրքիան կայացավ և կառուցվեց հայի արյան ու հայկական ժառանգության վրա, քանի որ նրա ազգային ազնվականությունը յուր ժամանակին կարողացավ ընդունել ու իրագործել սառնասիրտ ու ռազմավարական որոշումներ։ Երիտթուրքերը, որոնք վաղ փուլում կատարեցին ամբողջ կեղտոտ գործը, իրենց անհրաժեշտ չափով անգութ գտնվեցին Անդրանիկ Օզանյանից ու Գարեգին Նժդեհից, Քեմալ Աթաթուրքը՝ արագ ու վճռական` Արամ Մանուկյանից, իսկ Օսման Քաջաօղլուն, ի տարբերություն Գալուստ Գյուլբենկյանի, իր կապիտալը ներդրեց թյուրքական աշխարհի կառուցման գործում։ Սա, և միայն սա, կանխորոշեց նրանց հաջողությունն ու մեր կործանումը։ Մնացած հանգամանքներ էլ կարևոր են, բայց այնուամենայնիվ՝ մանրամասնություններ։

Թուրքական ազգային նախագծի կայացումը մեզ համար նշանակում էր երկուսից մեկը՝ գաղութացում և ձուլում, այսինքն՝ թյուրքական աշխարհի համակարգի մեջ ներառում, կամ Ցեղասպանության շարունակություն և լիակատար բնաջնջում։ Այս արդյունքներից ցանկացածը միանգամայն տրամաբանական կլիներ, քանի որ իմաստն ու գործառույթը կորցնելիս երրորդ տարբերակ, որպես կանոն, չի լինում։ Մեր դեպքում պատմությունը, հակառակ իր իսկ կանոնների, մեզ ևս մեկ չնչին հնարավորություն ընձեռեց՝ վերաիմաստավորելու ինքներս մեզ և մեր լոգոսը՝ անողորմ աշխարհաքաղաքական ջունգլիներում գոյության իմաստն ու գործառույթը։ Վաղ Խորհրդային Միությունն արագ հասկացավ, թե ինչպես և որտեղ կարելի է արդյունավետ օգտագործել հայերին ու հայկական ներուժը։ Բոլշևիկները որոշեցին, որ հայերի գործառույթը կարմիր կայսրության ներսում ստեղծագործելն ու միաժամանակ՝ գլոբալ աշխարհում նրա շահերի կարևոր հաղորդիչը դառնալն է՝ տնտեսությունից ու մշակույթից մինչև լոբբիզմ ու հետախուզական գործունեություն։

Իր հերթին աշխարհագրական Հայաստանին, ավելի ճիշտ՝ նրանից Քեմալ Աթաթուրքի հետ 1921 թ. Եղբայրության պայմանագրից հետո մնացածին, վիճակված էր դառնալ կարմիր աշխարհի կարևոր ռազմավարական սահմանագիծը՝ թուրքական աշխարհի կանխատեսելի հավակնոտ ընդլայնումը զսպելու քաղաքականության մեջ։ Բացի այդ, որոշ ռուս կայսերապաշտների համար, նույնիսկ նրանց, ովքեր երդվել էին մուրճին ու մանգաղին, անընդունելի էր գեներալներ Վորոնցով-Դաշկովի, Պասկևիչի, Տեր-Ղուկասովի, Լորիս-Մելիքովի, Օզանյանի և ուրիշների արյամբ ողողված հողերի հանձնումը։

Այսպիսով՝ մենք ստացանք Խորհրդային կայսրության կազմում յոթ տասնամյակ։ Մոսկվան բնավ չզղջաց իր որոշման համար, քանի որ հայերը նրան ծառայեցին փառքով՝ այդ բառի բոլոր իմաստներով։ Այդ ժամանակաշրջանը հերթական անգամ ցույց տվեց, որ համակարգի և արդյունավետ ղեկավարման առկայության դեպքում հայկական գործոնը դառնում է միջազգային քաղաքականության կարևոր տարր՝ իր բոլոր բաց ու փակ ձևաչափերով ու դրսևորումներով։ Միաժամանակ բացահայտվեց նաև այլ բան՝ բովանդակալից ու ստեղծարար գործունեության հայերի պատրաստակամությունը, սակայն այդ ամենը, անըմբռնելի կերպով, բացառապես ռազմավարական որոշումներ ինքնուրույն ձևավորելու ու ընդունելու անհրաժեշտությունից զերծ`  սեփական սուբյեկտայնությունից զուրկ լինելու հանգամանքներում։ Ռուսական, Օսմանյան ու Խորհրդային կայսրությունները, իսկ հետագայում նաև Արևմտյան աշխարհը, նպատակաուղղված մեզ քշեցին մի այնպիսի համակարգ, որտեղ հայը չի կարող լինել սուբյեկտ ու նախաձեռնող՝ սեփական արժեհամակարգով ու ժառանգությամբ։ Նրան վիճակված էր վերադաս ազնվականությունների կամքի ստեղծագործ ու տաղանդավոր կատարածուի ճակատագիրը։ Սա կարելի է անվանել ռիսկերի կայսերական հավասարակշռում, որի մասին սիրում էին խորհրդածել բրիտանացի Լոուրենս Արաբացին և Առնոլդ Թոյնբին, կամ էլ պարզապես համատարած շահագործում ու չարաշահում՝ հանուն գոյատևման, այսինքն՝ հոբսյան մշտատև «բոլորի պատերազմ ընդդեմ բոլորի»։

Հայերն այդպիսի կոորդինատային համակարգում իրենց զգում էին հարմարավետ, հանգիստ ու երջանիկ։ Չկա իրական քաղաքականությունը հասկանալու ու դրա վրա ազդելու, որոշումներ ընդունելու և սեփական անվտանգության համար պատասխանատվություն կրելու անհրաժեշտություն։ Թվում էր՝ իդեալական դասավորություն է. կարելի է զբաղվել ամենօրյա գործերով, դուդուկ նվագել, բիզնես անել, սիմֆոնիաներ գրել, գիտական հայտնագործություններ անել, նկարներ նկարել ու պատմվածքներ հորինել։ Ավելի լավ հարմարավետության գոտի չես գտնի, եթե այս ամենը պատրանք չլիներ։ Բազմազգ օսմանյան ու ռուսական հարմարավետության գոտիներում վեց դարն ավարտվեց 1915–23 թթ. Ցեղասպանությամբ, իսկ խորհրդայինում 70 տարին՝ Նախիջևանից բնաջնջմամբ ու վտարմամբ, 1988–92 թթ. Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերով։ Այստեղից էլ արդարացի հարց. ի՞նչ իմաստ ունի հանգիստ ու «խաղաղ» նյութական արարչությունը, եթե ի վերջո վերստին ստիպված ես լինում մազապուրծ լինել (այն էլ` եթե բախտդ բերի)` օտարներին թողնելով քո հարստությունը, տները, օթևանը, գերեզմանները, դպրոցներն ու տաճարները:

Եվ ահա տեղի ունեցավ 1988–92 թթ. պասիոնար Միացումը, որը դարձավ յուրօրինակ ազգային զարթուցիչ։ Հայերի մեջ բազում դարեր անց առաջին անգամ ի հայտ եկավ ազգայնորեն մտածող փոքրամասնություն, որը կամենում էր ստանձնել հայոց ճակատագրի պատասխանատվությունը։ Այո՛, այն հում էր, ինչ-որ տեղ՝ միամիտ ու անհաս, բայց Վազգեն Սարգսյանն ու Մոնթե Մելքոնյանը դարձան հարձակողական-ազատագրական հայեցակարգը հայկական աշխարհի երկու մասերի մեկ ամբողջության մեջ միավորելու մարմնավորումը։ Ցավոք, այն երկար չգոյատևեց։ Վազգենն ու Մոնթեն պարտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին, Կըրք Քրքորյանը պարտվեց Գագիկ Ծառուկյանին (Դոդի Գագոյին), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկին) և Խաչատուր Սուքիասյանին (Գռզոյին), Շառլ Ազնավուրը պարտվեց Արմենչիկին ու Թաթա Սիմոնյանին, իսկ Եղիշե Չարենցն ու Պարույր Սևակը` Facebook-ին։

Ազգային ու պետական շինարարությունը զիջեց ֆեոդալ-կլանային համակարգին, իսկ պատասխանատվությունից խուսափելու և այն երրորդ կողմին փոխանցելու ցանկությունը գերակշռեց անկախությանը և այն պաշտպանելու անհրաժեշտությանը։ Եվ ի՞նչ վերջ պետք է ունենար այս ամենը՝ հաշվի առնելով նորից ու նորից կրկնվող արդյունքները։ Ի՞նչ պետք էր ակնկալել երկու ազգային նախագծերից՝ թուրքականից ու ադրբեջանականից, որոնց գոյության հիմքում ընկած է միասնական նախածին մեղքը՝ հայերի, հայոց պատմության ու հայկական ժառանգության բնաջնջումը։ Բայց շրջանցելով բարոյական կողմը՝ մենք, որպես ռեալիստներ, պարտավոր ենք ընդունել, որ գոյատևելու և աշխարհաքաղաքական ջունգլիներում սեփական տարածքը նշելու ցանկությունը միանգամայն օրինաչափ երևույթ է։

