Բոլոր երանգների կոլաբորացիոնիստները ցնծում են․ Հրազդանում բացվել է տարածաշրջանի խոշորագույն ԱԲ (արհեստական բանականության) «գործարանը»: Հայաստանում «տարածաշրջանում խոշորագույն» NVIDIA-ի տվյալների կենտրոնի հայտնվելը երևանյան քարոզչությունը շտապել է վերագրել սեփական «փառահեղ» արտաքին քաղաքականությանը՝ ներկայացնելով որպես ևս մեկ ապացույց, իբր թե «Իրական Հայաստանը» վերջապես գտել է իր տեղը աշխարհում։ Եվ դա՝ Վաշինգտոնում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի «Թրամփի երթուղու» տխրահռչակ համաձայնագիրը ստորագրելուց ուղիղ մեկ տարի անց։ Անշուշտ, մի «կառավարության» համար, որի «գործարաններում» մինչ օրս առավելապես բոտեր ու ֆեյքեր (կեղծ օգտահաշիվներ) են բազմացվել, սա իսկապես հսկայական առաջընթաց է։
Առայժմ մի կողմ թողնենք այն հարցը, թե ինչու է «մեծերի սեղանի» շուրջ այս տեղը, Երևանի երիտենիչերիների համոզմամբ, տրամադրվում միայն Արցախի, Սյունիքի և ԱՄՆ «Ազատությանն աջակցության» օրենքի 907-րդ Ենթաբաժնի դիմաց։ Հայկական աշխարհը մեծ մասամբ միայն պասիվ է հետևում այս համատարած ուրացմանը՝ արդեն հինգ տարուց ավելի թույլ տալով, որ թուրք ժամիշխանները անպատիժ մնան դրա համար: Ուստի զարմանալի չէ, որ այսօր թուրք գաղութապետն այդ կորուստներն ու զիջումները արդեն ներկայացնում է ոչ թե որպես Հայաստանի փրկության համար անհրաժեշտ չարիք, այլ որպես երկրի հաջողության գրավական։ Իսկ այն, որ նման նախագծի մեկնարկը նույնպես հայկական աշխարհի բազմամյա աշխատանքի արդյունք է, որը՝ չնայած ճակատագրի բոլոր դառնություններին ու ֆեոդալ-կլանային համակարգի ագահությանը, անդուլ ներդրումներ է կատարել աշխարհագրական Հայաստանում, մեզ պետք է ոչ թե մխիթարի, այլ՝ ընդհակառակը, ստիպի ավելի քննադատաբար գնահատել այս համակարգի հետ մեր պասիվ ու ակտիվ կոլաբորացիոնիզմի հետևանքները։
Ակնհայտ է, որ ինքնին Հայաստանում ԱԲ գործարանի հայտնվելը՝ առավել ևս Կոտայքում, որը արտաքին սահման չունեցող միակ մարզն է, չի վկայում ո՛չ տեխնոլոգիական թռիչքի, ո՛չ էլ ձեռք բերված աշխարհաքաղաքական սուբյեկտայնության մասին։ Առանց վերջինիս սա ընդամենը հայկական տարածքում տեղակայված օտարերկրյա կապիտալի հերթական խոշոր օբյեկտ է՝ միմիայն այն տարբերությամբ, որ այդտեղ հանքաքարի փոխարեն արդյունահանվելու են հաշվողական հզորություններ, այն էլ՝ Հայաստանի էներգետիկ համակարգի՝ ռուսական գազի մատակարարումներից զգալի կախվածության պայմաններում։
Հենց այդ պատճառով հատկապես անհեթեթ է NVIDIA-ի մուտքը որպես աշխարհաքաղաքական հավակնություններից հրաժարվելու դիմաց ստացված պարգև ներկայացնելը։ Կոլաբորացիոնիստական լրատվական աղբանոցները միաբերան պնդում են, թե «մեծահասակների սեղանի» շուրջ այս «տեղը» (այսինքն՝ ուտեստներ մատուցելու թույլտվությունը) «Իրական Հայաստանին» շնորհված մրցանակ է՝ օրինակելի վարքագծի և «իրական չափերն» ու սեփական անարժեքությունն ընդունելու դիմաց։
Սակայն ներդրողը չի գալիս որևէ պետության համեստության համար խրախուսելու։ Նա հետապնդում է այն, ինչն իր համար տնտեսական արժեք ունի՝ լինի դա վճարունակ շուկա կամ նման շուկայի հարևանություն, էժան հող և էներգառեսուրսներ, մարդկային կապիտալ, էժան աշխատուժ կամ զարգացած տնտեսություններում և կայացած իրավական համակարգերում անհասանելի այլ ռեսուրսներ ու խնայելու հնարավորություններ։ Սուբյեկտայնությունը սկսվում է այնտեղ, որտեղ պետությունն ունակ է ոչ միայն ներգրավել այդ կապիտալը, այլև սահմանել դրա ներկայության պայմանները՝ սեփական երկարաժամկետ շահերին համապատասխան կամ առնվազն սեփական բնակչությանը չվնասելով։
Սոթքի ոսկու հանքավայրը ցավալի օրինակ է այն բանի, որ ռեսուրսի և անգամ այն արդյունահանող օտարերկրյա ընկերությունների առկայությունը դեռ չի նշանակում այդ ռեսուրսը տնօրինելու հնարավորություն։ Սահմանագծի փոփոխությունից և հանքավայրի մի հատվածի նկատմամբ վերահսկողության կորստից հետո՝ ոսկու պաշարների առկայության փաստն ինքնին դեռ հնարավորություն չի տալիս մեզ դրանք լիարժեք օգտագործելու և ստանալու անգամ «Իրական Հայաստանի» գլխավոր «արժեքը» համարվող՝ այդքան տենչալի հարկային եկամուտները։
Թեև հաշվողական հզորություններն ավելի դժվար է «շոշափել», իսկ Կոտայքը որևէ այլ պետության հետ սահման չունի, ԱԲ գործարանի պարագայում, ցավոք, գործում է նույն սկզբունքը։ Խոշոր արդյունաբերական ենթակառուցվածքը պահանջում է էլեկտրաէներգիա, հող, հովացում և կայուն կապ։ Փակ ջրային հովացման համակարգի և էներգիայի սպառման օպտիմալացման խոստումները ավելի մեծ վստահություն չեն ներշնչում, քան Լոռու և Սյունիքի հանքերում բնապահպանական չափանիշների կատարման վերաբերյալ հայտարարությունները՝ հատկապես ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման առկա խնդիրների ֆոնին։ Անպատասխան են մնում նաև տարածքի վրա ջերմային և աղմկային ազդեցության, ինչպես նաև դրա հետագա զարգացման հարցերը։
Անշուշտ, ծրագիրն իրականացնող «Firebird AI»-ն առաջարկում է նաև երկրի տեխնոլոգիական հնարավորությունների միջնաժամկետ զարգացման և հայ մասնագետների համապատասխան հմտությունների ձևավորման ուղղությամբ ներդրումներ։ Սպիտակ մարդու բարեհաճությունը չկորցնելու մտավախությունից (հանկարծ նա չնեղանա և հարևանությամբ ավելի մեծ կենտրոն չբացի՝ Հայաստանին զրկելով «տարածաշրջանում առաջին տեղից») «ավելին» պահանջելուց չվախեցողի հմուտ ձեռքերում այս ածխածինը իսկապես կարող էր ադամանդ դառնալ։ Սակայն ադամանդները ձևավորվում են ճնշման տակ և որոշակի խորության վրա, որն անհայտ է մակերեսային դիլետանտներին, որոնք կարողանում են ճնշել միայն սեփական բնակչությանը, բայց ոչ արտաքին գործընկերներին։
Ուստի այսօրվա Հայաստանում արհեստական բանականությունը՝ ինչպես և այդքան գովազդվող «Խաղաղության խաչմերուկի» լոգիստիկան, Երրորդ Հանրապետության «երկրորդ նավթի» հավակնորդների ցանկում կզբաղեցնի նույն տեղը, որը նախկինում արդեն զբաղեցրել են մարդիկ (մասնավորապես՝ աշխարհասփյուռ հայկական համայնքները), հանքային ռեսուրսները, ջուրը և տեխնոլոգիական ստարտափները։ Այս բոլոր ոլորտներում արձանագրված որոշակի հաջողություններին ի վերջո հաջորդել են զանգվածային արտագաղթը, Հայաստանի ինքնամեկուսացումը համայնքներից, մահացության աճը, չափանիշների չպահպանումը, ենթակառուցվածքների մաշվածությունն ու խափանումները, ինչպես նաև տեխնոլոգիական բիզնեսների արտահոսքը՝ համակարգային ներդրումների և գրագետ արժութային քաղաքականության բացակայության պատճառով։ Հետևաբար այս նոր «տեխնոլոգիական» հեղափոխությունը ոչնչով չի տարբերվում հումքայինից․ օտարերկրյա կապիտալը բերում է սարքավորումներ և գումար, երկիրը տրամադրում է տարածք և ռեսուրսներ, ստանում աշխատատեղեր, հարկեր և գեղեցիկ բացման արարողություն, մինչդեռ ստեղծվող հավելյալ արժեքի և ռազմավարական վերահսկողության հիմնական մասը մնում է երկրի սահմաններից դուրս։
Տեխնոլոգիական տերության և տեխնոլոգիական ծայրամասի տարբերությունը չի որոշվում գրաֆիկական պրոցեսորների քանակով, ինչպես և ռեսուրսներով հարուստ երկրի և հումքային կցորդի տարբերությունը՝ արդյունահանված հանքաքարի տոննաների քանակով։ Տարբերությունը որոշվում է նրանով, թե ով է վերահսկում արժեքի ստեղծման շղթան։
Սեփական շահերը չհարգող երկիրը չի կարող հարգարժան գործընկեր դառնալ միայն այն պատճառով, որ իր տարածքում տեղակայված են աշխարհի ամենաժամանակակից սերվերները։ Այն հանդիսանում է լոկ ուրիշների ակտիվների տեղակայման տարածք, իսկ ներդրողի համար երկրորդական է՝ արդյոք այդ տարածքը ֆորմալ առումով պետություն է, թե ձևակերպված թուրքական գաղութ։ Թուրք գաղութապետը մեզ վստահեցնում է, թե հայկական աշխարհի կողմից նվաճված Արցախն ու 907-րդ Ենթաբաժինը արժանի գին են ԱԲ գործարանի դիմաց։ Անգամ եթե դա իսկապես այդպես լիներ, շատ շուտով նրան աճուրդի հանելու այլևս ոչինչ չի էլ մնա, և նա ստիպված կլինի սնանկություն հայտարարել։ Հայկական աշխարհը պարտավոր է կանխել այդ պահի գալը՝ համաշխարհային ասպարեզում զբաղեցնելով հայկական շահերի ներկայացուցչի իր արժանի տեղը։ Մենք պարտավոր ենք կառուցել պետություն, որն ինքնուրույն կսահմանի սեփական նպատակներն ու դրանց հասնելու գործիքները։ Արհեստական բանականությունը կարող է դառնալ այդպիսի գործիք՝ նրանց ձեռքերում, ովքեր նախ տիրապետում են դրա բնական տարբերակին։
Արհեստական բանականություն՝ առանց բանականության
Սեփական շահերը չհարգող երկիրը չի կարող հարգարժան գործընկեր դառնալ միայն այն պատճառով, որ իր տարածքում տեղակայված են աշխարհի ամենաժամանակակից սերվերները։ Այն հանդիսանում է լոկ ուրիշների ակտիվների տեղակայման տարածք, իսկ ներդրողի համար երկրորդական է՝ արդյոք այդ տարածքը ֆորմալ առումով պետություն է, թե ձևակերպված թուրքական գաղութ։
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
