Ռուբեն Վարդանյանի և մնացած հայ պատանդների գազանաբարո հետապնդման սկզբից` ընդհուպ մինչև ադրբեջանական «դատավարության» կանխատեսելի «վճիռը» 2.5 տարի չանցած, մենք վերջապես Ռուբենից և նրա ընտանիքից լսեցինք այն, ինչ ցայսօր չեն հանդգնում արտաբերել Երևանի, Մոսկվայի, Նիսի, Լոս Անջելեսի ու Մելբուռնի հարմարավետ բնակարանների և առանձնատների բազում բնակիչներ:
«Ամբաստանյալը» հրաժարվեց ընդունել ահաբեկիչների մեղադրանքը և նրանցից արդար դատավարություն ակնկալել: Նրա ընտանիքի հայտարարությունը հստակ արձանագրում է, որ Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկելու «դատավճիռը» և չի շարունակելու իր մասնակցությամբ այդ ադրբեջանական ֆարսը լեգիտիմացնելը:
Ի սկզբանե այդպիսին պիտի լիներ ճիշտ դիրքորոշումը: Հայկական Հանրապետությունը քանիցս կոչ էր արել Ռուբենին, նրա ընտանիքին և համակիրներին հրաժարվել մուրացողի և մինի-սուլթան Ալիևի «բարի կամքին» ապավինողի կարգավիճակից:
Ռուբենն ու նրա ընտանիքը գիտակցեցին, որ անհնարին է թշնամական համակարգում առաջինիս իրավունքները պաշտպանելը: Լիահույս ենք, որ ասվածը անկեղծ էր, և առաջին քայլին`խնդրի ճշգրիտ ձևակերպմանը, հիրավի կհետևի իսկական պայքար` ճիշտ ռազմավարությամբ ու հստակ առաջնահերթություններով:
Անհրաժեշտ է շարունակել հետևողականություն դրսևորել և ընդունել, որ այն «դատավարությունը», որը նրանք այլևս չեն ճանաչում, քաղաքական է, ոչ թե իրավական: Ուստի քաղաքական պետք է լինի և դրա դեմ պայքարը: Այդ իսկ պատճառով չի ստացվի «թուխս նստել», ակտիվ պայքարից խուսափել և «քաղաքականությունից զերծ մնալ». Ռուբեն Վարդանյանը ամենակարկառուն օրինակներից է, թե ինչպես է քաղաքականությունը սկսում զբաղվել քեզնով, եթե չես զբաղվում քաղաքականությամբ:
Նույնը պիտի ընդունեն բոլոր այն հայերը, որոնք մինչ օրս հույս են պահում Հայաստանում ներքին իրադրությունը փոխել այնպես, ինչպես Ռուբեն Վարդանյանն էր փորձում Ադրբեջանում` մինչ 20-ամյա ազատազրկման դատապարտվելը. փաստաբաններ վարձելով, ցուցմունք տալով, արդար դատաստանի կոչեր անելով: Հայաստանի 30-ամյա ֆեոդալ-կլանային համակարգը գործում է ընդդեմ հայկական շահերի, լինի դա հայերի ապագան Երևանում, Բաքվի բանտում, Գլենդելում թե Վիեննայում: Սեղմելով նրա ներկայացուցիչների ձեռքը, մասնակցելով «ընտրություններ», «դատավարություն», «խաղաղության օրակարգ», «լոգիստիկ երթուղիներ» և նմանատիպ այլ խեղկատակությունների, մենք թանկագին ժամանակ ենք կորցնում:
Եթե շարունակենք խաղալ իշխանության և «ընդդիմության» դերերում հայտնված թուրք կոլաբորացիոնիստների կանոններով, փորձելով նրանց հետ համաձայնության գալու ձև գտնել և համոզել, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է պաշտպանել հայերին և հայկականությունը, ապա բոլորիս, ինչպես և Ռուբեն Վարդանյանին, կմնա լոկ դատավճռին ունկնդրելը. հայկական պետականության վերջնական ապամոնտաժում, հայկական հարցի փակում, թուրքական աշխարհին ինտեգրում: Այնժամ ուշ կլինի «դատավճիռ չճանաչելը»:
Արդարացի է համարել, որ Ռուբենի ու ևս 22 հայերի հետ մեկտեղ Ադրբեջանում «դատապարտվեց» հայկական աշխարհը, պետականությունն ու ազգային-ազատագրական շարժումը: Ըստ այդմ հայ գերիների ազատ արձակումը Հայկական Հանրապետության կարևորագույն առաջնահերթությունների ցանկում է, և մենք արդեն իսկ այդ ուղղությամբ պայքար ենք մղում ներքին և արտաքին ճակատներում: Մենք ունենք հստակ ռազմավարություն և առաջվա պես բաց ենք դրան միանալ կամեցողների հետ: Այն, որ մեր պայքարին վերջապես հարում են հենց նրանք, հանուն ում այն մղվում է, չի կարող զուսպ լավատեսություն չներշնչել:
Հիմա կամ երբեք
Ռուբենն ու նրա ընտանիքը գիտակցեցին, որ անհնարին է թշնամական համակարգում առաջինիս իրավունքները պաշտպանելը: Լիահույս ենք, որ ասվածը անկեղծ էր, և առաջին քայլին` խնդրի ճշգրիտ ձևակերպմանը, հիրավի կհետևի իսկական պայքար` ճիշտ ռազմավարությամբ ու հստակ առաջնահերթություններով:
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
