Թուրքիայի կողմից Հայաստանի կլանումն ու գաղութացումը արդեն զրուցատեղ են դարձել։ Սակայն ի՞նչ են այս սարսափելի ու բարձրագոչ բառերը նշանակում գործնականում, և ինչո՞ւ հենց այս անգամ դրանց մարմնացումը կարող է մեզ տանել անդառնալիության կետից անդին։
Մենք հասկանում ենք, թե ինչ է նշանակում լինել գաղութ․ ազդեցություն չունենալ սեփական ճակատագրին վերաբերող որոշումների վրա, դատապարտված լինել թերզարգացած ենթակառուցվածքների, կրթության, գիտության, բժշկության, պաշտպանության և այլն, երկրորդական լինել երբեմնի սեփական երկրում, այլ կերպ ասած՝ ծառայել մետրոպոլիային և նրա բարեհաճությունից դուրս չունենալ անգամ ֆիզիկական ապագա։ Աշխարհագրական Հայաստանի նման գաղութի վերածման հարցը Թուրքիան այս կամ այն չափով լուծեց Հայոց Ցեղասպանությունից 110 տարի անց։ Այն, ինչ 1918 թ․ չհաջողվեց ամբողջությամբ իրականացնել արյան մեջ հեղեղված ու խոցելի Հայաստանի նկատմամբ, հնարավոր դարձավ մեկ դար անց։
Պետք է ընդունել, որ այնքան էլ դժվար չէ գաղութին ստիպել փոխել իր տիրոջը․ բավական է որսալ պահը և վերագնել կուսակալներին։ 1990-ականների սկզբին, երբ հայկական աշխարհը ինքնուրույն էր տնօրինում Հայաստանի ճակատագիրը՝ Շուշիից մինչև Փարիզ և Մոսկվայից մինչև Վաշինգտոն, Հայաստանի դեմ անզոր էին թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ թուրքական շրջափակումը։
Սակայն այդ քաղաքներում ապրող հայերից երես թեքելով՝ Հայաստանն ինքն իրեն դատապարտեց օտար տիրակալների մշտական որոնման։ Անշուշտ, այստեղ կա նաև հայկական աշխարհի պատասխանատվությունը, որը, նախ՝ ընդունեց խաղի նոր կանոնները, և, երկրորդ՝ թույլ տվեց սեփական թուլացումը։ Հասկանալի է, որ վերջինս մեծ մասամբ նաև հայկական պետության հետ սիներգետիկ կապի խզման արդյունք էր, սակայն արդյունքը այլ կլիներ, եթե կողմերից գոնե մեկը ընտրեր ոչ թե ամենաթույլ դիմադրության ուղին, այլ հայկական ազգի երկարաժամկետ շահերը։ Այն պահից, երբ կրկին նորմա դարձավ օտարի ողորմածությանը թողնված լինելը, պետականաշինության բազմաթիվ խնդիրների փոխարեն մնաց միայն մեկ կեղծ հարց՝ «ո՞ւմ կառավարման տակ ենք նախընտրում գտնվել»։
Ակնհայտ է, որ աշխարհագրական կամ «իրական» Հայաստանը իր ներկայիս ձևաչափով թողնված է նոր՝ թուրքական տերերի ողորմածությանը։ Իր երևանյան կուսակալների հավատարմությունը Թուրքիան կարող է կասկածի տակ չդնել, թեև ազատ ժամանակ թուրք գաղութապետ Փաշինյանը չի զլանում նաև Մոսկվային, Վաշինգտոնին և Բրյուսելին շողոքորթելուց։ Սակայն նման խոշոր խաղացողի և Օսմանյան կայսրության իրավաժառանգ պետության համար ֆիզիկական վերահսկողությունը ավելի շուտ մարտավարական հարց է։ Շատ ավելի դժվար է պահպանել այդ վերահսկողությունը և հուսալիորեն չեզոքացնել հայերին որպես համաշխարհային քաղաքականության ինքնուրույն գործոն։ Վերջապես, առավելագույն խնդիրը այս դիմադրության ներուժը ոչ թե ցրելն է, այլ կայսրությանը ծառայեցնելը։
Հակառակ երևանյան երիտենիչերիների ահաբեկիչ հռետորաբանության՝ Թուրքիան որպես հավակնող տարածաշրջանային ճարտարապետ իրականում առաջարկելու համաշխարհային խաղացողներին ոչինչ չունի։ Դարեր շարունակ Մեծ Մերձավոր Արևելքում տիրապետելուց հետո Թուրքիան շարունակում է տարածաշրջանում օտարածին մարմին մնալ։ Եվ եթե դա նրան երբեք չի խանգարել ընդարձակել իր սահմանները, ապա այսօր, երբ լուրջ խաղացողներին այլևս զենքով զարմացնելու հնար չկա, տնտեսությունը ազատ անկման մեջ է, իսկ հարևանները գնալով չհանդուրժող են դառնում մշտական շանտաժի նկատմամբ, նոր սուլթան Էրդողանի առաջ կրկին ծառանում է ցավոտ հարց՝ որտեղի՞ց վերցնել վերահսկողության համար անհրաժեշտ հեղինակությունը, կապերը, ֆինանսները և ազդեցությունը։
Այս հարցը հատկապես սուր է աշխարհակարգի վերափոխման պայմաններում, որտեղ բազմապատկվում է անդրազգային դերակատարների և ցանցերի դերը՝ պաշարի, որով քչերն են կարող պարծենալ։ Թուրքիան, որը պատմականորեն հենվում էր տարածքների վերահսկման և բնակեցման վրա, վաղը կարող է հայտնվել մեկուսացման մեջ, և դրան չի ստացվի հակադարձել Գերմանիայում միլիոնավոր ներգաղթյալներով։
Ինչպես հիշում ենք, XX դարում Օսմանյան կայսրության պատմությունը ընդհատվեց հայերի ֆիզիկական բնաջնջմամբ և արտաքսմամբ։ Նրանցից բռնագրավված կապիտալները, իհարկե, օգնեցին երիտասարդ թուրքական պետությանը կրկին դառնալ կարևոր տարածաշրջանային խաղացող։ Սակայն հայերից քամված արյունն ու կապիտալները, կարծես, բավարար չէին։ Այսօր Թուրքիային՝ Հայկական բարձրավանդակի նկատմամբ լեգիտիմ վերահսկողության և Մեծ Մերձավոր Արևելքում իր հավակնությունների համար, օդի պես անհրաժեշտ է ստանալ բնիկ և միաժամանակ գլոբալ հայկական աշխարհի աջակցությունը։ Հետևաբար, կասկած չկա, որ Էրդողանի հաջորդ քայլը կլինի այն, ինչը 35 տարվա ընթացքում չկարողացան անել հենց հայերը՝ հայկական ռեսուրսների հաշվին անդրազգային ցանցի ստեղծումը:
Մասնակիորեն այդ սև գործին օժանդակում է ժամիշխան Փաշինյանը։ Իր կառավարման ընթացքում վերջինս մշտապես կազմակերպում է հայկական աշխարհի «հարսնատեսներ», նպաստում է նրա պոտենցիալ առաջնորդների վարկաբեկմանը, խորացնում է հայկական համայնքների ներսում պառակտումը և, վերջապես, իր «նախընտրական» ծրագրում հանդիսավոր խոստանում է մեկուսացնել այն համայնքային կազմակերպությունները, որոնք չեն աջակցում իր «խաղաղության» օրակարգին։
Մեծահասասկների գործերը կատարում է տերը՝ Էրդողանը։ Այսօր հաղթանակ տանելով քրդերի և հայերի նկատմամբ՝ նա մտածում է «վաղվա» մասին, որը Թուրքիայի` որպես տերության համար գոյություն ունի միմիայն հայկական աշխարհի աջակցությամբ։ Նրան անհրաժեշտ են հայկական աշխարհի լավագույն ռեսուրսները, ոչ թե Փաշինյանին առջև խոնարհված հուդաները։ Այդ պատճառով նա, ի տարբերություն իր անճարտար գաղութապետի, ոչ թե կմոռանա Ցեղասպանությունը, այլ հայերին կստիպի կրկնել այն սխալները, որոնք այն հնարավոր դարձրին։ Չենք զարմանա, եթե մոտ ապագայում Թուրքիան սկսի խրախուսել հայերի հայրենադարձությունը Արևմտյան Հայաստան՝ «բարեբախտաբար», Երրորդ Հանրապետության երիտենիչերիներն ամեն ինչ արեցին, որպեսզի Սփյուռքի բազմաթիվ հայեր ներկայիս հայկական «պետությունը» և նրա մնացորդները հայրենիք չհամարեն։ Այսպիսով, թուրքական սուլթանը իր տնօրինության տակ կառնի միամիտ հայկական աշխարհը, նրա լավագույն ուղեղներն ու ներդրումները, գլոբալ կապերն ու ազդեցությունը։ Այն ամենը, ինչը Երրորդ Հանրապետությունը պետք է երախտագիտությամբ ընդուներ 1990-ականներին, սակայն հոժարակամորեն մերժեց։
Թուրքիան հրաժարվում է մի կողմից լինել իր աշխարհագրության տերը, իսկ մյուս կողմից` զոհը։ Նրա իշխող դասը ակտիվորեն ելք է փնտրում այս կապանքներից և այն տեսնում է հայկական աշխարհում։ Միևնույն ժամանակ Երրորդ Հանրապետությունում նրանց դրածո գաղութապետն այն դիտարկում է որպես բեռ և «չքնաղ նոր աշխարհի» ճանապարհին խոչընդոտ՝ պարփակվելով սեփական բզկտված աշխարհագրության մեջ։ Սա կհանգեցնի միայն նրան, որ հայկական պետությունն ու ազգը հավերժ կմնան հին աշխարհի փլատակների տակ։ Եթե ինչ-որ բան սովորել Թուրքիայից, ապա ոչ թե հայատյացություն ու Ցեղասպանության ժխտում, այլ հայկական աշխարհի արժեքի գիտակցում։
Ի տարբերություն տարածքի՝ հայկական աշխարհը անբաժանելի ակտիվ է, և մեկ անգամ այն կորցնելով՝ այլևս չենք կարողանա վերականգնել։ Անհնար է վաղը աջակցել Թուրքիայի վերելքին, իսկ մյուս օրը՝ վերականգնել աշխարհագրական Հայաստանը։ Թուրքական «վաղը» բացառում է հայկական «վաղը չէ, մյուս օրը»։ Հայկական աշխարհը սխալվելու իրավունք չունի։