Արցախի հանձնումը լոկ տարածքներից, քաղաքներից ու գյուղերից հրաժարում չէ։ Դա կամավոր հրաժարում է իմաստ ու գործառույթ ունենալու անհրաժեշտությունից, այս աշխարհում սուբյեկտ լինելու արտոնությունից՝ մի աշխարհում, որն իր արարման առաջին օրվանից ապրում է ջունգլիների օրենքով։ Դա հրաժարում է սեփական աշխարհայացք ու հայեցակարգեր ձևավորելուց, սեփական ժառանգությունը պաշտպանելուց, պահպանելուց ու բազմապատկելուց և դեպի ապագա կամուրջներ կառուցելուց։

Ինչո՞ւ այդ դեպքում մենք պետք է վրդովվենք, որ Ադրբեջանը հաղթողի իրավունքով որս է հայտարարել հայկական ժառանգության դեմ՝ ցանկանալով դրա ավերակների վրա կառուցել իր արհեստական ինքնությունն ու ազգային նախագիծը։ Բաքուն տրամաբանորեն ու հետևողականորեն անցավ հարձակողական-նվաճողական հայեցակարգի ակտիվ փուլին, որտեղ տեղ չկա ողորմածության ու երկմտանքի համար, իսկ կասկածն ու դանդաղկոտությունն անխուսափելի կործանման հոմանիշներ են։ Նրանք չնչին ցանկություն չունեն մեր սխալները կրկնելու և մեզ ու այլ շահագրգիռ կողմերին թողնելու այն, ինչից մենք ինքներս կամովին հրաժարվում ենք իրական ժամանակում՝ թուրքական աշխարհի թույլտվությամբ ու մանաթներով դեռևս գոյություն ունեցող «Իրական Հայաստան» անունով հերթական «հարմարավետության գոտու» դիմաց:

Պասիոնար վերելք ապրող թուրքական աշխարհը հայերին օրինաչափորեն չի թողնի անկախության անգամ պատրանքը, քանի որ մեզ համար դա բարդ է, անսովոր ու անհարմարավետ։ Նրանք մեզ կտան բացառապես այն, ինչ ուզում ենք՝ որոշ ժամանակ հանգիստ բիզնես վարելու, համերգներ ու հեծանվավազքեր անցկացնելու, փող կուտակելու հնարավորություն։ Մեզ կտրամադրվի եզակի հնարավորություն՝ ժամանակավորապես դառնալու անդեմ «Խաղաղության խաչմերուկ»՝ արտահայտիչ ինստագրամյան ֆասադով։ Նման գոյության կանխատեսելի ողբերգական ելքը նույնքան կանխատեսելիորեն ու խոնարհաբար կընդունեն մնացած բոլորը, այդ թվում՝ Nvidia-ի գովաբանված Ռև Լեբարեդյանը, միջուկային զենք ունեցող ֆրանսիացիները, ամերիկացիներն ու ռուսները, որոնք ի վիճակի չեն պաշտպանելու անգամ սեփական հետախույզներին, խաղաղապահներին ու զինվորականներին, և, անշուշտ, հենց «Իրական Հայաստանի» բնակիչները։

Ի վերջո, միշտ կարելի է աշխարհի մայրաքաղաքներում ստեղծել Հայաստանի վտարանդի ժամանակավոր կառավարություններ։ Ինչո՞ւ ոչ։ Ֆրանսիացիները, ռուսներն ու ամերիկացիները դրա համար նույնիսկ դրամաշնորհներ կհատկացնեն՝ փակելով գրասենյակների վարձն ու քարտուղարների աշխատավարձերը։ Նման ելքն ընդունելի կլինի բոլորի համար՝ բացի ձևավորվող ազգային ազնվականությունից ու նրա մերձավոր դաշնակիցներից, որոնք ունեն կարմիր գծեր. նրանք պատրաստ չեն ընդունել այնպիսի դասավորություններ, որոնցում հայկական աշխարհն ու հայկական ժառանգությունը դառնում են թուրքականի մաս։ Եվ կրկին, անհայտ պատճառով, պատմությունը, հակառակ ամեն ինչի, մեզ հերթական հնարավորություն է ընծայում։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու: