Վերաձևավորվող տարածաշրջանային կարգը սրել է Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները և կրկին երկկողմ օրակարգ վերադարձրել Հայոց Ցեղասպանության թեման։ Իսրայելի կառավարությունը վերջերս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս որոշումը դեռ պետք է հաստատի Քնեսեթը, որը դա անելու բավարար հիմք չգտավ 8 տարի առաջ։ Այժմ Իսրայելի ԱԳՆ-ն հպարտությամբ է լցված XX դարի առաջին ցեղասպանության վերաբերյալ «բարոյական պարտքի կատարման և ժխտման փորձերի մերժման» կապակցությամբ։
Արժե՞ր արդյոք մթագնել Հայոց Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակը՝ նույն հրապարակման մեջ ավելացնելով Միջազգային քրեական դատարանի կողմից մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար հետապնդվող Բենյամին Նեթանյահուին։ Մի՞թե հայկական աշխարհն ընդամենը սոցցանցում մի փոքրիկ գրառման էր արժանի։ Այս հարցերին իսրայելցի նախարարներն իրենց խղճի առջև թող պատասխանեն։ Նույնը վերաբերում է նաև այն համատեքստին, որում հնչում են նման հայտարարությունները. Նեթանյահուն շուտով պետք է գնա հերթական ընտրությունների, որտեղ մեծ հավանականությամբ չի վերընտրվի, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները ցածր մակարդակի վրա են՝ Գազայի հատվածում շարունակվող ագրեսիայի պատճառով։
Ցավոք, հայկական աշխարհը առաջին անգամ չէ առերեսվում Հայկական Հարցի` որպես երկու տերությունների՝ թեպետ այս անգամ տարածաշրջանային՝ առճակատման կողմնակի արդյունք բարձրացվելուն։ Ուստի հատկապես հիմա հանուն հայկական պետականության պրագմատիկ լինելը մեր պարտքն է բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն հայ մնալու իրավունքի։
Խնդիրը, առաջին հերթին, մեզանում է. նախորդ անգամներին, երբ որոշակի նպաստող հանգամանքներ էին ձևավորվում, հայկական աշխարհը մոբիլիզացնում էր իր ներուժը՝ հանուն պետականության վերականգնման։ Սա արդարացիորեն համարվում էր Ցեղասպանության կրկնությունը կանխելու միակ միջոց (իսկ ինչի՞ համար է հարկավոր ճանաչումը, եթե ոչ դրա)։ Այսօր հայկական աշխարհը ապակողմնորոշված է և «արխայնացած»՝ Հայաստանի Հանրապետության մնացորդների ճղճիմ իմիտացիայի անվանական գոյության պատճառով։
Ավա՜ղ, այսօրվա աշխարհագրական Հայաստանի հետ վաղուց ամեն ինչ պարզ է. այն գտնվում է թուրքական աշխարհի լիակատար վերահսկողության ներքո։ Այժմ սակարկության է հանվում հայկական աշխարհը՝ իր ռեսուրսներով, ազդեցությամբ, կապերով և չափազանց դանդաղ արթնացող պասիոնարությամբ։
Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր հայտարարությունը Իսրայելի ԱԳՆ-ն սկսեց «երբեք ուշ չէ» բառերով։ Իսկապե՞ս դա այդպես է։ Այս հռետորական հարցի պատասխանը դարձավ պաշտոնական Երևանի հնչեղ լռությունը և Անկարայի ու Բաքվի` նրանց նախածին մեղքի բացահայտման դեմ ուղղված սպառնալիքները։ Միգուցե ուշ չէր 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո, երբ Իսրայելը ցեղասպան Ադրբեջանին մատակարարեց ոչ միայն տեխնիկա, այլև սեփական հրահանգիչներ, 2020 թ. 44-օրյա պատերազմի երախում, կամ էլ 2023 թ. սեպտեմբերին, երբ Արցախն արդեն կտրված էր Իրանից «հուսալի ադրբեջանական գործընկերների» կողմից, բայց Թուրքիան դեռ չէր դարձել տարածաշրջանի միանձնյա հսկիչը։
Հայոց Ցեղասպանության եզրափակիչ փուլն իրականացնելու համար իր հզոր նյութական և լոբբիստական ռեսուրսները հոժարակամորեն ու պրագմատիկ նկատառումներից ելնելով տրամադրած Իսրայելին թուրքական աշխարհի արբանյակները շտապեցին «շնորհակալություն հայտնել» 2023 թ. հոկտեմբերի 7-ով։ Այդ պահին երկու շաբաթ անգամ չէր անցել այն օրվանից, երբ Արցախից բռնի կերպով արտաքսվել էին վերջին հայերը։ Եվ եթե աշխարհն անմեղորեն սպանված հայերից արագ անցավ անմեղորեն սպանված իսրայելցիներին, ապա շուտով նույն կերպ շատերը մոռացան նաև վերջիններին։ Այսօր եվրոպական մայրաքաղաքներում, ինչպես նաև անգամ Միացյալ Նահանգներում շատ ավելի հաճախ են հիշում 2023 թ. հոկտեմբերի 8-ից սկսած Իսրայելի պատասխան գործողությունները, ոչ թե դրանց ողբերգական դրդապատճառը։
Անկասկած, գոյության և այս արևի տակ սեփական տեղն ամրապնդելու համար պատերազմների հաղթանակները կռանվում են ոչ թե հանրային համակրանքի կամ համընդհանուր խղճահարության մրցույթում, այլ մարտադաշտում՝ դիվանագիտական, լոբբիստական, տնտեսական, ի վերջո՝ ռազմական։ Սակայն հակամարտության ռազմական լուծումը վատ է ոչ միայն և ոչ այնքան վաղուց մոռացված մարդասիրական նորմերի ոտնահարմամբ, որքան նրանով, որ ցուցադրում է թուլություն. կարելի է հաղթանակ տանել մարտադաշտում, բայց այդ հաղթանակը պետք է ընդունեն (և, հետևաբար, լեգիտիմացնեն) դրա ականատեսները։ Նրանց թվում պետք է լինեն նաև պարտվածները և նրանց հովանավորները։
Եվ հենց այստեղ է, որ Իսրայելը, այնուամենայնիվ, ուշացել է։ Իր մարտավարական հաղթանակի հետ չեն հաշտվի պաղեստինցիները և այս պահին նրանց աջակցող Թուրքիան։ Սակայն ինչ վերաբերում է Թուրքիայի մարտավարական հաղթանակին, ապա աշխարհագրական Հայաստանն ամբողջովին համակերպվել է վերջինիս հետ, և այսուհետ գաղութային Հայաստանի (ի թիվս այլոց՝ նաև Իսրայելի թեթև ձեռքով) ու ՀԱՄԱՍ-ի հովանավորը նույնն է։ Իսրայելցիները սա գիտակցում են, ուստի փորձում են խաղադրույք կատարել ոչ թե Հայաստանի, այլ հենց այն հայկական աշխարհի վրա, որին երկար ժամանակ համարել են թշնամի ու մրցակից, բայց և չեն ցանկանում տեսնել որպես Թուրքիայի ձեռքին օգտակար խաղալիք։ Ուստի սկսեցին ամենահեշտ տարրից՝ Հայոց Ցեղասպանության հիշատակից, որը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա միշտ ենթարկվել է Իսրայելի ռազմավարական հաշվարկներին։
Այսպիսով, փորձելով ձեռք բերել Իրանի դեմ հուսալի դաշնակից, Թել Ավիվը նպաստել է սեփական նեոօսմանական նախագիծը վերակենդանացրած, սուննիական աշխարհում գնալով առաջնորդության դերին ավելի բացահայտորեն հավակնող (ինչպես եղել է Օսմանյան կայսրության փլուզումից առաջ, որը, ի դեպ, ներառում էր ամբողջական Պաղեստինը) և Իսրայելի հետ ավելի ուղղակի առճակատման մեջ մտած ուժի ազդեցության ընդլայնմանը: Այլ կերպ ասած, Իսրայելը սկսում է գիտակցել, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի վրա խաղադրույքը և սեփական ջանքերով դրա ուժեղացումը կարող էր ռազմավարական սխալ հաշվարկ լինել։
Եթե դեռ մի քանի տարի առաջ Թուրքիան Իսրայելում ընկալվում էր որպես թեև բարդ, բայց անհրաժեշտ գործընկեր, ապա այժմ Անկարան գնալով ավելի ու ավելի հաճախ է դիտարկվում որպես տարածաշրջանային հեգեմոնի դերի հիմնական հավակնորդներից մեկը և հրեական պետության անվտանգության լրջագույն մարտահրավեր։ Հարավային Կովկասում (մինչ օրս գլխավոր մրցակցի՝ Իրանի սահմաններին) Թուրքիայի ազդեցությունը արդեն հասել է որակապես նոր մակարդակի։ Բաքվում լիակատար տիրում է թուրք մինի-սուլթան, որը համարձակվում է քննադատել Իսրայելին` նրանից ամեն անհրաժեշտը ստանալուց հետո: Երևանում վարչապետի աթոռին փռված է հլու-հնազանդ թուրք գաղութապետ ու կոլաբորացիոնիստ, որի նմանը դժվար թե գտնվի թուրքական քաղաքների քաղաքապետների շարքերում։ Հայաստանով տիրում է վախը, որը սերմանված է ոչ այնքան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որքան նրանց` աշխարհի մայրաքաղաքներում Իսրայելի շնորհիվ ձեռք բերված լուռ աջակցությամբ։ Ուստի, նույնիսկ եթե Իսրայելն այսօր որոշել է օգտագործել Ցեղասպանության թեման որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք, դա արդեն չի կարող փոխել տարածաշրջանային ուժերի նոր դասավորվածությունը։
Տարօրինակ կերպով, թուրք-իսրայելական հարաբերությունների հետագա սրումը կարող է ծնել դեռ մի քանի ամիս առաջ աներևեկայելի թվացած փոխդասավորություններ։ Մերձավոր Արևելքում չկան հավերժական բարեկամներ և հավիտենական թշնամիներ։ Որոշակի հանգամանքներում նույնիսկ Իրանն ու Իսրայելը կարող են դառնալ հանգամանքներից բխող դաշնակիցներ, եթե երկու պետություններն էլ ընկալեն Թուրքիայի ազդեցության ընդլայնումը որպես սեփական շահերին սպառնող առավել անմիջական և երկարաժամկետ մարտահրավեր։ Ե՛վ Թեհրանը, և՛ Թել Ավիվը տարբեր պատճառներով շահագրգռված չեն Թուրքիայի` Արևելյան Միջերկրածովից մինչև Կենտրոնական Ասիա ընկած հիմնական էներգետիկ և տրանսպորտային երթուղիները վերահսկող գերիշխող տերության վերածմամբ: Ի վերջո, այս երկու միմյանց իսկապես արժանի մրցակիցները հազարամյակներ շարունակ են կիսում այս տարածաշրջանը. Օսմանյան կայսրությունը, սակայն, այս հնագույն տարածաշրջանի չափորոշիչներով դեռ հեռու է անգամ իր առաջին հազարամյակից։
Սակայն Իրանի ողջ (հարաբերական) բարեհաճությամբ և Իսրայելի հանկարծակի մեղմացմամբ հանդերձ թուրք-իսրայելական սրացումը Հայաստանին որևէ ինքնաբուխ առավելություններ չի սուլում։ Ընդհակառակը, լարվածության աճը կարող է լրացուցիչ բարձրացնել Հարավային Կովկասի՝ որպես աշխարհաքաղաքական մրցակցության տարածքի, նշանակությունը։ Այս պայմաններում անխուսափելիորեն կրկին գլուխ կհանեն արտաքին խաղացողների ռազմաքաղաքական ներկայության և ռազմավարական երթուղիների նկատմամբ վերահսկողության հարցերը, այդ թվում՝ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի», որի մեղմասական անունն է «Թրամփի ուղի» (նույնպես ԱՄՆ-ում իսրայելական լոբբիի աջակցության արդյունք է)։
Եթե Իսրայելում վերջնականապես եզրակացնեն, որ Թուրքիան ավելի վտանգավոր երկարաժամկետ մարտահրավեր է, քան Իրանը, Թել Ավիվը կարող է փորձել սահմանափակել տարբեր ուղղություններով նեոօսմանյան էքսպանսիան՝ Արևելյան Միջերկրածովից մինչև Հարավային Կովկաս։ Այնուամենայնիվ, ինչպես նշեցինք վերևում, դա անելու հնարավորություններն արդեն էապես նվազել են։ Հայկական Արցախի ոչնչացումից և տարածաշրջանային նոր (թեկուզ առայժմ ժամանակավոր) կառուցվածքի ձևավորումից հետո Անկարան և Բաքուն սեփական տնօրինման տակ վերցրեցին գրեթե չընդհատվող ռազմավարական տարածք՝ Հայկական լեռնաշխարհից մինչև Կասպից ծով և Կենտրոնական Ասիա։ Այս «գրեթե»-ին խանգարում է միայն Իրանին սահմանակից հայկական Սյունիքը։ Իսկ Թուրքիայի համար այդքան կարևոր տարածաշրջանով Իսրայելի հետաքրքրվածությունը բնավ վստահություն չի ներշնչում հայկական աշխարհի վերջին եզրի խաղաղ (և հայկական) ապագայի հանդեպ՝ ընդհուպ մինչև այն նույն թուրքական աշխարհի կողմից վերջնական շրջափակմամբ։
Ակնհայտ է, որ Թուրքիայի ուժեղացումը՝ Հայաստանն ու հայկական աշխարհի մարդկային կապիտալը կլանելու հաշվին, իսրայելական անդրազգային քաղաքական ազգին կխանգարի վերականգնել իր խարխլված դիրքերը։ Նույնքան ակնհայտ է, որ այս նպատակին հասնելուց հետո Իսրայելը ամեն կերպ կձգտի չեզոքացնել հայկական աշխարհը։ Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Սփյուռքը և հայկական պետությունը կմնան կահավորության առարկա, ոչ թե Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային կարգի համաճարտարապետ։
Լավատեսներին ու Իսրայելի քայլերով ոգևորվածներին արժե ուշադիր հայացք ուղղել Երուսաղեմի Հայկական թաղամասին, որպեսզի պատկերացնեն, թե ինչպիսի «պոտենցիալ դաշնակցի» հետ ենք գործ ունենում։ Իսրայելը դատապարտված չէ լինել հայկական աշխարհի շահերին հակադիր. սա գիտակցում են նաև իսրայելական հասարակության ավելի չափավոր հատվածները։ Սակայն հրեական պետությունը, ի տարբերություն իմիտացիոն հայկականի, հիմնված է խորը և հետևողական ազգային գաղափարախոսության և փիլիսոփայության վրա, որն ուղղված է առաջին հերթին իսրայելական անդրազգային քաղաքական ազգի գոյատևմանը, և միայն այնուհետև՝ բարգավաճմանը։ Այս ուսմունքներում Հոլոքոստի և հուդայականության դիրքերը միշտ ավելի բարձր տեղ կզբաղեցնեն, քան մարդասիրության, պատմական արդարության, այլ հնագույն քաղաքակրթությունների հանդեպ հարգանքի նկատառումները։ Հայոց Ցեղասպանությունը երբեք չի հավասարվի Հոլոքոստին, թեև եղել է դրա նախակարապետը. բնիկ չդիմադրող ու անողնաշար հայ քրիստոնյաները միշտ կմնան իսրայելական էլիտաների կողմից քաջալերվող տեղական ծայրահեղականների քավության նոխազ և ատելության առարկա:
Իսրայելական պետությունում, որն այսօր խոսում է Հայոց Ցեղասպանության հանդեպ «բարոյական պարտքի» մասին, հայկական պատմական ներկայությունը Սուրբ քաղաքում ոչ միայն պատշաճ պաշտպանություն չի ստացել, այլև շարունակում է լուրջ մարտահրավերների առջև կանգնել։
Այլ կերպ ասած, Թուրքիայի և Իսրայելի նոր առճակատումը Հայաստանի համար հիմնականում ստեղծում է ոչ թե «հնարավորությունների պատուհան», այլ նախկին ռիսկերի նոր դրսևորումներ։ Այդ իսկ պատճառով հայկական աշխարհը պետք է ուղղորդվի ոչ թե զգացմունքներով և օտար պետությունների հայտարարություններով, այլ միջազգային իրողությունների սառնասիրտ ընկալմամբ։ Քանի դեռ մենք շեղվում ենք օտարների արտաքին և ներքին քաղաքական նպատակների իրագործման վրա, մեր քթի տակից կարող են անհետանալ հայկական պետության ու հայկական միջազգային ազդեցության մնացորդները (մասնավորապես՝ ԱՄՆ «Ազատությանն աջակցման» բանաձևի 907-րդ Ենթաբաժինը)։
Ինչ էլ որ տեղի ունենա հետագայում (ու պետք է մտածել և պատրաստ լինել դրան), Իսրայելը պատշաճ կերպով չի պատվի Հայոց Ցեղասպանության հիշատակը: Թուրքիան չի հրաժարվի սեփական հավակնություններից: Նրա երևանյան համագործակցողը և իր երիտթուրք հպատակները չեն դադարեցնի հայկական պետականության մնացորդների ապամոնտաժումը: Իրանը հայկական շահերը վեր չի դասի սեփականներից։ Չպետք է սպասել, որ այլ տարածաշրջանային խաղացողների միջև հակասությունները մի օր ինքնաբերաբար կսկսեն աշխատել ի նպաստ Հայաստանի շահերին։ Ի վերջո, հայկական շահերը չեն էլ ձևավորվի, քանի դեռ մենք չենք ստեղծել հայկական ազնվականություն, որն ընդունակ կլիներ դրանք բյուրեղացնելու և իրագործելու։
Փաշինյանը և նրա հետ համագործակցողները առաջարկում են մի ծածուկ անկյունից կողքից նայել տարածաշրջանային ցնցումներից` դրանցից անմասն մնալու սին հույսով: Այդպես չի ստացվի: Զոհողությունները միշտ անխուսափելի են։ Հարցն այն է, թե արդյոք մենք կդառնանք համաշխարհային քաղաքականության սուբյեկտ և սեփական ազգային նախագծի կառուցող, որն այն իրականացնում է գիտակցաբար և հիմնականում ոչ սեփական հաշվին, թե՞ թույլ կտանք, որ ուրիշի հեգեմոնիան կառուցվի մեր ավերակների վրա։
