Բրիտանացի ամենանշանավոր քաղաքական գործիչներից մեկին՝ վարչապետ Բենջամին Դիզրայելիին, պատկանում է մի հետաքրքիր և խորիմաստ արտահայտություն այն մասին, որ մարդու իդեալներից մեկը ինքն իրեն կառավարելն է․ «Circumstances are beyond human control, but our conduct is in our own power»։ Մտքի վերծանումն ունի բարդ պատմություն և համատեքստ, սակայն էությունը պարզ է․ ինչ-որ բանի կամ որևէ մեկի վրա իշխել ցանկացողը նախ պետք է կարգի բերի ինքն իրեն (ինքն իր նկատմամբ իշխանություն հաստատի)։ Վերջերս մի խումբ հայազգի ազդեցիկ արտասահմանյան գործիչներ, որոնց թվում են Նուբար Աֆեյանը, լորդ Արա Դարզին, Էրիկ Իսրայելյանը, Վաչե Մանուկյանը և այլք, հայտարարություն արեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դադարեցնի միջամտել Հայ Առաքելական Եկեղեցու գործերին և փորձել հարկադրաբար հեռացնել կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Նախաձեռնողների կարծիքով՝ Հայաստանի կառավարության նման մոտեցումը կարող է վնասել «Հայաստան–Եկեղեցի–Սփյուռք» եռամիասնությանը։
Ինքնին հայտարարությունը, մեր կարծիքով, ավելի շուտ բխում է բարի մտադրություններից՝ պաշտպանել հայկական ինքնության կարևոր սյուն հանդիսացող Հայ Առաքելական Եկեղեցին։ Սակայն մենք բազմիցս նշել ենք, որ բարի մտադրություններն ինքնին՝ առանց սառնասիրտ վերլուծության, իրողություններն ընդունելու և հետևողական ռազմավարություն կառուցելու, հանգեցնում են ծայրաստիճան բացասական և հաճախ աղետալի հետևանքների։ Փորձենք ևս մեկ անգամ բացատրել, թե ինչով են խնդրահարույց նման հայտարարությունները և ինչու դրանք սպասելիորեն մնում են ապարդյուն։
Առաջին՝ ռազմավարական առաքելության/նպատակի բացակայություն։ Հայտարարությունը ընդամենը մարտավարական բնույթի գործողություն է, որը պետք է լսարանին բացատրի նախաձեռնող(ներ)ի նպատակը։ Կա՞ արդյոք առաքելություն/նպատակ և, եթե կա, ապա որն է այն։ Տվյալ հայտարարությունն այդ հարցին պատասխան չի տալիս։ Ավելին՝
ա) Նախաձեռնողները թուրքական կոլաբորացիոնիստական ռեժիմը անվանում են «Հայաստանի կառավարություն»՝ դրանով իսկ լեգիտիմացնելով նրա ընդունած որոշումները։ Այլ կերպ ասած՝ չկա նպատակ այդ ռեժիմից ազատվելու կամ մերժելու, դրան իրական գնահատական տալու, կամ գոնե հայտարարելու, որ այն իրավասու չէ ընդունել որոշումներ, որոնք սպառնում են աշխարհասփյուռ միլիոնավոր հայ համայնքների գոյատևմանը։
բ) Շեշտը դրվում է Գարեգին Բ-ի անձի, աշխարհականության սկզբունքի և եկեղեցական կանոնակարգերի վրա՝ անտեսելով այն փաստը, որ Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուտի մեկնարկած ապամոնտաժումը 2018 թվականից ի վեր Փաշինյանի քաղաքականության հանդեպ լռակյաց համաձայնության ուղղակի հետևանք է։ Գարեգին Բ-ն, ինչպես և աշխարհի բազմաթիվ այլ ազդեցիկ հայեր, ճանաչել է Փաշինյանի իշխանությունը և լեգիտիմացրել նրա հետագա քայլերը՝ գտնվելով նրա կողքին և սեղմելով նրա ձեռքը․ վերջին անգամ հայտարարությունը ստորագրողների մեծամասնությունը և հենց Գարեգին Բ-ն դա արել են 2024 թ. սեպտեմբերի 29-ին։
գ) Ուղերձ է հղվում երկու ոչ ինքնուրույն կողմերի՝ Հայ Առաքելական Եկեղեցուն և «Հայաստանի կառավարությանը», հորդորելով կարգավորել տարաձայնությունները։ Բացարձակապես անհասկանալի է, թե ինչ տարաձայնությունների մասին է խոսքը։ Փաշինյանը որևէ տարաձայնություն չունի Եկեղեցու հետ․ նրա առջև դրված է հստակ խնդիր՝ զոհաբերել այն, ոչնչացնել այն որպես ինստիտուցիոնալ հայկական ինքնության վերջին հենարան և վերակառուցել թուրքական հրահանգների համաձայն։ Գարեգին Բ-ին նույնպես չեն հուզում ո՛չ արժեքները, ո՛չ ժառանգությունը․ նա ընդամենը ձգտում է չկորցնել սեփական իշխանությունը, իսկ ֆեոդալ-կլանային համակարգին՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի, նրա երկարամյա ու հավատարիմ ծառայությունը Հայ Առաքելական Եկեղեցու կանոններին իր «նվիրվածության» լավագույն ցուցիչն է։
Ուստի ո՞րն է տվյալ հայտարարության նպատակը։ Կոչ անել զոհին՝ ի դեմս Հայ Եկեղեցու, ձև գտնել համաձայնության գալո՞ւ բռնացողի հետ` ի դեմս թուրք գաղութապետ Փաշինյանի: Թե՞ լեգիտիմ ճանաչել թուրքական կոլաբորացիոնիստական ռեժիմը` ընդունելով նրա գործունեության «պտուղները» (Արցախի, նրա բնակչության և ղեկավարության հանձնումը, հայոց պատմության և ինքնության ջնջումը)՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի անձի դեմ կշտամբանքները դադարեցնելու դիմաց։ Կամ գուցե հիշեցնե՞լ Փաշինյանին, որ նրա քաղաքականության հետ համաձայն չէ ինչ-որ վերացական «Սփյո՞ւռք»:
Երկրորդ՝ սեփական լեգիտիմության բացակայություն։ Եթե նպատակը Փաշինյանին «Սփյուռքի» դիրքորոշումը ցույց տալն է, ապա այն դատապարտված է լիակատար ձախողման մեկ պարզ՝ Սփյուռքի ինստիտուտի բացակայության, պատճառով։ Այսօր ունենք աշխարհով մեկ ցրված հազարավոր համայնքներ` զուրկ այնպիսի միասնական արժեգաղափարախոսական հենքից, լեգիտիմացման համակարգից և ինստիտուտներից, որոնք կարող են ձևավորել և առաջ տանել համազգային շահեր (ինչպիսիք ունեն, օրինակ, Հրեական համաշխարհային վեհաժողովը կամ Գելական լիգան)։ Հայտարարության նախաձեռնողներից և ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչի հիման վրա է նրանց իրավունքը խոսել ոչ միայն անկազմակերպ (և հետևաբար՝ գոյություն չունեցող) «Սփյուռքի», այլ անգամ յուրաքանչյուրի տեղական համայնքների անունից, քանի որ այդ ազդեցիկ հայերը մինչ այժմ չեն ստեղծել մի մեխանիզմ, որը տեղի հայերին հնարավորություն կտար որևէ մեկին պատվիրակել իրենց անունից հայտարարություններ անելու և որոշումներ ընդունելու իրավունքը։
Փաշինյանը, կարդալով հայտարարությունը, կարող է հակադարձել․ ո՞վ է դրա հեղինակներին և ստորագրողներին իրավունք ընձեռել խոսել «Սփյուռքի» անունից։ Նա հենց այդպես էլ արեց՝ ոմն Ժակ-Րաֆֆի Փափազյանի բերանով, որի շուրջ նա Ֆրանսիայի հայկական համայնքներում իրեն հավատարիմ ցանց է ձևավորում։ Իր «ղեկավարման» առաջին օրվանից Փաշինյանը խոշորագույն և կարևորագույն համայնքներում ստեղծում է համայնքային հայերի մեծամասնության համար վաղուց ուղենիշ չհանդիսացող ավանդական կառույցների այլընտրանքներ: Միաժամանակ նա այդ հավատարիմ կազմակերպություններին տրամադրում է այն, ինչ չունեն մյուսները՝ « լեգիտիմություն, որը ճանաչված է Հայաստանի Հանրապետության կողմից, թեկուզ և թուրքական գաղութի կարգավիճակով»։ Նա հանդիպում է «նոր կազմակերպությունների» ղեկավարների հետ, պաշտոնական մակարդակով նրանց ընդունում Երևանում, բաժանում պետական պարգևներ՝ այդպիսով ազդակելով համայնքներին․ «Հայաստանը նրանց ճանաչում է որպես Սփյուռքի առաջնորդներ»։ Սակայն վտանգը շատ ավելի խորն է, քանի որ թուրքական աշխարհը այս կոլաբորացիոնիստական ռեժիմի միջոցով հնարավորություն է ստանում հայկական համայնքների ներսում սեփական ցանցեր ստեղծելու՝ դրանք վերածելով իր ազդեցության գործիքի։ Եթե այս սպառնալիքը անտեսվի, ապա արդեն միջնաժամկետ հեռանկարում ականատես կլինենք, թե ինչպես համաշխարհային հայությունը կդառնա մեծ անդրազգային թուրքական ցանցի մաս և գործիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Երրորդ՝ իրողությունների ընդունում։ Երրորդ Հանրապետությունը դե ֆակտո գաղութ է, որը կառավարվում է կոլաբորացիոնիստական ռեժիմի կողմից, որի ձեռքերով ոչնչացվում են հայկական ինքնության հիմքերը՝ պատմական հիշողությունը և յուրահատուկ ինքնատիպ կրոնը՝ ի դեմս Հայ Առաքելական Եկեղեցու։ Նիկոլ Փաշինյանը գաղութապետ է, որը որոշումներ է կայացնում թուրքական աշխարհի շահերից ելնելով, որին էլ մտադիր է ինտեգրել այսօրվա Հայաստանի մնացորդներն ու ցրված հայկական համայնքները։ Այդ փաստերի ընդունումը կարող է ցավոտ և տհաճ լինել, սակայն դա արդյունավետ պայքարի ռազմավարություն կառուցելու անհրաժեշտ պայման է։ Անհնար է բուժել հիվանդին առանց ճիշտ ախտորոշման. դա քաջ գիտեն փորձառու բժիշկ և կենսատեխնոլոգներ Նուբար Աֆեյանը, Արա Դարզին ու Էրիկ Իսրայելյանը։
Այս փաստերն ընդունելուց հետո անհրաժեշտ է սահմանել առաջնահերթ ռազմավարական նպատակը։ Հայաստանի ներսում այսօր պայքար վարելը բացարձակապես անհեռանկարային է։ Դա պայմանավորված է նրանով, որ համագործակցող ռեժիմը և նրան լեգիտիմացնող «ընդդիմությունը», որը կրում է ներկա աղետի ողջ պատասխանատվությունը, ունեն աշխարհագրական Հայաստանի կրիտիկական ենթակառուցվածքի (լրատվամիջոցհերի, ֆինանսական ռեսուրսների, ուժային և ռեպրեսիվ մեխանիզմների) վերաբերյալ ամբողջական օպերացիոն վերահսկողություն։ Նման փտած քաղաքական ճահճում, որտեղ տեղ չկա հայկական սուբյեկտայնության համար, սկզբունքորեն անհնար է հայակենտրոն ուժի ի հայտ գալը, որը կկարողանար իր շուրջ համախմբել անհրաժեշտ կրիտիկական զանգվածն ու պաշարները՝ պայքարելու դրսից սնուցվող մենաշնորհային ֆեոդալ-կլանային համակարգի դեմ:
Որքան էլ ցավոտ լինի դա ընդունել, կոլաբորացիոնիստական ռեժիմը կվերարտադրվի այս տարվա հունիսին կայանալիք այսպես կոչված «ընտրություններում», իսկ «ընդդիմությունը», հնարավոր է, փոխի իր ճակատային հատվածը, սակայն բովանդակային առումով կմնա այն, ինչ ընդունված է կոչել «նախկիններ»։ Փաշինյանը կստանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղություն», կփլուզի Հայ Առաքելական Եկեղեցին և երկիրը «Իրական Հայաստան» անունով աշխարհաքաղաքական պոռնկատան վերածելու ծրագրին խանգարող մնացած ինստիտուտները։ Եվ այս ամենը արտաքին լեգիտիմություն կստանա ազդեցիկ ուժային կենտրոններից, որոնք ելնում են այն կանխադրույթից, թե Փաշինյանը ներկայումս միակ (ֆանտոմային) «սուբյեկտն» է, որը ձևավորում և իրականացնում է (ֆանտոմային) «հայկական շահը»։
Ի՞նչ անել։ Սկսել ազգակերտման գործընթացը՝ ձևավորելով մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերափոխել ցրված համայնքները կազմակերպված Սփյուռքի ինստիտուտ(ներ)ի։ Եթե այսօր համաշխարհային հայությունն ունենար նման գլոբալ ինստիտուտ (ինչպես հրեաները, իռլանդացիները կամ լեհերը), ապա Նուբար Աֆեյանի, Արա Դարզիի, Վաչե Մանուկյանի և Էրիկ Իսրայելյանի նման ազդեցիկ հայերի հայտարարությունները կունենային որակապես այլ նշանակություն և ազդեցություն։ Ավելին՝ կազմակերպված անդրազգային ցանցի առկայությունը էապես կնվազեցներ Հայաստանի գաղութացման, այնտեղ ֆեոդալ-կլանային համակարգի պահպանման, Արցախի կորստի, նրա ղեկավարության գերեվարման և Բաքվի բանտում ամոթալի նվաստացման հավանականությունը։
Հայկական Հանրապետությունը հստակ պատկերացում ունի, թե ինչպես և ինչ գործիքներով պետք է իրականացվի ազգակերտման գործընթացը։ Բնականաբար, այդ կարգի տեղեկատվությունը չի կարող հրապարակվել։ Այս կապակցությամբ տալիս ենք մի հարց․ արդյո՞ք հայտարարության նախաձեռնողները և աշխարհի մյուս ազդեցիկ հայերը պատրաստ են ընդունել իրողությունները և սկսել որակապես այլ պայքար՝ պահպանելու իրենց հայ մնալու, Հայ Առաքելական Եկեղեցում աղոթելու, հայոց պատմությունը կարդալու և գալիք սերունդներին փոխանցելու, ինքնիշխան հայկական պետականությամբ հպարտանալու իրավունքը։ Կցանկանայինք լսել հայի համար միակ ճշմարիտ պատասխանը, քանզի ժամանակն է ինքներս մեզ կարգի բերել։
