Նուբար Աֆեյանի և հայկական աշխարհի այլ ականավոր ներկայացուցիչների` Ադրբեջանում գերեվարված հայերին Վաշինգտոնի ուշադրությունը սևեռելու փորձերը շարունակաբար ցուցադրում են ընտրված մոտեցման սնանկությունը: Հիրավի, հանուն Բաքվի պատանդների ազատագրման կարելի է անգամ միամիտ և հիմար ձևանալ` միայն թե դրական արդյունքի գեթ չնչին հույս լիներ: Սակայն դժվարանում ենք հավատալ, որ կորպորատիվ Ամերիկայի առավել կարկառուն ներկայացուցիչները նման բարդ խնդիրներ լուծելիս ուղղորդվում են սին հույսերով: Առավել դժվար նրանց անկեղծությանն ու վճռականությանը կհավատան այդ հայցերի հասցեատերերը:
Ուստի արդեն որերորդ անգամ մեր պարտքն ենք համարում դրված խնդրի լուծման համար անհրաժեշտ մի շարք ճշմարտություններ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հայ գերիների ճակատագրին` եթե, իհարկե, նրանք արդյոք վերջիններիս ազատելու խնդիր են դրել:
Առաջին` քանի դեռ այդ խնդիրը չեն բարձրացնում երևանյան թուրքական դրածոները, ո՛չ Ջեյ Դի Վենսին, ո՛չ մնացած օտարերկրյա քաղաքական գործիչներին չի հետաքրքրի, թե դրա վերաբերյալ ինչ են մտածում այդ իսկ դրածոների ձեռքը շարունակաբար սեղմող մարդիկ: Տրամաբանությունը ցավալիորեն պարզ է. եթե դուք, պարոն Աֆեյան, չեք կարողանում անգամ Փաշինյանին համոզել, որ նրանց ազատագրման պահանջով գոնե կեսբերան խոսի միջազգային հանդիպումներում, ապա ի՞նչ փաստարկներ ու լծակներ կարող եք ունենալ ամերիկյան վարչակազմի հետ բանակցություններում:
Իսկ Երևանում բավական չէ, որ խնդիրը անտեսվում է. այն հերքվում է: Թուրք գաղութապետը և նրա երիտենիչերիները բազմիցս հայտարարել են, որ հայ գերիների ճակատագիրը նրանց օրակարգի մաս չի կազմում, ինչը հաստատում են և նրանց ադրբեջանցի գործընկերները: Հակառակ հարցը հումանիտար հարթություն տեղափոխելու ձեր եռանդուն փորձերին, անգամ հայաստանյան Մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊն) է հրաժարվում հետաքրքրվել գոնե նրանց պահման պայմաններով` բաց հայտարարելով, որ Հայաստանի քաղաքացիների մարդու իրավունքները նրա մանդատից դուրս են: Ավելին` աշխարհի ամենաավտորիտար երկրներից մեկում գերեվարված հայ պատանդներին է այցելում ադրբեջանցի ՄԻՊը, բայց ոչ հայկական «խաղաղության դեսպանները», որոնք այնքան շատ են այնտեղ ճամփորդում, որ քիչ է մնում, որ Ադրբեջանում հաշվառվեն:
Ի՞նչ է դա վկայում Աֆեյանի և մեր գերիների մնացած պաշտպանների մասին: Եթե նրանք շարունակում են լեգիտիմացնել ադրբեջանաթուրքական կոլաբորացիոնիստների (համագործակցողների) գործողությունները` նրանց ձեռք սեղմելով, հանդիպելով, խոշոր նախագծերի մեկնարկ հայտարարելով, ուրեմն, նրանց գոհացնո՞ւմ է գերիների վերաբերյալ Հայաստանի կառավարության դիրքորոշումը: Ապա ինչո՞ւ այդ հարցը պիտի մտահոգի Ջեյ Դի Վենսին:
Իսկ եթե իրականում դուք դժգոհ եք, ինչը և փորձեցիք ցույց տալ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու ձեր հայտարարությամբ, ապա ակնհայտ է, որ ձեր դժգոհությունը որևէ հետևանքների չի հանգեցնում` ապա ինչո՞ւ պիտի ձգտի ձեզ գոհացնել պայմանական Ջեյ Դի Վենսը:

Ուստի անհրաժեշտ առաջին քայլը առկա (և որևէ այլ հակահայկական) կառավարության հետ որևէ կապերից հրաժարվելն է, կարմիր գծեր սահմանելը և խախտման դեպքում նրան բոյկոտելը: Եթե, իհարկե, ձեզ իսկապես հետաքրքրում է ձեր ընկերների և հայրենակիցների ճակատագիրը: Անկարելի է լեգիտիմացնել նրանց, ով հրաժարվում է ճանաչել այդ մարդկանց անցյալի և ապագայի կարևորությունը:
Երկրորդ` որևէ օրակարգ արդյունավետորեն առաջ տանելու համար անհրաժեշտ է որոշակի ձևաչափ, կազմակերպություն, ռազմավարություն: Ուստի էական է կողմնորոշվել, թե ում անունից եք հանդես գալիս: Մասնավոր անձանց հայտնի անունն, իհարկե, լավ բան է, բայց նրանց (ձեր) խնդրանքների անտեսումն, ինչպես տեսնում ենք, որևէ շոշափելի հետևանքների չի հանգեցնում: Ավաղ, այդպիսի ձևաչափ չեն կարող ծառայել և «Ավրորայի» պես մարդասիրական նախաձեռնությունները, քանզի դրանք զերծ են որևէ քաղաքական հիմքից: Ավելին` ողբերգության հետևանքների հաղթահարման կամ որոշ անձանց ու խմբերի համար ողբերգության ընթացքի մեղմացման բուն մարդասիրական տրամաբանությունը, որն ընկած է «Ավրորայի» հիմքում, ճանապարհ է առ այն, որ 20 տարուց պարգևատրվի ինչ-որ ադրբեջանցի բանտապան` մեր գերիների ճաշի ամանի մեջ չթքելու կամ նրանց ոչ այդքան դաժանորեն խոշտանգելու համար, բայց ոչ առ այն, որ մեր գերիները հասցնեն տեսնել Աստծո լույսն ու ապրել ազատության մեջ:
Մեր գերիների ազատագրումը քաղաքական խնդիր է, և այն անհնար է լուծել հումանիտար մեթոդներով: Ուստի անհրաժեշտ է հրատապ ստեղծել քաղաքական կազմակերպության անդրազգային ձևաչափ, որը կծառայի ոչ թե աննպատակ իրազեկման, այլ այնպիսի լծակների ստեղծմանը, որոնք անհնար կլինի անտեսության մատնել: Հազիվ թե իմաստ ունի բացատրել խոշոր ու հաջողակ կազմակերպությունների հիմնադիրներին, թե որքան են դրանք կարևոր որպես խնդիրների լուծման գործիքներ: Ուստի, եթե խնդիրը իսկապես դրված է, ապա դրա լուծման վճռականության ցուցանիշը պատասխանատու և համակարգային մոտեցումն է. կազմակերպության ստեղծումը, օրակարգի համաձայնեցումը, խնդիրների և նպատակների հաստատումը, բավարար և ցանկալի ընթացիկ ու վերջնական արդյունքների, հաջողության ու տապալման չափանիշների սահմանումը:
Երրորդ և վերջապես` արժե սովորել նրանցից, ով ազատազրկման պայմաններում «ազատարարներից» ավելի լայն ու ազատ է մտածում: Ռուբեն Վարդանյանն արդեն ցուցաբերել էր իր և իր բանտակիցների քաղաքական, ոչ թե հումանիտար բնույթի ըմբռնում: Իր վերջին կոչում նա ևս անդրադառնում է առկա ղեկավարության քաղաքական պատասխանատվությանը, թեև կենտրոնանում է մարդասիրական բաղադրիչի վրա. հայկական կողմը չի հետաքրքրվում իր քաղաքացիների անգամ տարրական հիգիենիկ և սնուցման պահանջներով, ինչը ուղղակիորեն կապված է նրանց ողջ մնալու հետ: Որքան արագ հասնի նրանց բանտարկման քաղաքական բնույթի գիտակցումը բոլոր շահագրգռված անձանց, այնքան իրատեսական և արագ կլինի մեր գերիների ազատագրման ռազմավարության մշակումը: Դրան է մեզ դրդում և Ադրբեջանը, որը մշտապես պնդում է, որ նրանք «սեպարատիստ» և «ահաբեկիչներ» են, ոչ թե պատանդներ:

Առանց այդ ճշմարտությունների ճանաչման և դրանց հետևելու, առանց համապարփակ ռազմավարության շրջանակներում տարածաշրջանային և գլոբալ ձևափոխումների հաշվառման, օգնության աղերսանքները ունեն ոչ այլ ինչի, քան էժան ինքնափիառի (ինքնա-PR) կամ թուլության դրսևորման տեսք, քանի որ վերջիններս, ցավոք, չեն ծառայում դրված խնդիրների լուծմանը: Անշուշտ, փիառը ամենքի անձնական գործն է, բայց կուզեինք հավատալ, որ կա ընդհանուր ըմբռնում, որ Արցախում մինչև վերջ մնացած հայերի կյանքերն ու ճակատագիրը այն թեման չէ, որի հետ կարելի է այդպես վարվել:
Ցավոք, մենք վաղուց ենք դրա մասին ահազանգում, դրա պատճառով էլ մեր գերիների ազատագրման հանրային ջատագովների (նրանց ընկերների, հայտնի հայ մեկենասների, նրանց բարեկամների) մտադրությունների լրջությանը մեր հավատքը սպառվում է օրեցօր: Մենք ցուցադրել էինք Ռուբեն Վաեդանյանի հանրային պաշտպանության անատամ մոտեցման սնանկությունը, կոչ ենք արել 1) հրաժարվել մեդիատարածքում աննպատակ և նույնիսկ վտանգավոր «կրակոցներից» ու նախ կողմնորոշվել, թե որն է մեր գերիների կարգավիճակը և նրանց ազատագրման ռազմավարությունը, 2) հետևել Ռուբեն Վարդանյանի օրինակին և գիտակցել, որ անհնար է ցանկալի արդյունքի հասնել` մտածելով և գործելով երևանյան հակահայկական համակարգի շրջանակներում, 3) ռեսուրսներ չվատնել մարդասիրական նախագծերին և հստակ սահմանել պայքարի առաջնահերթությունները, 4) լալագին պաղատանքներով միջազգային հանրության աչքերում չլեգիտիմացնել ադրբեջանական բռնապետությունը, 5) անհոգ հանդիպումներով ու ժպիտներով, ձեռքսեղմումներով ու համատեղ նախագծերով չլեգիտիմացնել և երևանյան երիտենիչերիներին, չդառնալ թուրք կոլաբորացիոնիստների կոլաբորացիոնիստ, 6) ի վերջո, կարգի բերել սեփական մտքերն ու գործողությունները, պատասխանատվություն ստանձնել այն երկրի ու մարդկանց համար, որոնց համար չեք խնայում գումար, բայց չեք գտնում բավարար ժամանակ ու վճռականություն, և ամենակարևորը` պայքարի ճիշտ գործիքներ:
Մենք զգուշացրել էինք, որ ժամանակը խիստ սուղ է, իսկ մեր չհամաձայնեցված գործողությունները ծառայում են թուրքական աշխարհի շահերին: Բաքվի գերության մեջ գտնվելու ամեն մի րոպեն անհամաչափ կրճատում է 23, թեև ոչ միշտ արժանի, հայորդիների կյանքը. Բաքվում ի դեմս նրանց, լինի այդ դեմքը պարզ թե արատավորված, դատապարտել են ամբողջ հայկական աշխարհն ու մեր ազգային-ազատագրական պայքարը: Այդ ամեն մի րոպեն ի ցույց է հանում, որ մեզ նման նորմալ և ընդունելի է այդպիսի իրադրությունը, որ մենք մեզ և մեր գերեվարված հայրենակիցներին արժանի ենք համարում նման ելքի, ԶԼՄ-ներում անկանոն հրապարակումների ու աշխարհի ուժեղների հետ հանդիպումներում անատամ հիշատակումների: Ամեն մի այդպիսի րոպեով կրճատվում է ոչ միայն նրանց կյանքը, այլև հայկական պետականություն կերտելու, մեր ժառանգորդներին անկախ, ապագաղութացված Հայաստան և ինքնուրույն հայկական աշխարհ փոխանցելու մեր շանսերը:
Հայ գերիների ազատագրումը Հայկական Հանրապետության առանցքային առաջնահերթություններից է: Մենք նրանց ապագայի համար մշտական պայքար ենք մղում ներքին և արտաքին ճակատներում: Այն, թեև հանրային չէ, իրական պտուղներ է բերում: Մենք ունենք այդ նպատակին հասնելու հստակ ռազմավարություն, ու մենք մշտապես բաց ենք նրանց առջև, ովքեր պատրաստ են միանալ դրա իրագործմանը:
