Ակնարկներ Մեծ Մերձավոր Արևելքի ներկա ճգնաժամի մասին

Մաս 2: Աշխարհընկալումների բախում

Մեծ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները միջազգային հարաբերությունների նոր համակարգի նախագծման առանցքային դրվագներից են: Այդ տարածաշրջանը բոլոր ժամանակներում կենսական նշանակություն է ունեցել համաշխարհային քաղաքական գործընթացներում: Դրա պատճառը ոչ միայն առատ բնական պաշարներն ու ռազմավարական աշխարհագրությունն է, այլ խորին պատմական նշանապաշտությունը (սիմվոլիզմը): Այնտեղ են սկիզբ առել ողջ մարդկության ապագա կայացման հիմքը ստեղծած առաջին քաղաքակրթությունները, այդ իսկ տարածաշրջանում են ծագել համաշխարհային երեք աբրահամայան կրոնները` հուդայականությունը, քրիստոնեությունն ու իսլամը:

Բազում դարեր շարունակ արևմտյան մտածողներն ու պետական գործիչները` հույներից և հռոմեացիներից մինչև հոլանդացիներ ու բրիտանացիներ, հավատացել են, որ համաշխարհային տիրակալությունն ապահովվում է այդ տարածաշրջանում վերահսկողություն հաստատելու միջոցով, քանզի այնտեղ են հատվում մարդկության քաղաքակրթական և էներգետիկ զարկերակները: Այդ վարկածը բավականին լուրջ հիմնավորումներ ունի: Հնագույն մերձարևելյան ժողովուրդների ներկայացուցիչները, իրենց ազգային օջախների անկման և կորստի հետևանքով աշխարհով մեկ ցրվելով հանդերձ, կարողացան ոչ միայն պահպանել իրենց յուրօրինակ ժառանգությունը, այլ կարևոր ավանդ ունենալ հարյուրավոր այլ ժողովուրդների ու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և կրթական կայացմանն ու զարգացմանը:

Սույն ակնարկի շրջանակներում մենք խնդիր չենք դնում վերլուծել ընթացող հակամարտության մարտավարական ու տեխնիկական ընթացքը, քանի որ նման գործընթացներում չափազանց կարևոր դեր են խաղում առանձին, հաճախ անտեսանելի նրբություններ և մանրամասներ: Ապագա զարգացումների փոքր-ինչ իրատեսական մոդելներ և սցենարներ գծելու համար չափից շատ է անհայտը (այդ թվում նաև հենց խաղացողների համար): Ուստի թողնե՛նք գուշակումներն ու ենթադրությունները նրանց, ում դրանով զբաղվում է վաղուց, ջանասիրաբար և պրոֆեսիոնալ կերպով:

Մեր խնդիրն այլ է. հայկական աշխարհին ցուցադրել մի շարք պարզ, թեև դժվարընթեռնելի ճշմարտություններ, որոնց հնուց ի վեր ընկած են միջազգային կենսագործունեության հիմքում:

Առաջինը. ռազմավարականվերապրումը քաղաքական որոշումների ձևավորման և իրագործման առանցքային շարժառիթն է: Ռազմավարական վերապրումը ներառում է որևէ ժողովրդի` քանակական և որակական պաշարները արագ և արդյունավետորեն մոբիլիազացնելու ունակությունը` հանուն սուբյեկտի կարգավիճակի ձեռքբերման / պահպանման / պաշտպանության / ուժեղացման: Սակայն դա չի նշանակում բացարձակ ու կատարյալ անկախություն` նման երևույթ քաղաքական բնության մեջ գոյություն չունի: Սուբյեկտայնությունը ճիշտ կառուցած մրցունակ կրիտիկական ենթակառուցվածքին տիրապետելն է, ինչը թույլ է տալիս ձևավորել / առաջ տանել / պաշտպանել քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային պատկերացումների սեփական համակարգը (ազգային շահը):

Երկրորդ. սեփական ժառանգության պահպանումը / պաշտպանությունը / բազմապատկումը հենց այն հիմքն է, որը սահմանում է գաղափարախոսական և արժեքային կողմնորոշիչներ: Դրա (այսինքն` գաղափարախոսության և արժեքների) հիման վրա է սուբյեկտը նշանակում մարտավարական խնդիրներ և ձևավորում դրանց իրականացման համապատասխան գործիքակազմ: Ժառանգությունը ծնում է գաղափարախոսություն, իսկ գաղափարախոսությունը` աշխարհընկալում (հայեցակարգ), որն էլ կանխորոշում է համապարփակ կենսագործունեության տրամաբանությունը:

Երրորդ. ժողովրդի` սեփական և ուրիշների սխալների վրա սովորել ու միակ ճիշտ ուղղությամբ շարժվել չկամենալը` հրաժարվելով սեփական ներուժի բացահայտման և օգտագործման հաշվին սուբյեկտի կարգավիճակ նվաճելուց, միշտ բերում է աղետալի հետևանքների:

Ներկա հակամարտությունում բախվել են լուրջ ազգային և անդրազգային ենթակառուցվածքի տիրապետող մի շարք սուբյեկտների տարբերվող աշխարհընկալումներ (հայեցակարգեր): Իսրայելական պետական ազգը, որը իսրայելական անդրազգային ազգի պտուղն ու շարունակությունն է, իր ռազմավարական վերապրումը պատկերացնում է տարածաշրջանում համընդհանուր տիրակալություն հաստատելու հայեցակարգի շրջանակներում: Կարելի է նրանց անվերջ մեղադրել բոլոր չափերն անցնող պատվախնդրության և մենաշնորհ վերահսկողության անզուսպ ծարավի համար, սակայն նրանք ելնում են իրենց կատարած տնային աշխատանքից: Կարևորագույն դասը պարզ է. նրանց մերժված է որևէ հավասարություն, և անդորրի ցանկացած մի պահ, որը թույլ կտար ստեղծագործել և հարստանալ, բերում էր նրանց` որպես ժողովրդի, ֆիզիկական ոչնչացման որոշումների: Բուն Իսրայել Պետության քաղաքական պատմությունը` ծննդից մինչ գոյության իրավունքի համար անվերջ պայքար, նույնպես չի նպաստում գլոբալ իսրայելական ազնվականության մոտ նման աշխարհի նկատմամբ վստահության ձևավորման, որտեղ ընթանում է բոլորի ընդդեմ բոլորի հոբսյան մշտատև պատերազմը:

Իրանը, իր հերթին, խորը կայսերական արմատներ ունեցող պետություն է: Դա մեծ երկիր է, օժտված առատ պաշարներով և վիթխարի մարդկային ներուժով: Տարածաշրջանում գերիշխելու դրա ձգտումը` որպես ռազմավարական վերապրման նախապայման, նույնքան բնական է, որքան Իսրայելի` դա թույլ չտալու ցանկությունը: Ժամանակակից Իրանը շիա ուսմունքը դավանող իսլամական պետություն է, շրջապատված հիմնականում սուննի աշխարհի ներկայացուցիչներով, որի կրողները (երկրները), ըստ Թեհրանի, ինքնուրույն սուբյեկտներ չեն հանդիսանում: Թուրքիան սուննիստական է, իսլամակենտրոն Օսմանյան կայսրության ժառանգորդ, որն այսօր իր բնույթով աշխարհիկ է և ՆԱՏՕ-ի անդամ: Պարսից ծոցի արաբական միապետություններն էլ կայացել են շնորհիվ մեծ արաբական զարթոնքին արևմտյան աջակցության և իներցիայով մնացել ատլանտյան ազդեցության ոլորտում: Այստեղից էլ տարածաշրջանի ապագաղութացման դյութիչ առաքելությունը, որը իրանցիներն էլ ընդունել են որպես ռազմավարական առաքելություն:

Իրականում իսրայելական սիոնիզմը (չշփոթել քրիստոնեական սիոնիզմի հետ) և իրանական շիիզմը կատարելապես յուրօրինակ գաղափարախոսական երևույթներ են, որոնք յուրացրել են խորքային կրոնական (հուդայականություն և շիա իսլամ) և հազարամյա կենսագործունեության ընթացքում մշակված վառ ազգային տարրեր: Այդ աշխարհընկալումների (հայեցակարգերի) հաշտեցումն ու խաղաղ գոյակցությունն անհնար է, քանի որ մեկը կարող է կառուցվել բացառապես մյուսի ավերակների վրա:

Պաշտպանվելու և առաջընթացի համար կողմերի նախնական դիրքերը տարբեր են: Որպես այդպիսին իսրայելական հայեցակարգն ավելի հաստատուն է: Ի տարբերություն իրանականի, որը կրում է լոկ աշխարհագրական բնույթ (երկիր գումարած տարածաշրջանում ազդեցության ցանցեր), Իսրայելը լավ կազմակերպված, ազդեցիկ, ճյուղավորված անդրազգային ցանցի (ազնվականության) արդյունք է: Բնականաբար, ներկա իսրայելական պետության ինքնազգացողությունը չի կարող չանդրադառնալ ցանցի վիճակի վրա, բայց Իսրայելի թուլացումը, օկուպացիան կամ նույնիսկ ոչնչացումը բեկումնային չի դառնա իսրայելական անդրազգային ցանցի ռազմավարական վերապրման համար: Նրանց ցանցը բազմիցս է ցուցաբերել արագ վերականգման, մոբիլիզացման և ոչ ստանդարտ լուծումների արտակարգ ունակություն: Այլ խոսքով, Իսրայելի պարտությունը, ի տարբերություն Իրանի, չի դառնա իսրայելական սուբյեկտայնության ավարտը: Իրանը, նեղ աշխարհագրական պարամետրերով սահմանափակված լինելով, չի կարող դրա հետ համեմատվել: Ընդհակառակը, Թեհրանը անդրազգային ռազմավարության բացակայության պատճառով աչքաթող արեց իր միլիոնավոր համայնքները, որոնք հիմնականում դարձան իսրայելական հայեցակարգի մաս / գործիք:

Այսօր մենք հնարավորություն ունենք հետևել այդ երկու հայեցակարգերի հակամարտության թեժ փուլին: Կրկնենք. երկուսն էլ սուբյեկտ են և հետևաբար գիտակցում են ինչպես սեփական, այնպես էլ այլոց զոհաբերությունների անխուսափելիությունը: Այդպիսին է ռազմավարական վերապրման իսկական գինը: Այդպես եղել է, կա և կմնա ընդմիշտ:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն