«Ուժեղ Հայաստան» կամ գիշանգղների խնջույք

Եթե մենք զանգվածաբար չբոյկոտենք «հունիսի 7-ի ընտրություններ» անունով կրկեսում մեր սեփական ցուցադրական ելույթը, երկաթե գմբեթով կփակվի ոչ թե հայոց երկինքը, այլ հայկական պետականության մնացորդները փրկելու վերջին հնարավորությունը:

Կարապետյանների ընտանիքի երևակայական «Ուժեղ Հայաստանը» գնալով անտարբերելի է դառնում նրանց այլ բիզնես նախագծից` Երևանի կրկեսից: Եվ ինչո՞ւ չզվարճանալ. նրանց հայեցողության տակ են և՛ հանրային ալիքների եթերային ժամանակը, և իշխող կոլաբորացիոնիստների մեդիա-աղբահորերի լիակատար ուշադրությունը: է՞լ ինչ է պետք վստահ երկրորդ տեղի համար նոր «համար 1 ընդդիմությանը», որը ծառայում է հայկական պետականության ապամոնտաժման լեգիտիմացմանը:

Սակայն «Մեր ձևով»-ը կամ «Ուժեղ Հայաստանը» դրանով չի բավարարվում: Նրան քի՛չ է անհիմն 300 հազար նոր աշխատատեղ խոստանալ (ինչպիսի՜ զուգադիպություն, ադրբեջանցիների հենց այդպիսի քանակ է մեզ խոստանում մինի-սուլթան Ալիևը): Քի՛չ է այդպես էլ հայախոս խմբագրի գործի չվերցնել և շարունակել համացանցով մեկ խայտառակվել անհարթ «սոցհարցումներով»` Փաշինյանի երիտենիչերիներին հանելով հայերեն խոսքի և գրի առաջին պահապաններ: Քի՛չ է խոստանալ բարելավել Հայաստանի բնակիչների ինտիմ կյանքը: Քի՛չ է թուրքական պրոպագանդայի գլխավոր խոզի` Պետրոս Ղազարյանի հետ սիրալիր զրուցելը: Քի՛չ է ընտրողներին անամոթաբար խաբելը, իբր թե պատրաստվում են «ընտրություններում» հաղթել և նույն վայրկյանին իրենց հովանավորի քմահաճույքով Սահմանադրություն փոխել:  Քի՛չ է առայսօր Ադրբեջանի հետ վաշինգտոնյան «խաղաղության» վերաբերյալ դիրքորոշում չունենալը: Չէ՞ որ իրենց կարծիքով միամիտ ընտրողը, որը առանց իրենց միջամտության անգամ երեխա չի կարողանում ունենալ, կարող է այդպես էլ չբացել իր աչքերը և, միևնույն է, ներկայանալ 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք կրկեսային ներկայացմանը:

Ու քանի որ շոուն դեռ պիտի շարունակվի, Կարապետյանները իրենց թևից «Ուժեղ Հայաստանի» ևս մեկ երաշխավորի են հանել: Եվ եթե ամիսներ շարունակ նրանք կերակրում էին տխրահռչակ Ռոբերտ Ամստերդամին, ով հայտնի է Էրդողանի հետ իր ընկերական կապով, ապա նրանք ուղղակի չէին կարող մեզ հիասթափեցնել մեզ ճիշտ ապրել սովորեցնող հերթական օտարերկրացու ընտրությամբ: Ուստի իրենց ծրագրում, որտեղ «ընտրությունների» անիվում պտտվող քաղաքացիները վաղուց հանդիսատես չեն, այլ կրկեսի կենդանական աշխարհի մի մաս, որպես նոր ընտելիչ է ներգրավվել Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնաթող գեներալ, Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նախկին հրամանատար Զվիկա Խայմովիչը:

Երևի եթե մենք հանդիսատես լինեինք և մեզ որպես այդպիսին գեթ մի քիչ հարգեին, չէին ձգձգի և միանգամից կհրավիրեին թուրք կամ ադրբեջանցի գեներալի: Նա մեզ խորհրդատվություն կտրամադրեր, թե ինչպես հանձնվել առանց կռվելու, քանի որ «Ուժեղ Հայաստանը» թուրքական աշխարհին դիմակայելու որևէ հավակնություններ չունի: Ինչպես և չունի պլաններ` այնպիսի դիմակայուն և պաշտպանունակ բանակ կերտելու, որի համար որևէ մեկը չէր խնայի իր «սոսկալի» բայրաքթարները: Հայաստանն արդեն նկարահանվել է Էրդողանի փեսայի ընկերության պատմության մեջ ամենաթանկ գովազդում, և այսուհետ մեզ պատրաստվում են ցուցադրել այլ թուրքական ալիքներով:

Անհայտ է, թե «Պատերազմի արվեստի» կարապետյանական տարբերակի որ գլխում է գրած, թե հաղթանակի համար անհրաժեշտ է վերագնել թշնամու օգտագործած խորհրդատուներին: Համ էլ ի՞նչ պատերազմի մասին է խոսքը. օրակարգում լոկ խաղաղություն, եղբայրություն, օտարերկրյա ներդրողներ և աշխատատեղեր են: Դե իսկ բանակում կարգապահությունը, կանոնադրային հարաբերությունները, սպայակազմի մասնագիտացումը, մարտական ոգին, տեխնիկական զինումը, արտակարգ իրավիճակներին բնակիչների պատրաստությունը, ռադիոէլեկտրոնային պայքարը և հաջող պաշտպանության այլ անհրաժեշտ բաղադրիչները կարելի է գեներացնել «Միստեր Ուժի» մասին հերթական մուլտֆիլմում: Կարևորը` չմոռանալ նրան ծածկել «երկաթե գմբեթով». խորհրդատու Խայմովիչը կօգնի, չէ՞, գոնե արհեստական բանականության համար համապատասխան հրահանգ կազմել: Վերջիվերջո, հո հենց այնպե՞ս չեն նրան վարձատրում:

Ավաղ, իրականում եթե մենք զանգվածաբար չբոյկոտենք «հունիսի 7-ի ընտրություններ» անունով կրկեսում մեր սեփական ցուցադրական ելույթը, երկաթե գմբեթով կփակվի ոչ թե հայոց երկինքը, այլ հայկական պետականության մնացորդները փրկելու վերջին հնարավորությունը: Սամվել Կարապետյանի ձերբակալման օրվանից նրա ընտանիքի հրավերով այդ մնացորդների վրա աշխարհի բոլոր ծայրերից շա՜տ ուրուրներ են հավաքվել` Ռուսաստանից սկսած և ԱՄՆ ու Իսրայելով դուրս եկած: Եթե հայկական աշխարհը մոբիլիզացվի և հրաժարվի դառնալ նրանց կերակուրը, նրանց այլ տարբերակ չի մնա, քան մեր երկրից դատարկ ստամոքսներով հետ թռչելը` թեկուզ և կրտսեր Կարապետյանների կողմից լցրած գրպաններով:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն