Հայաստանում մեկնարկում է կանխատեսելի ելքով ակտիվ նախընտրական արշավը: Ցավոք, եթե մենք «հաջողացրեցինք» աղետալիորեն շպարտված պատերազմի արդյունքներով ձևավորել մի խորհրդարան, որը բաղկացած է բացառապես նման արդյունքի մեղավորներից, ապա առավել ևս դրական ակնկալիք չենք կարող ունենալ 5 տարի անց «ընտրություններ» անվան ներքո ներկայացվող կրկեսից:
«Իշխանությունների»՝ թուրքական կուսակալների հետ, ամեն ինչ վաղուց հասկանալի է: Նրանց նախորդների հետ՝ նույնպես: Իրենց ապաշնորհ կառավարմամբ և պատասխանատվություն վերցնելու չկամությամբ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուց հետո, նրանք չեն հանդարտվում և շարունակում են նրան օգնել վերընտրվել: Բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը դեռևս կարողանում է ջրի երեսին մնալ միմիայն շնորհիվ այն բանի, որ հորիզոնում շարունակում են առկայծել «նախկինների», մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուրվականները: Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրությունները ցույց են տալիս, որ մարդկանց բավական է չտեսնել նրանց երեսները և չլսել նրանց ձայնը, որպեսզի քվեարկեն «Քաղաքացիական պայմանագրի» ցանկացած հակառակորդների օգտին:
Սակայն «ընդդիմությունը» դրանով էլ չէ բավարարվում: Բացի թուրք գաղութապետին շահավետ հակադրություն ծառայելուց, նրանք բացարձակ անտաղանդ կերպով մսխում են իրենց` որպես խորհրդարանական ընդդիմության, հնարավորությունները: Թվում է, թե ոչինչ չի խանգարում արդյունավետորեն օգտվել ոչ միայն պատգամավորական անձեռնմխելիությունից, այլև եթերային ժամանակից, վարչապետին սուր հարցեր տալու հնարավորություններից, քանի համաձայնել են բազմել նրա կողմից վերահսկվող խորհրդարանում: Բայց հարցերն ու հայտարարությունները մեկ առ մեկ գլորվում են դեպի հարաբերությունների պարզում, ցանկացած ողջամիտ մարդու զրկելով այդ կրկեսին հետևելու ցանկությունից և երբևէ հայ ազգի ճակատագիրը վճռող հայաստանյան Ազգային ժողով ունենալու հույսից:
Դա կարող է ունենալ մի քանի բացատրություն՝ բանալ ծուլություն, անկարողություն, պատգամավորական անձեռնմխելիությունը կորցնելու վախ: Դրանցից յուրաքանչյուրը հաստատում է, որ «ընդդիմադիրներին» բավարարում է գործերի ներկա դասավորությունը: Եվ տարօրինակ կլիներ, եթե չբավարարեր՝ թուրք գաղութապետը բավական հարգանքով է վերաբերվում Երրորդ Հանրապետության առաջնորդների քաղաքական «ժառանգությանը»: Սա հո Գարեգին Նժդեհի և Արամ Մանուկյանի ժառանգությունը պահպանելը չէ: Շատ ավելի հարմար է չափվել, թե ով որքան մեղավոր է այդ ժառանգությունը վատնելում:
Իսկ ի՞նչ բովանդակային հարցեր կուղղեր թուրք գաղութապետին «ընդդիմությունը», եթե գոնե չնչին չափով գնահատեր այն չվաստակած հարյուր հազարավոր ձայները, որ ստացել է ընտրություններին:
- 1. Դուք խոստացաք, որ Արծվաշենը հայկական է լինելու: Ինչպե՞ս եք պլանավորում կազմակերպել հիմնարար անվտանգությունը, տրանսպորտը և կոմունալ ծառայությունները այն հայերի համար, ովքեր կորոշեն այնտեղ տեղափոխվել: Կոնկրետ որտե՞ղ կտանեք Տիգրանաշենի հայերին, որը երբեք ադրբեջանական անկլավ չի եղել, բայց կփոխանցվի Ադրբեջանին՝ ձեր թեթև ձեռքով և մեր ջանասեր լեգիտիմացմամբ:
- 2. Ինչի՞ հիման վրա եք շարունակում վարկեր և փոխառություններ վերցնել: Թույլատրո՞ւմ է դա Հայաստանին տնտեսական աճը, թե շուտով մենք ստիպված կլինենք արտաքին դոնորներից պարտք„ վերակառուցում հայցել: (Հարցը ռետորական է, և արտաքին դոնորների «մեծահոգի համաձայնության» հետևանքները, կարծում ենք, բոլորին պարզ են:)
- 3. Եթե «քաղաքացիները իշխանության աղբյուրն են», ինչո՞ւ ազգային անվտանգության ոչ մի կարևոր որոշում չի հանվում հանրաքվեի կամ գոնե մեր խաղալիք խորհրդարանում քվեարկության:
- 4. Ներկայացրե՛ք մանրամասն հաշվետվություն վերջին 5 տարիների ընթացքում վերցված յուրաքանչյուր վարկի ծախսման վերաբերյալ:
- 5. Որտե՞ղ է 2 տարի առաջ խոստացած Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումը, որը հանգեցրեց լոկ անօգուտ 24-օրյա վարժություններին, որոնց համար արդեն մի քանի անգամ կանչել են նույն մարդկանց:
- 6. Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա է ձեր օրոք դատապարտվել կոռուպցիայի համար: Ինչո՞ւ նախկինների դեմ բոլոր «աղմկահարույց գործերը» ավարտվում են ոչնչով կամ անհետանում օրակարգից:
- 7. Քանի՞ փոքր արցախյան ընտանիք հնարավորություն չունի բնակարան ձեռք բերել առաջարկվող բնակապահովման ծրագրի արդյունքներով և ի՞նչ միջոցներ եք պատրաստում ձեռնարկել նրանց աջակցելու համար:
- 8. Կա՞ արդյոք արտաքսված արցախահայերի ինտեգրման գոնե մեկ երկարաժամկետ պետական ծրագիր, բացի նրանց երկրորդ հայկական անձնագիր ստանալու համար տարբեր ատյաններով քաշքշելուց:
- 9. Ի՞նչ իրավունքով է պետական իշխանությունը միջամտում Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին:
- 10. Քանի՞ Հայաստանի քաղաքացի է անվերադարձ լքել երկիրը 2021 թվականից ի վեր:
Ցուցակը կարելի է անվերջ շարունակել, միայն թե լինի քաղաքական կամք: Բայց Փաշինյանն ու նրա քաղաքական ծնողներն ու «ընդդիմախոսները» կարող են քննարկել միայն իրենց սրտին մոտ թեմաներ՝ ով որքան է գողացել, ով ի՞նչ հոգեմետ նյութեր է օգտագործում և ումի՞ց էր Ադրբեջանը պատրաստվում ավելի թանկ գնել Արցախը: Եվ այդպես կշարունակվի, մինչև չձևավորվի ազգային ազնվականություն, որը պատասխանատու է Հայաստանի ապագայի համար և ի վիճակի է այս անիմաստ վեճը վերածել հրապարակային տրիբունալի:
