Սարդարապատից մինչև «Ցանկապատ»

Թե քանի ամիսներ ու տարիներ կանցկացնի Նիկոլ Փաշինյանը, ոչնչացնելով մեր ներուժի մնացորդները և մեր երազանքները, կախված է բացառապես հայկական ազգային ազնվականության ձևավորումից:

Այս օրերին լրանում է Արցախից հայերի արտաքսման երկու տարին: Թուրք կոլաբորացիոնիստ (համագործակցող) Փաշինյանին հայկական աշխարհի դեմ տարած այդ խորհրդանշական հաղթանակը, իհարկե, չբավարարեց, ուստի վերջին երկու տարիներին նա հատուկ եռանդով ոչնչացնում է այն ամենը, ինչի շնորհիվ մենք կարողացանք ազատագրել Արցախը և ինչը դեռ կարող է մեզ օգնել վերադառնալ մեր քաղաքակրթության հազարամյա օջախ՝ սեփական ուժերին մեր հավատը, Սփյուռքի հետ կապը, Հայաստանի Անկախության Հռչակագիրը, այն հաստատող Հայաստանի ՍահմանադրությունըՀայոց ցեղասպանության մասին պատմական հիշողությունը, Հայ Առաքելական եկեղեցին, հայկական բանակը, հայկական սահմանները: Ցանկը կարելի է անվերջ շարունակել, և նրա բոլոր կետերը սերտորեն փոխկապակցված են: Դրանցից յուրաքանչյուրի խարխլումը վերջիվերջո ամենաուժգնությամբ է հարվածում հենց առաջինին՝ ինքնավստահությանը:

Սակայն թուրք գաղութապետը այլևս նոր մակարդակի է գործում: Եթե առաջ նա փրփուրր բերանին համոզում էր հայկական աշխարհին, որ մեր պատմությունը արժեքելի չէ և գերագնահատված է, որ մենք քրոնիկ կերպով թույլ ենք և ապարդյուն է դիմադրել թուրքական աշխարհին, որ պետք է կատարել թշնամու բոլոր ցանկությունները՝ ներման արժանանալու հույսով, որ մեր բոլոր կորուստներում մեղավոր են միայն Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարները, ապա հիմա… Պարզվում է, որ դրանք ոչ էլ կորուստներ էին, այլ ձեռքբերումներ: Ավելին, հիմա մենք ոչ միայն անկարող ենք (կոնկրետ պատմական պահին) հակահարված տալ թշնամուն, այլ նույնիսկ չունենք դրա անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած, բոլոր այն հնարավորությունները, որոնց համար մենք պայքարում ենք դարեր շարունակ, սկսած ամենահիմնականից՝ ինչ-ինչ քաղաքական միավորի տեսքով գոյատևելուց, մեզ պարզապես հարկավոր չեն: Հիմա մենք չենք կարող նույնիսկ երազել այն բաների մասին, որոնք բոլորովին վերջերս դեռ մեզ էին պատկանում:

Ներկայիս հայկական կառավարությանն ու նրա մանկլավիկներին չի հուզում, թե ինչ սահմաններում հայերը կմնան գերակշռող (թվային և քաղաքական առումով) էթնոս, արդյո՞ք հայերը կկարողանան պատվել իրենց նախնիներին, այցելել նրանց կառուցած եկեղեցիները, արդյո՞ք հայերը կկարողանան ինքնուրույն վճռել իրենց երկրի ապագան:

Փաշինյանի տրամաբանությունը հասկանալի է՝ իմաստ չկա ժամանակ ու ջանք վատնել հայերին խոստումներ տալու համար, եթե կարելի է մեզ պարզապես զրկել որևէ նպատակից: Այդ դեպքում կարիք չի լինի բնիկներինին բացատրելու, թե ինչու չի կատարվել ոչ մի նախընտրական խոստում (դրանցից մեկը 2021-ին Շուշիի և Հադրութի ազատագրումն էր), ինչու իշխանության գալուց 7,5 տարի  անց «նախկինները» դեռ խանգարում են պետություն կառուցել, վերջապես, ինչու է տեղի ունենում երկրի սողուն գաղութացումը: Եվ նա այս նպատակին հասնում է ամենահուսալի և անխափան մեթոդներով՝ կրթության վերահսկողություն (ոլորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հակահայկական գործունեությանը կարելի է առանձին հոդված նվիրել, ավելի ճիշտ կլինի՝ քրեական) և հայկական հասարակության գլխատում: Խոսենք վերջինիս մասին:

Վաղուց հայտնի է, որ Փաշինյանի և այսպես կոչված «նախկինների», հատկապես Ռոբերտ Քոչարյանի արհեստական հակամարտությունը թուրք կոլաբորացիոնիստի իշխանության պահպանման և մեր` ցանկացած դրական փոփոխության հույսի կորստի ամենահուսալի երաշխիքն է: Սակայն նույնիսկ նման երաշխիքը Փաշինյանի համար բավարար չէ, ինչը բնավ հասկանալի է՝ նրա խաղադրույքները չափազանց բարձր են, և հայկական վիլայեթին ձևականորեն մնացող մասնիկի վրա գահընկումը նրան սպառնում է մահապատժով: Երևանում թուրք սուլթանի կուսակալի պաշտոնից հեռանալը նա նախատեսում է միայն դագաղում: Հետևաբար Փաշինյանը գնում է վա բանկ՝ արմատախիլ անելով ցանկացած առողջ ձգտում ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, բարոյական ոլորտում: Հակառակ դեպքում բարձր է հայերի զարթոնքի ռիսկը, իսկ թուրք տերերը նրան այդպիսի ձախողումը չեն ների:

Թուրք գաղութապետի մարտավարությունը նույնն է, ինչ նրա պատվիրատուներինը 110 տարի առաջ՝ սկսել հայ տղամարդկանց զինաթափումից և մտավորականության ոչնչացումից: Նրանց հարցը, ում չհասան երիտթուրքերի ձեռքերը, հետո լուծեցին Լենինն ու Ստալինը: Ե՛ւ Թալեաթ փաշան, ե՛ւ խորհրդային ղեկավարները, չնայած տիրապետում էին հսկայական կայսրությունների ռեսուրսների, հոյակապ հասկանում էին (հատկապես Լենինն ու Ստալինը՝ Սարդարապատից և Բաշ-Ապարանից հետո), թե որքան դժվար կլինի գործ ունենալ այն հայերի հետ, ովքեր հավատացել են սեփական ուժերին, ովքեր ունեն այդ ներուժը իրագործելու ի վիճակի առաջնորդներ, և ամենասարսափելին՝ այնպիսի առաջնորդներ, որոնց անհնար է կաշառել աշխարհիկ բարիքներով կամ ահաբեկել դրանցից զրկելով:

Խորհրդային կայսրությունը չէր կարող կլանել ու մարսել այն Հայաստանը, որը պաշտպանում էին Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը և Մովսես Սիլիկյանը, այն Հայաստանը, որի մասին երազում և մոտեցնում էին Եղիշե Չարենցը և Զապել Եսայանը: Այսօր արդեն նոր երիտենիչեիները հայ ժողովրդից խլում են ոչ միայն այդ մարդկանց  մասին հիշողությունը, այլև նրանց վարկաբեկում են նրա աչքերում, Հայրենիքի բարիքը անձնականից բարձր երբևէ դասածներին և իրենց ստեղծագործություններում նրանց հավերժացրածներին հանելով որպես այդ նույն խորհրդային դահիճների քարոզչության արգասիք:

«Չես կարող հաղթել՝ գլխավորիր»-ի փոխարեն հեղինակազրկված Փաշինյանն իրականացնում է «չես կարող հաղթել՝ գլխատիր» սկզբունքը:

Պետք է ընդունել, որ նրա կեղտոտ գործը զգալիորեն թեթևանում է այս ոլորտում իր նախորդների տարած աշխատանքով: Երրորդ Հանրապետության գոյության առաջին տարիներին վրա հասած պատերազմն ու վայրի կապիտալիզմը հանգեցրեցին նրան, որ իսկական հեղինակությունները (ինչպիսիք էին Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Արթուր Մկրտչյանը) զոհվեցին կամ անպատիժ սպանվեցին, շատ մտավորականներ լքեցին կազմաքանդված գիտությամբ ու արտադրությամբ երկիրը, իսկ մնացած «մտավորականները» զգալիորեն իջեցրին նշաձողը և սկսեցին վատնել իրենց խորհրդանշական կապիտալը՝ լափամանին մերձենալու համար: Այսպես, «մտավորականությունը» դադարեց բանավեճեր հարուցել, քննարկել ապագան և սահմանել դրա կողմնորոշիչները, արժեքներ սերմանել և դրանց հետևելու օրինակ ծառայել: Մտավորականությունը դադարեց գոյություն ունենալ, իսկ «մտավորական» բառը դարձավ ծաղրանք: Կանոնից հազվագյուտ բացառություններից մեկը դարձավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը, ով պայքարել էր Ծիծեռնակաբերդի բացման համար, դարձավ «Միացումի» (Հայաստանի և Արցախի վերամիավորման) բողոքների դեմքը և չվախեցավ հանրային բանավեճի մեջ մտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ վերադարձնելով նրա կողմից ստացած Մաշտոցի անվան շքանշանը:

Միաժամանակ Սփյուռքի հայերը, ովքեր ինքնուրույն հաջողության էին հասել բնակության երկրներում և չպետք է դառնային երևանյան կուսակալների դյուրին ավարը, հիմնականում ընտրեցին նոր հայրենիքին փրկագին վճարել, չկամենալով նրան բավարար ժամանակ և ջանքեր նվիրաբերըել: Այդպիսով նրանք օգնեցին անարժան ղեկավարներին Հայաստանում իշխանություն պահել՝ բայց և զուգահեռաբար հիասթափվեցին այն ժողովրդի մեջ, որն էլ նույնպես հանդուրժում էր այդ իշխանությանը: Այսօր այդ միտումը, ցավոք, շարունակվում է: Երբ մարդիկ, ում ինտելեկտուալ գործակիցն (IQ) ու կենսագրությունը զգալիորեն գերազանցում են Փաշինյանինը, սեղմում են թուրք համագործակցողի ձեռքը և մատնում Հայաստանը նրա կողմից բզկտման, հասարակությունը այլևս հիմք չունի կարծելու, որ ա) Փաշինյանը մեզ տանում է անխուսափելի վախճանի և բ) հայկական աշխարհում մնացել են վստահության արժանի մարդիկ, ովքեր ի վիճակի են շրջել մեր անկումը:

Ցավոք, այսօր կենդանի չեն այն մարդիկ, որոնց միայն մեկ դժգոհ հայացքը կնշանակեր անարժան ղեկավարի քաղաքական մահ: Ոչ ոք չէր կասկածի տակ չեր դնի Շառլ Ազնավուրի խոյանքների մաքրությունը և բարոյական իրավացիությունը, եթե նա այսօր հանդես գար Փաշինյանի դեմ: Դատավճիռ կդառնար և Մոնթե Մելքոնյանի դժգոհությունը: Շատերը կհավատային Լևոն Հայրապետյանի անկեղծությանը, ով միշտ հետևում էր իր խղճին, ոչ թե ժամիշխանների ցուցումներին: Դբախտաբար, մենք հիմք չունենք այս պանծալի ցանկում ընդգրկելու ներկայում ապրող հայերից որևէ մեկին:

Այսպիսով, Փաշինյանը համոզում է մեզ, որ ոչ ոքին և ոչ ոքի չի կարելի հավատալ, և դատապարտում է հայկական հասարակությունը՝ բոլորի ընդդեմ բոլորի մշտական պատերազմի, մեր պասիոնարությունն ուղղելով ինքնաոչնչացմանը, ոչ թե թշնամու հետ պայքարին: Ավելին, նա գերազանց գիտակցում է, որ մահվան է դատապարտում այն ամենը, ինչին դիպչում է: Ամենավերջին օրինակներից են Ստեփան Զորյանի պատմվածքի մոտիվներով «Ցանկապատ» ներկայացման շուրջ իրադարձությունները, որտեղ Փաշինյանը փորձարկել է խորհրդային հայկական գրականության մասին իր ելույթը՝ դերասանների, մասնավորապես Մկրտիչ Արզումանյանի պասիվ համաձայնությամբ: Երկրպագուներին դարձնել դերասանի դեմ և դերասանին՝ երկրպագուների, և պոպկորնով դիտել, թե ինչպես են մարդիկ ճշմարտություն որոնում ծայրահեղությունների մեջ` հիասթափվելով նրանցից, ում սիրում և վստահում էին: Ահա թե ինչպես է Հայաստանի վարչապետը անցկացնում իր սեպտեմբերը:

Թե քանի այսպիսի անհոգ ամիսներ ու տարիներ կանցկացնի Նիկոլ Փաշինյանը, ոչնչացնելով մեր ներուժի մնացորդները և իր կառավարման պատճառված վնասից երբևէ վերականգնելու մեր երազանքները, կախված է բացառապես հայկական ազգային ազնվականության ձևավորումից:

Ժամանակին Հովհաննես Թումանյանի թիֆլիսյան տանը կանոնավորապես հավաքվում էին լավագույն հայ ուղեղները և քննարկում, թե ինչպես փրկել հայ ժողովրդին ոչնչացումից: Այդ տանը պահպանվել է պատշգամբը, որին պարբերաբար դուրս էր գալիս նաև զորավար Անդրանիկը, երբ հյուրընկալվում էր մեծ գրողի մոտ: Ներքևում նրան միշտ անհամբերությամբ սպասում էր բազմությունը, որի համար կարևոր էր հենց նրանից իմանալ մեր հայրենակիցների վիճակի մասին: Այսօր մենք չունենք այնպիսի մարդ, ում կսպասեինք այդպիսի պատշգամբի տակ: Այսօր հայկական հասարակության զգալի մասին չի էլ հետաքրքրում, թե ինչ կլինի հարևան մարզի հայերի հետ, էլ ի՞նչ խոսք այլ երկրի հայերի դրության մասին:

Արդյո՞ք ամբողջ հայկական աշխարհում կգտնվի մտածող, փորձառու և մաքուր անունով մարդկանց մի փոքր խումբ, ովքեր պատրաստ կլինեն պատասխանատվություն վերցնել իրենց ժողովրդի գոյատևման և քաղաքական անվտանգության համար ու հավաքագրել նրա ուժերը այս արևի տակ իր տեղը պաշտպանելու համար: Նրանք կկարողանա՞ն արդյոք իրենց մահկանացու «ես»-ը ծառայեցնել անմահ ընդհանուրին:

Այս հարցերին «այո» պատասխանը, այն էլ` արագ, հայկական ազգի և հայկական պետության՝ որպես Հայկական լեռնաշխարհի ինքնիշխանի կայացման բանալին է: Գեթ մի «ոչ»-ը կնշանակի անփառունակ վերջ այն հազարամյա պատմությանը, որի ընթացքում հայերը ամենօրյա սխրանքներ են գործել` հանուն ձայ մնալու, հանուն նրա, որ մենք այսօր մեզ կարողանանք թույլ տալ սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնելու շռայլությունը:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն