Երրորդ Հանրապետությունը շուտով կդառնա 35 տարեկան։ Նրա վերջին աղմուկ հանած լուրերից է Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծումը՝ պատմության մեջ առաջին անգամ։
Ինչ խոսք, երկրի պարենային անվտանգությունը անվտանգության ճարտարապետության հիմնական տարրերից մեկն է։ Հետևաբար, մեր ընթերցողը հազիվ թե զարմանա, իմանալով, որ երևանյան երիտենիչերիներն այն ապահովում են մոտավորապես այնպես, ինչպես և «ամրապնդում են» հայկական սահմանները` նախ խորացնում են խնդիրը, ապա «Ֆեյսբուքում» զեկուցում, թե այն լուծել են:
Այսպես, Փաշինյանը հանձնում է Արցախը՝ որ սահման չպահի, իսկ հետո հանկարծակի պարզում է, որ առանց Արցախի արդեն գրեթե ամբողջ Հայաստանն է դառնում առաջնագիծ։ Ի պատասխան ավելի երկար սահմանագծի նա նախ Ադրբեջանին է հանձնում իրենից պահանջվող հատվածները, իսկ մնացորդը շրջապատում ժամանակակից իրողություններում անպաշտպան «Մաժինոյի գծի» ինչ-որ թանկարժեք պատճենով։
Ահա և գրեթե նույնն է տեղի ունեցել հացահատիկի պարագայում: Նախ թուրքական կոլաբորացիոնիստը հանձնեց Արցախը, որտեղ մինչև 2020 թ. աճեցվում էր հայկական հացահատիկի մի զգալի մասը. արդյունքում ավելացավ Ռուսաստանից ներմուծվող հացահատիկից կախվածությունը։ Այժմ, ռուսական հացահատիկի մատակարարումները «դիվերսիֆիկացնելու» համար, Փաշինյանը ստանում է այդ նո՜ւյն հացահատիկը` բայց արդեն ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի միջոցով։ Ավելին՝ նրա թիմը դա ներկայացնում է որպես փառավոր «խաղաղության դարաշրջանի» առաջին ավետիսներից մեկը։
Չենք մոռանում, որ Ադրբեջանի միջոցով այժմ խոստանում են ներմուծել նաև ղազախական հացահատիկը, բայց հեռավորությունների և ի սկզբանե ավելի բարձր արժեքի պատճառով այդ լրացումն այնքան էլ նշանակալի չէ։ Նույնիսկ ամենաանպատկառ կոլաբորացիոնիստները (մասնավորապես՝ տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը) չեն համարձակվում խոստանալ, որ ադրբեջանական տրանզիտը թույլ կտա նվազեցնել հացաբուլկեղենի վերջնական գները։
Այսպիսի «դիվերսիֆիկացիայի» օրինաչափ հաջորդ քայլը կլիներ արցախյան հացահատիկի` արդեն Ադրբեջանից գնումը։ Դա կդառնար Արցախի հետ վերամիավորման պայքարում ծնված Երրորդ Հանրապետության գոյության խորհրդանշական քաղաքական ամփոփումը։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ադրբեջանում ավելցուկներ կառաջանան հայկական դաշտերի շահագործման հաշվին։ Երկարաժամկետ հեռանկարում Արցախի օկուպացիան և Հայաստանի սողացող բռնագրավումը ահաբեկիչ պետության համար ոչ միայն քմահաճույք են, այլև քաղաքական և տնտեսական գոյատևման հրամայական։ Սա, իհարկե, չի խոստովանի թուրք գաղութապետը, քանի որ նրա առջև դրված խնդիրն է՝ համոզել մեզ Ադրբեջանի անվերապահ մեծության և հզորության, ինչպես նաև Հայաստանի լիակատար անօգնականության մեջ։ Եթե այս խնդիրը չիրագործվի, ապա կտապալվի նաև այս սուտ համոզմունքը իրականության վերածելու առաքելությունը։
Այնուամենայնիվ, մի քիչ «հողանցվենք» ու վերադառնանք պարենային անվտանգությանը։ Հասկանալի է, որ վերջինս չի սահմանափակվում բացառապես մատակարարների դիվերսիֆիկացիայով, լոգիստիկայով և գնագոյացմամբ։ Մակերեսորեն հասկանալի է նաև, որ առանց հացի մենք ռիսկում ենք մնալ հետևյալ դեպքերում՝ 1) մատակարարի (Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան) կողմից խնդիրներ, 2) տարանցիկ երկրների մերժում՝ բեռները իրենց տարածքով անցկացնելու։ Ցավոք, վերջին 5 տարիների ընթացքում առաջին կատեգորիայի երեք երկրներն էլ այս կամ այն կերպ ցույց տվեցին, որ ամենակայուն ու հուսալիները չեն:
Պոտենցիալ տարանցիկ երկրների (Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա) հետ կապված ռիսկերն առավել ակնհայտ են։ Առաջին հերթին, թուրքական կոլաբորացիոնիստները անընդունակ են ժամանակին վերացնել նույնիսկ Վրաստանի միջոցով հայկական տրանզիտի առջև գոյացող խոչընդոտները։ Երկրորդ՝ նրանք իրենց ձեռքբերումն են համարում Ադրբեջանի «բարի կամքը», մինչդեռ այդ «բարի կամքի» գինը ներառում է Հայաստանի` Իրանի հետ, իսկ հեռանկարում նաև Վրաստանի հետ կապի փաստացի կորուստը։ Եվ սա՝ Արցախի հյուծիչ շրջափակումից 3 տարի չանցած, որի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զուրկ մնացին ցորենի հացի համից։ Ցինիկաբար է, ինչպես արդեն սովոր ենք, բայց և հիրավի անխոհեմ։
Վերջապես, «ոչ միայն հացով»,— կասեք դուք։ Արցախը դիմացավ և վերջին ճակատամարտը տվեց նույնիսկ առանց հացի։ Ըստ Տնտեսության նախարարության կողմից 2019 թվից ի վեր չթարմացված վիճակագրական տվյալների` Հայաստանը բավականաչափ կարող է կերակրվել սեփական բանջարեղենով, ձվով, հատապտուղներով, կարմիր մսով։ Բայց, ցավոք, այստեղ էլ լուրջ խնդիրներ կան ինչպես իրական ինքնաբավության, այնպես էլ արտադրանքների անվտանգության հետ կապված։
Առաջին հերթին, հայկական գյուղատնտեսությունը կախված է ներմուծվող տեխնիկայից, վառելիքից, սերմերից, պարարտանյութերից և այլն։ Սա նշանակում է, որ առանց գյուղատնտեսության արդիականացման և ավելի էներգախնայող, օրգանական, այլընտրանքային արտադրության մեթոդների անցման մենք նույն կերպ մնում ենք կախված հարևանների «բարի կամքից» և գլոբալ մատակարարման շղթաների կայունությունից։
Երկրորդ՝ պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով հայկական միրգ-բանջարեղենում զգալիորեն գերազանցված են թունաքիմիկատների թույլատրելի քանակները։ Բացի այդ, 2024 թ. դրությամբ Հայաստանի բնակիչների 65%-ը չեն կարող իրենց թույլ տալ առողջ սննդակարգ։ Հաշվի առնելով հանրային առողջապահության ընդհանուր միտումներն ու շրջակա միջավայրի վիճակը (հատկապես Երևանում), Ադրբեջանն ու Թուրքիան շուտով կարիք էլ չեն ունենա մեզ սովամահ անելու կամ մեզ վրա սպառազինություն վատնելու։ Մենք զբաղված ենք ինքնաոչնչացմամբ, ինչպես վայել է իսկական գաղութին։
Մենք աշխարհում միակ երկիրը չենք, որը կախված է այս կամ այն հումքի, տեխնոլոգիաների, արտադրանքի ներմուծումից։ Համաճարակների, ջրհեղեղների և երաշտների կարգի համաշխարհային աղետների հետևանքներից ամբողջությամբ ապահովագրված չէ ոչ ոք։ Այնուամենայնիվ, պետություններ կոչվելու արժանի են միայն քարտեզի վրա այն օբյեկտները, որոնք նվազագույնի են հասցնում նման ողբերգությունների հնարավոր հետևանքները և գոնե կարողանում են պաշտպանել իրենց քաղաքացիներին անօրինականությունից՝ թե՛ հարևան պետությունների, թե՛ ներքին արտադրողների կողմից։
Ցանկացած տեսակի անվտանգություն միշտ ընտրություն է։ Իսրայելը ընտրեց կանաչացնել անապատը, ստեղծել գիտատար և արտադրողական գյուղատնտեսություն ու չարդարացվել անհարմար աշխարհագրական դիրքով և թշնամիներով շրջապատված լինելով։ Հայաստանի Երրորդ Հանրապետության ղեկավարները թողեցին հայկական գյուղը ճակատագրի ողորմությանը, անապատացրին հայկական անտառներն ու դաշտերը, թույլ տվեցին քիմիական նյութերով թունավորել իրենց քաղաքացիներին։ Ահա թե ինչու այսօր թուրքական կոլաբորացիոնիստը անհամբեր սպասում է թուրքական սահմանի բացմանը՝ մեկընդմիշտ փակելու հայկական գյուղի հարցը։ Իբրև թե ի՞նչ անես՝ հարևանները և՛ գումար ունեն, և՛ նավթամթերք։ Իսկ արտադրությունն էժանացնելու և առանց նավթամթերքի արտադրելու ուղիների մասին ոչ ոք չի ուզում մտածել։
Վերջին օրինակը, իհարկե, ոչ միայն գյուղատնտեսության մասին է։ Ժամիշխաններին հարմար է մեզ համոզել, որ առանց նավթի միայն մեկ ելք կա՝ հանձնվել թուրքական աշխարհին։ Եվ ոչ միայն որովհետև նրանց այդպես են հրամայել՝ այդպիսին է նրանց մասշտաբը և պլանավորման հորիզոնը։ Գաղութապետը չի կարող նույնիսկ վաղվա օր ունենալ, միայն այսօրվա հրահանգներ։ Միայն ազգային ազնվականությունն է ունակ ռազմավարական մտածողության, պլանավորման և մեծ բարեփոխումների իրագործման ՝ չերկյուղելով արտաքին թշնամու և ներքին օլիգարխների շահերին դիպչելուց։
Իսկական ազնվականության` սեղմ ժամկետներում ձևավորվելուց է կախված, թե արդյոք մեկ-երկու տարի հետո մենք Ադրբեջանից չենք ներմուծի մահ՝ լինի դա թունավորված մթերք, մի քանի հարյուր հազար դիվերսանտ, թե վերջին հայկական պետության ինքնալուծարման հրամանագիր։
