«Իլհամ, ո՞ւր է քո հայրենակիցը», –– Թրամփն Ալիևին նետեց Շարմ-էլ Շեյխի Խաղաղության գագաթնաժողովին: Ջանադիր աշակերտին պատշաճ ժեստով նախիջևանցի կրտսեր սուլթանը մատնացույց արեց իր իջևանցի կուսակալին: Ի՞նչ պակաս թրեյլեր է առ այն, թե ինչպես է կառավարվելու Հայաստանի տարածքում տեղակայվելիք «Թրամփի ուղին»: Իսկ Փաշինյանը ունի Թրամփի WhatsApp-ը` կասեն ոմանք. և ի՞նչ տարբերություն, որ նա ամեն անգամ ստիպված է ԱՄՆ Նախագահի առաջ նորից ներկայանալ: Թուրք կոլաբորացիոնիստը պաշտոնապես դարձավ Ալիևի հայրենակից և «արևմտյան ադրբեջանցիների համայնքի» ներկայացուցիչ, հայերն էլ մնացին գլխատված (դեռևս) սեփական հողում: Անդեմ ղեկավար` անդեմ երկիր: Այդպես էլ կազմաքանդվում են պետությունները: Վերջ ի վերջո, ցանկացած քաղաքական սուբյեկտ բնորոշվում է իր թշնամու միջոցով, հակառակ դեպքում, վերաձևակերպելով քաղաքական փիլիսոփա Կառլ Շմիդտին, արդեն մի այլ ժողովուրդ է նշանակելու նրա հայրենակիցներին:
Կարելի է երկար վիճել, թե ով ավելի շատ շահեց կամ զիջեց Խաղաղության գագաթնաժողովի հիմնական նպատակ` Իսրայելի և ԽԱՄԱՍ-ի միջև հրադադարի առաջին փուլից: Սակայն, չնայած Իսրայելի համար հիմնականում ընդունելի արդյունքին և գերիների վերադարձին (որը Գազայում գործողությունների հիմնական նպատակներից էր), պետության մի շարք նախարարներ խոստացան հրաժարական տալ, եթե իրենց ղեկավարը ժամանի Շարմ-էլ Շեյխ` հրադադարը ստորագրելու համար: Իսկ հայկական խորհրդարանում չգտնվեց գեթ մի պատգամավոր, ով վայր կդներ իր մանդատը` ի բողոք թուրք գաղութապետի մասնակցությանը բոլոր այն հանդիպւմներում, որտեղ կարելի է ևս մի անգամ հրաժարվել Հայաստանից և նրա արժեքներից, ցանկալի է` այդ դավաճանությունը նաև ստորագրությամբ հաստատելով: Եվ իսրայելական կառավարության այդ անդամները դժգոհ են անգամ նրանով հանդերձ, որ չնայած բազմաթիվ սխալներին, որոնց հետևանքները դեռևս պետք է հաղթահարել, ու Իսրայելի կողմից որոշ ոչ այնքան ցավոտ փոխզիջումներին, ԽԱՄԱՍ-ի կողմից գերեվարվածներից ողջ մնացածները ի վերջո տուն են վերադարձել: Իսկ Հայաստանն արդեն ավելի տևական ժամանակ չի կարողանում վերադարձնել իր գերիներին մի պետությունից, որի հետ հիմա իբրև թե «խաղաղություն» է հաստատել:
Հայտնի է, որ հաղթողը միայն պարտվածի շնորհիվ է, որ գոյություն ունի: Թուրք գաղութապետն այդ կարգավիճակը պաշտոնապես ընդունեց աշխարհի դեռևս հիմնական «ոստիկան» հանդիսացող Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահից: Այսուհետ Հայաստանը հաղթողի կցաճուկն է միմիայն, և դա զարմանալի չէ: Պսևդո-պետություն Ադրբեջանը հիմնված է Հայաստանի և հայկականի հանդեպ ատելության և հայկական աշխարհի կողմից հասցրած պարտության դառնության վրա: Այսօր, գոյության նոր իմաստի և փոփոխվող աշխարհակարգում նոր արևի տակ երաշխավորված տեղ որոնումներում, Ադրբեջանը լուծում է Հայաստանը որպես միջազգային հարաբերությունների գործող սուբյեկտ վերացնելու երկարաժամկետ խնդիր:
Թրամփ. «Իլհամ, ո՞ւր է քո հայրենակիցը»
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
