Ցարից մինչև սուլթան. Հայաստանի ոչնչացման երկաթե երաշխավորները

Հայաստանն ունի միայն մեկ ապագա` որպես ինքնուրույն ազգային պետություն և գլոբալ հայկական աշխարհի կենտրոն:

«Ընդդիմությունը» շարունակում է իր սովորական նախընտրական գործընթաց նմանակեղծելով անամոթաբար խաղակցել գործող կոլաբորացիոնիստ ռեժիմին: Քաղաքական դիակները փորձում են իրենց հետ գերեզման քաշ տալ նաև Հայաստանի մնացորդները:

Ուստի զարմանալի չէ, որ «Ուժեղ Հայաստանի» հակաօդային պաշտպանության իսրայելցի մասնագետներին հաջորդեցին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քույր դաշինքի` «Հայաստանի» նոր մոգական լուծումները: Քանի որ վերջինս այդպես էլ ձեռք չբերեց պետականաշինության և բանակաշինության հանդեպ հետաքրքրություն, նա վերադարձավ «հանցավայր»` «ռազմավարական դաշնակիցների» որոնմանը:

Դաշնակիցների և երաշխավորների որոնումը Երրորդ Հանրապետությունում ազգային սպորտաձև է: Հայաստանը 36 տարի անցկացրեց սխալմամբ «դաշնակիցներ» կոչված ժամանակավոր հովանավորներ որոնելով` փոխարենը չձգտելով տարածաշրջանում և աշխարհում մի այնպիսի տեղ զբաղեցնել, որից նրան չէր փչի առաջին պատահած ուժեղ քամին: Եվ խնդիրը լոկ այդ թափառումների ողբալի ելքը չէ: Առավել կարևոր է, որ «երկրորդ նախագահը» շտապում է կրկնել իր սխալը` քաջ գիտակցելով, որ այս անգամ նրա արկածախնդրության հաջող ելքի հավանականությունը բազմակի առավել ցածր է: Դա ավելի հանցավոր է դարձնում նրա կողմից «ընտրողներին» նման կերպով մոլորեցնելը:

Թուրք կոլաբորացիոնիստ Փաշինյանը, իր հերթին, ձևացնում է, որ գիտակցել է այդ սխալը և իբր թե «շատերից կախված» լինելու հիման վրա է «անկախություն» կառուցում: Սակայն պալատական «փորձագիտական կենտրոնների» մոգոնած ձևակերպումը լոկ ռուսական մետրոպոլիան թուրքականով փոխարինելու գործընթացը սքողելու անհեթեթ փորձ է: Գուցեև բաժնետերերի քանակը իսկապես մի քիչ կաճի (ի դեպ, Ռուսաստանն էլ է նրանց թվում), սակայն հայկական աշխարհին այդպես էլ չի թույլատրվում այդ փակ աճուրդին մասնակցելը:

Այնուամենայնիվ, անգամ մակերեսորեն հայամետ մտադրությունների առկայության դեպքում կախվածությունների նման «դիվերսիֆիկացիան» չէր բերի ակնկալվող արդյունքը, քանի որ սկզբունքը ոչ թե պետականության ապամոնտաժման ականատեսների և մեղսակիցների շրջանի լայնացումն է, այլ փոխադարձ կախվածությունների ցանցի ձևավորումը: Այդ ցանցում Հայաստանը պետք է լինի ֆունկցիոնալ և օգտաբեր խաղացող, որին դժվար կլինի փոխարինել վնասվածքի պարագայում և որն իր դիրքում լիարժեք կխաղա մինչև խաղի ավարտը:

Իսկ պսևդոքաղաքական ասպարեզում մեզ այսօր լոկ մի անհեթեթ տարրապատկեր են առաջարկում, որի մի բևեռն է «պետք է գոհացնել դաշնակիցներին, և նրանք մեզ կփրկեն» (և դա հենց մեր ազգային աղետի լռակյաց վկա կամ անգամ մեղսակից «դաշնակիցներն» են), իսկ մյուսը` «դաշնակիցները մեզ չեն փրկի, ուրեմն պետք է ամբողջությամբ հպատակվել թշնամիներին` երաշխիքներ ստանալու ակնկալիքով»:

Բանը հասել է նրան, որ թուրք երիտենիչերիները առանց ամոթի նշույլի Հայաստանին ու Ադրբեջանին միմյանց անվտանգության երաշխավոր են կոչում: Բենջամին Ֆրանկլինի ժամանակներից քիչ բան է փոխվել, ուստի Ադրբեջանն ու թուրք կոլաբորացիոնիստ Փաշինյանը միայն երկու երաշխիք ունեն Հայաստանի համար` մահ և հարկեր:

Անշուշտ, անհեթեթ ներքաղաքական տարրապատկերի երկու ծայրերն էլ քաջ տեղյակ են և համոզվել են գործնականում, որ գաղութացման որևէ ձևաչափ Հայաստանին ուրիշ ոչինչ չի էլ բերի: Նրանք չեն կարող նաև չիմանալ, որ միջազգային հարաբերություններում գոյություն չունի երաշխիքների հասկացություն: Սակայն հայ ժողովրդին երաշխավոր-տերերի կեղծ ընտրություն կատարել ստիպելու ուրիշ հնար չունեն:  

Եվ չնայած նրան, որ կոլաբորացիոնիստ «Քաղաքացիական պայմանագրի» «նախընտրական» ծրագիրը հստակ խոստանում է Հայաստանը դարձնել Ադրբեջանի համար սպառնալիք չներկայացնող երկիր, Ադրբեջանը այդպես էլ չի ընդունում հուդայի այդ երաշխիքը և շարունակում է զինվել: Իսկ ի՞նչ են անելու «սպառնալիք չհամարվողների» հետ նրանք, ովքեր 110 տարի առաջ կոտորել են անզեն և սեփական պետականության նշույլ չունեցող 1.5 միլիոն հայերի: Ո՞վ է սպառնալիք համարել 44-օրյա պատերազմից հետո թուրք գաղութապետի կողմից թողած Արցախի կրծուկը, որ որոշել է բռնի տեղահանել սովից հյուծված և պաշտոնական Երևանի աջակցությունից զրկված 120 հազար հայերի: Ի՞նչ սպառնալիք էին այնտեղ մնացած տասը հայ հաշմանդամները, եթե Ադրբեջանը վերջիվերջո անգամ նրանց թույլ չտվեց սեփական տանն ապրել իրենց կյանքի վերջին տարիները:

Փաշինյանի համար «TRIPP»-ը (օտարերկրյա վերահսկիչ փաթեթով «Թրամփի ուղին») և իր ցնորքներում ապրող Գյումրի-Կարս երկաթուղին տարածաշրջանային խաղաղության համազոր «երաշխիքներ» են: Թեև թուրք գաղութապետի ծրագրում չի էլ նշվում, որ տարածաշրջանային խաղաղությունը անպայման ենթադրում է այնտեղ Հայաստանի և հայ ազգի գոյությունը: Թեկուզ կարող էր և ստել դրա մասին, ինչպես դա արեց 2021 թ.` խոստանալով վերադարձնել Շուշին ու Հադրութը:

Ֆեոդալ-կլանային համակարգում չկա գեթ մի ուժ, որը կառաջարկեր տարածաշրջանի և դրանում ապագա հայկական պետության զբաղեցվելիք տեղի իր սեփական տեսլականը: Այդ տեղը պիտի լինի այնքան կարևոր, որ ոչ թե մենք սրտատրոփ սպասենք «երաշխավորների» մրցավազքի ելքին, երկյուղելով, թե «նորից» սխալ դրույք ենք արել, այլ դիմակայուն Հայաստանը լինի վերջնակետին բարեհաջող հասնելու նրանց երաշխիքը:

Օտարերկրյա գործակալները Հայաստանի ապագայի բազում մակդիրներ են հնարել: Սակայն Հայաստանն ունի միայն մեկ ապագա` որպես ինքնուրույն ազգային պետություն և գլոբալ հայկական աշխարհի կենտրոն: Հայկական աշխարհը եզակի և յուրօրինակ ակտիվ է: Այն հայկական պետականաշինության մեջ իրագործելու փոխարեն կոլաբորացիոնիստները մտադրված են իրականացնել նրա երկրորդ զտումը` հանելով բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն «խաղաղության» օրակարգի, այսինքն թուրքական գաղութացման հետ (տե՛ս նրանց «նախընտրական» ծրագրի վերջին կետը):

«Ընդդիմությունն» էլ, իր հերթին, նույնպես տարիներ շարունակ մերժում է հայկական աշխարհի` պետություն կերտելու և հայկական շահերի հաղորդիչ ծառայելու դերակատարությունը: Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանների աշխարհընկալման մեջ հայկական աշխարհը փոփոխությունների ազդակ չէ, այլ ֆինանսական աղբյուր, և ոչ թե ակտիվ, այլ ինչ-որ չափով նույնիսկ բնակության երկրների առջև թվացյալ պարտավորություններ ստեղծող ծանրաբեռ: Դա, իհարկե, իրենց ընտրությունն է` խոշորագույն երկրների երկրորդ կարգի բնակիչ համարել նրանց, ովքեր արդեն վաղուց ապացուցել են, որ կոմպետենտ, օգտակար և պատասխանատու քաղաքացիներ են` գլոբալ կապերով ու հնարավորություններով:

Թշնամու ճիրանների մեջ գամված Հայաստանը չունի՛ տարածաշրջանային ապագա, լինի այն 3+3 ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան + Թուրքիա, Իրան, Ռուսաստան), թե 3+3-Ռուսաստան: Հայկական պետությունը չի կարող գոյություն ունենալ որպես ձախորդների և ավանտյուրիստների «ֆորպոստ» կամ «փորատակ», որպես թուրքական աշխարհի գաղութ, որպես անդրկասպյան, անդրկովկասյան և ցանկացած այլ երթուղիների ոտքի ճամփա ու ճամփակողքի մոթել:

Յուրաքանչյուր մտածող հայ պարտավոր է բոյկոտել իմերսիվ (դիտորդին խաղի մեջ ներգրավող) թատրոնը, որտեղ ընտրությունը լոկ սեփական ապագայի ոչնչացման տարբերակների միջև է: Այլապես քվեաթերթիկում դրած գծիկը կդառնա մեր տարեգրության` հայի ձեռքով կատարած վերջին գրառումը:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն