Մինի-սուլթան Իլհամ Ալիևին վերջապես հարցրին, թե ինչ պլաններ ունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապագայի վերաբերյալ։ Այդչափ անհարմար հարց նրան հղեց, իհարկե, ոչ թե թուրք գաղութապետ Նիկոլ Փաշինյանը, այլ FRANCE24 հեռուստաալիքը։
Պատասխանը չի զարմացնի մեր ընթերցողին. Ալիևի համար «ամեն ինչ ավարտված է»։ Հայաստանի հետ խաղաղությունը իբր թե հաստատված է, և դրա երաշխիքը պատմության մեջ առաջին անգամ Արցախի հայաթափման մասին ամբողջ ճշմարտությունն իմացողների ցմահ տանջանքն է: Հանուն ավելի մեծ արտահայտչության հայոց ճակատագրերի դահիճը պատրանքների (և հիմնականում՝ սեփական փոքրոգության) այդ գերիների նկատմամբ դատավարության իր ծաղրանմանումը վեր հանեց Նյուրնբերգյան դատավարության մակարդակի։
Իհարկե, շնորհակալություն «FRANCE24»-ին` մի այնպիսի հարց բարձրացնելու համար, որը հայ ժողովրդի անունից չի տալիս նրա (դեռևս) միակ ներկայացուցիչը՝ Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես գիտենք, հաղորդակցության միջոցը ինքնին արդեն ուղերձ է։ Ինչպես և պատասխանողի «ով» լինելը: Հետևաբար, հարցն իրականում այլ է, թեև հետաքրքրասեր օտարերկրյա լրագրողները դրա հասցեատիրոջը դեռևս չեն գտել. ինչո՞ւ է քնած հայկական աշխարհը և ինչի՞ վրա է դեռ հույս դնում: Է՞լ ինչ և որքա՞ն պետք է (չ)լսենք, որ գիտակցենք, որ մեր խնդիրները ոչ միայն հրաշքով չեն լուծվի, այլ շարունակելու են դիզանալ:
Այսօր Արցախի ղեկավարներին դատում են ոչ թե դրա համար, որ նրանցից շատերը, Երրորդ Հանրապետության իրենց անդամակիցների հետ մեկտեղ, զբաղվում էին անձնական հարստացմամբ՝ հայկական աշխարհի ամրակետն ամրապնդելու փոխարեն։ Եթե նրանք իմանային, որ դրա համար պետք է պատասխան տան հայկական պատմության դատաստանի առաջ, այսօր ադրբեջանական բանտում չէին հայտնվի: Նրանցից շատերին դատում են այն բանի հետևանքով, որ զբաղեցնում էին մի տեղ, որին արժանի չէին, բայց զբաղեցրել են մեր լռակյաց համաձայնությամբ. տեղ, որը որևէ մեկի կողմից կասկածի չէր ենթարկվի, եթե Երրորդ Հանրապետությունը տրամաբանական ավարտին հասցներ Հայաստանի և Արցախի Միացումը։ Այդ տեղն են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի կառավարական շենքերը, որոնք պետք է դառնային համեստ մարզպետարան և Միացումի թանգարան։
Սակայն նրանց դատում են այն պատճառով, որ «Նյուրնբերգը» չկայացավ թեկուզ Բարդայում, քանի որ պետական հավակնությունները ավարտվում են նույնտեղ, որտեղ և տարածականները։ Հայկական Նյուրնբերգը վրա չհասավ 1994-ին՝ անվրեժ թողնելով Բաքվում, Սումգայիթում և Գանձակում (1988-1990), Հյուսիսային Արցախում և Մարաղայում (1992) Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Վրա չհասավ և 2012-ին, երբ Ադրբեջանը մեծարանքով դիմավորեց քնած հայ սպային կացնահարած իր «հերոսին»։ Չկայացավ և 2016-ին, երբ Ալիևը պարգևատրում էր հայ զինվոր Քյարամ Սլոյանի կտրած գլխի հետ լուսանկարվող և հայ ծերերի ականջները հատած գազաններին: Այն ժամանակ, 2016 թվին, Ապրիլյան պատերազմի 4 օրերի հետևանքով հարուցած անհասցե քրեական գործի շրջանակներում տուժած ճանաչվեց 850 մարդ: Վերջապես, հայկական դատաստանը Ադրբեջանին չհասավ և 2020-2023 թվականներին, երբ բռնագրավվեց Արցախը և Հայաստանի այլ մասերը, երբ ադրբեջանական զինվորականները պղծում էին մեր գերեզմանները և եկեղեցիները, սպանում էին Արցախի խաղաղ գյուղացիներին և խեղանդամացնում հայ սպաների մարմինները, և այս ամենը` տեսախցիկի առջև, առանց ամոթի նշույլի:
Թվում էր, թե 2020-ն էր հայկական արյան յուրաքանչյուր ներված կաթիլի արյունոտ ամփոփումը: Սակայն անպատասխան 2020-ին հետևեց 2023-ը: Այսօր, 2026 թվականի փետրվարին, Արևմտյան Հայաստանում հայկական գործոնի վերջնական ոչնչացումից գրեթե 111 տարի, ներկայիս Ադրբեջանի հայաթափումից 38 տարի, դաշտային Արցախից տեղահանության 35 տարի, քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից գրեթե ուղիղ 22 տարի անց (մեր երեսին թքելու դրվագների շարքը շարունակելի է և անընդհատ խտացող), հստակ է մեկ բան. եթե նացիստների Նյուրնբերգը ուշացնում ես, ապա նրանք են քեզ նստեցնում մեղադրյալի աթոռին։
Եվ կարելի է որքան ուզես ձևանալ, որ թուքը դեմքիդ չէ թռել, այլ ուղիղ իմաստության ատամներին, որ առանց այն էլ վաղուց էիր ուզում հանել: Վերջ ի վերջո, երեսից արդեն հրաժարվել ես։ Իսկ ատամները, միևնույն է, ստիպված կլինես ամբողջությամբ հեռացնել, քանի որ որտեղ Նյուրնբերգ` այնտեղ էլ օկուպացիոն գոտիների բաժանում և զինաթափում։ Այսպիսի տեսք ունի թուրքական աշխարհի առաջարկած և իրենց երևանյան կոլաբորացիոնիստների կողմից իրագործվող հետպատերազմյան «վերակառուցումը»: Հայկական աշխարհն ուժի կենտրոններին դեռևս այլընտրանք չի առաջարկել։ Ինչ խոսք, առանց ատամների, իհարկե, կարելի է ձգել, եթե հաշվի չառնենք ցածրորակ ադրբեջանական հացահատիկը ծամելու անհնարինությունը:
Արդարադատությունից հրաժարվելը` դատավճիռ
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
