Անցած դարի 80-ական թվականների վերջը դարձավ գլոբալ հայկական զարթոնքի գագաթնակետը։ Դրան նպաստել են բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Մի կողմից՝ արդեն իսկ ակնհայտորեն անխուսափելի Խորհրդային կայսրության փլուզումը, որը նոր հնարավորություններ էր բացում իրենց անկախությունը Առաջին համաշխարհային պատերազմից հետո չպահպանած ժողովուրդների համար։ Մյուս կողմից՝ ողբերգությունների հերթական ալիքը՝ Սպիտակի երկրաշարժը, Սումգայիթում, Բաքվում և Մարաղայում հայ բնակչության էթնիկ զտումները, խորհրդային և ադրբեջանական ուժայինների համատեղ գործողությունները Արցախի մի շարք բնակավայրերից, այդ թվում՝ ռազմավարական առումով կարևոր Գետաշեն և Մարտունաշեն բնակավայրերից հայ բնակչության արտաքսման գործում։ Այդ օրհասական պահին հայկական աշխարհը հավաքագրեց զգալի ռեսուրսներ, առանց որոնց անհնարին կլինեին Հայաստանի անկախությունն ու Արցախի ազատագրումը։
Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ այդ զարթոնքը։ Առանց այս հարցին պատասխանելու՝ մենք չենք կարող հասկանալ մեր հետագա պարտության խորքային պատճառները։ Իսկ բանն այն է, որ մենք ոչ էլ զարթնեցինք` մեզ արհեստականորեն արթնացրին։
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ձևավորվել էր միջազգային հարաբերությունների նոր համակարգ, որտեղ եղանակ էին թելադրում երկու ամենախոշոր միջուկային զենք ունեցող գերտերություններ՝ Միացյալ Նահանգներն ու Խորհրդային Միությունը։ Նրանց հակամարտությունը ծավալվում էր բոլոր բնագավառներում և երկրագնդի բոլոր հատվածներում։ Սակայն քաղաքական կանոնների ցանկացած համակարգ փոփոխական է և կրում է էվոլյուցիոն բնույթ։ Սա նշանակում է, որ կողմերը, որպես կանոն, կարմիր գծերի վերաբերյալ համաձայնության են հասնում միայն պայթյունավտանգ իրադարձությունների արդյունքում։ Վաշինգտոնի և Մոսկվայի համար նման իրադարձություն դարձավ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը, երբ աշխարհը հայտնվել էր միջուկային պատերազմի եզրին։
Բարդագույն բանակցությունների արդյունքում երկրները կարողացան գալ այսպես կոչված ջենտլմենական համաձայնագրի մի տարբերակի, հասկանալով, որ հետագա սրացման միակ հնարավոր արդյունքը միմյանց ու ողջ մարդկության զուր վերացումն է։ Դրա թարմ հետքերով ձևավորված ռազմավարական զսպման մշակույթը աշխարհը դարձրեց առավել անվտանգ և հիմնովին փոխեց ամբողջ հետագա հակամարտության բնույթը։ Այս արդյունքը, մեծապես, դարձավ երկու կայսերական պետական գործիչների՝ խորհրդային կողմից Անաստաս Միկոյանի[1] և ամերիկյան կողմից Փոլ Իգնեշիուսի[2] (Իգնատոսյանի) նրբարվեստ աշխատանքի արդյունք։ Առայժմ Միկոյանի դերի մասին Դոբրինինի՝ այն ժամանակվա ԱՄՆ-ում խորհրդային դեսպանի հուշերի շնորհիվ հայտնի է շատ ավելին, քան Իգնեշիուսի, ով մոտ էր նախագահ Ջոն Քենեդիին և պաշտպանության նախարար Ռոբերտ Մաքնամարային (երկուսն էլ ներկայացնում էին ամերիկյան ազնվականության իռլանդական ճյուղը)։ Հուսանք` շուտով Իգնեշիուսի դերակատարության մասին գաղտնի փաստաթղթերի մեծ մասը հասանելի կդառնա ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար։
Այդժամ Սպիտակ տան և Կրեմլի համար հայկական գործոնը բացվեց անսպասելի կողմից։ Տեղական ազնվականությունների տրամաբանությունը պարզ էր՝ եթե աշխարհի տարբեր ծայրերից երկու էթնիկ հայեր կարող են արագ և արդյունավետ ընդհանուր լեզու գտնել մի այնպիսի խրթին հարցի շուրջ, որի մեջ ներգրավված էին երկու կողմերի արյունարբու «բազեները», և իրենց երկրների ղեկավարությանը համոզել հավասարակշռված որոշում ընդունել, ապա ինչպիսի՛ հսկայական հայկական ներուժ է ննջած մոլորակի տարբեր հատվածներում։ Դրանից հետո երկու կողմերից էլ մեկնարկեց իրադարձությունների մի շղթա՝ ուղղված հայկական աշխարհն ի սեփական շահ արթնացնելուն:
Խորհրդային և ամերիկյան պետականամետ գործիչները քաջ գիտեին, որ հայկական աշխարհը սթափեցնելու ամենադյուրին ուղին Ցեղասպանության թեման է, քանի որ այն ամենացավոտ, խորը և թարմ վերքն է։ Քենեդիի վարչակազմը զգուշորեն սկսեց այս թեմայի վերակենդանացումը՝ ՄԱԿ-ին ուղղված փաստաթղթում հիշատակելով հայերի ոչնչացումը։ Խորհրդային Միությունը, որտեղ հայկական գործոնը շատ ավելի խորն էր ինտեգրված պետական, դիվանագիտական և ուժային գերատեսչություններում, ավելի վճռական քայլ արեց՝ թույլ տալով Երևանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցումը։ Այնուհետև իրադարձությունները սկսեցին զարգանալ արագ տեմպերով՝ 1974 թվականին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին առաջին երկկուսակցական բանաձևը, 1975 թվականին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գործունեության սկիզբը, 62-80 թթ. ժամանակահատվածում հայկական տարրի ինտենսիվ ինտեգրումը Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններում (Սթիվեն Տերունյանի, Ջորջ Դոքմեջյանի, Չարլզ Փաշայանի, մասաչուսեթսյան Մուգար ընտանիքի և իլինոյսյան Փարավոնյան ընտանիքի գործոնը), 1982 թվականին Ցեղասպանության ճանաչման մասին երկրորդ երկկուսակցական բանաձևը, հայկական տարրի երկապատկումը խորհրդային ԱԳՆ-ի, ԿԳԲ (ՊԵԿ)-ի, ռազմական հետախուզության և այլնի գծով։
Ինչպես նշել էինք հոդվածի սկզբում, հայկական աշխարհի զարթոնքի գագաթնակետը վրա հասավ 80-ականների վերջ – 90-ականների սկզբում, երբ Նահանգները շահագրգռված էին հայկական անկախ պետականության ի հայտ գալով և ուժեղացմամբ։ Հայկական ազգային նախագծի վրա դրույքը արվում էր ամերիկյան հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում արդեն իսկ ինտեգրված մեծ հայկական համայնքի առկայությունից ելնելով, որը պետք է երկկողմանի հարաբերություններում ռազմավարական կամրջի դեր խաղար։ Մնացած երկու հարավկովկասյան հանրապետությունները՝ Վրաստանը և Ադրբեջանը, նման ռազմավարական ելակետային ակտիվ չունեին։ Ամերիկյան պետական գործիչները այնքան էին շահագրգռված հայկական նախագծի հաջողությամբ, որ դե ֆակտո և նույնիսկ շատ դեպքերում դե յուրե միակողմանիորեն կանգնեցին Հայաստանի կողքին՝ պոտենցիալ հակառակորդներին զսպելով նրա ուղղությամբ կտրուկ քայլերից։
Այսպես, 1992 թվականին ընդունվեց «Ազատությանն աջակցության մասին» օրենքը, որը դարձավ Վաշինգտոնի և նոր ազգային հետխորհրդային հանրապետությունների երկկողմ հարաբերությունների կառուցման օրենսդրական հիմքը։ Սակայն այդ օրենքին կից Կոնգրեսի համոզիչ երկկուսակցական մեծամասնությամբ և Սպիտակ տան վարչակազմի հավանությամբ ընդունվեց հատուկ 907-րդ Ենթաբաժինը։ Այս բաժնի շրջանակներում արգելվում էր Ադրբեջանին ցանկացած տնտեսական, ռազմատեխնիկական և այլ աջակցություն ցուցաբերելը՝ Հայաստանի և Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի պատճառով։ Միևնույն ժամանակ հավանություն էր տրվում ամերիկյան պետական ծրագրերի շրջանակներում հենց Արցախին/Լեռնային Ղարաբաղին հումանիտար և տնտեսական աջակցություն ցուցաբերելուն։ Բաքուն և Անկարան առաջ էին մղում այն թեզը, որ դա հայկական լոբբիի գործունեության հետևանքն էր։ Այդպիսով նրանք ցանկանում էին ցույց տալ, որ այս գործընթացին հաղորդ չէին Միացյալ Նահանգների շահերը առաջ մղող ամերիկյան պետական գործիչները: Սակայն ամեն ինչ ճիշտ հակառակն էր՝ գործում էր հենց ամերիկյան ազգային շահը, քանի որ ոչ մի լոբբիստական կառույց ի վիճակի չէ կարճ ժամկետներում հասնել Կոնգրեսում նման լայնածավալ երկկուսակցական կոնսենսուսի, որը նաև անվերապահորեն կկիսեր երկրի նախագահը։
Փաստերը համառորեն վկայում են, որ արտաքին խաղացողները, ըստ արժանվույն գնահատելով հայկական աշխարհի ներուժը, արթնացրին այն, բազմաթիվ դռներ բացեցին նրա առջև՝ աջակցելով հայկական ազգային նախագծի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության և ազատագրված Արցախի, ձևավորմանը։ Այլ կերպ այդ զարթոնքը չէր կարող տեղի ունենալ, քանի որ մենք չունեինք սեփական կենտրոնացված ազգային ազնվականություն՝ անկախության պայքարի մշակված ծրագրով (ինչպիսին ժամանակին ունեին իռլանդացիները, հրեաները կամ լեհերը)։
Սակայն մեր հակառակորդները չէին պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Նրանք ստեղծում էին ուժի առաջատար կենտրոնների հետ երկխոսություն վարելու համար սեփական ռեսուրսային բազան։ Հակառակորդը համառորեն և համբերատար աշխատում էր՝ առավելագույնը քաղելով մեր սխալներից և վրիպումներից։ Եվ որոշակի պահի նրանց հաջողվեց իրենց օգտին փոխել աշխարհաքաղաքական ըմբռնման հավասարակշռությունը։ Արհեստականորեն ստեղծված, էթնիկապես անհամասեռ հետխորհրդային ձևականորեն շիա և թյուրքական Ադրբեջանը պարտված կողմից, որը ո՛չ ռազմավարական ժառանգություն ուներ, ո՛չ էլ գլոբալ ռազմավարական ակտիվներ, մեր անփութության, ծուլության և ռազմավարական մտածողության բացակայության արդյունքում վերածվեց կայացած պետության՝ հետևողական և հստակ դիրքորոշմամբ, ամբողջ աշխարհով մեկ գործընկերների և լոբբիստների բազմազանեցված ցանցով։
Հեյդար Ալիևը ոչ մի հրաշք էլ չի կատարել, ինչպես և իրենից շատ առաջ Քեմալ Աթաթուրքը` Թուրքիայում։ Նա պարզապես կառուցեց արդյունավետ համակարգ, որն օրըստօրե մշակում էր ռազմավարական խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ գործիքները։
Իսկ մենք պարտվեցինք այն պահին, երբ այդ նույն Հեյդար Ալիևին թույլ տվեցինք խույս տալ անվերապահ կապիտուլյացիա ստորագրելուց։ Մենք պարտվեցինք այն պահին, երբ չհասկացանք, որ ամեն ինչ սպառվելու ժամկետ ունի և մենք սահմանափակ ժամանակ ունենք հայկական զարթոնքը ինստիտուցիոնալացնելու համար։ Աշխարհասփյուռ առանձին ազդեցիկ հայերը այդպես էլ մնացին զատ-զատ՝ չկազմելով անդրազգային ինստիտուտ, որը պետք է դառնար հայկական պետականության մտավոր, լոբբիստական, քաղաքական և տնտեսական պաշարը։ Հայաստանը չդարձավ նոր գլոբալ սուբյեկտի՝ անդրազգային հայկական ազգի կենտրոնը, այլ վերածվեց ֆիզիկական գաղութի, որտեղ արմատներ գցեց ֆեոդալ-կլանային համակարգը։ Հայերը չդարձան քաղաքական ազգ՝ միավորված մշակված արժեգաղափարական հիմքով, այլ մնացին ժողովուրդ, որը զբաղվում էր օրըստօրե ֆիզիկական գոյատևման հարցով։
Փոփոխությունները պետք է սկսվեն այս փաստերի և այն դաժան իրականության ընդունումից, որ Երրորդ Հանրապետությունը, հանուն որի իրենց կյանքը տվեցին հայ ժողովրդի ականավոր որդիները, դարձավ ոչ թե Հայկական Հանրապետություն՝ միջազգային հարաբերությունների սուբյեկտ և համաշխարհային հայության կենտրոն, այլ ցածրակարգ գաղութ և գլոբալ ու տարածաշրջանային խաղացողների միջև առևտրի առարկա։ Համաշխարհային հայության ճակատագիրը վճռող որոշումները ընդունում է ոչ թե մերիտոկրատիայի (արժանավորների կառավարման) սկզբունքներով և ոգով ձևավորված ազգային ազնվականությունը, այլև տեղական ֆեոդալ կլանները, որոնք իրենց նյութական բարիքները և իշխանության պատրանքը պահպանելու նպատակով հանձնեցին երկիրը օտարներին։
Արտաքին ուժերը պաշտպանելու են այս համակարգը, քանի որ այն իրենց համար ընկալելի, պարզ և կանխատեսելի է։ Հետևաբար, մենք պետք է պատրանքներ չտածենք 2026 թվականի ամռանը սպասվող այսպես կոչված «ընտրությունների» վերաբերյալ։ Ֆեոդալ-կլանային համակարգը, ունենալով ամուր արտաքին հովանավորություն, անկասկած կվերարտադրվի։ Համագործակցող (կոլաբորացիոնիստ) ռեժիմը և ավանդական խաղացողները («նախկինները»), կազմելով մեկ համակարգի տարբեր ճյուղեր, իրենց հովանավորներից կստանան «իշխանություն-ընդդիմություն» անվանմամբ ներկայացման հերթական սցենարը։ Պետք է դադարեցնենք կոնկրետ անձանց և կուսակցությունների վրա կենտրոնանալ, քանի որ նրանք բոլորը մեկ համակարգի մասն են, և առանց դրա ոչնչացման Հայաստանի ազատագրման մասին որևէ խոսք լինել չի կարող։ Ի վերջո, նրանք պարզապես անքմահաճ վարձու ծառաներ են՝ շահագրգռված լոկ մի բանով` իրենց «աշխատատեղերը» պահպանելով։
«Սփոյլերները» և մանր գործակալական ցանցը կստեղծեն իրական այլընտրանքի առկայության պատրանք, իսկ բարի մտադրություններով ուղղորդվող հայրենասեր երիտասարդները միամտորեն կենթադրեն, որ գաղութում, որտեղ չկա և չի եղել քաղաքական մշակույթ (քանի որ ոչ ոք պետություն չէր կառուցում), կարող են լինել իրական «ընտրություններ», «մրցակցություն» և «պայքար»։ Բարի մտադրություններով է սալարկված հայտնի ուղղությամբ տանող ճանապարհը, և նրանց նախանշած է իրենց դերը՝ լինել գեղեցիկ ֆասադ նրանց համար, ովքեր հավատում են շուտափույթ փոփոխություններին։ Հակառակորդի համար կարևոր է, որ հայերը մշտապես փոփոխությունների հույս ստանան՝ իրական բովանդակային այլընտրանքի փոխարեն։ Ուստի յուրաքանչյուր ոք, ով գտնվում է այս ֆեոդալ-կլանային համակարգից դուրս, բայց միևնույն ժամանակ հավատում է, որ կարող է այն հաղթահարել մի արհեստականորեն ստեղծված կանխատեսելի և կառավարելի խաղում, պետք է ստանձնի դրա բոլորովին ակնհայտ արդյունքների լեգիտիմացման հետևանքների ամբողջ ծանրությունը:
Դա մեզ դուր է գալիս, թե ոչ, ցանկանանք դա ընդունել, թե ոչ, բայց իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը գաղութային աշխարհագրական Հայաստանին այլընտրանք ստեղծելն է, քանի առաջինս այս պահի դրությամբ համաշխարհային հայության լեգիտիմ և բարոյական ներկայացուցիչը չէ։ Ընթացիկ տարին իսկապես մեծ նշանակություն ունի, բայց դա կապված չէ «ընտրություններ» անվանմամբ ներկայացման հետ, քանի որ կրկնենք՝ դրա արդյունքներն ակնհայտ են։ Այս տարին կարևոր է մեկ այլ պատճառով՝ այն նշանավորում է իրական հայկական զարթոնքի սկիզբը, որը, ի տարբերություն նախորդի, այլևս բաց չի թողնի իր հնարավորությունը։ Մենք ճանաչում ենք ինքներս մեզ և հակառակորդին, մենք գիտենք անցյալի սխալների մասին, մենք ճանաչում և ընդունում ենք իրականությունը և ունակ ենք հույզերն անջատելու և սառնասրտորեն գործելու։ Մենք գիտենք, որ մեր հակառակորդը խելացի է, ուժեղ և ազդեցիկ, բայց գիտենք նաև, որ նա բավական խոցելի տեղեր ունի։ Ի վերջո, գիտենք, որ այլ ճանապարհ պարզապես գոյություն չունի։
[1] Հեղափոխական, ԽՍՀՄ պետական և կուսակցական գործիչ։
[2] Ծագումով հայ ամերիկյան պետական գործիչ, զբաղեցրել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի և «Վաշինգտոն փոստ»-ի նախագահի պաշտոնները։ Նրա պատվին են կոչել պատվին են կոչել USS Paul Ignatius էսկադրային ականակիրը։
