025 թվականը համալրեց Երրորդ Հանրապետության ինքնաքայքայման ձգձգված ժամանակագրությունը։ Հազիվ թե իմաստ ունի որևէ քաղաքական ամփոփում անել մի երկրում, որտեղ արմատախիլ է արված որևէ քաղաքականը։ Եվ սա առաջին եղելությունն է, որը մենք պետք է անհապաղ ըմբռնենք 2026 թվականին․ մենք պետություն չկառուցեցինք, մենք չունենք քաղաքական կուսակցություններ և ծրագրեր, չունենք պառլամենտարիզմ, մեզանում գոյություն չունի իրական քաղաքական մրցակցություն, իսկ ընտրությունների ինստիտուտը զրկված է որևէ քաղաքական բովանդակությունից։ Ամոթալիորեն բոլորիս համար` այսօրվա Հայաստանը ֆեոդալ-կլանային կազմավորում է, որտեղ ընտրողները ծառայում են միայն օտարների վասալների ձախողումները լեգիտիմացնելուն։ Նման պայմաններում ընտրությունները իրենց բնույթով անընդունակ են դառնալ քաղաքական փոփոխությունների միջոց։
Այնուամենայնիվ անենք որոշ ամփոփումներ.
- ● թշնամին այդպես էլ կանգնած է ու ամրապնդվում է Հայաստանի սահմանների ներսում,
- ● թուրք գաղութապետը պատրաստվում է թշնամուն հանձնել արդեն «Իրական Հայաստանի» նոր տարածքներ,
- ● Արցախը մոռացման է մատնված, իշխանությունը նրա հարցը հայտարարել է փակված, մտադրված է Սահմանադրությունից հեռացնել նրա հիշատակումը և մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը,
- ● 23 հայ պատանդները շարունակում են տառապել ադրբեջանական բանտում` լիովին անտեսված հայկական պետության կողմից,
- ● Արցախահայությունը շարունակում է քավության նոխազ ծառայել և մեծամասնությամբ այդպես էլ անտուն է,
- ● Սփյուռքի հայերը շարունակում են իրենց լուռ համաձայնությամբ լեգիտիմացնել Փաշինյանի կոլաբորացիոնիստական կառավարումը,
- ● հայկական աշխարհի ամենամեծ նվաճումներից մեկը` «Ազատությանն աջակցման» օրենքի 907-րդ բաժինը, վերացման վտանգի տակ է,
- ● Հայաստանը գնալով ավելի խորն է խրվում արտաքին պարտքերի և Թուրքիայից ու Ադրբեջանից բազմակողմանի կախվածության մեջ,
- ● իսկ Հայաստանից մնացած պատառի բնակիչներին կերակրում են խաղաղության պատրանքով, փառատոներով ու ամանորյա ցուցափեղկերով: Հայ ժողովրդին որևէ մեկի կողմից առաջարկվող նույնիսկ տոնական ճաշացանկում բացակայում են ապագան, արժանապատվությունը, պետականությունն ու օրինականությունը:
Այսպիսով, մինչ Փաշինյանը հանուն իր ողորմելի իշխանության պահպանման կատարում է ադրբեջանական մինի-սուլթանի բոլոր քմահաճույքները, «Իրական Հայաստան» է կառուցում` երեխաներին ստիպելով «ճիշտ» սարեր նկարել, երգեր է գրում` «հայրենիքները» հանուն «պետության» մոռանալու հրամայականի մասին, ու իր անունը վանկարկող ծառաների ծափահարումների ներքո սրբապղծում է հայկական տաճարները, հայկական աշխարհը լավագույն դեպքում դրան ծուլորեն արձագանքում է սոցիալական ցանցերում կամ ցասումնալից հայտարարություններ անում: Այնինչ անգամ Հայ Առաքելական եկեղեցու բացահայտ պաշտպանների շարքերում գտնվում են պասիվ կոլաբորացիոնիստներ, որոնք «քաղաքականությանը չեն խառնվում»:
Բոլորը` և՛ քննադատները, և՛ կողմնակիցները, և՛ պասիվ դիտորդները, ծուլորեն խաղում են իրենց դերերը, ձևավորելով լռակյաց կոնսենսուս. «Փաշինյանը մեզ հետ դեռ երկար կմնա, ուստի պետք է տեղավորվել այդ համակարգում»: Ինչ խոսք, եթե նա իրոք երկար է մնալու, ապա Հայաստանը` միանշանակ ոչ:
Ուստի երկրորդ ճշմարտությունը, որը հայկական աշխարհը պետք է պարտադիր և անհապաղ գիտակցի, հետևյալն է. մեր վզին այսքան ուժգնորեն վհատություն ու անելանելիություն են փաթաթում լոկ նրա համար, որ մենք չնկատենք մեր ելքը: Մեզ պարտադրում են ընդունել մի պստլիկ Հայաստան և «Հարավային Կովկաս» անունով մի միկրո-տարածաշրջան, վախ ներշնչելով կավե ոտներով հսկաների` Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Մեզ անհրաժեշտ է նայել և՛ ինքներս մեզ, և՛ մեր հարևաններին առանց խոշորացուցիչ ապակու, որպեսզի տեսնել «Իրական Հայաստանի» արհեստական սահմաններից դուրս տարածվող աշխարհը:
Այդ մեծ աշխարհում մենք 2026 թվին կտեսնենք գլոբալ աշխարհակարգում վերջին տարիներին տեղի ունեցող արմատական փոփոխությունների առավել հստակ ուրվապատկերը: Նոր քարտեզներն ու երթուղիները գծողները չեն տառապում թուրք կուսակալի բարդույթներով և, իհարկե, նոր աշխարհը Թուրքիայի և Ադրբեջանի երազանքների հիման վրա չեն կառուցելու: Խնդիրը այլ է. մեր թշնամիները ունեն տարածաշրջանի տեսլական, որը կարող են առաջարկել նոր ճարտարապետներին, իսկ հայկական աշխարհը լոկ սպասում է և հույս տածում, որ այդ նոր տեսլականում հայերը կգոյատևեն գոնե որպես էթնիկ-մշակութային ինքնավարություն:
Մեր ապագան մեզ համար այդպես էլ առեղծված և «ճակատագրի» քմահաճույք կմնա, քանի դեռ մենք չենք ձևավորել ազգային ազնվականություն` մարդկանց մի խումբ, որն ունակ է ձևակերպել ազգային շահը` այն վեր դասելով մասնավորներից: Դրա բացակայությունը մեզ սպառնում է ոչ թե տխուր ամփոփումների տարեցտարի վերարտադրմամբ, այլ նրանով, որ շուտով քարտեզի վրա չի մնա նույնիսկ այդ քաղաքական միավորը, որի համար մենք դեռևս հնարավորություն ունենք ամփոփումներ անելու` թեև այդքան տխրալից: Առկա համակարգի պահմանմամբ և վերարտադրմամբ (կլինի դա չորս նախկին և ներկա ղեկավարների թե «նոր ընդդիմության» տեսքով) հայկական աշխարհը մեծ աշխարհին խոստովանում է, որ անընդունակ է և չկամեցող բովանդակային պետություն կառուցելու հարցում:
Եթե մենք ունակ չենք սեփական ապագայի համար պատասխանատվություն վերցնելու և պատրաստ ենք մնալ Ադրբեջանի «բարի կամքի» հույսին, ապա օրինաչափ է, որ գլոբալ խաղացողները մեզ չեն ընկալի որպես նոր կարգի հաստատման հարցում հնարավոր գործընկերներ: Սակայն մինչ այդ նոր կարգը պետք է գոյատևել: Ինչպես և միշտ է լինում, այդ նոր կարգը կհաստատվի փոթորիկների և ցնցումների միջով: Թուրք գաղութապետը մեզ համոզում է, որ այդ փոթորիկները գուցե և կստացվի խուսափել, եթե նախապես հանձնենք այն ամենը, ինչ դրանք կարող են քշել: Նման ցանկում անխուսափելիորեն կհայտնվի և հայկական դրոշը:
Սակայն երրորդ ճշմարտությունն այն է, որ փոթորիկները անխուսափելի են, ոչ ոք իրենց այլ ուղղությամբ չի թեքի, և երբ դրանք վրա հասնեն, մենք լինելու ենք միայնակ: Եվ միայն իսկական ազգային ազնվականությունն է ընդունակ ընդունել նման ճշմարտությունը, դիմադրել փոթորիկին, նրան ապացուցել, որ մենք արժանի ենք այս արևի տակ սեփական տեղն ունենալու ու որ հաջորդ անգամ մեզ ավելի լավ է չփորձարկել:
«Միջազգային գործընկերները», ում մենք այսքան եռանդագին ապացուցում ենք մեր խաղաղասիրությունն ու հարևանների հանդեպ սերը, լոկ փոթորիկներին կոչ կանեն մեզ հետ բանակցությունների սեղան նստել, հարգել մեր տարածքային ամբողջականությունն ու հաշվի առնել խաղաղ բնակչության իրավունքները: Մենք այդ ամենն արդեն լսել ենք Արցախում էթնիկ զտումների ժամանակ, լսում ենք և հիմա, երբ Բաքվում խոշտանգում են հայ պատանդներին` նրանց մահվան դատապարտելով: Եթե այս աշխարհի ուժեղները չեն կամենում Ադրբեջանին ստիպել լուծել այսքան հեշտ հումանիտար մի հարց, ապա ի՞նչ աջակցություն կարող ենք ակնկալել, երբ Ադրբեջանը կսկսի Սյունիքի բռնակցումը կամ հերթական ահաբեկչությունը կկատարի սահմանամերձ բնակավայրերից մեկում: Եթե մենք թշնամուն թողնենք դրա հնարավորությունները, ապա շուտով «միջազգային հանրությունը» կհոգնի անգամ հայտարարություններ անելուց և հանուն մեզ թուղթ մրոտելուց:
Մեծ աշխարհը մեզ թշնամի չէ և մեր դեմ դավեր չի հյուսում: Այն լոկ անտարբեր է մեր նկատմամբ, քանի դեռ մենք նրան չենք հիշեցրել, որ մենք նրա անբաժան մասն ենք, ոչ թե թուրքական աշխարհի օգտագործման ոտքի ճամփա և էժան մոթել: Քանի մենք հանդես չենք գալիս որպես գլոբալ ազգ (և գոնե պարզապես ազգ), աշխարհի ուժեղներին ցույց չենք տվել, որ մեր աջակցությունն ու ավանդը անկարելի է դիտարկել հայկական շահերից զատ, որ մենք այլևս չենք համաձայնի «նպաստներով» բավարարվել, որ մենք ունենք սեփական ամբիցիաներ` պետք չէ զարմանալ, որ մենք նրանց պետք ենք ոչ ավել, քան ինքներս մեզ:
Ուստի ապագա հայկական ազնվականության առջև 2026 թ.-ից ծառացած է նույն խնդիրը` տարբեր լուծումներով, նվազագույնից մինչև առավելագույնը: Առաջին հերթին, Հայաստանը և հայկական աշխարհը պետք է կենտրոնացնեն այնպիսի ներուժ, որը աշխարհին կստիպի հաշվի նստել մեր շահերի հետ և նույնը պարտադրել Ադրբեջանին: Մի քիչ ավելի լավատեսական լուծման մեջ, կամ ժամանակի ընթացքում, միջազգային գործընկերները շահագրգիռ կլինեն զսպել մեր թշնամիներին` անգամ առանց մեր կողմից հիշեցման և ստիպման: Առավել բարդ, սակայն իրագործելի խնդիր է հենց թշնամուն խաղաղության և հարգանքի պարտադրելը` առանց միջնորդներին դիմելու: Եվ, վերջապես, լավագույն լուծումը անվտանգության այն մակարդակին հասնելն է, որտեղ կրիտիկական իրավիճակներ չեն էլ ծագի, իսկ գոյացող փոթորիկները մինչ մեզ հասնելը կվերադարձվեն դեպի ծագման վայր:
Որպեսզի հասնենք այդ փառավոր օրվան, պիտի դադարենք թաքնվել Երևանից մինչև Գլենդել ու Ռոստովից մինչև Սիդնեյ սփռված հարմարավետ բնակարաններում և սրճարաններում, պատասխանատվություն ստանձնենք մեր նախնիների հազարամյա ժառանգությունը ապագա սերունդներին փոխանցելու համար, կարգի բերենք մեր սրտերն ու մտքերը և ազատվենք պատրանքներից:
«Ընտրություններում» հրաշք չի կատարվի:
Մեզ անզորություն են պարտադրում` ուրեմն այն արհեստական է:
Մենք միայնակ ենք վրա հասնող փոթորիկների առջև, սակայն կարող ենք դրանց միասին դիմավորել:
Չի ստացվի փոթորիկն անտեսել այնքան, մինչև այն մեզ հանգիստ կթողնի:
Թուրք կոլաբորացիոնիստներին` նույնպես:
