Կոլաբորացիոնիստների կոլաբորացիոնիստները

Թուրք գաղութապետը անկեղծորեն և բացհայատ է հրաժարվում մեր ինքնությունից ու ինքնիշխանությունից: Իսկ նրա կողմից ոչնչացվող արժեքները սրբություն անվանող «ընդդիմությունը» չի վարանում նման սրբությունների հետ խաղեր տալուց` քաջ իմանալով, որ խոզերի առջև մարգարիտներ է սփռում:

«ՀՀ Ազգային ժողովը մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը», — այդպիսի վերնագիր կերազեր կարդալ ցեղասպան Թուրքիայի սուլթան Էրդողանը ու… կարդաց: Ո՞ւմ պատճառով և ո՞ւմ շնորհիվ: Պարզ է` 2018-ից ի վեր մեզ հետ կատարվողի թիվ 1 պատասխանատուն թուրք գաղութապետ Փաշինյանն ու նրա երիտենիչերի թիմն է: Նրանք տոնում են Արցախի կորուստը, հարցականի տակ են դնում Հայոց Ցեղասպանության փաստը, կամենում են փոխել դրանք հիշատակող Սահմանադրությունը, օտարում են Սփյուռքը, փորձում են հեղինակազրկել Հայ Եկեղեցին, խորթացնել մեր մշակույթը, հանում են Արարատը մաքսային պետական կնիքից, մի խոսքով` ամեն կերպ կազմաքանդում են հայկական պետականության և հայկական աշխարհի մնացորդները:

Այսպիսով` բնական է, որ սույն ամոթալի վերնագիրը վերաբերվում է կոլաբորացիոնիստ (համագործակցող) «Քաղաքացիական պայմանագիր֊֊» կուսակցության կողմից օրինագիծը մերժելուն: Սակայն ո՞վ հնարավոր դարձրեց երիտենիչերիների կողմից` ամբողջ հայկական աշխարհի և մեր սրբացած զոհերի դեմքին այդ ապտակը: Օ~, հենց ժամանակին դահիճ երիտթուրքերին իշխանության բերածների ժառանգորդ դաշնակցականները` մի դաշինքի անունից, որի ղեկավար, իրենց նվիրյալ ընկեր Ռոբերտ Քոչարյանը չի մտահոգվել նման օրենք ընդունելով իր նախագահության երկու ժամկետների ընթացքում:

Դրա փոխարեն երկրորդ նախագահը սկիզբ դրեց Հայաստանի հարավային ամրոց Մեղրիի շուրջ աճուրդին` պատրաստվելով այն հանձնել Արցախի մի մասը պահպանելու փոխարեն: Հիշեցնենք` նա դա արեց, երբ ուժերի բալանսը դեռ մեր կողմն էր և այն դեռևս հնարավոր էր այդպես պահպանել: Հետո նա որոշեց այդ ամոթալի գործարքը կանխել «Մեղրին Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց» իմպրովիզացված շուկայական սակարկությամբ: Արդեն առավելագույնը վեց տարի հետո նրան պետք չէր և հենց վերջինս: Նրան մտահոգում էր ոչ թե Ադրբեջանի աճող ռազմական ներուժը, այլ «Թուրքիայի հետ առևտրային դիսբալանսը»: Հետաքրքիր է` այսօր է՞լ է «Հայաստան» դաշինքը կարծում, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանի բացումը կօգնի առևտրային բալանսը շտկել մեր օգտին:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած այսօրվա «ընդդիմությունը» չի թաքցնում Հայաստանի նկատմամբ իր չկամությունը: Նրանք քաջ գիտեին, թե ինչ ճակատագրի կարժանանա նման օրինագիծը «Իրական Հայաստանի» խորհրդարանում, որը նրանք հոժարակամ լեգիտիմացնում են սեփական ներկայությամբ: Մի՞թե արժեր բոլորին հայտնի փաստը` թուրք գաղութապետի ով լինելը, ևս մեկ անգամ ապացուցելու համար թույլ տալ, որ Հայաստանի Հանրապետության միակ ընտրված մարմինը` Ազգային Ժողովը, վճռի, որ պատժելի չի համարում Հայոց Ցեղասպանության ժխտումը: Մի՞թե քիչ են այլ ապացույցները, որոնք իշխող ոհմակը մեզ տրամադրում է ամեն օր: Մի՞թե պետք է Փաշինյանի հետ մրցել, թե ով ավելի շատ վնաս կհասցնի հայկական աշխարհի տրամադրություններին և միջազգային կերպարին:

Ասենք նույնիսկ ավելին` նրանք դա արեցին, փրկելով «ՔՊ»-ի դեմքը: Երիտենիչերիների թիմից ոմանք կարողացան հարցը բարոյաքաղաքական դաշտից իրավական դաշտ տեղափոխել, պնդելով, որ օրինագիծն ավելորդ է, քանզի նման հոդված արդեն առկա է Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում: Ի միջի այլոց, առկա հոդվածը ենթադրում է Ցեղասպանությունը ժխտող պաշտոնյաների համար ավելի խիստ պատիժ: Մենք այստեղ իրավատեսական քննարկում չենք ծավալի` բավարար է, որ «ընդդիմությունը» հերթական անգամ ի ցույց դրեց, որ պատրաստ չէ զբաղվել բովանդակային հարցերով կամ առաջարկել սկզբույնքայնորեն նոր լուծումներ` այսինքն այն, որ քիչ է տարբերվում իր ծնած կոլաբորացիոնիստ «իշխանությունից»:

Սակայն կա մի կարևոր տարբերություն: Թուրք գաղութապետը անկեղծորեն և բացհայատ է հրաժարվում մեր ինքնությունից ու ինքնիշխանությունից: Իսկ նրա կողմից ոչնչացվող արժեքները սրբություն անվանող «ընդդիմությունը» չի վարանում նման սրբությունների հետ խաղեր տալուց` քաջ իմանալով, որ խոզերի առջև մարգարիտներ է սփռում: Կա՛մ խոզերին չեն ճանաչում (անհավանական է` նրանց պահած-մեծացրած խոզերն են, ում հետ տարիներով մի դահլիճ են կիսում), կա՛մ Ցեղասպանության զոհերի հիշատակը չեն սրբություն համարում: Այդ դեպքում զարմանալի չէ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք գրված դասագրքերով, դաշնակցական կրթության նախարարների ծրագրերով ուսանած երիտասարդները երիտենիչերի են մեծացել և արդեն նոր, թուրքահաճո պատմության դասագրքեր են գրում:

Ըստ ամենայնի` պետք է առաջին հերթին քրեականորեն պատժել ոչ թե Հայոց Ցեղասպանությունը ժխտելը, այլև այդ բառերը զուր արտասանելը` մանավանդ նրանց կողմից, ով ինքն իրեն զրկել է նման բարոյական իրավունքից:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն