907. Փլուզում թե՞ վերագործարկում

Այսօր 907-րդ ենթաբաժնի պահպանումը հայության` թուրք-ադրբեջանական գաղութացմանը հակադրվող հատվածի ամենակարևոր ռազմավարական խնդիրներից մեկն է: Մենք ի վիճակի ենք այս խնդրի շուրջ համախմբվել՝ ցույց տալով Անկարային, Բաքվին ու նրանց երևանյան դրածոներին, որ հայկական աշխարհը տոկուն է, ուժեղ է և ի վիճակի է կործանարար հարված հասցնել հակառակորդին։

Թուրք կոլաբորացիոնիստը (համագործակցողը) ու իր երիտենիչերիները թևակոխել են 2026 թվականի թեժ ամռանը պատրաստվելու ակտիվ փուլ։ Գաղութապետը սա անվանում է «ընտրություններ», որտեղ հերթական անգամ արդեն «Իրական Հայաստանի» հպարտ քաղաքացիները պետք է «ընտրեն» հերթական իշխանությունը։ Իրականում կա՝ Նիկոլ փաշային անհրաժեշտ է իր տերերին ապացուցել, որ դեռ ի զորու է սանձած պահել 2,5 միլիոն «հպարտ քաղաքացիների», տիկնիկավարել այսպես կոչված «ընդդիմությանը», ամեն կերպ բշտել ու ոտնահարել Հայ Եկեղեցու հնագույն ինստիտուտը, պետական մաքսային կնիքներից հեռացնել Արարատի պատկերը և այդքանով հանդերձ շարունակել արժանանալ ձեռքսեղմումների աշխարհասփյուռ հայկական համայնքների լայն շրջանակներում: Անկարայում և Բաքվում հանգիստ են՝ գաղութի ներսում ամեն ինչ վերահսկողության տակ է, մինչ օրս ոչ մի անակնկալ չեղավ։ Նրանք կենտրոնացել են առավել կարևոր ռազմավարական նպատակ իրականացնելու վրա՝ հեռացնելու այն տարրերը, որոնք կարող են խնդիրներ հարուցել սեփական անդրազգային ազդեցության համակարգի ձևավորման գործում։ Թուրքական աշխարհը, որին հնարավորություն կընձեռվի առանցքային որոշումների կայացման կենտրոնների ներսում սեփական գլոբալ ցանցեր ստեղծելու, ունի բոլոր հնարավորությունները` դառնալու միջազգային հարաբերությունների ապագա համակարգի կենտրոնական խաղացողներից մեկը։

Աշխարհագրական Հայաստանի գաղութացումը ստեղծում է մարտավարական բնույթի սպառնալիքների լայն շրջանակ, որոնք հնարավոր է հաղթահարել որոշակի պայմաններում և հանգամանքներում։ Սակայն անդրազգային թուրքական ազգի (թուրք-ադրբեջանական միջուկի) ձևավորումը ստեղծում է ցրված հայկական աշխարհի մնացորդների՝ հայկական սուբյեկտայնության միակ աղբյուրի, կլանման իրական ռազմավարական սպառնալիք։ Վերջին ամսվա ընթացքում Էրդողանն ու Ալիևը տարբեր հարթակներից ակտիվորեն առաջ են տանում «Ազատությանն աջակցության» ամերիկյան օրենքի 907-րդ ենթաբաժնի հնարավորինս արագ չեղարկման կարևորության մասին թեզը։ Այսպիսով, ինչի՞ մասին է խոսքը և ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Անցած դարի 80-ական թվականների սկզբին ԱՄՆ-ում ձևավորվեց իրական ազդեցության տիրապետող հայկական լոբբի` երկու նշանավոր հանրապետականներ սենատոր Ռոբերտ Դոուլի և Կալիֆոռնիայի նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի գլխավորությամբ։ Հանրապետական վերնախավի, այդ թվում` նախագահներ Ռոնալդ Ռեյգանի և հետագայում Բուշ ավագի վրա նրանց ազդեցությունը կարևոր դեր խաղաց Սպիտակ տանը և Կոնգրեսում հայամետ օրակարգի ձևավորման գործում։

80-ականների վերջին Ռեյգանի վարչակազմը և Կոնգրեսում երկկուսակցական խումբը սատարում էր Արցախի/Ղարաբաղի հայերի Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորվելու ձգտմանը։ Այդ թեման արծարծվում էր ամենաբարձր մակարդակում, ինչն էլ հետագայում կանխորոշեց ԱՄՆ-ի բովանդակային աջակցությունը հայկական կողմին։ 1992 թվականին ընդունվեց «Ազատությանն աջակցության» օրենքը, որը դարձավ Վաշինգտոնի` նոր ազգային հետխորհրդային հանրապետությունների հետ երկկողմ հարաբերություններ կառուցելու օրենսդրական հիմքը։ Այնուամենայնիվ, այդ օրենքը լրացվեց հատուկ 907-րդ ենթաբաժնով, որը մեծամասնությամբ ընդունվեց Կոնգրեսում և ստացավ Սպիտակ տան վարչակազմի հավանությունը։ Այդ բաժնի շրջանակներում արգելք էր դրվում Ադրբեջանին ցանկացած տնտեսական, ռազմատեխնիկական և այլ աջակցություն ցույց տալու վրա՝ որպես Հայաստանի և Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի համար պատիժ։ Միաժամանակ հաստատվել էր հենց Արցախին/Լեռնային Ղարաբաղին ամերիկյան պետական ծրագրերի շրջանակներում մարդասիրական և տնտեսական աջակցությունը։

Ամերիկյան արտաքին քաղաքական պատմության մեջ սա իսկապես աննախադեպ դասավորություն է։ ԱՄՆ-ն միշտ հակվել է ուժերի հավասարակշռության փիլիսոփայությանը՝ տարածելով իր ազդեցության համակարգը բոլոր հակամարտող կողմերի վրա։ Նույնիսկ տարբեր ժամանակաշրջանների Իսրայելի թշնամիները՝ Եգիպտոսից ու Սիրիայից մինչև Պաղեստին այդքան հստակ և բացահայտ չէին արգելափակվել ամերիկյան կողմից։ 1994 թվականից ի վեր, երբ խոշոր ամերիկյան նավթային կորպորացիաները մտան Ադրբեջան «Դարի պայմանագրի» շրջանակներում, Բաքուն բազմիցս փորձել է չեղարկել 907-րդ ենթաբաժինը։ Նավթային լոբբին ակտիվորեն ներգրավվեց այս գործընթացին, սակայն բոլոր փորձերը ձախողվեցին։ Ավելին, 1996 և 1997 թթ. ձևավորվեց նավթային, թուրքական և իսրայելական լոբբիների կոալիցիա, որոնք պարտություն կրեցին սենատոր Ռոբերտ Դոուլի հայամետ թևի դեմ լոբբիստական պատերազմում։ Եվ նույնիսկ ամենաբարդ աշխարհաքաղաքական պայմաններում, սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո ահաբեկչության դեմ հայտարարված պատերազմի ֆոնին Կոնգրեսը Բուշի վարչակազմին թույլ տվեց միայն կասեցնել 907-րդ ենթաբաժնի որոշ կետերի ուժը։ Հիմնականում խոսքը վերաբերում էր տնտեսության և լոգիստիկայի ոլորտում սահմանափակումներին, քանի որ Ադրբեջանը պատրաստակամություն ցույց տվեց աջակցել ԱՄՆ-ին և տրամադրել ահաբեկչության դեմ պայքարի համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։

Կարճ ասած, «Ազատությանն աջակցության» հիմնարար օրենքի 907-րդ բաժինը, որը ընդունվել էր երկու կուսակցությունների օրենսդիրների մեծամասնությամբ և աջակցություն ստացել Նախագահի վարչակազմից, պաշտոնապես հաստատել և գրանցել էր, որ.

Ադրբեջանը ագրեսոր պետություն է, իսկ Հայաստանը և Արցախը/Լեռնային Ղարաբաղը` ագրեսիայի զո:

Ադրբեջանը Հայաստանի և Արցախի/Լեռնային Ղարաբաղի սահմանների ապօրինի շրջափակում իրականացնող պետություն է:

Արցախը/Լեռնային Ղարաբաղը առանձին սուբյեկտ է, որն ի տարբերություն դե յուրե ճանաչված Ադրբեջանի՝ աջակցություն է ստանում ամերիկյան պետական ծրագրերի գծով:

Կարելի է անվերջ բանավիճել 907-րդ ենթաբաժնի արդյունավետության մասին, բայց կան մի քանի անվիճելի փաստեր։ Նախ, դրա ընդունման միաձայն աջակցությունը (Կոնգրես և Սպիտակ տուն) վկայում էր ամերիկյան խորքային պետության` Հայաստանի և Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լուրջ ռազմավարական ծրագրերի առկայության մասին։ Երկրորդ, 907-րդ ենթաբաժինը հայկական լոբբիի ամենակարևոր և միակ քաղաքականապես բովանդակային ձեռքբերումն է։ Երրորդ՝ սա լուրջ օրենսդրական հիմք է, որը համապատասխան հանգամանքներում ի վիճակի է բեկանել 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ձևավորված աշխարհաքաղաքական իրականություններիը։

Թուրք կոլաբորացիոնիստն ու իրենց «փորձագետներ» կոչող իր մանկլավիկները «Իրական Հայաստանի» հպարտ քաղաքացիներին պատմում են, թե 907-րդ ենթաբաժինը դատարկ բան է ու որևէ լուրջ նշանակություն չունի։ Բայց ոչ մեկի մտքով չի անցնում մի սովորական հարց տալ երիտենիչերիներին՝ եթե դա այդքան անկարևոր է, ապա ինչո՞ւ են Ալիևը, Էրդողանն ու նրանց բոլոր լոբբիստական խմբերը ակտիվորեն լծվել այդ խնդրին։ Նրանք ձգտում են հնարավորինս արագ լիովին չեղարկել 907-րդ ենթաբաժինը՝ որպես հիմնական փաստարկ օգտագործելով իրենց գաղութապետի դիրքորոշումը, ով ոչ միայն չի առարկում, այլև պատրաստ է տրամադրել այս գործընթացում իր անհրաժեշտ աջակցությունը։

Ցավոք, իրենց հայկական լոբբի անվանող կազմակերպությունները վաղուց ապացուցել են սեփական ամբողջական անկարողությունն ու մասնագիտական անպիտանությունը՝ դառնալով Հայաստանի ֆեոդալ-կլանային համակարգի կցաճուկ և այլ արտաքին ուժերի սպասարկող անձնակազմ։ Եվ սա դեռ մեղմ ձևակերպումներ են նրանց նկատմամբ, ովքեր, ԱՄՆ-ում ունենալով 100-ամյա ժառանգություն, զգալի ընտրազանգված, քրիստոնեական հիմքեր և դրանից բխող հնարավորություններ և 907-րդ ենթաբաժնի տեսքով քաղաքական կապիտալ՝ չկարողացան հասնել Վաշինգտոնի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացրած և այնտեղից ամբողջ հայ բնակչությունը վռնդած Ադրբեջանի դեմ գոնե խորհրդանշական պատժամիջոցների։ Հիմա այդ նույն կազմակերպությունները պարծենում են նրանով, որ կարողացան անցկացնել մի ուղղում, ըստ որի «ԱՄՆ պետքարտուղարը պետք է աշխատի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հայ ռազմագերիների ազատ արձակմանը, հայ կրոնական օբյեկտների պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղից փախստականների անվտանգ վերադարձին նպաստելու նպատակով»։

Բացառիկ ձեռքբերում՝ խնդրել ԱՄՆ պետքարտուղարին (նույնիսկ ոչ նախագահին կամ վարչակազմին), որպեսզի նա իր հերթին խնդրի ագրեսոր երկրին ռազմագերիների նկատմամբ գթասրտություն ցուցաբերել և, եթե հնարավոր է, այդքան արագ հողին չհավասարեցնել հայկական քաղաքակրթության հետքերը։ Իսկ «Լեռնային Ղարաբաղից փախստականներ» ձևակերպումն առհասարակ արժանի է թուրքական աշխարհից հատուկ շքանշանի։ Փաստորեն Արցախի/Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչությունը, որը շրջափակվել և բռնի կերպով արտաքսվել է իր հողերից՝ ընդամենը «փախստականներ» են, ում պետք է միայն մեկ բան՝ «անվտանգ վերադարձ»։ Նայեք 907-րդ ենթաբաժնի ձևակերպումներին ու նրան, թե ինչ է հիմա ներկայացվում որպես «ձեռքբերում»։ Սա անձեռնհասության, տկարության և դեգրադացիայի ամենացայտուն ցուցանիշներից մեկն է։

Այսօր 907-րդ ենթաբաժնի պահպանումը հայության` թուրք-ադրբեջանական գաղութացմանը հակադրվող հատվածի ամենակարևոր ռազմավարական խնդիրներից մեկն է: Մենք ի վիճակի ենք այս խնդրի շուրջ համախմբվել՝ ցույց տալով Անկարային, Բաքվին ու նրանց երևանյան դրածոներին, որ հայկական աշխարհը տոկուն է, ուժեղ է և ի վիճակի է կործանարար հարված հասցնել հակառակորդին։ Աշխարհը պետք է տեսնի, որ հայերի շահերը ներկայացնում է ոչ թե անողնաշար թուրքանման թյուրիմացություն Փաշ-ինյանը, ոչ պրիմիտիվ անսկզբունք «ընդդիմությունը», որը երազում է միայն իր երկրի մի այլ գաղութացման մասին, ոչ էլ համայնքների լուռ ու պասիվ կոլաբորացիոնիստները, այլ լիովին այլ ուժեր, որոնք դեռ իրենց կդրսևորեն։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն