«Մեր ձևով» շարժման առաջնորդները սիրում են կրկնել, որ Նիկոլ Փաշինյանը զուրկ է պատվի զգացումից և սկզբունքներից: Այս պնդմանը կարելի կլիներ համաձայնել, եթե հենց դրա հեղինակները չդառնային այդ նույն բարոյական անկման հայելին և մեղսակիցները: Ինչպես և գրել ենք նախկինում, թուրք գաղութապետի հետ ամեն ինչ վաղուց պարզ է․ իր ամեն հայկականի նկատմամբ ատելության մեջ նա անկեղծ և հետևողական է, ինչը չի կարելի ասել նրա «ընդդիմության» մասին:
Սկզբունքայնությունը, ինչպես ցանկացած այլ առաքինություն, չափվում է իրական արժեքներով և արարքներով, ոչ թե կարգախոսներով: Քաղաքականության մեջ շատ ավելի, քան մարդկային գործունեության այլ ոլորտներում, արարքները առաջին հերթին դրսևորվում են ընկերների և թշնամիների ընտրությամբ: Քաղաքական միավորը սահմանվում է այդ երկու կատեգորիաներով:
Այսպիսով, Փաշինյանի ընկերները (առնվազն իր կարծիքով) Թուրքիան, Ադրբեջանը և ընդհանրապես բոլորը են, ովքեր օգնում են նրան պահպանել իշխանությունը: Դա, իր հերթին, նշանակում է, այդ ընկերների թվում է նաև բոլոր երանգների այսպես կոչված «ընդդիմությունը»: Փաշինյանի թշնամիներն են հայ ժողովուրդը, ամբողջ հայկական աշխարհը, Հայ Եկեղեցին և այն ամենը, ինչ նրանք մարմնավորում են և ինչի ունակ են:
Իսկ ովքե՞ր են «Մեր ձևով» շարժման ընկերները: Սկսենք նրանից, որ իրեն հայկական ինքնության պահապաններ և «ազգային արժանապատվության» համար մարտնչողներ համարող անձանց խումբը, որպես փաստաբան է վարձել Ռոբերտ Ամստերդամին: Իսկ ի՞նչ գիտենք նրա ընկերների մասին: Նրա մերձավոր ընկերը թուրքական սուլթան, հայկական աշխարհի և հայկական աշխարհաքաղաքական ծրագրի ամենագաղափարական թշնամիներից մեկը՝ Ռեջեփ Էրդողանն է: Այն Երդողանը, ով հովանավորում է Հայոց Ցեղասպանության շարունակությունը և ում հետ ուրախությամբ լուսանկարվում է Սամվել Կարապետյանի թիմի թերևս թշնամի կոչվող թուրքական կոլաբորացիոնիստ Նիկոլ Փաշինյանը:
Ավելին, «ֆրոյդական» վրիպմամբ Ամստերդամը հայտարարում է, որ «Հայաստանի վրա հարձակում է գործելու»՝ հանուն Սամվել Կարապետյանին պաշտպանության: «Պաշտպանի» պաշտպանները կասեն, որ նա նկատի ուներ ներկա կոլաբորացիոնիստական ռեժիմը, ոչ թե հայկական պետությունը, սակայն այս վրիպասությունը ցուցահանում է, թե ինչպես են «Մեր ձևով»-ի ներկայիս թիմի և նրանց շրջապատի նեղ անձնական նպատակներն ու իշխանության ծարավը արդարացնում Հայաստանի ներկայի և ապագայի տեսքով ցանկացած «կողմնակի վնաս»: Հայ ժողովուրդի համար մի այլ «մեր» ձև չգտնվեց` բացի մի շարժումից, որի դեմքը Էրդողանի ցեղասպան ռեժիմի աջակիցն է: Եթե «մեր ձևովը» սա է, ապա արժե հարց տալ՝ ո՞վ ենք մենք:
Քաղաքական մտքի դասական Նիկոլո Մաքիավելին, գրել է, որ քաղաքականության մեջ նպատակը արդարացնում է միջոցները: Ճիշտ է, նրա, ամենայն հավանականությամբ, «միամիտ» աշխարհընկալման մեջ այդպիսի նպատակ կարող էր դառնալ միայն պետության փրկությունը և նրա ազատության պահպանումը: Այն, որ պետության ոչնչացման ֆոնին նպատակ կդառնան հենց միջոցները՝ թշվառ ակտիվներն ու հոնորարները, չէր պատկերացներ նույնիսկ նա` ամենացինիկ քաղաքական մտածողը: Իսկապես, Մաքիավելիի պատկերացրած իշխանավորը իր պետությունը փրկելու համար կընկերանար նույնիսկ Սատանայի հետ, էլ ինչ կասկած կարող է լինել Էրդողանի ընկերոջ վերաբերյալ (թեկուզ մե՞ծ է արդյոք տարբերությունը): Պարզ է սակայն, որ միջազգային հանցագործների ընկերոջ բերանով Հայաստանը Մոզամբիկի հետ համեմատող ուղիղ եթերները աղերս չունեն Հայաստանի փրկության հետ: Այդպիսի «պետություն» նույնիսկ ինքը Փաշինյանն է հաջողացրել կառուցել` առանց «Տաշիր» խմբի «արդյունավետ մենեջերների» օգնության:
Վերջապես, չկա անսկզբունքայնության մեկ ավելի վառ ապացույց, քան լկտի սուտը: Շարժման ներկայացուցիչները շարունակում են ժխտել «նախկին» ղեկավարների և նրանց թիմերի հետ ցանկացած կապ` նրանց հետ հենց ամենասերտ կապն ունենալով հանդերձ: Կարապետյանի փաստաբանը՝ Արամ Վարդևանյանը, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բազմամյա համախոհն ու պաշտպանն է: Ինքը Քոչարյանը ակնածանքով է արտահայտվել Կարապետյանի և «Մեր ձևով» շարժման հասցեին: «Նախկինների» մեդիա ռեսուրսները ակտիվ տարածում և լուսաբանում են «Մեր ձևով»-ի` իրենց ճաշակով նյութերը: Սակայն շարժման համար սա ավելի շուտ արջի ծառայություն է՝ հաշվի առնելով նախկին իշխանությունների` հնարավորի սահմանները հատող հակառեյտինգը:
Այդքանով հանդերձ «Մեր ձևովը» արդեն առանց քաշվելու խոստովանում է, որ դիտարկում է մեկ այլ «նախկինի»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը: Հենց նրա` վաղածին Երրորդ Հանրապետության կործանման, չկայացած նրա ինստիտուտների, աղետալի ժողովրդագրական իրավիճակի, մեր մարտիկների և հայկական աշխարհի կողմից Առաջին Արցախյան պատերազմի ընթացքում նվաճված լծակների մխսման առաջին քաղաքական պատասխանատուի և, վերջապես, թուրք համագործակցող Նիկոլ Փաշինյանի առաջին «կնքահոր» հետ: Այդպիսի անընտրող կապերը (էլ չենք խոսում օպորտունիստ և Փաշինյանի «հատուկ հանձնարարություններով» «նախկին» դեսպան Էդմոն Մարուքյանի հետ հնարավոր դաշինքի մասին) վկայոմ են, որ «Մեր ձևովը» թուրք գաղութապետին անգամ ռուսական գուբերնատորով փոխարինելու որևէ լուրջ մտադրություն չունի:
«Մեր ձևովի» անսկզբունքությունը հավատարմորեն ուղեկցում է նրանց անհետևողականությանը: Ի՜նչ ասես, որ չկա նրանց բառապաշարում` է՛լ տնտեսության զարգացում, է՛լ բիզնեսի համար լավագույն պայմանների ստեղծում, է՛լ ընտանեկան արժեքների ամրապնդում, է՛լ արցախցիների արժանապատիվ կյանքի իրավունքի ապահովում, է՛լ երիտասարդության մեջ ապագայի հանդեպ հավատի վերակենդանացում, է՛լ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանություն: Հայ ընտրողի համար, ով ընդհանուր առմամբ հոգնել է ավելի լավ կյանքի մասին ավանդական նախընտրական հռետորաբանությունից, սա դատարկաբանություն է: Որտե՞ղ են օրիգինալ գաղափարները: Ո՞ւր է պատվախնդիր նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը: Վերջապես, ո՞ր գաղափարական շարժիչով է պլանավորում ուղղորդվել «Մեր ձևովը»: Հիմա բոլորովին անհասկանալի է՝ խոսքը ազգային պահպանողականությա՞ն, հայրենասիրական ազատակությա՞ն թե ընդհանրապես կոմպրադորական[i] գաղափարական կառուցվացքի մասին է: Վերջինս ենթադրում է լոկ բիզնես շահերի ճղճիմ պաշտպանություն` հոգևորության դրոշակի ներքո:
Նույնիսկ միայն քննարկելով մեղմ ասած կասկածելի հեղինակությամբ և հազիվ 1% վարկանիշով ուժերի հետ դաշինքների հնարավորությունը, Սամվել Կարապետյանի թիմը անում է ամեն ինչ, որ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցնի` կանխարգելելու 2026 թ. ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակից հետո պլանավորվող հայկական պետականության վերջնական ապամոնտաժումը: Սակայն իրականում դրանով «Մեր ձևովը» դառնում է այդ գործընթացի ուղղակի մեղսակիցը: Անձանց խմբի կողմից կատարված հանցանքները միշտ ավելի խիստ են պատժվում: Բայց «Մեր ձևովը» միամտորեն կարծում է, որ խորհրդարանում մի քանի աթոռներն ու Ռոբերտ Ամստերդամի փաստաբանական «տաղանդը» նրանց կփրկեն ցանկացած պատիժից: Այդ ամենը տրամաբանական է, եթե նրանց աշխարհընկալման մեջ պատիժը «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի նկատմամբ վերահսկողության կորուստն է, ոչ թե Հայաստանի` որպես քաղաքական սուբյեկտի վերջնական անհետացման տեսքով «կողմնակի վնասը»:
«Մեր ձևովը» խաղում է Փաշինյանի կանոններով, նրա դաշտում, բացի դրանից` նրա լեգիտիմության մեջ էական ներդրում է կատարում: Եթե «Մեր ձևով» շարժումն է «մեր» ձևով և նույնիսկ, ըստ այդ անկերպարան «շարժման» ղեկավարների հայտարարության, «հայավարի», ապա ժամանակն է կողմնորոշվել՝ կա՛մ մենք անսկզբունք էակներ ենք, որոնք ազգային շահը չափում են սեփական մորթու սանտիմետրերով, կա՛մ մենք մերժում ենք այս խեղկատակությունը և ուղարկում այն այնտեղ, որտեղ նրա տեղն է՝ պատմության աղբահոր: Եթե անսկզբունք, հպատակ, անկազմակերպ, անհետևողական գործունեությունը իսկապես «հայավարի» է, ապա, ավաղ, այդ աղբակույտում կհայտնվենք բոլորս` «նախկինների» և ներկաների հետ միասին:
[i] Կոմպրադոր (իսպ. comprador — գնորդ) – անձ, որը որպես գործակալ է հանդես գալիս ներդրումների, առևտրի կամ տնտեսական կամ քաղաքական շահագործմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպությունների համար:
