Կապիտուլյացիային` օրհնություն, էքսկուրսիային` նզովք

Օկուպացված Արցախ կազմակերպվող էքսկուրսիաները քննադատելը, խափանելը կամ վերանվանելը, իհարկե, ավելի հեշտ է, քան դրա պաշտպանության համար պատասխանատվություն կրելը, այն հանձնելու մեղավորներին պատժելը և ամերիկյան «Ազատությանն աջակցության» բանաձևի 907-րդ ենթաբաժնի պահպանման ու իրագործման համար պայքարելը։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր բեյրության գահի բարձունքից հանկարծ նկատեց, որ Հայաստանի «բարեկամները» օկուպացված Շուշիում ականջ են դնում պատմական փաստերի աղավաղմանը։ Երևի դժվար է չնկատել այդքան աչք ծակող մի սադրանք, որը տեսել և չեն վախեցել բարձրաձայնել անգամ թուրք կոլաբորացիոնիստի ամենահավատարիմ ու ադրբեջանամետ մանկլավիկները՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ղեկավարներն ու երիտենիչերի Ռուբեն Ռուբինյանը։ Վերջիններս նման բացահայտ նենգություն չէին սպասում իրենց ադրբեջանցի «բարեկամներից»։ Ոնց որ գեստապոյից չափազանց դաժանության համար հանեն։ Սակայն ժամանակին Հայկական աշխարհում հոգևոր առաջնորդության հավակնողներից պահանջն այնուամենայնիվ այլ է, քան անհայրենիք դավաճաններից։

Հայ «պացիֆիստները», իհարկե, դեռ հանդիմանություն կստանան թե՛ բաքվյան վարչակազմից, թե՛ նրա երևանյան մասնաճյուղից։ Բայց ի՞նչ ասես չես անի հանուն «երկու եղբայրական ժողովուրդների միջև բարեկամության» ու դրա հաստատման համար հատկացվող դրամաշնորհների։ Սակայն այդ դեպքում ումի՞ց է վախենում Արամ Առաջինը, եթե նրա «բուռն» ընդվզումը սովորաբար չի լսվում, իսկ այսօր, երբ այն վերջապես հնչում է, դարձյալ ուղղված է ոչ թե Արցախից հայերի տեղահանման ու հնագույն սրբավայրերի պղծման մեղավորներին, այլ ինչ-որ հավաքական էության։ Ովքե՞ր են մտնում նրա «մենք»-ի ու «մեր»-ի մեջ, ո՞ւմ է նա ներկայացնում, ո՞ւմ առաջ ենք, ըստ նրա, «պառակտված» ու «անհեռատես»։ Միգուցե պետք է ավելի՞ «համախմբված» մասնակցել հեծանվավազքերին, արնաթաթախ փառատոներին ու մեր թշնամիների բարօրության համար պատարագների։ Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս է համընդհանուր համախմբմանը նպաստում այն, որ եթե հենց Արամ Առաջինը հանկարծ ստիպված լինի տարհանվել Լիբանանից, ապա «Իրական Հայաստանի» նոր օրենքներով նա և իր հոտը, թեև լինելով էթնիկ հայեր, ստիպված կլինեն հայկական քաղաքացիություն և, համապատասխանաբար, «պաշտպանություն» ստանալու համար կատարել նույն պահանջները, ինչ, օրինակ, պակիստանցիները կամ բելառուսները (ադրբեջանցիների համար պայմանները, հավանաբար, ավելի բարենպաստ կլինեն)։

Ուստի ումի՞ց է վախենում Արամ Առաջինը՝ դարձյալ ժողովրդի ետևում թաքնվելով և կատարվողի իրական մեղավորներին չնշելով։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ Աստծուց։ Չէ՞ որ աստվածավախությունից չէր, որ նա սկզբում «ջերմ ողջույններ ու օրհնություն» փոխանցեց թե՛ Արցախում, թե՛ մայրցամաքային Հայաստանում իր հայրենակիցների տառապանքների և իր Եկեղեցու պղծման մեղավորին, իսկ հետո դատապարտեց Ադրբեջանում պաշտոնավարող դիվանագետներին` այն վայրեր այցելելու համար, որոնք հենց իր օրհնած Փաշինյանն էր ճանաչել ադրբեջանական։

Իսկ ինչո՞ւ պետք է պայմանական Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն չմեկներ օկուպացված Գանձասար, եթե ընդամենը մի քանի օր անց նրան պատվով էքսկուրսիայի տարան հայկական Մատենադարան։ Մի երկրում, որտեղ մարդկության դեմ հանցագործներին՝ օրինակ, Արցախի շրջափակման մասնակիցներին, դիմավորում են գրկաբաց, ավելի շուտ զարմանալի չի լինի, եթե Գրոնոյին հաջորդ անգամ ներս չթողնեն՝ իր այն «հեղինակավոր» կարծիքի համար, թե Արցախում կա նաև հայկական ժառանգություն։ Այդ դեպքում ո՞ւմ ենք առաջինը նզովելու, Ձերդ Սրբություն Արամ Առաջին, տիկին Գրոնոյի՞ն, ով մեծամտորեն մեզ բացատրում է, թե մեր ժառանգությունը մասամբ մերն է, բայց «ճշմարտությունը մեջտեղում է», թե՞ երևանյան կոլաբորացիոնիստին, ով լվաց իր ձեռքերն Արցախից և ընդհանրապես հայկական ժառանգությունից։

Այս ամենը մեզ վերադարձնում է խնդրի արմատին։ Ջաղացը կորցնողը չախչախի ետևից չի ընկնի: Ներկա դասավորության մեջ Ադրբեջանը միակն է, որ գործում է սեփական շահերից ելնելով։ Մնացածները՝ և առաջին հերթին Հայկական աշխարհը, շեղվում են այս կանխատեսելի դասավորության լոկ ակնթարթային դրսևորումների վրա։ Նման միջոցառումները, միջադեպերն ու հայտարարությունները վաղուց արդեն դարձել են մեր գոյության նվաստացուցիչ մասը և այդպիսին էլ կմնան, քանի դեռ մենք դրանցից զարմանում ենք ու արձագանքում որպես մեր գոյության հիմնական սպառնալիքների՝ անտեսելով Հայաստանի ու Հայկական աշխարհի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերը և դրա մարմնավորումը՝ Երրորդ Հանրապետությունում իշխող ֆեոդալ-կլանային համակարգը։ Այս ուղղությամբ անգամ մարտավարական հաջողությունները միայն կխորացնեն ռազմավարական պարտությունը։ Իհարկե, օկուպացված Արցախ կազմակերպվող էքսկուրսիաները քննադատելը, խափանելը կամ վերանվանելը, իհարկե, ավելի հեշտ է, քան դրա պաշտպանության համար պատասխանատվություն կրելը, այն հանձնելու մեղավորներին պատժելը և ամերիկյան «Ազատությանն աջակցության» բանաձևի 907-րդ ենթաբաժնի պահպանման ու իրագործման համար պայքարելը։

Ուստի խնդիրն այնքան էլ ինքնին «խաղաղության օրակարգը» չէ, ոչ էլ դրա պայմանները, ոչ էլ հանձնված Շուշի օտարերկրյա դիվանագետների այցերը, անգամ ոչ էլ հենց Հայաստանի տարածքների շարունակվող զիջումը։ Այս ամենը ընդամենը ճնշված իմունային համակարգով օրգանիզմի ախտանիշներն ու վերջին հառաչանքներն են։ Մենք կարող ենք շարունակել ջերմել երրորդ կարգի պաշտոնյաների յուրաքանչյուր հայտարարությունից՝ մեզ խաբելով, թե քանի դեռ մեր ջերմությունը բարձրանում է և գոնե ինչ-որ արձագանք կա, մենք ողջ ենք։ Սակայն այն իրականության մեջ, որի մեջ մեզ ընկղմել են Երրորդ Հանրապետության ղեկավարները, ջերմության բարձրացման առիթները անպակաս են լինելու։

Բազմաթիվ վերքերին սպեղանի փակցնելու ու ջերմիջեցնող խմելու ժամանակը վաղուց անցել է։ Միևնույն ժամանակ Նուբար Աֆեյանն իր «Moderna»-ով և հայազգի այլ անվանի կենսատեխնոլոգներ ու բժիշկներ մինչ օրս հրաժարվում են հրապարակավ ընդունել մեր ախտորոշումը, էլ ուր մնաց՝ մշակել դրա բուժումն ու կանխարգելումը։ Թե՛ նրանք ու նրանց նմանները, թե՛ Արամ Առաջինը, թե՛ բոլոր օգտակար ապուշները, ովքեր այսօր անկեղծորեն վրդովվում են Արցախ կատարվող պաշտոնական այցերից՝ շարունակելով սեղմել այն թշնամուն նվիրած կոլաբորացիոնիստական վարչակարգի ձեռքը, միայն վատթարացման են հիվանդության ընթացքը և մեզ դատապարտում մահվան։

Ինքնաոչնչացման գործընթացն անհնար է կասեցնել, քանի դեռ հայկական օրգանիզմի ուղեղը զբաղեցնում է Հայաստանին թշնամի մի հանցախումբ, որին արյուն են մատակարարում ներկայիս «ընդդիմությունը» և Հայկական աշխարհից նրանց հովանավորները։ Քանի դեռ դուք ողբում եք Բաքվից, այլ ոչ թե Երևանից լսվող պատմության կեղծումների վրա, քանի քանի դեռ վախենում եք բարձրաձայնել ախտորոշումը, քանի փորձում եք վարակված բջիջներում նշմարել առողջ հյուսվածքներ, դուք վատնում եք բոլորիս թանկարժեք ժամանակը։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու: